HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթում, Էրեբունիում և Նուբարաշենում 17 մանկապարտեզ է փակվել․ շենքերը վաճառվել են

«Հետքը» տևական ժամանակ ուսումնասիրում է Երևանի փակված մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացը: Այս անգամ կներկայացնենք Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների փակված նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) պատմությունը: Այս վարչական շրջաններում ընդհանուր առմամբ փակվել է 17 համայնքային և պետական նշանակության մանկապարտեզ: Այդ տարածքներից որոշներում այսօր գործում են մասնավոր մանկապարտեզներ, մի մասի սեփականատեր են դարձել նախկին պաշտոնյաներ և նրանց հետ առնչվող անձինք, որոշ տարածքներ անմխիթար վիճակում են:

Մինչ մանկապարտեզներից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալը, ներկայացնենք, թե մեր նախորդ հետաքննություններից քանիսն են դարձել իրավապահների ուսումնասիրության առարկա: Չնայած մեր բոլոր հրապարակումներից հետո գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել, սակայն տարբեր վարչական շրջաններում փակված ընդհանուր 70 մանկապարտեզից միայն մեկի տարածքի սեփականաշնորհումն է քրեական գործի հարուցման հանգեցրել: Կենտրոն համայնքի նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` Թամանյան փողոցում գործած նախկին N140 մանկապարտեզի տարածքին ապօրինի տիրանալու մեղադրանքով, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 

Գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ մեր հետաքննությունների վերաբերյալ այլ քրեական գործեր հարուցվե՞լ են, առերևույթ ապօրինի սեփականաշնորհումների հետևանքով պետությանն ու համայնքին որքա՞ն վնաս է հասցվել, կա՞ն անձինք, որոնք ցանկացել են վնասը փոխհատուցել և այլն։ Դատախազությունից հայտնել են միայն, որ Գագիկ Բեգլարյանին առնչվող քրեական գործով քննություն է կատարվում նաև Երևան համայնքին պատկանող մի շարք այլ գույքերի, այդ թվում ՆՈՒՀ-երի օտարման իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Չնայած Երևանի հեղափոխական քաղաքային իշխանության առաջնահերթություններից էր մանկապարտեզների` վարձակալությամբ տրված տարածքները համայնքին վերադարձնելը, սակայն պարզվեց, որ տարածքների տրամադրման պայմանագրերը երկարացվում կամ չեն երկարացվում ընտրողաբար. ՀՅԴ-ին հանձնված տարածքը համայնքը հետ վերցրեց, «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ-ին տրամադրված Վերոնիկա Գևորգյանի անվան Սեբաստիա կրթահամալիրը վերադարձվեց, քանի որ Երևանի ավագանին այդպես էլ չկարողացավ պարտադրել Սամվել Ալեքսանյանին կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և շահագործել մանկապարտեզը: Մինչև 2025 թվականը «Տարոն-Սասուն» ՀԿ-ին անհատույց օգտագործման տրամադրված տարածքը ևս վերադարձվեց համայնքին:

Եվ չնայած քաղաքապետարանն ի սկզբանե մտադիր էր Պարոնյան 20 հասցեում, որտեղ ժամանակին մանկապարտեզ է գործել, տարածքն էլ համայնքինն է, մանակապարտեզ վերագործարկել, սակայն Երևանի ավագանին այս տարվա մայիսի 27-ի նիստում մի շարք մանկապարտեզների տարածքներ անհատույց օգտագործման տրամադրեց ԵԿՄ-ին, այդ թվում` 408.7քմ տարածքով Պարոնյան 20 հասցեում տեղակայված նախկին մանկապարտեզի շենքը: Սա այն դեպքում, երբ համայնքապատկան, իրեն անհատույց տրամադրված տարածքի մի մասը ԵԿՄ-ն 4 տարի վարձակալության էր տրամադրել` այդ տարածքը ծառայեցնելով որպես մերսման սրահ:

Այժմ ներկայացնենք Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների փակված մանկապարտեզների պատմությունները:

Շենգավիթ

Շենգավիթ վարչական շրջանում փակվել է համայնքային 5 մսուր մանկապարտեզ։ Դրանք գտնվել են Գարեգին Նժդեհի, Ֆրունզեի, Մանանդյան, Տարոնցու և Շիրակի փողոցներում։

Տարոնցու 4 հասցեում գործած թիվ 194 մսուր մանկապարտեզը փակվել է 2005 թ. Շենգավիթ թաղային համայնքի ավագանու որոշմամբ։ Պատճառը եղել է երեխաների ցածր հաճախելիությունը և մանկապարտեզի հարևանությամբ գործող համայնքային մարզադպրոցի վերակառուցումը։ Տիպային շենք ունեցող մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է, շենքն ու հողատարածքը փոխանցվել են համայնքային «Թիվ 2 ուսումնամարզական հիմնարկ»–ին։ 2008 թ.-ին Շենգավիթ թաղային համայնքը ուսումնամարզական համալիրի շինությունները, որի կազմում էր արդեն մանկապարտեզը, նվիրել է «Ուլիս սպորտ» ՓԲԸ–ին («Ուլիս» ֆուտբոլային ակումբին)։ 2014 թ.-ին շինությունների զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերն օտարվել են ՓԲԸ-ին։ Նույն որոշմամբ փոփոխություն է կատարվել նվիրատվության պայմանագրում։ ՓԲԸ-ն պետք է մինչև 2017 թ.-ը ամեն տարի 25 միլիոն դրամ հատկացներ մարզադպրոցի տարեկան ծախսերին, 150 միլիոն դրամ ներդներ շենքերը նորոգելու, մարզական գույք գնելու համար։

«Ուլիս սպորտ» ՓԲԸ-ի բաժնետերն էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, 2003-2013 թթ․ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։Հենց պաշտոնավարման տարիներին է նրա ընկերությունը դարձել և՛ մանկապարտեզի և՛ ուսումնամարզական համալիրի սեփականատեր։ «Ուլիս» ակումբը հետագայում սկանդալի կիզակետում հայտնվեց և սնանկ ճանաչվեց: «Հետք»–ը հոդվածաշար է հրապարակել «Ուլիս»-ի մասնակցությամբ պայմանավորված խաղերի վերաբերյալ ԱԱԾ-ի քրեական գործի մասին։ «Ուլիս սպորտ» ՓԲԸ–ի սնանկությունից հետո ընկերությունը անվանափոխվեց և դարձավ «Ջունիոր սպորտ»։

Այցելեցինք նախկին ուսումնամարզական համալիրի տարածք, որտեղ մեծ թափով շինարարություն էր իրականացվում՝ հիմքից կառուցվում էր տրիբունան, հողային աշխատանքներ էին կատարվում։ Մանկապարտեզի տարածքը տարիների ընթացքում անմխիթար վիճակում էր հայտնվել, քարուքանդ էր։

Մանանդյան 33 հասցեում գործած թիվ 14 մսուր մանկապարտեզը փակվել է 2005 թ.-ին Շենգավիթ թաղային համայնքի ավագանու որոշմամբ։ Ավագանին մանկապարտեզի գործունեությունն աննպատակահարմար է համարել, քանի որ երեխաների հաճախելիությունը եղել է օրական 5-7 հոգի, որոնց սպասարկել է 12 աշխատակից։ Ուշագրավ է, որ մանկապարտեզի փակվելուց մեկ տարի առաջ շենքն իր զբաղեցրած հողակտորով վաճառվել է։ 2004 թ.-ին մանկապարտեզի երկհարկանի շենքը գնել է Ռաֆիկ Ֆրունզիկի Մարգարյանը, որը երկու տարի անց շենքն օտարել է այլ անձի։ Ռաֆիկ Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարն է 2002 թ.-ից։ 2015 թ.-ին Ռաֆիկ Մարգարյանի պատվիրակությանն ընդունել են Շենգավիթի թաղապետարանում։ Մարգարյանը ՀՀԿ անդամ էր, այսօր՝ անկուսակցական։ «Հետք»-ը գրել է Ռաֆիկ Մարգարյանի կոցմից չարաշահում կատարելու մասին։ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գույքը ձեռք է բերել աճուրդով: Հարցին, թե որքան գումարով, Մարգարյանը պատասխանեց՝ հին պատմություն է, չեմ հիշում, աճուրդի մասին էլ հայտարարությամբ է տեղեկացել: Ինչ կապ է ունեցել Շենգավիթ թաղային համայնքի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանի հետ հարցը լսելուց հետո Արմավիր համայնքի ղեկավարն ասաց՝ թաղման է, էլ չի կարող խոսել: Ռաֆիկ Մարգարյանը 2006-ին գույքն օտարել է Սարգիս Մնացականյանին, որն էլ փորձել է շենքը վերակառուցել։ Նախկին մանկապարտեզի երկհարկանի շենքի վրա երկու հարկ է ավելացվել, սակայն շինարարությունը մինչ օրս չի ավարտվել։

Շիրակի 18 շենքի 1-ին հարկում մինչև 2008 թ.-ը գործել է թիվ 149 մսուր մանկապարտեզը։ Շենգավիթի ավագանին կրկին թերբեռնվածության պատճառաբանությամբ մանկապարտեզը լուծարել է, հետագայում էլ տարածքն օտարել։ Գույքը 2008 թ.-ին սեփականության իրավունքով գրանցվել է Անի Կուրղինյանի անվամբ, տեղում այժմ դեղատուն է գործում։

Նժդեի 15 շենքի 1-ին հարկում գործած «82» մանկապարտեզը լուծարվել է 149 մանկապարտեզի հետ միասին Շենգավիթի ավագանու 2008 թ.-ի նույն որոշմամբ։ Հինգհարկանի բազմաբնակարան շենքի առաջին հարկում գործած մանկապարտեզի գործունեության դադարից հետո տարածքը չի օտարվել։ Մինչև նախորդ տարի Երևան համայնքին պատկանող 268.6 քմ տարածքում գործել է Սոցիալական ապահովության տարածքային բաժին։ Այժմ տարածի դռները կաղպված են, այն չի օգտագործվում։

Ֆրունզեի 14 հասցեում է տեղակայված Շենգավիթ թաղային համայնքի ավագանու որոշմամբ լուծարված թիվ 12 նախադպրոցական ուսումնական հասատատության վթարային շենքը։ 2005 թ.-ին վթարային ճանաչված տիպային շենքը փակվել է և այդպես փակված մնացել մինչ օրս։

Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում հունիսի 1-ի դրությամբ մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը 1601 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1969:

Էրեբունի

Էրեբունի վարչական շրջանում փակված համայնքային 4 մանկապարտեզները տեղակայված են եղել Էրեբունի, Գուրգեն Մահարի, Խաղաղ Դոնի փողոցներում։

Էրեբունի 9 շենքի առաջին հարկում այժմ գործում է մասնավոր նախադպրոցական հաստատություն։ Դրա տեղում մինչև 2001 թ.-ը գործել է թիվ 15 մանկապարտեզը, որը Էրեբունի թաղային համայնքի ավագանու որոշմամբ լուծարվել է, քանի որ նախադպրոցական հիմնարկի տարածքն այլևս պիտանի չի համարվել։ Մանկապարտեզի տարածքը վերածվել է բնակֆոնդի, ապա՝ մասնավորեցվել։ Տարածքի սեփականատեր են դարձել Էրեբունու թաղային համայնքի աշխատակիցներ: Էրեբունու ավագանին 2001 թ.-ին որոշել է «Համաձայնություն տալ նախկին հ.15 մանկապարտեզի տարածքից՝ 104,27 քմ ընդհանուր մակերեսով բնակելի հատվածը (իր ուժերով վերակառուցելու պայմանով) տրամադրել Էրեբունու թաղապետարանի ընդհանուր բաժնի պետ Հարություն Հրանտի Սարգսյանին: Տարածքից 92,28 քմ ընդհանուր մակերեսով բնակելի հատվածը (իր ուժերով վերակառուցելու պայմանով) տրամադրել Էրեբունու թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Լենիկի Սարգսյանին»:

Մահարու 2 հասցեի դատարկ հողակտորի վրա ժամանակին մանկապարտեզ է գործել։ 2008 թ.-ին Էրեբունու ավագանին որոշել է մանկապարտեզի վթարային ճանաչված շենքը քանդել։ Մինչդեռ ոստիկանությունը 2019 թ.-ին հայտարարեց, որ 2009 թվականին տարածքն ընդամենը 10 միլիոն 430 հազար 790 դրամով օտարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի մտերիմին։ Հետագայում հողամասը գնահատվել է 105 միլիոն դրամ ու գրավադրվել բանկում։Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս։Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ:

Այդ ժամանակ Էրեբունի համայնքի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն էր։ Ըստ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների` նախկին մանկապարտեզի հողատարածքը (շենքն արդեն քանդված էր) 2009 թ.-ին թաղապետարանը վաճառել է քաղաքացի Անդրանիկ Երվանդի Գալստյանին։ Մինչ օրս նա է 0.25 հա հողակտորի սեփականատերը։ Անդրանիկ Գալստյանը 2015 թ.-ին հիմնադրել է «Ֆուդարմ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնետոմսերը 2018 թ.-ի սեպտեմբերին անցել են Բաբկեն Ղազարյանին։ Ղազարյանը Թոխմախի Բաբո անունով հայտնի Արարատյան մաքսատան պետի նախկին տեղակալն էր, Մհեր Սեդրակյանի մտերիմներից։ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչն է եղել Էրեբունի վարչական շրջանում։

Խաղաղ Դոնի 29 և Գուրգեն Մահարի 3-րդ փողոց 4 շենք հասցեների մանկապարտեզներն ամբողջությամբ վերածվել են բնակֆոնդի։ Մահարու փողոցում գտնվող մանկապարտեզը բնակֆոնդի է վերածվել կարիքավոր ընտանիքների բնակության համար։ 

Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներ հաճախելու համար հերթագրվածների թիվը հունիսի 1-ի դրությամբ 1162 է, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այն եղել է 1185:

Նուբարաշեն

Նուբարաշեն վարչական շրջանում փակվել է երեք մանկապարտեզ։ Մեկում վարչական շրջանի աշխատակազմն է տեղակայված, մյուսը բնակֆոնդի է վերածվել, իսկ երրորդը` դարձել մեկ անձի սեփականություն։

Նուբարաշեն 9 փողոցում տեղակայված նախկին մանկապարտեզի շենքն այսօր էլ պատկանում է Երևան համայնքին։ Շենքում տեղակայված է Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը։ Նուբարաշեն 11 փողոցում գործած մանկապարտեզը մասնավորեցվել է դեռևս 1996 թ.-ին։ Կառավարության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության որոշմամբ մանկապարտեզը սեփականաշնորհվել է «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի անվամբ։ ԲԲ ընկերությունն էլ երկու տարի անց այն վաճառել է Սամվել Իշոեվին։ Տիպային շենք ունեցող մանկապարտեզի շենքը մինչ օրս պատկանում է Իշոեվին։ 

Նուբարաշեն 20 փողոցում գործած նախկին մանկապարտեզն ամբողջությամբ վերածվել է բնակֆոնդի: Նուբարաշեն վարչական շրջանի մանկապարտեզներ հախաճելու համար հերթագրված երեխաների թիվը այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 158 է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 187: Վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացրել են նաև, որ 2019-ի մարտի դրությամբ վարչական շրջանում գործել է միայն Երևանի 125 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը, իսկ «Արևամանուկ» ՀՈԱԿ-ը բացվել է 2019-ի մայիսից:

Պետական բաժնեմասով մանկապարտեզները

Էրեբունի վարչական շրջանում օտարվել է նաև պետական բաժնեմաս ունեցող 5 մանկապարտեզ։Արցախի փողոց 6ա, 8/8 և 14դ հասցեներում գործած երեք մանկապարտեզն էլ բնակֆոնդի է վերածվել։ Միայն Արցախի 8/8 հասցեում գտնված մանկապարտեզի պարագայում է մասնաշենքերի մի մասը բնակֆոնդ, մյուս մասում պոլիկլինիկա է գործում։

Միչուրին 36 հասցեում գործած «Մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու որոշումն ընդունվել է 2003 թ.-ին։ Մրցույթ հայտարարելուց 4 ամիս անց այն վաճառվել է ՌԴ քաղաքացի Անժելա Հարությունյանին: Այսօր մանկապարտեզի շենքը պատկանում է «Անժելա Հարությունյանի անվան «Ալմանախ» Կրթահամալիր» ՍՊԸ-ին։ Ընկերության 100 % բաժնեմասը պատկանում է Անժելա Հարությունյանին։ Մանկապարտեզը գնելուց հետո Հարությունյանը ներդրումներ է կատարել, մասնավոր մանկապարտեզ շահագործել, սակայն 2017 թ-ից նրա ղեկավարած նախակրթարանի գործունեությունը դադարեցվել է։ Անժելա Հարությունյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել, 450 հազար ԱՄՆ դոլարի և 175 հազար եվրոյի շուրջ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է մանկապարտեզի շենքը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն էլ արգելանք է դրել ՍՊԸ-ի վրա։

Մանկապարտեզի շենքը վարձակալել և որպես կրթարան շահագործում է Վերահսկիչ պալատի նախկի նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի ընկերությունը։ «Վարդանանք» կրթահամալիր ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գայանե Սողոմոնյանն է, իսկ կրթահամալիրի տնօրենը նրա դուստրն է՝ Շուշանիկ Զաքարյանը։ Կրթահամալիրում տարեկան վարձավճարը մեկ միլիոն դրամ է:

Տիգրան Մեծի պողոտա 67ա հասցեում տեղակայված երկհարկանի շենքում է գործել «Երևանի թիվ 55 մանկապարտեզ» ՊՓԲԸ-ն։ Ընկերության 10 միլիոն դրամ գնահատված բաժնետմոսերը կառավարության որոշմամբ մասնավորեցվել են կոլեկտիվին։ Մանկապարտեզի շենքն այլևս իր նշանակությամբ չի ծառայում։ Շենքի մի մասի առաջին ձեռք բերողը քաղաքացի Էդուարդ Նագդալյանն է, որը խմբագրել է «Դելավոյ էքսպրես» թերթը, այդ գործունեության ժամանակ շորթում  կատարելու մեղադրանքով դատապարտվել է։ Հետագայում Նագդալյանը տարածքը նվիրել է քաղաքացի Դավիթ Խասիկյանին: Վերջինս դարձել է նաև նույն շենքի մեկ այլ տարածքի սեփականատեր: Շենքի մյուս մասի սեփականատերը Նագդալյանի հետ փոխկապակցված Հասմիկ Նագդալյանն է։ Նախկին մանկապարտեզի շենքի մի մասի սեփականատեր է դարձել ԱՄՆ քաղաքացի Անահիտ Կարապետյանը։

Ամբողջացնելով մեր ուսումնասիրությունները՝ նշենք, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում միասին վերցրած փակվել է 87 մանկապարտեզ։ Մանկապարտեզների տարածքների մեծ մասը սեփականաշնորհվել է, բայց կան տարածքներ, որոնք այսօր էլ պատկանում են Երևան համայնքին։ Մինչդեռ քաղաքային իշխանությունները դրանց տեղում մանկապարտեզ չեն շահագործում։ Եվ այս պայմաններում այսօր 9745 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter