«Մոսկվիչ», ոսկի և գործազրկություն. «Քոչարի»-ի նախընտրական ցուցակի թեկնածուների գույքային պատկերը
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 81 պատգամավորի թեկնածուների կեսից ավելին՝ 53 հոգի, դրամական միջոց չի հայտարարագրել: 25-ն ընդհանրապես եկամուտ չի ունեցել, իսկ 37-ը գործազուրկ է: Թեկնածուներից մեկը հայտարարագիր չի ներկայացրել:
«Հետք»-ը ուսումնասիրել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության 81 թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հատկապես ուշադրություն ենք դարձրել ցուցակի առաջին 5 հոգուն և նրանց, որոնք մեծ գումարներ կամ ունեցվածք են հայտարարագրել, կամ հայտարարագրում հետաքրքիր տվյալ է եղել։
Կուսակցության ցուցակում առաջին համարը Արտակ Սարգսյանն է և համարվում է կուսակցության վարչապետի թեկնածուն։ Նա հայտարարագրել է 0.75 հա մակերեսով մեկ հողամաս։ Շարժական գույք չի հայտարարագրել:
Թեկնածուն «Սարգսյան Ֆիշ» ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 500 հազ. դրամ աշխատավարձ, իսկ Քուվեյթում գտնվող «Արթուր Բռադեռզ լեգասի Քուվեյթ» ընկերությունից 6000 Քուվեյթի դինար` մոտ 7.1 մլն դրամ։
Ցուցակի 2-րդ համարը «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է: Հայտարարագրել է 78 քմ բնակարան, 455 քմ գրասենյակային տարածք:
Թեկնածուի եկամուտը կազմել է 1 մլն 180 հազ. դրամ, որը գոյացել է թոշակից և վարձավճարից: Նա հայտարարագրել է նաև 10 հազ. ԱՄՆ դոլար և 1000 եվրո:
Կուսակցության ցուցակի 3-րդ համար Լիլիթ Կուջոյանը 2026թ. մայիսի 19-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից:
ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի աշխատակից Վարդան Խաչատրյանը ընտրացուցակի 4-րդ համարն է (ինքնաբացարկ հայտնած թեկնածուի պարագայում՝ 3-րդը): Հայտարարագրել է երկու բնակարան՝ 65 և 80 քմ: Ունի 2002թ. արտադրության «Ֆոլկսվագեն պասատ» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուի եկամուտը կազմել է 360 հազ. դրամ՝ 200 հազ. դրամ աշխատավարձ և 160 հազ. դրամ թոշակ:
Ցուցակում հաջորդը գործազուրկ Արման Սարգսյանն է՝ կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյանի եղբայրը: Նա դրամական միջոցներ և եկամուտ չի հայտարարագրել:
Ունի 56 քմ մակերեսով բնակարան և 2006թ. արտադրության «BMW X3» մակնիշի ավտոմեքենա:
Ընտրացուցակում 5-րդը (3-րդ համարի ինքնաբացարկից հետո) «Մերոնց տուն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Անգին Ղուկասյանն է: Համասեփականության իրավունքով ունի 250 քմ բնակելի տուն, իսկ եկամուտը գոյացել է ՍՊԸ-ից ստացած աշխատավարձից՝ 104 հազ. դրամ:
Մուշեղ Տերյանը ցուցակում 9-րդն է, «Այլօր» ՍՊԸ-ի տնօրենն է և սեփականատերը: Թեկնածուն տուն չունի: Ունեցած միակ անշարժ գույքը, ըստ հայտարարագրի, 7,5 քմ մակերեսով տաղավարն է: Ունի 2004թ. արտադրության «Նիսսան տեռանո 2» մակնիշի ավտոմեքենա:
2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում թեկնածուի եկամուտները կազմել են 7 մլն 150 հազ. դրամ, որը գոյացել է «Այլօր» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից, աշխատավարձից և վարձավճարից:
Մուշեղ Տերյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 8000 եվրո:
Արմեն Երիցյանը ցուցակում 30-րդ համարն է: Հայտարարագրել է 2 բնակարան և 400 և 1100 քմ մակերեսներով 2 հողատարածք Աբովյան քաղաքում, 580 քմ առանձնատուն Նուռնուս գյուղում:
Թեկնածուն հայտարարագրել է նաև 1988 և 1989 թվականների արտադրության բեռնախցիկով «Մոսկվիչ» մակնիշի 2 ավտոմեքենա:
Եկամուտը կազմել է 82 000 դրամ: Դրամական միջոց չի հայտարարագրել:
Անհատ ձեռնարկատեր Դավիթ Ֆիդանյանը կուսակցության ցուցակի 33-րդ համարն է: Նա, որպես եկամուտ, հայտարարագրել է 200 դրամ, սակայն ունի 3 մլն դրամ:
Թեկնածուն անշարժ գույք չունի: Հայտարարագրել է 2007թ. արտադրության «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենա:
Լուսինե Հովհաննիսյանը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակի 53-րդ համարն է: Հայտարարագրել է 2 բնակարան՝ 40 և 75 քմ մակերեսներով: Ունի 2004թ. արտադրության «Մերսեդես-Բենց C240» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուն «Գլոբ Էքսպլորերս» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալն է: Տարվա եկամուտը եղել է ՍՊԸ-ից ստացված աշխատավարձը, որն, ըստ հայտարարագրի, կազմել է 104 000 դրամ: Սակայն դրամական միջոցներն ավելի շատ են: Թեկնածուն ունեցել է 13 մլն 650 հազ. դրամ, 23 հազ. 500 ԱՄՆ դոլար, 17 հազ. եվրո և 1 մլն 500 հազ. ռուսական ռուբլի:
Խոշոր չափի դրամական միջոցներ է հայտարարագրել նաև գործազուրկ Գևորգ Միքայելյանը: Նա ցուցակի 54-րդ համարն է: Չունի եկամուտ, անշարժ գույք: Հայտարարագրել է 83 քմ մակերեսով բնակարան: Սակայն, 2026թ. ապրիլի 1-ի դրությամբ ունեցել է 4 մլն 500 հազ․ դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար, 15 հազ. եվրո և 2 մլն ռուսական ռուբլի:
Գրեթե նույնն է նաև 75-րդ համարի թեկնածու՝ գործազուրկ և թոշակառու Նանուլի Վարդերեսյանի դեպքում: Եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 53 000 դրամ, որը կենսաթոշակն է, սակայն ունի 1 մլն դրամ, 60 հազ. ԱՄՆ դոլար և 6000 եվրո:
Թեկնածուն ունի 30 քմ բնակարան, ինչպես նաև 2019թ. արտադրության «Mersedes GLC» մակնիշի ավտոմեքենա:
Ցուցակում միակ թեկնածուն, որը թանկարժեք գույք է հայտարարագրել, 80-րդ համարում հայտնված Հովհաննես Նաղդալյանն է՝ ունի 8 մլն դրամ արժողությամբ ոսկի:
Ցուցակի 71-րդ համար Սարգիս Վահրամյանը հայտարարագիր չի ներկայացրել:
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի ցուցակի կազմը՝ ըստ սեռի, տարիքային խմբերի և ֆինանսական վիճակի
Կուսակցության թեկնածուներից միայն 2-ն ունեն մինչև 1 մլն դրամ, 15-ը՝ 1-5 մլն դրամ, 3 հոգի հայտարարագրել է 5-10 մլն, իսկ 7 հոգի՝ 10 և ավելի միլիոն դրամ: Դրամական միջոց չի ունեցել 53 թեկնածու:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել 49 թեկնածու, 1-5 մլն դրամ՝ 4 թեկնածու և 5-10 մլն դրամ՝ 2-ը: 10 և ավելի միլիոն դրամի եկամուտ որևէ թեկնածու չի հայտարարագրել, իսկ 25-ը ընդհանրապես եկամուտ չի հայտարարագրել:

Եկամուտների հանրագումարով թեկնածուներից «թոփ 5-ի» մեջ կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանն առաջինն է՝ 8 մլն 600 հազար դրամով: 5-րդ տեղում Ռուզաննա Մանուկյանն է, որը նաև խոշոր դրամական միջոցներ ունի:
Դրամական միջոցների հանրագումարով առաջին 5 թեկնածուներից 3-ը՝ Գևորգ Միքաելյանը, Նանուլի Վարդերեսյանը և Ռուզաննա Մանուկյանը չեն աշխատում:
Ռ. Մանուկյանի եկամուտը կազմել է 72000 ԱՄՆ դոլար, որը ստացել է նվիրատվությունից, իսկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 35 հազ. ԱՄՆ դոլար:
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ընտրացուցակի մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են՝ 52 տղամարդ, 29-ը՝ կին:
Թեկնածուների կեսից ավելին՝ 61 հոգին, 45 և բարձր տարիքի են, 12-ը՝ 25-34 տարեկան, իսկ 8-ը՝ 35-44 տարեկան:
Պատգամավորի 81 թեկնածուներից 59-ը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության անդամ են, 22-ը՝ անկուսակցական:

Նրանցից 37-ը գործազուրկ է, 43-ն աշխատանք ունի, իսկ մեկ թեկնածուի վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ հայտարարագիր չի ներկայացրել:

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։
Տե՛ս նաև.
- Ի՞նչ են հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածուները
- Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները
- Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները
- Ի՞նչ են հայտարարագրել «Նոր ուժի» թեկնածուները
- Ի՞նչ են հայտարարագրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները
- Ի՞նչ են հայտարարագրել «Միասնության թևեր» կուսակցության թեկնածուները
- Ի՞նչ են հայտարարագրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները
- Ծառուկյանի միլիոն դոլարանոց մատանիները, Սարգսյանի «անգին» սրբապատկերն ու եկամուտ չունեցողը․ 19 ուժերի 1-ին համարները
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել