HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները

Հայաստանի շնորհապետական կուսակցության պատգամավորի 83 թեկնածուներն ընդհանուր ավելի քան 1 մլրդ 973 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել, դրանից 1․1 մլրդ դրամը թեկնածուներից մեկինն է։ Թեկնածուների 28%-ը գործազուրկ է, 6-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, 7 թեկնածու նշել է, որ դրամական միջոց չունի, 1-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Հետքն» ուսումնասիրել է կուսակցության 83 թեկնածուների հայտարարագրերը։

Հայաստանի շնորհապետական կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։ Նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության TOYOTA CAMRY մեքենա։ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը Սիմոնյանը 210 հազար դրամ աշխատավարձ է ստացել Սլավոնական համալսարանից, 278 հազար դրամ էլ՝ Մխիթարեան կրթահամալիրից։ Հայտարարագրման պահին կուսակցության վարչապետի թեկնածուն ունեցել է 10.1 մլն դրամ։

Ցուցակում երկրորդը «Բարեկեցիկ, անվտանգ Հայաստան» ԵՄ անդամակցությանն աջակցման ՀԿ գործադիր մարմնի ղեկավար Էդվարդ Անտինյանն է։ Նրա հայտարարագրում միայն եկամուտների հատվածն է տվյալներ պարունակում։ Մեկ տարում Անտինյանը 559 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 1500 ԱՄՆ դոլար նվիրատվություն Իրինա Քոչարյանից, 10 հազար ռուբլի էլ՝ Հրահատ Հակոբյանից։ Ըստ հայտարարագրի՝ թեկնածուն փաստաթուղթը լրացնելիս դրամական միջոցներ չի ունեցել։

Բժիշկ թերապևտ Լուսինե Մկրտչյանը կուսակցության երրորդ համարն է։ Նա 0.102 հա մակերեսով հողամաս է հայտարարագրել, որն իրեն է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնից Մկրտչյանը 4.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել, 76 հազար դրամ էլ՝ «Էվա կլինիկ» ՍՊԸ-ից։ Թեկնածուն 300 հազար դրամ նվիրատվություն է ստացել Նաիրի Գրիգորյանից, 2.3 մլն դրամ էլ վարկ է վերցրել։ Հայտարարագրման պահին Լուսինե Մկրտչյանն ունեցել 17.5 մլն դրամ։ Թեկնածուն հայտարարագրել է նաև հայկական գինիների վաճառքով զբաղվող «ՎԱՅՆ ՆԵՏՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը։

Կուսակցության ցուցակի չորրորդ համարը Արտակ Փայտյանն է։ Նա երեք մեքենա է հայտարարագրել՝ 2012 թվականի արտադրության FORD TRANSIT, 2002 թվականի TOYOTA 4 RUNNER և 1998 թվականի արտադրության OPEL ASTRA։ Նա 10.3 մլն դրամին համարժեք եկամուտ է ստացել հաշվետու ժամանակահատվածում, որից 2723 եվրոն Հայաստանում Եվրոպական միության առաքելությունից ստացած աշխատավարձն է, 4.9 մլն դրամ թեկնածուն ստացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ որպես անվավեր ճանաչված գործարքի վերադարձված գումար։ Փայտյանը 2.1 մլն դրամ երկարամյա զինվորական ծառայության թոշակ է ստացել, մոտ այդքան էլ երկու վարկից ստացած եկամուտն է։ Ըստ հայտարարագրի՝ Արտակ Փայտյանն ունի 60 մլն դրամ։

«Ժեստ» հոգեբանական կենտրոն ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, հոգեբան Արկադի Մեհրաբյանը Հայաստանի շնորհապետական կուսակցության 5-րդ համարն է։ Նա մեկ բնակարան, մեկ բնակելի տուն ու ավտոտնակ, 5 հողամաս և 3 այլ կառույց է հայտարարագրել։ Մեհրաբյանն ունի նաև 2008 թվականի արտադրության HONDA PILOT ավտոմեքենա։ Մեկ տարում թեկնածուն ավելի քան 82 մլն դրամ եկամուտ է ստացել, որի մեծ մասը՝ 66 մլն դրամը փոխառություն է ստացել իրեն պատկանող «Ժեստ» հոգեբանական կենտրոն ՍՊԸ-ից։ Նույն ընկերության շահաբաժնից Մեհրաբյանը 10 մլն դրամ է ստացել, 5.3 մլն և 850 հազար դրամ էլ վարկից է ստացել։ Հայտարարագրման պահին նա ունեցել է 36 մլն դրամ։

Ամենաշատ եկամուտ ստացածներն ու ամենաշատ դրամական միջոցներ ունեցողները

Կուսակցության ցուցակում ընդգրկված 83 թեկնածուներից 82-ը Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ է։ Միակ անկուսակցականը երկրորդ համար Էդվարդ Անտինյանն է։

2.jpg (291 KB)

Ցուցակում 29 կին և 54 տղամարդ կա։ Թեկնածուների միջին տարիքը 47-ն է։

3.jpg (194 KB)

83 թեկնածուներից 23-ը, ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների, չի աշխատում։ Ստացվում է՝ գործազուրկ է 28%-ը։

1.jpg (501 KB)

Հայաստանի շնորհապետական կուսակցության ցուցակում մեկ տարվա համար ամենաշատ եկամուտները հայտարարագրել է ցուցակի 52-րդ համար Դավիթ Ավետիսյանը՝ շուրջ 135.6 մլն դրամ։ Այս գումարի մեծ մասը՝ 115.7 մլն դրամն Ավետիսյանը ստացել է շինարարությամբ զբաղվող «Վիշկա» ՍՊԸ-ի իր 25% բաժնեմասից։ Ընկերությունից թեկնածուն նաև 4.3 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ 11 մլն դրամ շահաբաժին և 3.3 մլն դրամ աշխատավարձ էլ Դավիթ Ավետիսյանը ստացել է «Թրեյդ Մետալլս» ՍՊԸ-ից, որի 100% սեփականատերն ու տնօրենն է։ 1.2 մլն դրամ նա երկարամյա ծառայության կենսաթոշակ է ստացել։ Չնայած եկամտի չափին՝ Ավետիսյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Եկամտի չափով երկրորդը 5-րդ համար Արկադի Մեհրաբյանն է՝ 82.2 մլն դրամ։

53.8 մլն դրամ եկամուտ էլ հայտարարագրել է ցուցակի 13-րդ համար Մարինե Ավագյանը։ Նա մեկ տարում աշխատավարձ է ստացել 8 ընկերությունից, ընդհանուր՝ 16.5 մլն դրամ։ 13.5 մլն դրամ թեկնածուն ստացել է անշարժ գույքի վաճառքից, իսկ մնացած 23.8 մլն դրամը վարկ է վերցրել։ Հաշվապահ Մարինե Ավագյանը 16 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում՝ 2 բնակարան, 9 բնակելի տարածք և 5 հողամաս։ 

Ամենաշատ դրամական միջոցները հայտարարագրել է ցուցակի 15-րդ համար Աշոտ Հովհաննիսյանը։ Կահույքի արտադրությամբ զբաղվող «Լենիոարտե» ՍՊԸ 100% բաժնետեր և տնօրեն Հովհաննիսյանը հայտարարագրման օրվա դրությամբ ունեցել է 1 մլրդ 101 մլն դրամ։ 

32-րդ համար Արման Թարխանյանն էլ 79 մլն դրամ է հայտարարագրել։ Նա «Ստաֆ Լիզինգ» ՍՊԸ սեփականատերն ու տնօրենն է։ 

Հայտարարագրված 60 մլն դրամով երրորդը 4-րդ համար Արտակ Փայտյանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter