HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2023-ի համեմատ 2024-ին «Շիրակում» ուղեւորահոսքն աճել է 10,3 %-ով

Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2024 թ. սպասարկել է 104.532 ուղեւորի, ինչը 10,3 %-ով ավելի է 2023-ի ցուցանիշից: 2023-ին «Շիրակից» օգտվել էր 94.768 ուղեւոր: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Եթե նախորդ տարի Երեւանի «Զվարթնոցը» փոքր հետընթաց է գրանցել եւ չի կարողացել կրկնել կամ գերազանցել 2023-ի ռեկորդային ուղեւորահոսքը, ապա «Շիրակը», ինչպես տեսնում ենք, առաջընթաց է ունեցել, սակայն դա հեռու է բավարար համարվելուց: Բանն այն է, որ 2014-2024 թթ. ընթացքում Գյումրու օդային դարպասը շատ ավելի բարձր արդյունքներ է ունեցել: Ստորեւ ներկայացված ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ 2017-2019 եւ 2021 թթ. «Շիրակի» ուղեւորահոսքն ավելի մեծ է եղել: Դեռեւս անգերազանցելի է մնում 2018-ի արդյունքը՝ 165.946 ուղեւոր:

Shirak: Passengers (2014-2024)
Infogram

Եթե 2023-ին «Շիրակում» ավելի շատ էին ժամանած ուղեւորները (50,2 %՝ մեկնածների 49,8 %-ի դիմաց), ապա 2024-ին ավելի շատ են եղել մեկնածները (50,1 %՝ ժամանածների 49,9 %-ի դիմաց): Հետաքրքիր է, որ 2023-2024 թթ. տոկոսային հենց այսպիսի համամասնություններ են գրանցվել նաեւ «Զվարթնոցում»:

2024-ին «Շիրակով» Հայաստան է ժամանել 52.133 մարդ, մեկնել՝ 52.399 հոգի:  

Ի տարբերություն Երեւանի օդանավակայանի՝ «Շիրակում» ամսական ուղեւորահոսքն ավանդական ձեւավորված կոր չունի: Այսինքն՝ չկան ամիսներ, որոնք մշտապես պասիվ կամ ակտիվ կարող են համարվել: 

Passengers: LWN (2014-2024)
Infogram

Ինչ վերաբերում է բեռանփոխադրմանը (բեռ + փոստ), ապա 2024-ին «Շիրակով» բեռ չի տեղափոխվել:

Եթե 2023-ին «Շիրակը» ճանապարհել եւ ընդունել էր ընդհանուր 588 թռիչք ու վայրէջք, ապա 2024-ին այդ թիվը եղել է 694, որից 348-ը՝ թռիչք, 346-ը՝ վայրէջք: Ամսական բացվածքը՝ ստորեւ:

LWN Flights: 2024
Infogram

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ «Շիրակ» օդանավակայանի մեկնման նոր սրահը (primeminister.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter