HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաքիմիայի ինստիտուտի շենքը գիտնականները կկիսեն հիդրոօդերեւութաբանների հետ

Կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշել է ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքի մի մասը տրամադրել «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Կենսաքիմիայի ինստիտուտը գտնվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սեւակի 5/1 հասցեում: Ինստիտուտի զբաղեցրած շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 7864 քմ է, հողամասի չափը՝ 1,3 հա: Կառավարությունը որոշել է շենքի 3351,9 քմ տարածքը հետ վերցնել ինստիտուտից եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Ընդ որում՝ հիդրոօդերեւութաբանները տեղակայվելու են ինստիտուտի 6 տարբեր հարկերում՝ կիսանկուղայինից մինչեւ 5-րդ հարկ, եւ, ինչպես ասվեց, զբաղեցնելու են 3351,9 քմ տարածք:

Նկատենք, որ նախապես քննարկվում էր կենսաքիմիկոսներին իրենց ներկա շենքից հանելու եւ Մոլեկուլային կենսաբանության շենք ուղարկելու տարբերակը, ինչին գիտնականները կտրականապես դեմ էին:

Մյուս կողմից՝ դեկտեմբերի 15-ի որոշմամբ հիդրոօդերեւութաբաններից հետ է վերցվելու հարեւանությամբ գտնվող Պարույր Սեւակի 5/2 հասցեի շենքի 1-ին հարկի 539,1 քմ տարածքը: Խոսքը ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մինչ այս հիդրոօդերեւութաբանների զբաղեցրած տարածքի մասին է:

Գործադիրը նաեւ որոշման նախագիծ է մշակում ԳԱԱ 4 ինստիտուտների միավորման վերաբերյալ: Միավորման թեման նոր չէ եւ արդեն մի քանի ամիս ակտիվ քննարկվում է Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններում:

Դեռ նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էինք ուղարկել, որին պատասխանել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը:

Ըստ այդմ՝ այս տարի կառավարությունը ստացել է 4 կազմակերպությունների միավորմամբ 2 կենտրոն ստեղծելու մասին Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունը: Դրանք են՝ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտները, ինչպես նաեւ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտները: Այս ինստիտուտների միավորման վերաբերյալ առայժմ կառավարության որոշում չկա:

Յուրաքանչյուր միավորման պարագայում, ըստ ԿԳՄՍՆ-ի, կախված իրավիճակից, գիտական կազմակերպության տարածքը կա՛մ կօգտագործվի որպես միավորման արդյունքում ստեղծված գիտական կենտրոնի տարածք, կա՛մ կհանձնվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին:

ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնել են, որ Հիդրոպոնիկայի եւ Բուսաբանության ինստիտուտների միավորումից հետո նախատեսվում է առաջինի տարածքը (գտնվում է Նորագյուղ թաղամասում) հանձնել պետգույքի կառավարման կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter