HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի Պրեմիեր լիգա. թիմերի «կենսագրական տվյալները»

2020 թվականի օգոստոսի 14-ին մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգան, որին այս տարի մասնակցում է 10 թիմ: «Հետքը» համառոտ ներկայացնում է առաջնությանը մասնակցող թիմերի մասին, այսպես ասած, «կենսագրական տվյալներ»՝ սկսած թիմերի հիմնադրման պատմությունից, սեփականատերերից մինչև նվաճած տիտղոսներ: Թիմերի հերթականությունը որոշել ենք՝ ըստ 2019-20 մրցաշրջանում զբաղեցրած դիրքի:

«Արարատ-Արմենիա»

Երևանի «Արարատ-Արմենիան» իր ելույթներն սկսել է 2017 թվականին՝ «Ավան-Ակադեմիա» անվանմամբ: Ակումբի փաստացի հիմնադիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա (2002-2018թթ.) նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, բայց ««Ավան-Ակադեմիա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի նախագահի պարտականությունները իրավաբանորեն ստանձնել էր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենը՝ Հայրապետյանի մերձավորներից Արթուր Մանուկյանը (այժմ՝ Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրի տնօրեն):

2017-18 թվականների մրցաշրջանում «Ավան-Ակադեմիա» ակումբի թիմը հանդես եկավ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և 46 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, բայց ակումբը մրցաշրջանն ավարտեց այլ անվամբ և սեփականատիրոջ հետ: Սկզբնապես այստեղ հանդես էին գալիս Ավանի ակադեմիայի և «Փյունիկի» ակադեմիայի սաները: 

2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ավան-Ակադեմիան» ձեռք է բերել ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

2017-ի դեկտեմբերի 18-ին «Ավան-Ակադեմիան» անվանափոխվեց և դարձավ «Արարատ-Մոսկվա» ֆուտբոլային ակումբ ՀԿ, որի նախագահը դարձավ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարենի Կարապետյանը: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում հիմնադրվեց ««Արարատ-Մոսկվա» ֆուտբոլային ակումբ» բաց բաժնետիրական ընկերությունը, գլխավոր տնօրենը՝ կրկին Նարեկ Կարապետյանը: Երկու ամիս անց վերջինիս այդ պաշտոնում փոխարինեց  նախկին ֆուտբոլիստ, հետագայում նաև մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Պողոս Գալստյանը:

Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի կարգով երրորդ՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում (ՊՖԼ) հանդես էր գալիս Մոսկվայի «Արարատ» ակումբը, որին ֆինանսավորում էր Սամվել Կարապետյանը: Մոսկվայի «Արարատը» 2017-2018 մրցաշրջանում հաղթեց ՊՖԼ-ի Կենտրոնական գոտում: Հետագայում մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Մոսկվայի «Արարատը» տեղափոխվելու է Հայաստան և միաձուլվելու է «Արարատ-Մոսկվայի» հետ, սակայն փաստացի այդպիսի միավորում տեղի չունեցավ: 2018 թվականի մայիսի 30-ին՝ մրցաշրջանի ավարտից երկու օր անց, երևանյան «Արարատ-Մոսկվան» անվանփոխվեց և դարձավ «Արարատ-Արմենիա»: Ակումբը շեշտում է, որ Մոսկվայի «Արարատի» հետ ոչ մի կապ չունի:

2018-19 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ իր նորամուտը նշեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, սակայն նշանակումից մոտ երկու ամիս անց Սկրիպչենկոն հրաժարական տվեց և թիմի մարզչական ղեկը ստանձնեց Վարդան Մինասյանը: Առաջին իսկ տարում «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն: 2019 թվականի օգոստոսին «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլում պատմական հաջողություն գրանցեց՝ հասնելով մինչև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ: Թիմը շատ մոտ էր նաև խմբային փուլի ուղեգիր նվաճելուն, սակայն վճռորոշ խաղում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, «Արարատ-Արմենիան» զիջեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»: «Արարատ-Արմենիան» այս տարի ևս հասել է ԵԼ որակավորման փլեյ-օֆ փուլ, որտեղ ուժերն է չափելու սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:

2020 թվականին «Արարատ-Արմենիան» կրկին հռչակվեց Հայաստանի չեմպիոն: 

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Վարդան Մինասյանին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Թիմի կորիզը կազմում են արտասահմանցի խաղացողները:

«Արարատ-Արմենիան» մարզվում և իր տնային հանդիպումներն անցկացնում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

«Նոա»

Հայաստանի փոխչեմպիոնը նախորդ մրցաշրջանում բոլորին զարմացրեց իր մրցելույթներով և մինչև վերջին տուրը հակավնում էր չեմպիոնի տիտղոսին, սակայն վճռորոշ խաղում զիջեց «Արարատ-Արմենիային»:

««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2017 թվականի մայիսի 15-ին Երևանում «Արցախ» անվանումով: Ակումբի հիմնադիրն ու սեփականատերը արցախցի Սևան Ասլանյանն էր: 2017-2018թթ. մրցաշրջանում ակումբը հանդես եկավ Առաջին խմբի առաջնությունում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ արդեն 2018-2019 մրցաշրջանում իր նորամուտը նշեց Բարձրագույն խմբի առաջնությունում: 2019-ի տարեսկզբին հայտնի դարձավ, որ ակումբը նոր սեփականատեր ունի՝ ի դեմս գործարար Կարեն Աբրահամյանի: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ Կարեն Աբրահամյանը ակումբի նախագահի պաշտոնում Սևան Ասլանյանին փոխարինել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին: Արդեն այդ ժամանակ ակումբի նոր սեփականատերը տեղեկացրել էր, որ 2019-2020 մրցաշրջանից առաջ «Արցախն» անվանփոխվելու է: 2019 թվականի հունիսի 18-ին այն դարձավ«Նոա» ֆուտբոլային ակումբ:

2020 թվականի մայիսին «Նոայում» կրկին վերադասավորումներ եղան: Ակումբի նախագահի պաշտոնում Կարեն Աբրահամյանին փոխարինեց «Նոայի» ղեկավար խորհրդի անդամ, Ռուսաստանի քաղաքացի Ռուբեն Գևորկյանը, որն ըստ ակումբի մամուլի ծառայության՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում սպորտի կառավարման փորձառություն ունի:

2020թ. օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ «Նոա» հոլդինգը ձեռք է բերել նաև Իտալիայի C սերիայում հանդես եկող «Սիենա» ակումբը, որը ստեղծվել է 2014 թվականին: Թեպետ այդպիսի անվանումով ակումբ Իտալիայում ստեղծվել է 1904 թվականին և մեկ դարից ավել հանդես է եկել տարբեր դիվիզիոններում, այնուհետև սնանկացել և փակվել, այնուամենայնիվ երկու «Սիենա»-ները իրավաբանորեն միմյանց հետ կապված չեն:

Ինչ վերաբերում է «Նոային», ապա թիմը իր եռամյա պատմության մեջ երկու տիտղոս է նվաճել՝ 2020 թվականին դառնալով Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Թիմում տոն են տալիս ռուս խաղացողները: Տնային հանդիպումներն այժմ անցկացնում է Երևանի «Նաիրի» մարզադաշտում, գլխավոր մարզիչը մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակն է, որը ճանաչվեց Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Ալաշկերտ»

«Ալաշկերտը» անունը կրող ակումբ Հայաստանում հիմնադրվել է 1990 թվականին Մարտունիում, 1992-ին մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, այնուհետև դադարեցրել է ելույթները:  Այժմյան ««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ն 2011 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում հիմնադրել է «Բագրատուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանը, որն էլ մինչև օրս «Ալաշկերտի» նախագահն ու սեփականատերն է:

2012-13 մրցաշրջանում «Ալաշկերտը» մասնակցեց Առաջին խմբի առաջնությանը, զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: 2016 թվականից սկսվեց Երևանի «Ալաշկերտի» ոսկե դարաշրջանը: Թիմը երեք տարի անընդմեջ (2015-2016, 2016-2017, 2017-2018) հռչակվեց Հայաստանի չեմպիոն: «Ալաշկերտը» նաև մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2018-2019), երկու անգամ էլ՝ սուպերգավաթակիր (2016, 2018):

2020 թվականի հունիսից թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ուկրաինական մի շարք թիմերում աշխատած Եղիշե Մելիքյանն է: «Ալաշկերտի» տնային մարզադաշտը «Նաիրին» է:

«Շիրակ»

Գյումրու «Շիրակը» Հայաստանի ամենահին թիմերից մեկն է, որը հիմնադրվել է 1958 թվականին: Ակումբը հանդես էր գալիս Խորհրդային Միության Երկրորդ լիգայում, որն իր կարգով երրորդ առաջնությունն էր ԽՍՀՄ-ում: Խորհրդային տարիներին թիմը հիշատակման արժանի հաջողությունների չի հասել, սակայն անկախությունից ի վեր Հայաստանի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է:

Այժմյան «Շիրակը» ըստ պետռեգիստրի տվյալների՝ հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, իրավաբանական հասցեն Երևանում է: Ակումբի միակ սեփականատերը մինչև այժմ 5-րդ և 6-րդ գումարման (2012-2019 թթ․) Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանն է: 

Մինչև վերջերս նա զբաղեցնում էր նաև ակումբի նախագահի պաշտոնը, սակայն նրան 2020թ. օգոստոսի 11-ին փոխարինեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Սակայն նախագահի փոփոխությունը «Շիրակում» միակ հետաքրքիր զարգացումը չէր: 

Ամռանը «Շիրակի» մարզչական շտաբը՝ թիմի երկարամյա գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, տեղափոխվեց «Արարատ»: Երևանյան ակումբը համալրեցին նաև Գյումրու թիմի միանգամից 9 առանցքային ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի 2019/20թթ. առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ Մորի Կոնեն: Այդ կազմով Երևանի «Արարատը» դարձավ Հայաստանի չեմպիոնի գլխավոր հավակորդներից մեկը, իսկ «Շիրակը», ինչպես ասել է Արման Սահակյանը, 10 տարվա մեջ առաջին անգամ չեմպիոնական հավակնություն չունի: ՀՖՖ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արման Սահակյանը պայմանավորվածություն է ձեռք բերել «Արարատի» սեփականատերեր Վարդան Սրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի հետ ու այժմ թիմի կառավարումը հենց Սահակյանն է իրականացնում:

«Շիրակը» Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1999, 2012-2013): Երկու անգամ դարձել է նաև գավաթակիր (2011-2012, 2016-2017), հինգ անգամ էլ՝ սուպերգավաթակիր (1996, 1999, 2003, 2013, 2017):

Վարդան Բիչախչյանի հեռանալուց հետո «Շիրակի» գլխավոր մարզիչը Տիգրան Դավթյանն է: «Շիրակը» դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես է գալիս Գյումրու քաղաքային մարզադաշտում:

«Լոռի»

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորը ներկայացնող «Լոռի» ֆուտբոլային ակումբը (ակումբը ներկայացնում է «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ-ն) հիմնադրվել է 2017 թվականին: Այդպիսի անվանումով ֆուտբոլային թիմ եղել է նաև խորհրդային տարիներին: 

Թիմը իր ելույթները սկսել է 2017/18 մրցաշրջանում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանից իր նորամուտն է նշել Բարձրագույն խմբում: 

Ներկայիս «Լոռիի» հիմնադիրը գործարար Թովմաս Գրիգորյանն է, ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում է նրա որդին՝ Ռոբերտ Գրիգորյանը, ով նաև դե յուրե ակումբի 100 տոկոսի սեփականատերն է: 

Եթե Առաջին խմբում չեմպիոնությունը չհաշվենք, ապա կարող ենք ասել, որ իր գոյության ընթացքում «Լոռին» դեռևս տիտղոսներ չի նվաճել:

Այժմ թիմի գլխավոր մարզիչը իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովն է: «Լոռին» տնային հանդիպումներն անցկացնում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

«Արարատ»

Լեգենդար «Արարատը» հիմնադրվել է 1935 թվականին: Մինչև 1963 թվականը տարբեր տարիներին ակումբն ունեցել է «Սպարտակ» և «Դինամո» անվանումները: 1973 թվականին «Արարատը» հայկական ֆուտբոլի պատմության ամենափառահեղ էջն է գրել՝ նույն տարում դառնալով Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր: ԽՍՀՄ գավաթը «Արարատը» մեկ անգամ էլ նվաճել է 1975 թվականին:

Անկախությունից հետո «Արարատը» («Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ) շարունակել է իր ելույթները Հայաստանի առաջնությունում և 1993 թվականին կարողացել է դառնալ Հայաստանի չեմպիոն: Դա թիմի դեռևս միակ չեմպիոնությունն է: 1998 թվականին ակումբի սեփականատերերը դարձան ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանն ու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը: Վերջիններս մինչև այժմ համարվում են ակումբի («Ֆուտբոլային ակումբ Արարատ» ՀՁ ՓԲԸ) սեփականատերերը, Կապրիելյանը զբաղեցնում է նաև ակումբի նախագահի պաշտոնը:

Հարկ է նշել նաև, որ «Արարատի» կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլրդ 566 միլիոն դրամ, ամենաբարձրը հայկական բոլոր ակումբների մեջ:

2020-21 մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» միջև տեղի ունեցած զարգացումների մասին արդեն նշել ենք: Թիմի գլխավոր մարզիչն այժմ Վարդան Բիչախչյանն է:

Բացի 1993 թվականի չեմպիոնությունից, «Արարատը» 5 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (1993, 1994, 1995, 1997, 2008), 1 անգամ էլ՝ սուպերգավաթակիր (2009): Երկար տարիներ «Արարատի» տնային մարզադաշտը «Հրազդանն» էր, սակայն այժմ հանդիպումներն անցկացնում է «Հանրապետականում»:

«Ուրարտու»

Երևանի «Ուրարտուն» 1992 թվակականին որպես Կոտայքի մարզը ներկայացնող «Բանանց» ակումբ հիմնադրել է Սարգիս Իսրայելյանը և անվանել իր հայրենի գյուղի՝ Բանանցի անունով (այժմ՝ Բայան, գտնվում է Ադրբեջանի տարածքում): 1995 թվականին «Բանանցը» դադարեցրել է իր ելույթները, սակայն 2001թ. վերսկսել է («Բանանց ֆուտբոլային ակումբ» ՓԲԸ): 2003-ին Երևանի «Բանանցն» ու «Սպարտակը» միավորվել են առաջինի անվան տակ (««Բանանց» ֆուտբոլային ակումբ» ՀԿ)։

«Բանանցը» Հայաստանի այն եզակի ակումբներից է, որն ունի զարգացած ենթակառուցվածքներ և սեփական մարզադաշտ: Այն «Բանանցի» տրամադրության տակ է 2005 թվականից:

2013 թվականին «Բանանցում» սեփականատերերի փոփոխություն տեղի ուենցավ: Ակումբի հիմնադիր և նախագահ Սարգիս Իսրայելյանից հետո «Բանանցի» սեփականատեր դարձավ ուկրաինահայ գործարար, միլիարդատեր Օլեգ Մկրտչյանը: Նրան էին պատկանում նաև Դոնեցկի «Մետալուրգ» և Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբները: 

Օլեգ Մկրտչյանի օրոք «Բանանցի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նրա ազգական Կառլեն Մկրտչյանը: Հենց այդ ժամանակահատվածում էլ «Բանանցը» նվաճեց իր առաջին և դեռևս միակ չեմպիոնական տիտղոսը: 2013-2014 մրցաշրջանում սլովակ մարզիչ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ «Բանանցը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ երեք միավորով գերազանցելով Գյումրու «Շիրակին» և Երևանի «Միկային»:

2016 թվականին «Բանանցում» կրկին սեփականատեր փոխվեց: Ակումբի ղեկը ստանձնեց Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերության՝ «Լուկօյլի» նախկին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը: Հենց նրա օրոք Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիզը տեղափոխվեցին «Սպարտակ»:

2016 թվականից մինչև օրս «Բանանցի» սեփականատերը Ջևան Չելոյանցն է: 2018 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Բանանցն» անվանփոխվելու է: Ակումբը երկրպագուների շրջանում հարցում անցկացրեց. «Հայաստան», «Ուրարտու» «Մալաթիա», «Սեբաստիա» և «Արծիվ» տարբերակներից ամենաշատ ձայները ստացավ «Ուրարտուն», և 2019 թվականի օգոստոսից ակումբը կրում է «Ուրարտու» անունը («Ֆուտբոլային ակումբ Ուրարտու» մարզական ՀԿ):

Բացի 2014 թվականի չեմպիոնությունից՝ «Ուրարտուն» երեք անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (1992, 1997, 2015-2016), մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր (2014): 

Գլխավոր մարզիչն այժմ ռուսաստանահայ հայտնի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն է: Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ուրարտու-1» մարզադաշտում:

«Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, որը 1992 թվականին հիմնադրել է Խորհրդային Հայաստանի ֆուտբոլային լեգենեդ Խորեն Հովհաննիսյանը: Ըստ ակումբի կայքում նշված տեղեկատվության՝ մինչև 1995 թվականը ակումբը ունեցել է «Հոմենեթմեն» անվանումը և ներկայացնում էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Սակայն երբ Հայաստանում Դաշնակցության գործունեությունը կասեցվեց, թիմը ստիպված էր փոխել անվանումը՝ դառնալով «Փյունիկ»:

1998 թվականի առաջնությունում «Փյունիկը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում, սակայն վերածնվեց 2000 թվականին, երբ ակումբի սեփականատեր դարձավ Ավանի նախկին թաղապետ, «Հայծխախոտ» ընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հետագայում՝ 2002թ., վերջինս ընտրվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, 2003-ին էլ՝ նաև Ազգային ժողովի պատգամավոր:

Հայրապետյանի օրոք «Փյունիկը» տարիներ շարունակում հռչակվում էր Հայաստանի չեմպիոն, Հայաստանը ներկայացնում էր եվրագավաթային մրցաշարերում: Բացի դրանից՝ «Փյունիկի» ֆուտբոլիստներն էին կազմում Հայաստանի ազգային հավաքականի կորիզը: 

17 տարվա կառավարումից հետո՝ 2017 թվականին, Հայրապետյանը որոշեց «Փյունիկի» սեփականության իրավունքը փոխանցել ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին: 2017 թվականի հունիսին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հյարապետյանը, որը զբաղեցնում էր ակումբի նախագահի պաշտոնը, նշեց, որ «Փյունիկը» այլ սեփականատիրոջ փոխանցելու նպատակն այն է, որ ՀՖՖ նախագահը և նրա ընտանիքի անդամները Հայաստանի առաջնությունում հանդես եկող ոչ մի թիմի հետ փոխկապակցվածություն չունենան:

Արդեն երեք տարի է՝ Արթուր Սողոմոնյանը «Փյունիկի» սեփականատերն է, սակայն թիմը վերջին անգամ տիտղոս նվաճել է 2015 թվականին:

Իր 28-ամյա պատմության ընթացքում «Փյունիկը» 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (1992, 1995/96, 1996/97, 2001-2010, 2015), 8 անգամ՝ Հայաստանի գավաթակիր (1996, 2002, 2004, 2009-2010, 2013-2015), 9 անգամ էլ՝ սուպերգավաթակիր (1997, 2002, 2004-2005, 2007-2008, 2010-2011, 2015):

«Փյունիկի» գլխավոր մարզիչն այժմ Արտակ Օսեյանն է: Տնային հանդիպումներն անցկացնում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Գանձասար-Կապան»

Սյունիքի մարզկենտրոն Կապանը ներկայացնող ակումբը հիմնադրվել է 2002 թվականին: Ստեղծման օրվանից «Գանձասարի» («Գանձասար» ֆուտբոլային ակումբ ՀԿ) հովանավորը եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), իսկ ակումբի նախագահը՝ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը: 

Վերջինիս պաշտոնանկությունից հետո կոմբինատի նոր ղեկավարությունը հրաժարվեց ֆինանսավորել թիմը՝ ընդգծելով, որ ակումբի սեփականտերը պետք է դառնա հենց ԶՊՄԿ-ն: Սակայն կողմերի միջև չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել, և ի վերջո կոմբինատի բարեգործական հիմնադրամը 2015 թվականի փետրվարին նոր ակումբ հիմնադրեց «Գանձասար-Կապան» անվանումով, որի հիմնական և երկրորդ թիմերն էլ մինչև օրս հանդես են գալիս համապատասխանաբար Հայաստանի Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնութուններում: 

Մինչև 2017 թվականը «Գանձասար-Կապանը» իր տնային հանդիպումներն անցկացնում էր Կապանի մարզադաշտում, սակայն ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով Կապանի մարզադաշտը որակազրկվել է, և կապանյան թիմն իր տնային խաղերն այժմ անցկացնում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Իր պատմության ընթացքում «Գանձասար-Կապանը» ընդամենը մեկ տիտղոս է նվաճել՝ 2018 թվականին դառնալով Հայաստանի գավաթակիր: Թիմի գլխավոր մարզիչն այժմ պաշտոնապես Աշոտ Բարսեղյանն է, սակայն գլխավոր մարզչի պարտականությունները փաստացի կատարում է Արմեն Պետրոսյանը:

«Վան»

Չարենցավանի «Վանը» Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկն է և գործող ակումբների միջև ամենաերիտասարդը, որը հիմնադրվել է 2019 թվականի մայիսի 30-ին («Ֆուտբոլային ակումբ «Վան»» ՀԿ): Ակումբի նախագահը Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Ղուկասովն է: 

Թիմն իր ելույթները սկսել է Առաջին խմբի առաջնությունում և մինչև ՀՖՖ կողմից պայմանավորված խաղերի պատճառով առաջնության դադարեցումը՝ 70 միավորով զբաղեցնում էր Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: 

2020-2021 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՖՖ-ն «Վանին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու արտոնագիր տվեց: Մեկնարկած մրցաշրջանի 3 խաղերում թիմը տարել է նույնքան հաղթանակ: (էս պարբերությունը փոփոխման ենթակա ա, որովհետևև Վանը էսօր խաղ ունի)

Թիմի գլխավոր մարզիչը հայտնի մասնագետ Սևադա Արզումանյանն է: «Վանը» իր տնային խաղերն անցկացնում է Չարենցավանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter