HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային (+109 կգ) ծանրորդները, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից Վարազդատ Լալայանը իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր: Չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճեց այս քաշային կարգի անվիճելի առաջատար, վրացի Լաշա Տալախաձեն:

Սիմոն Մարտիրոսյանը առաջին և երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ պոկեց համապատասխանաբար 190 և 195 կգ, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրած 200 կիլոգրամը չկարողացավ բարձրացնել:

Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը սկսեց 205 կիլոգրամից և բարձրացրեց այդ քաշը: Նա վստահությամբ հրեց նաև 212 կիլոգրամը, սակայն երրորդ մոտեցմամբ չկարողացավ գլխավերևում պահել 218 կիլոգրամանոց ծանրաձողը: Լաշա Տալախաձեն վստահությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները և պոկում վարժությունն ավարտեց 222 կգ-ով:

Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ, իսկ երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց նաև 245-ը և երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ ապահովել էր բրոնզե մեդալը:

Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ հրեց 240 կգ, սակայն երկրորդ մոտեցման համար պատվիրած 250 կիլոգրամը չկարողացավ բարձրացնել: Այնուամենայնիվ, երրորդ փորձից Լալայանը հրեց այդ քաշը:

Լաշա Տալախաձեի վերջնական արդյունքը հրում վարժությունում 252 կգ էր:

Այսպիսով, երկամարտի 462 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 440 կգ-ով՝ բրոնզե մեդալակիր: Լաշա Տալախաձեն էլ երկամարտի 474 կգ-ով իր կարիերայում 7-րդ անգամ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի ավարտված առաջնությունում Հայաստանը ունեցավ չորս չեմպիոն: Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 67 կգ քաշային կարգում, Դավիթ Հովհաննիսյանը՝ 96 կգ քաշում, Գարիկ Կարապետյանը՝ 102 կգ-ում, իսկ Սամվել Գասպարյանը՝ 109-ում։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) ու Արա Աղանյանը (96 կգ) հռչակվել են փոխչեմպիոններ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր։ Ի դեպ հարկ է նշել, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր 10 ծանրորդները դարձան մեդալակիր:

Կանանց պայքարում 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, Հռիփսիմե Խուրշուդյանն էլ 87 կգ-ում  նույնպես բրոնզ է նվաճել:

Առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Գլխավոր լուսանկարում՝ Վարազդատ Լալայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter