HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագիլների գործը կարճվել է. քննչական կոմիտեն ասում է, թե սատկածը 4 արագիլ է, հանցակազմ չկա

Քննչական կոմիտեն մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը: Գործը հարուցվել էր 2019 թ. սեպտեմբերի 12-ին, բայց արագիլների աղտոտման մասին հանրությունը տեղեկացավ անցյալ տարվա ամռանը:

Դեռեւս 2019-ի ամռանը բնապահպաններն ու թռչնաբանները բարձրաձայնել էին Արարատի մարզի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերված աղտոտված արագիլների մասին: Հուլիսի 20-ին Կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը հայտնել էր, որ օրեր առաջ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են տարել արագիլի առանձյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ է եղել թռչել: Փետուրների արտաքին զննման արդյունքում բացահայտվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

Բնապահպանները ենթադրում էին, որ թռչունների աղտոտման պատճառը հարակից ձկնաբուծարաններից շրջակա միջավայր (մասնավորապես՝ ջրանցքներ) թափվող մնացորդներն են, ավելի կոնկրետ՝ թառափի թափոնները (թառափը յուղոտ ձուկ է), որոնք կեր են դարձել արագիլների համար:

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքին» հայտնել էր, որ կեղտոտված արագիլների հայտնաբերվել են Արարատի մարզի 11 գյուղում, իսկ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցներն Արարատյան դաշտում կատարած շրջայցերի արդյունքում նշել էին այդպիսի 20 գյուղ: Պարզվել էր, որ խնդիրն ավելի մեծ եւ ընդգրկում է Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի տարածաշրջանները: Նույն ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է:

Սեպտեմբերի 12-ին հարուցվել էր քրգործ ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն: Այս մասին «Հետքը» տեղեկացել էր ոստիկանությունից: Արագիլների մասին նյութերը գլխավոր դատախազությունից ուղարկվել էին Արարատի մարզի դատախազություն, այստեղից էլ՝ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ կատարվել էր հետաքննություն, ու քրեական գործ էր հարուցվել: Այնուհետեւ նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: ՔԿ-ի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռիմա Եգանյանի ուղարկած պատասխանից տեղեկանում ենք, որ նախաքննությունն ընթացել է ոչ թե 284, այլ 287 հոդվածի հատկանիշներով:

ՔՕ 284 հոդվածը, մասնավորապես, սահմանում է՝ «արգելված վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել...» (ընդգծումը մերն է- հեղ.): 287 հոդվածը վերաբերում է ջրերի աղտոտմանը, որում ասվում է. «Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել...» (ընդգծումը մերն է- հեղ.): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էական վնաս պատճառելու վտանգ ստեղծելու եւ հենց էական վնաս պատճառելու տարբերությանը:

Քննչական կոմիտեին հարցրել էինք, թե ինչ փուլում է գործը, արդյոք կան կասկածյալներ, եւ առհասարակ գործի առնչությամբ ինչ տեղեկություններ կարող է հայտնել ՔԿ-ն:

Միանգամից ասենք, որ բնապահպանները թերահավատ էին, թե իրավապահները կբացահայտեն մեղավորներին: Օրինակ՝ թռչնաբան Կարեն Աղաբաբյանը նշել էր, թե չի կարծում, որ պատճառը կբացահայտվի կամ հնարավոր կլինի ապացուցել, հատկապես երբ նախորդ ամռանը հնարավոր չեղավ ապացուցել: Գիտաշխատող, կենդանաբան Լյուբա Բալյանն էլ «Հետքին» ասել էր, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի քրգործից՝ հաշվի առնելով, թե ինչպես է այն ընթանում: Բալյանը թերահավատ էր, որ իրավապահները կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ու թերեւս կհայտարարեն, որ տվյալների կամ փաստերի բացակայության պատճառով չի հաջողվել գործը բացահայտել: Մեր զրուցակիցը նկատել էր, որ եթե անգամ կասկածյալ չկա (2020-ի փետրվարի դրությամբ), ապա կա՛մ իրավապահներն են ուշ սկսել հավաքել փաստերը, կա՛մ պարզապես գործը բացահայտելու կամքն է բացակայում:

Ինչպես տեսնում ենք, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժինը, որն իրականացրել է նախաքննությունը, իր հանդեպ թերահավատ բնապահպաններին «հուսախաբ չի արել»:  

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննությամբ  կատարվել են մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, տվյալ տարածաշրջանում (կոմիտեն նկատի ունի Մասիսի տարածաշրջանը, չնայած Կենդանաբանության ինստիտուտի աշխատողներն արագիլների աղտոտման դեպքեր էին արձանագրել թե՛ Արտաշատի, թե՛ Էջմիածնի գյուղերում) աղբավայրերի, ձկնաբուծական տնտեսությունների եւ արտադրական օբյեկտների առկայության, դրանց վերահսկողության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հարցումներ են ուղարկվել ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ Արարատի մարզպետարան, համացանցից ներբեռնվել, ուսումնասիրվել եւ քրեական գործին են կցվել դեպքին առնչվող տարբեր տեսանյութեր, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձագետները, Արարատի մարզի Սիս, Հովտաշեն, Ռանչպար, Սայաթ-Նովա, Նորամարգ, Զորակ, Ղուկասավան համայնքների ղեկավարները, տարածքում գտնվող դրենաժների, ջրատարերի մաքրման աշխատանքներ կատարող, տարածքում գյուղատնտեսական եւ ձկնաբուծական գործունեությամբ զբաղվող անձինք, հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ եւ ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի (ընդգծումը մերն է- հեղ.):   

Այսինքն՝ իրավապահները, ինչպես եւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ինչ յուղանյութ է եղել արագիլների վրա:  

Քննչական կոմիտեն, անդրադարձել է 287-րդ հոդվածի 1-ին մասին, որով ընթացել է նախաքննությունը: Ինչպես արդեն ասվեց, այս հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելու, խցանելու, սպառելու կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելու համար, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել:

Եվ ահա, թե ինչ է ասում ՔԿ-ն. «Այսինքն՝ հիշյալ հանցակազմի առկայության համար պարտադիր է հետեւանքը՝ տվյալ դեպքում կենդանական աշխարհին էական վնաս պատճառելը, այնինչ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ փետուրների աղտոտման հետեւանքով սատկել է 4 արագիլ, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության եւ համապատասխան մասնագետների ցուցմունքների համաձայն՝ մոնիտորինգի արդյունքներով միայն էլեկտրական լարերին բախվելու հետեւանքով տարեկան սատկում է շուրջ 20-25 արագիլի առանձնյակ, ուստի փետուրների աղտոտման հետեւանքով 4 արագիլների սատկելը որեւէ կերպ չէր կարող էական վնաս հասցնել արագիլների Հայաստանի պոպուլյացիային, այսինքն՝ կենդանական աշխարհին: Վերոգրյալից բխում է, որ տվյալ դեպքում բացակայում է ՔՕ 287 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի պարտադիր հատկանիշներից մեկը՝ հետեւանքը, ուստի 2020 թ. մայիսի 22-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին»:

Այս ֆոնին հետաքրքիր է կենդանաբան-բնապահպանների մասնագիտական կարծիքը, որը միանգամայն տարբերվում է Մասիսի քննչականի աշխատակիցների մոտեցումից. Լյուբա Բալյանը, մասնավորապես, դեռ անցյալ տարվա ամռանը, երբ քրգործ հարուցված չէր, արձանագրել էր, որ արագիլների աղտոտվածությունը, թուլությունն ու կեր հայթաթել չկարողանալը զանգվածային բնույթ է կրում ու անմիջականորեն կապ ունի էկոլոգիական աղետի հետ, հետեւաբար խնդիրը պետք է լուծվի քրեաիրավական տիրույթում: Նա շեշտել էր, որ անհրաժեշտ է բացահայտել, թե բացի արագիլներից՝ ուրիշ ինչ կենդանատեսակների անկում է եղել, հնարավոր է, որ ձկները, գորտերն ու ջրի կամ ափամերձ տարածքների հետ առնչություն ունեցող այլ կենդանիները եւս տուժած լինեն: Ինչպես տեսնում ենք ՔԿ-ի պատասխանում, վերջինս իրավական գնահատական տալիս բավարարվել է սատկած արագիլների թվով, որի աղբյուրը հստակ չի նշվել: 

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը եւս հայտարարել էր. «Մենք սա որակել ենք էկոլոգիական աղետ, գիտեինք, որ նրանք անկում էին ապրելու։ Արագիլների մի մասը չի կարողանում թռչել, սնունդ հայթայթել եւ անխուսափելիորեն անկում կապրեին»։     

Կոմիտեն հայտնել է նաեւ, թե նախաքննական մարմինը համապատասխան միջնորդագիր է ուղարկել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում եւ հարակից համայնքներում (Մասիսի տարածաշրջանում) գործող աղբավայրերի եւ ձկնաբուծական տնտեսությունների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու պահանջով:

Տես նաեւ՝ 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter