Երևանյան բազալտի և կավի գինը
Երևանյան օդում հաճախ է փոշին գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Երևանում վերջին տարիներին փոշին ՍԹԿ-ն մեծ մասամբ գերազանցել է, տարեկան տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ։
Այդ փոշու մի մասն առաջանում է Երևանում գործող հանքերից։ Սակայն որևէ ուսումնասիրություն չի կատարվել, և հայտնի չէ, թե փոշու որքան մասն է հանքերից արտանետվում։
2021թ. հունվարի դրությամբ Երևան քաղաքի վարչական տարածքում 23 հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք է տրամադրված: Երևանում առավելապես արդյունահանվում է բազալտ, ավելի քիչ՝ գիպսատար ապար և կավ: Հանքավայրերը հիմնականում գտնվում են Սարի թաղում, Աջափնյակում, Նորքում, Ջրվեժում և Վարդաշենում:
Երևան քաղաքում փոշու մոնիտորինգ իրականացվում է 4 դիտակետում, որից երկուսը՝ Կենտրոնում՝ Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկում և Խանջյան 51-ում, Արաբկիրում՝ Կոմիտաս 29 հասցեում, Նոր Նորքում՝ Գայի 32 հասցեում։
Հանքավայրեր շահագործող վարչական տարածքներում դիտակայան չկա։ Նոր Նորքում, որի դիտակայանը համեմատաբար մոտ է Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ գործող հանքավայրերին, հաճախ փոշու կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի այս տարվա վերլուծությունների։
Շրջակա միջավայրի նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե Երևան քաղաքում հանքարդյունաբերության հետևանքով արտանետված փոշին քաղաքի ընդհանուր փոշու որ տոկոսն է կազմում: Ի պատասխան, ՇՄՆ գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը հայտնել է, թե ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևան քաղաքում փոշու մոնիտորինգ իրականացնում է 4 դիտակայանում: Սակայն մթնոլորտային օդում անշարժ աղբյուրներից փոշու արտանետումների ընդհանուր քանակի մեջ հանքարդյունաբերության չափաբաժնի գնահատման վերաբերյալ տեղեկատվության ՇՄՆ չի տիրապետում:
Մեր հետազոտության արդյունքում եկել ենք եզրահանգման, որ հանքավայրերի մեծ մասը շահագործվում է առանց նվազագույն կանոնների պահպանման, որոշներն էլ, ինչպես տեղեկացել ենք պաշտոնական աղբյուրներից, ապօրինի են՝ առանց հողօգտագործման պայմանագրերի կամ անտառային հողերում։
Տարիներ շարունակ հանքավայրերը շահագործող ընկերությունները համայնքի հետ չեն կնքել վարձակալության պայմանագրեր և համայնքի բյուջե չեն վճարել այդ հողերի օգտագործման դիմաց որևէ գումար: Պատշաճ վերահսկողություն մայրաքաղաքում շահագործվող հանքերի նկատմամբ չի իրականացվում:
Հանքավայրերը չեն առանձնացված ցանկապատներով, ցուցանակներ չունեն, որտեղ նշված լինեն ընդերքօգտագործողի անունն ու տվյալները: Միայն փորվածքները, աշխատող տեխնիկան և փոշին կարող են հուշել, որ տվյալ տարածքում ընդերքի արդյունահանում է իրականացվում:
Երևանում ընդերքօգտագործում իրականացնող ընկերություննեի մեծ մասը նախկին պաշտոնյաներին առնչվող ընկերություններ են, որոնք հեշտությամբ ձեռք են բերել ընդերքօգտագործման իրավունքները և անվերահսկելիորեն իրականացրել արդյունահանում:
Երևանի հանքերը շահագործում են նախկին պաշտոնյաները
Սպանդարյանի բազալտն արդյունահանողները
Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն շահագործում է Սպանդարյանի բազալտի հանքավայրը: Դավիթ Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայությունում սկսել է աշխատել 2017 թ.-ի հուլիսից՝ որպես աշխատակազմի ղեկավար։ 2018 թ.-ի հունիսից դարձել է ՀՔԾ գլխավոր քարտուղար։ Սակայն 2020թ․ օգոստոսի 6-ից այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնում, ազատվել է` իր դիմումի համաձայն:
«ՄԼ Մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և շինարարությամբ։ 2020թ․ դեկտեմբերին «ՄԼ Մայնինգ»-ին տրամադրվել է ընդերքօգտագործման այն իրավունքը, որը տրված էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին պատկանող «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին։ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն այն ստացել էր 2012-ին։ Ընկերությունը 2008թ․-ին հիմնադրել է նախկին նախարար Արամ Հարությունյանի եղբայրը՝ Արայիկ Հարությունյանը։ Ընթացքում սեփականատերեր են փոփոխվել և դուրս եկել, այնուհետև «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ին է անցել, որի բաժնետերը Արամ Հարությունյանն է։շ
Մինչ իշխանափոխությունը, Հարությունյանի ընկերությունը, հիշեցնենք, պետական գնումներով նախագծեր էր իրականացնում, ընդորում՝ առանց մրցույթների։ Ավելին, Կոտայքի մարզպետ եղած տարիներին իր ընկերության հետ պետգնումների պայմանագրեր էր կնքում մարզում իրականացվող ծրագրերի համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2020թ. դեկտեմբերի 29-ի հրամանով «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվել է «ՄԼ Մայնինգ»-ին: Հրամանին նախորդել է «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և «ՄԼ Մայնինգ»-ի միջև կնքված ուղղակի առքուվաճառքի պայմանագիրը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցում էինք ուղարկել` տեղեկանալու, թե ընդերքօգտագործման իրավունք ունեցող որ ընկերությունների հետ համայնքը հողօգտագործման պայնանագիր ունի:
Այստեղից պարզվում է, որ ընդերքօգտագործում իրականացնող 13 ընկերություն, այդ թվում՝ «ՄԼ Մայնինգ»-ը, համայնքի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ ընկերությունն անցյալ տարվա դեկտեմբերին է ստացել ընդերքօգտագործման իրավունքը։ Դիմել են քաղաքապետարան, բայց դեռևս պայմանագիր չեն կնքել։ Դիտարկմանը, թե մեր այցելության ժամանակ արձանագրել ենք, որ հանքավայրն արդեն շահագործվում է, նշում է, որ շահագործումը սկսել են ապրիլից և շուտով կունենան նաև հողօգտագործման պայմանագիրը։
Լեռնահատկացման ակտով ընկերությանը 24 hա տարածք է տրամադրվել:
Թե ինչու իրենց շահագործած հանքավայրերը չեն բավարարել ընկերությանը, որ ևս մեկը Երևանում են սկսել շահագործել, տնօրեն Մարգարյանը բացատրում է, որ մարզերում արդեն իսկ 2 բազալտի հանքավայր ունեն, բետոնի արտադրություն ևս ունեն, և երբ իրենցը չի բավարարում, ուրիշից են փորձում ձեռք բերել, շատ անորակ է լինում: Մեծ մասն օգտագործելու են իրենց շինարարության համար:
«Եթե մոտ հանքավայր շահագործենք, ինքնարժեքը կնվազի, որ տրանսպորտով չհասնի Երևան, երկրորդ` հանկարծ Ոսկեհատի մեր բազալտի հանքավայրը չի աշխատում` ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ուղղակի չկա մեկը, որից նորմալ որակի բազալտ ձեռք բերենք»,- ասում է Է. Մարգարյանը:
Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք օրինապահ հարկ վճարող և վարկառու են, սկսել են 5 աշխատակցից և այսօր արդեն աշխատակիցների քանակը հասցրել են 300-ի: Հանրային պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագիրն են իրականացնում կառուցապատման ոլորտում, ինչպես նաև ներդրումային մեծ ծրագրեր են անում, որակյալ տեխնիկա են աշխատեցնում` նորագույն կռունկներ և այլն:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-դ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի հետ համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու որոշմամբ կնքում է հողօգտագործման պայմանագիր։ Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:
2017-ին Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի բազալտի 3-րդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունք ստացել է նաև «Դորոժնիկ» ՍՊԸ-ն։
Ընկերությունն ունի հողօգտագործման պայմանագիր 46749 քմ մակերեսի համար: Սեփականատերը Արարատ Սարգսի Հովհաննիսյանն է, գրանցված է Արցախում։ Արարատ Հովհաննիսյանը 2018-ից փայատեր է եղել «Բրիկետ» ՍՊԸ-ում, սակայն 2020թ․-ի մարտին բաժնեմասը փոխանցել է Կամո Աբգարի Աղաջանյանին։ Վերջինս Արցախի նախկին ոստիկանապետն է, ԱԱԾ տնօրենը, իսկ 2020թ․ դեկտեմբերին, Արայիկ Հարությունյանի հրամանով, նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Արարատ Հովհաննիսյանը նաև տնօրեն է «Արկա Գէս» ՓԲԸ-ում:
Սպանդարյանի բազալտների հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունի նաև «Շիրինշին» ՍՊԸ-ն (նախկինում` «Շինֆորում»), որը ստացել է 2020թ․ հունիսին։ Այն շահագործելու է 20 տարի։ «Շիրինշին» ՍՊԸ-ի փայատեր է Արցախում հաշվառված Մխիթար Արկադիի Շիրինյանը՝ 99 % (մականունը՝ «Խալաստոյ»), իսկ մնացյալ 1 %-ը Գնել Ժորժիկի Գասպարյանինն է (նախկին տնօրեն Տիգրան Գասպարյանի եղբայրն է)։
«Շիրինշին» ՍՊԸ-ն տարբեր պատմությունների մեջ է։ Մամուլում թե տնօրենի գործունեության, թե աշխատակիցների բողոքի ակցիաների վերաբերյալ հրապարակումներն ու պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ ընկերությունը տարբեր խնդիրներ է ունեցել՝ աշխատավարձերի պարտք, պետության նկատմամբ հարկային պարտավորություններ կուտակել։ Հիմնադիր տնօրեն Տիգրան Գասպարյանն էլ պնդել է, որ Մ. Շիրինյանը, ով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմն է, գործարանն իրենից խլել է։
Այդուհանդերձ, ընկերությունը նոր սեփականատիրոջ ներդրումների հաշվին շարունակում է գործունեությունը։ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագիր է կնքել շուրջ 13 հա հողի համար։
Սպանդարյանի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի նաև «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն: Իրավունքը ստացել է 2012-ին և շահագործելու է մինչև 2064թ․-ը։ Ընկերության սեփականատերը 2015թ.-ից Գոհար Սուրենի Բաղդասարյանն է, տնօրեն Խաչիկ Ռուբենի Բաղդասարյանի մայրը։ Ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ ռեկուլտիվացնում է այն տարածքները, որտեղ արդյունահանումն ավարտում է: «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն Երևան համայնքի հետ կնքել է վարձակալության պայմանագիր 43841,33 քմ մակերեսով հողամասի օգտագործման համար:
2021թ․ մարտի 26-ի ՊԵԿ որոշումից տեղեկանում ենք, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություններ ունի 12,4 մլն դրամի չափով։ Այդ կապակցությամբ վարչական վարույթ է սկսվել ընկերության նկատմամբ և հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից կարող է կիրառվել ընկերության դրամական միջոցների և գույքի արգելադրում։
«Ամելիա մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն Երևանում շահագործում է Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրը։ Ընդերքօգտագործման իրավունքն ընկերությունը ստացել է 2012-ից, և այն վավեր է մինչև 2032 թվականը։ ՓԲԸ-ն ունի հողօգտագործման պայմանագիր: 2017-ին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը (ներկայում՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) ստուգում է իրականացրել, թե ինչ է հայտնաբերվել այնտեղ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեզ տեղեկություններ չի տրամադրել, միայն նշել են, որ «ստուգման արդյունքում տրվել է պարտադիր կատարման հանձնարարական»։ Ընկերության տնօրենը Կարեն Սիմոնյանն է։
Մեզ հետ զրույցում վերջինս պատմում է, որ իրենք շահագործում են շատ փոքր հանքավայր: Որպես բաժնետեր գրանցված է օֆշորային գոտում` Բրիտանական Վիրջինյան Կղզիներում հիմնադրված ԶՈԴԻԱԿ ՔՆՍԱԼԹՆԹՍ ընկերությունը: Կարեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ոչ մի արտառոց բան չկա դրանում, ներդրողը դրսից է, և Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման մեկնարկի ժամանակ որոշել են, որ բազալտն ու դրանից դուրս եկող խիճը կարող է լավ բիզնես դառնալ, սակայն, սպասումները չեն արդարացվել, հանքավայրը հազիվ կարողանում է գոյատևել:
ԴԱՀԿ-ն երկու անգամ արգելանք է կիրառել ընկերության հաշվիների նկատմամբ, քանի որ ընկերությունը հարկային պարտավորություններ է ունեցել պետության նկատմամբ։
Ապօրինի արդյունահանում՝ անտառային տարածքում
«Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն ապօրինի արդյունահանում է իրականացնում Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ գտնվող Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրում։
«Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման 2 իրավունք ուներ, որից մեկի՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրի իրավունքն ավարտվեց 2020թ.-ի հունիսին: Այժմ գործողը միայն նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասն է: Դրա գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։ Երևան համայնքի հետ ընկերությունը հողօգտագործման պայմանագիր չունի, քանի որ գործունեություն է իրականացնում անտառային հողում։
Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ընկերության միջև կնքված անտառօգտագործման պայմանագրերը 2020թ․ մարտի 9-ին, այսինքն՝ ավելի քան մեկ տարի առաջ, լուծվել են, և ընկերության վարձակալության իրավունքը դադարել է։ Սակայն «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից նախկինում վարձակալած տարածքում ապօրինի աշխատանքները շարունակվել են, ինչի առնչությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը զգուշացում է ուղարկել ընկերությանը և պահանջել անհապաղ դադարեցնել տարածքում իրականացվող ապօրինի գործունեությունը։
Ընկերությունում երկու անգամ կատարված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։
«Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի սեփականատերն ու տնօրենը 61-ամյա Նիկոլայ Վլադիմիրի Խաչատուրովն է։ Նա նաև ղեկավարում է «Վենի գրուպ» ներդրումային ընկերությունը, հիմնադրել է «Կոտդեազուր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալություններով, ինչպես նաև սեփական անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Պրոմավտոռեալ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։
Նիկոլայ Խաչատուրովը մեզ հետ զրույցում պատմեց, որ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրը նախկինում «Կվարց» ԱԿ-ին է պատկանել, ումից ինքը «ժառանգել» է անտառային հողերի վարձակալության պայմանագիրը։ Այն, սակայն, կնքված է եղել 1997թ․-ին՝ 10 տարի ժամկետով։ Դրանից հետո՝ 2008-ին, «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն «Հայանտառի» հետ կնքել է 2 հա անտառային հողերի օգտագործման պայմանագիր` 17 տարի ժամկետով։ Պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացում չի ունեցել, այդպիսով՝ վարձակալության իրավունքը պետական գրանցում չի ստացել։
Այնուամենայնիվ, կնքված պայմանագրի 3-րդ կետում հստակ սահմանվում է, որ վարձակալն իրավունք ունի և պարտավոր է անտառային հողն օգտագործել դրա նշանակության և պայմանագրի պայմաններին համապատասխան, ինչպես նաև չիրականացնել պայմանագրով չնախատեսված անտառօգտագործում և ապօրինի ծառահատում։
Նիկոլայ Խաչատուրովը վստահեցնում է, որ իրենք բազմիցս դիմել են նոր պայմանագիր կնքելու և հողերի կատեգորիայի փոփոխության համար, սակայն կոորդինատների ճշգրտման և ճշգրիտ քարտեզների բացակայության պատճառով այդ գործընթացը չի իրականացվել։
Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին նաև այս ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։ Ըստ ամենայնի, այս խախտումները ևս տեսուչները չէին արձանագրել իրենց ստուգաթերթերում։
Ինչպես է հանքարդյունաբերությունը «բարեկարգել» անտառային հողը. Մհեր Սեդրակյանի և մերձավորների հանքերը
2020թ. նոյեմբերին ավարտվեց «Ստոնման» ՍՊԸ-ի` Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, որը տրամադրվել էր դեռևս 2012-ին: Այն գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքի տարածքում` Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ, հեռուստաաշտարակից շուրջ 1 կմ հեռու:
Այդ տարածքում հիմա մեծ փոսեր են` քարակույտերով ու անհարթ մակերեսով: Տարածքը անտառային հողեր են` Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բալանսում:
Դեռևս 2010-ին «Ստոնման» ՍՊԸ-ն այստեղ 4 հա անտառային տարածք է վարձակալել, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով` գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով: Վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային հողում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ դրա կատեգորիան։
Մեր հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։
Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել, որի համաձայն` հանքը պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։
«Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը տարիներ անց է միայն փորձել դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ 2020թ. հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն հայցը վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։ Այս գործով առայժմ նախնական դատական նիստեր են կայացել:
Մեր հարցմանն ի պատասխան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ 2017թ․-ին (այն ժամանակ՝ բնապահպանական պետական տեսչություն ԲՆ-ի կազմում) ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը:
«Ստոնման» ՍՊԸ-ի միակ սեփականատերը Հենրի Միքայելյանն է, ով, հանքարդյունաբերության ոլորտի մեր աղբյուրների տեղեկացմամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատից է։ Նույն անձը չնչին գնով, Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել:
Սա նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող միակ հանքավայրը չէ. Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունք նույն 2012-ին ստացել է նաև «Գաջ» ՓԲԸ-ն, որը վավեր է մինչև 2057թ.-ը։ Այս ընկերության տնօրեն Արշակ Ենգոյանը միաժամանակ տնօրեն է նաև Մհեր Սեդրակյանին 100 տոկոսով պատկանող «Ավտոստոպ» ՍՊԸ-ում։ Արշակ Ենգոյանը 2013թ․ մարտ-դեկտեմբեր ամիսներին տնօրեն է եղել նաև «Դի էյ մայնինգ» ՍՊԸ-ում, որտեղ ճիշտ նույն ժամանակաշրջանում բաժնեմասի 50 % մասնակցություն է ունեցել Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով Երևանի ավագանու անդամ լինելուց հետո զբաղեցրել է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, 2021թ. հունիսին էլ առաջադրվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով:
Այն, որ ընկերությունը Սեդրակյաններինն է, իր հարցազրույցներից մեկում չի հերքել նաև «Գաջ» ՓԲԸ իրավաբան և մենեջեր Ալեքսան Խաչատրյանը: Նա նշել է, որ Մհեր Սեդրակյանը չի միջամտում «Գաջ» ՓԲԸ-ի գործունեությանը, արտադրությունը լիովին որդու՝ Դավիթ Սեդրակյանի տիրույթում է, նա է բիզնես գործունեության ամբողջ պատասխանատուն:
«Գաջ» ՓԲԸ-ի գործարանը գտնվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածից ընդամենը 650 մետր հեռավորության վրա և բնակիչների տեսադաշտում է:
Նրանք հաճախ շնչում են գործարանի արտանետումները և տեսնում գործարանից բարձրացող փոշին: Բնակիչները մեզ տրամադրել են նման մի տեսագրություն, որտեղ երևում է գործարանից տարածվող փոշին:
Մեր հարցմանն ի պատասխան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ 2018թ․ ստուգումներ է իրականացրել այս ընդերքօգտագործողի մոտ։ Հայտնաբերել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի, ինչպես նաև «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի խախտումներ, դրանք են՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները սահմանելու սկզբունքը և թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը և վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը։
2018թ. հունիսին ՇՄՆ-ն ընկերության ներկայացրած` գաջի գործարանի վերակառուցման նախագծին դրական եզրակացություն է տվել: Այդ նախագծով ընկերությունը հայտարարել է, որ բացի գաջից, գործարանը նաև ցեմենտ է արտադրելու: Նաև արդիականացնելու և ավելացնելու է փոշեմաքրման սարքավորումները: Սակայն բնակիչները որևէ բարելավում առայժմ չեն զգացել:
«Գաջ» ՓԲԸ-ն 2020թ. մարտին ստացել է նաև մեկ այլ` Գաջահանքի գիպսի բաց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք` 19 տարի ժամկետով: Այն նույնպես Նոր Նորքի 9-րդ զանգվածի մոտ է: Փորձաքննության դրական եզրակացության մեջ նշվում է, որ 3,2 հա տարածք է պահանջվում, որի հարևանությամբ` 3,7 հա տարածքում էլ իրականացվելու է ծառատունկ` անտառապաշտպանիչ գոտու ստեղծման նպատակով: Խախտված տարածքների ռեկուլտիվացիա ընկերությունը նույնպես խոստանում է իրականացնել:
Պարզվում է, որ «Գաջ» ՓԲԸ-ի հետ Երևանի քաղաքապետարանը հողօգտագործման պայմանագիր չունի: Հետևաբար, ընկերությունը մինչ օրս ապօրինի է օգտագործել հանքավայրը` խուսափելով հողօգտագործման պայմանագրից բխող պարտավորություններից: Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի գոտիավորման նախագծի ՇՄԱԳ-ում, որը ներկայացվել է ՇՄՆ-ին 2020-ին, նշվում է, որ ընկերությունը զբաղեցնում է 4.45 հա տարածք:
Գործարան մուտք գործել մեզ թույլ չտվեցին։ Մեր ջանքերը` պարզաբանումներ ստանալ և հարցեր ուղղել տնօրեն Արշակ Ենգոյանին, նույնպես ապարդյուն անցան: Մեզ հետ հեռախոսազրույցում Ենգոյանն ասաց, որ իրենք «ամեն ինչ էլ ունեն», խոստացավ մեզ հետ կապ հաստատել և ցույց տալ հանքավայրերը, պատասխանել մեր հարցեին, սակայն առ այսօր սպասում ենք նրա զանգին:
Նույն Հենրի Միքայելյանի մասնակցությամբ մեկ այլ ընկերություն` «Բազալտ բրոկեն» ՍՊԸ-ն, 2013թ.-ից շահագործում է Ողջաբերդի անդեզիտաբազալտի հանքավայրի Լեսնոյի տեղամասը: Ընկերությունը 3 հա տարածք է վարձակալել Երևան համայնքից, և 2020թ. սեպտեմբերին, քաղաքապետ Մարությանի որոշմամբ, հողամասի սահմանները ճշտվել են և 5 տարի ժամկետով կրկին տրամադրվել ընկերությանը:
Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի գոտիավորման նախագծի ՇՄԱԳ-ում, որը ներկայացվել է ՇՄՆ-ին 2020-ին, նշվում է, որ ընկերությունը զբաղեցնում է 12,6 հա տարածք:
Սեդրակյանի օրոք Էրեբունի համայնքի գույքի մասնավորումներից, մասնավորապես` «Վարդավառ» զբոսայգու տարածքից, ավագանու 2005թ. որոշումներից մեկով, օգտվել է նաև Սեդրակյանի մեկ այլ մտերիմ, հանրապետական Վաչիկ Աթոյանը: Նրան օտարվել է 50.25 քմ շինություն՝ 126.000 դրամով և 60.75 քմ հող՝ 548,820 դրամ արժեքով:
Վաչիկ Աթոյանը Վարդաշենի բազալտի հանքավայրը շահագործող «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Ընկերության տնօրենի հետ հանդիպել նույնպես չհաջողվեց։ Մեր այցելության ժամանակ նա գրասենյակում չէր։ Թողեցինք հեռախոսահամար և խնդրեցինք կապ հաստատել, քանի որ տնօրենին հարցեր ունեինք հղելու։ «ԱՎԱ-2000»-ը նույնպես Երևան համայնքի հետ չունի հողօգտագործման պայմանագիր։
2018թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս հանքավայրում ստուգումներ է իրականացրել և մի շարք խախատումներ հայտնաբերել։
- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի, այն է՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները:
- Հարկային օրենսգրքի 166-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետ և 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ, դրանք են՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություն չունենալու կամ թույլտվություններում թույլատրելի արտանետումների ծավալները նշված չլինելը և արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերի հաշվարկները։
- «Թափոնների մասին» օրենքի մի շարք կետեր ևս խախտվել են։
Գաջեգործների փողոցը` մշտական փոշու մեջ
Էրեբունի համայնքի Գաջեգործների փողոցի բնակիչները հոգնել են իրենց տները փոշուց պաշտպանելուց և այդ թեմայով զրույցներից: Ասում են` տարիներ շարունակ բարձրաձայնել են, ոչինչ չի փոխվել:
Գործարանի հարևանությամբ բնակվողներից Ռաֆիկ Հակոբյանը մեզ հրավիրում է բակից ներս` ցույց տալու սեղանին նստած սպիտակ կավափոշին: 1988 թվականից այդտեղ են ապրում: Թեկուզ խոստովանում է, որ նախկինում` մոտ 10 տարի առաջ, փոշին ավելի շատ էր, բակում աճող բույսերի տերևները գաջի փոշուց սպիտակում էին:
«Նախկինում որ գաջը դատարկում էին, մեքենան գալիս էր բունկերի տակ, բացում էին, լցվում էր ցիստեռնի մեջ: Իսկ հիմա վերևից ներքև թափում են բունկեր, փոշին բարձրանում է, դուման է կապում: Առավոտները որ ժամը 6-ին կամ 7-ին վեր ենք կենում, փոշի է, դուման: Ամեն օր հայաթում էս փոշին է, ոչ կարում ենք դուռ բացենք, ոչ լուսամուտ: Աշնան կողմ, որ անձրևները սկսվում են, տանիքից գաջը թափվում է»,- պատմում է Ռաֆիկ Հակոբյանը:
Թաղամասի բնակիչներն ասում են, որ առավոտվա թարմ օդը չեն կարողանում շնչել, քանի որ օդն ամբողջությամբ փոշով է պատված: Ռաֆիկն ասում է, որ փողոցի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել և դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինայնին: Խնդրել են կամ փակել գործարանը, կամ կանգնեցնել փոշին:
«Գաջեգործ» ՓԲԸ-ի իրավաբանական հարցերով պատասխանատու Մինաս Մալխասյանը հավաստիացնում է, որ 2020թ․ գարնանը նոր ֆիլտրացիա է տեղադրվել, որից հետո փորձաքննություն է անցկացվել և հիմնավորվել է, որ փոշու արտանետումը գործարանից զրոյի է հավասարվել։ Գործարանն այժմ միայն գոլորշի է արձակում: «Գործարանին պատկանող սարքը, որի միջոցով արտադրվում է գաջը, փոշու արտանետում հիմա չի անում, որովհետև ամբողջը հիմա ֆիլտրները կլանում են։ Բունկերները լցնելուց փոշի չի կարող արտանետել, մեքենաները գալիս են, ապրանքը բունկեր են լցնում, որից որ պիտի գաջ արտադրվի։ Դրանից փոշու արտանետումն էդպիսին չի կարող լինել, որը որ նեղություն տա մեզանից շատ հեռու գտնվող բնակիչներին, որովհետև չափային միավորով է՝ գործարանին ամենամոտ գտնվող տունը 150 մ-ից ավել տարածքում է»,- ասում է Մինաս Մալխասյանը։
Գաջեգործների փողոցում գտնվող գաջի գործարանը շահագործող «Գաջեգործ» ՓԲԸ-ի գործարանն է նշված վայրում, իսկ հումքը տեղափոխում են մի քանի կմ հեռավորությամբ գտնվող հանքերից:
Ընկերությունը ընդերքօգտագործման 4 իրավունք ունի։ Երեքը Սարի թաղում` նույն տարածքում, չորրորդը՝ Ջրվեժի տեղամասում: Շահագործում է Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների հանքավայրը (Կավերի տեղամաս), Սարի թաղի գիպսատար կավի և բազալտի հանքավայրը (բազալտների տեղամաս), Սարի թաղի գիպսատար կավի հարավ-արևելյան տեղամասը։ Ջրվեժում շահագործում է գիպսատար կավի հանքավայրը։
«Գաջեգործ» ՓԲԸ-ն Երևան համայնքից երկու կտոր հողատարածք է վարձակալել` Դավիթ Բեկ փողոցում 107,475 քմ մակերեսով և Վիլնյուսի փողոցում` 4,2 հա մակերեսով:
Բացի դրանից, Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պաստասխան, հայտնել է, որ «Գաջեգործ» ՓԲԸ-ի հետ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2019-ի հունիսին կնքել է անտառային հողերի վարձակալության 2 պայմանագիր գիպսատար կավերի և բազալտների հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի շահագործման նպատակով: Վարձակալության իրավունքի գրանցման կադաստրային փաստաթղթում արձանագրված է, որ նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքն անտառային է: Այսինքն` անտառային հողերի կատեգորիան չի փոփոխվել:
Ընկերության ներկայացուցիչ Մ. Մալխասյանն ասում է, որ կատեգորիայի փոփոխությունը ոչ թե իրենց` վարձակալի, այլ հողի սեփականատիրոջ պարտավորությունն է:
«Գաջեգործ» ՓԲ ընկերության տնօրեն և սեփականատերը Արմեն Քալանթարյանն է։ Նա ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի եղբոր՝ Շանթ Ալեքսանյանի բիզնես գործընկերն է։ Մասնավորապես, Արմեն Քալանթարյանն իր եղբոր և Շանթ Ալեքսանյանի հետ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն «Ջեֆերս ակումբ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը հյուրանոցային գործունեություն, պարենային և ոչ պարենային ապրանքների առևտուր, հասարակական սննդի կազմակերպում, խաղատների, բաղնիքի և սաունաների գործունեություն, ավտոտեխսպասարկում, բենզալցակայանների գործունեություն է ծավալում՝ համաձայն կանոնադրության։
Ընդերքօգտագործում` առանց հողի վարձակալության պայմանագրի
Դավիթ Բեկ փողոցից սարն ի վեր Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասն է: Հանքավայր տանող ճանապարհը աղբակույտերով է ուղեկցվում: Հանքից մեծ քարերը բարձած մեքենաներ են իջնում: Բուռն աշխատանքային գործընթաց է, սակայն մեր այցելությամբ այն ընդհատվում է:
Բազալտի այս հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը 2017-ին ստացել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն: Այդ տարվանից էլ արդյունահանում է իրականացնում, սակայն չունի հողի սեփականատիրոջ հետ կնքած վարձակալության պայմանագիր: Լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրվել է 4,9 հա տարածք:
Ընկերության ղեկավար և սեփականատեր Վալոդյան Գրիգորյանը արագ կապ է հաստատում մեզ հետ և փորձում պարզաբանել իրավիճակը: Ցույց է տալիս շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերի ֆինանսավորման վճարները, որոնք շահագործման օրվանից ի վեր կատարել է: Դրանից բացի, Վ. Գրիգորյանը ցույց է տալիս իր դիմումները Երևանի քաղաքապետերին, պաշտպանության նախարարներին, որտեղ խնդրում է հստակեցնել հողի պատկանելության հարցը և իր հետ կնքել հողօգտագործման պայմանագիր: Դրանց պատասխաններում նշվել է, որ տվյալ տարածքը Պաշտպանության նախարարությանն է պատկանում: Իսկ ՊՆ-ն հապաղում է:
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը գրություններով դիմել են պաշտպանության նախկին նախարարներ Վիգեն Սարգսյանին և Դավիթ Տոնոյանին։
Նրանք նշել են, որ ընդերեքօգտագործման իրավունք ունեցող անձանց տրամադրված լեռնահատկացման ակտի սահմաններում գտնվող հողամասերի վարձակալության պայմանագիրը կնքվում է համայնքների ղեկավարների, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետի կողմից: Հաշվի առնելով նշված հանգամանքը քաղաքապետերը խնդրել են քննարկել նշված հողամասի նկատմամբ ՀՀ ՊՆ իրավունքի դադարեցման հարցը` այն «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ին տրամադրելու նպատակով:
Հողօգտագործման պայմանագիր չունենալու փաստն արձանագրել է նաև Տեսչական մարմինը` 2019 թվականի ստուգման արդյունքում:
Մեր հարցմանը պատասխանելիս Քննչական կոմիտեն հայտնել է, որ տվյալ տարածքում ապօրինի ընդերքօգտագործման կասկածով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Վալոդյա Գրիգորյանը պնդում է, որ ապօրինի ընդերքօգտագործման փաստը կապված է եղել իրենց հանքավայրի վերևում` մեկ այլ հանքավայր շահագործող «Հազրավարդ» ԱԿ-ի հետ, որի պայմանագրի ավարտից հետո ընդերքօգտագործումը շարունակվել է: Այդ առնչությամբ իրեն էլ են հարցաքննել:
«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն առանց հողօգտագործման պայմանագրի շահագործում էր նաև Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրը: Երևանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցի երթևեկելի հատվածից անհնար էր չնկատել ճանապարհաեզրում գործող քարի բաց հանքավայրը։ Միայն այդ փաստն արձանագրող մեր հրապարակումից հետո ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքեց վարձակալության պայմանագիր: Վալոդյա Գրիգորյանն այժմ համայնքի բյուջե պետք է վճարի շուրջ 4 մլն դրամ` 2,6 հա տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու համար: Վալոդյա Գրիգորյանը կարծում է, որ Նորքի հանքավայրի համար վարձակալության գումարը կկազմի շուրջ 5 մլն դրամ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հարցրել էինք, թե Երևանում հանքարդյունաբերություն իրականացնող որ ընկերություններում են ստուգումներ իրականացրել վերջին երկու տարում և ինչ են պարզել: Տեսչական մարմինը պատասխանել է, որ 2020 թվականին սուգումներ են իրականացրել «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի շահագործած Աջափնյակի դոլերիտային բազալտի հանքավայրում, սակայն նոր կորոնավիրուսային հիվանդության և ռազմական դրությամբ պայմանավորված՝ ընկերությունում ստուգումը կասեցվել է:
Ավելի վաղ` 2019թ. ստուգումներ են իրականացրել ընկերության շահագործած Նորքի բազալտի «Լիլիթ-Գոռ» տեղամասում: Հայտնաբերել են մի շարք խախտումներ, այդ թվում` Ընդերքի մասին օրենսգրքի հենց հողերի մասով` 17-րդ հոդվածի 3-րդ մասի, 2-րդ կետի 2-րդ պարբերություն, այն է` Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի: Խախտում է արձանագրվել նաև 59-րդ հոդվածի մի շարք կետերով, մասնավորապես`
- աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան,
- ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.
- վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.
- վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.
- լիազոր մարմին ներկայացնել օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.
խախտել է նաև օրենսգրքի 64-րդ հոդվածը, այն է` ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները:
Խախտել է նաև Հողային օրենսգիրքը` հողամասերի թույլատրված օգտագործման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի վերաբերյալ, ինչպես նաև «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի մի շարք հոդվածներ,
- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվները
- մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ պահանջների կատարման ապահովումը
Խախտել է նաև «Թափոնների մասին» օրենքը և Կառավարության մի շարք որոշումներ:
Մեզ պատասխանելիս Տեսչական մարմինը հայտնել է, որ այս մասով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Մինչդեռ Քննչական կոմիտեն այլ պատասխան է տվել, համաձայն որի՝ Կոմիտեի նախաձեռնությամբ են այդ ստուգումներն իրականացվել, քանի որ կա հարուցված քրեական գործ, որի մասին վերևում արդեն նշել ենք և ինչի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնել է մասնագիտական ստուգում՝ այն հանձնարարելով տեսչական մարմնին։ Իսկ քրեական գործ հարուցվել է Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին։
Այս քրեական գործին միացվել է նաև մեկ այլ գործ` հարուցված ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով) և 290-րդ հոդվածի 1-ին մասով (Տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին), ինչպես նաև 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը))։
Քննության ներկա փուլում «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի որևէ աշխատակից մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի:
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումները, մասնավորապես` կատարվել են հարցվաքննություններ, հարցումներ, բջջային հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումներ, նշանակվել է մասնագիտական ստուգում»,- մեզ պատասխանել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Մեսրոպյանը:
Քննչական կոմիտեի պատասխանից պարզ է դառնում, որ ընդերքի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու նույն գործով անցնում է նաև «Հազրավարդ» արտադրական կոոպերատիվը, որի վերաբերյալ մասնագիտական ստուգումներ նույնպես նշանակվել են և իրականացումը հանձնարարվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: «Հազրավարդ» ԱԿ-ի մասով, սակայն, ստուգման արդյունքները Քննչական կոմիտեն դեռ չի ստացել:
«Հազրավարդ» ԱԿ-ն ունեցել է Նորքի բազալտի Արմինե տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, որը 2019թ. մայիսին դադարեցվել է։ Դրան նախորդել են մի շարք գործողություններ: Մասնավորապես, 2018թ. «Հազրավարդ» ԱԿ-ին զգուշացում է տրվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից (հետագայում ներառվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների կազմի մեջ), քանի որ ընկերությունն ապառքներ է ունեցել, որը 2017թ. վերջի դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով կազմել է 638 հազար դրամ և 7,7 մլն դրամ պետական տուրք: Ընկերությունը նաև սահմանված ժամկետներում չի ներկայացրել հաշվետվությունները: Զգուշացումից հետո ընկերությունը չի վերացրել հիմքերը, ինչի արդյունքում 2019թ. փետրվարին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով վարչական վարույթ է հարուցվել: Վարույթի ընթացքում «Հազրավարդ» ԱԿ-ն վճարել է դրամագլի 638 հազար դրամը և ներկայացրել 2017-2018 հաշվետվությունները, սակայն չի վճարել 7,7 մլն պետտուրքը: Ընկերությունը 2017թ․-ին, դատարանի որոշմամբ, սնանկ է ճանաչվել։ Այդպիսով, նախարարի պարտականությունները կատարող Հակոբ Վարդանյանի հրամանով «Հազրավարդ» ԱԿ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է և 2013թ. կնքած պայմանագիրը լուծվել:
«Հազրավարդ» ԱԿ-ի սեփականատերեր են տնօրենը՝ Արամայիս Բեգլարյանը՝ 66% բաժնեմաս, Սամվել Բեգլարյանը՝ 33% և Վլադիմիր Բեգլարյանը՝ 1 %։
Միմյանց փոխկապակցված հանքավայրերը
«Կվարց» արտադրական կոպերատիվը երկու տեղամասի ընդերքօգտագործման իրավունք ունի։ Առաջինը՝ Երևանի Աստղիկի գիպսատարի, ապարների և բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն է, որը ստացել է 2012թ-ին և վավեր է մինչև 2025թ․-ը։ Երկրորդը՝ Աստղիկի նույն հանքավայրի գիպսատար կավերի արևելյան տեղամասն է, որը ստացել է նույն տարում, բայց գործունեության ժամկետն ավելի երկար է՝ մինչև 2036թ․-ը։
2020թ. սեպտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարության որոշումից տեղեկանում ենք, որ մինչ այս որոշումը, Աստղիկի գիպսատար ապարների և բազալտի հանքավայրի սահմանները հստակեցված չեն եղել: «Կվարց» ԱԿ-ի նախագահ Գ. Հայրապետյանը դիմել է քաղաքապետին` հանքավայրի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և վարձակալության պայմանագիր կնքելու խնդրանքով: Տեղագրական հանույթի վերաճշտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում «Կվարց» ԱԿ-ին 07.07.2015թ. լեռնահատկացման ակտով տրամադրված 11200.0քմ մակերեսով հողամասից՝ 2132.17քմ մակերեսն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրամադրված հողամասի սահմաններում է, իսկ 9067.83քմ մակերեսով հողամասը՝ Երևան համայնքի սեփականությունն է:
Քաղաքապետի Մարությանի որոշմամբ սահմանվել է, որ «Կվարց» ԱԿ-ին տրամադրված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9067.83 քմ` նախորդ 1.04 հա-ի փոխարեն:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ ընկերությունը պայմանագիր չունի:
«Կվարց» արտադրական կոոպերատիվի անդամների փայաբաժինները հետևյալ կերպ են բաշխված՝ 71 % բաժնեմասը Գևորգ Իշխանի Հայրապետյանինն է, 20 %-ը՝ Կամո Ռազմիկի Իսահակյանինը, 9 %-ը՝ Ռաֆիկ Եգորյանինը:
Էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը 2014թ․-ին ստուգումներ է անցկացրել այս հանքավայրում և հայտնաբերել է Ընդերքի մասին օրենսգրքի 59 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի խախտում, այն է՝ վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում։
Բնապահպանական պետական տեսչությունն էլ 2015թ․-ին է ստուգումներ կատարել և հայտնաբերել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի խախտում, այն է՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ պահանջների կատարման ապահովումը։
«Հանքարդ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման երկու թույլտվություն ուներ՝ Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի համար, ինչպես նաև Նորքի բազալտների Հանքարդ տեղամասի համար։ Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրն ու բաց հանքը գտնվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի հարող տարածքում, Ջրվեժի ձորի աջափնյա լանջում։ Նորքի Հանքարդ տեղամասն ու բացհանքը գտնվում է Նորքի միկրոշրջանի արևելյան ծայրամասում, Ջրվեժ Վարդաշեն, Ձորաղբյուր հարող տարածքում։
2012-ին ընդերքօգտագործման թույլտվությունը առաջին հանքավայրի համար 2019թ․ հունիսին ավարտվել է, երկրորդ տեղամասի համար ավարտ է սահմանվել 2023թ-ը։
«Հանքարդ» ՍՊԸ-ն կազմավորվել է «Կվարց» ԱԿ-ից անջատված 3 արտադրատարածքների հիման վրա՝ պահպանելով նախկին գործունեության ոլորտը։ «Հանքարդ» ՍՊԸ-ի սեփականատեր 2005-2015թթ․ եղել է «Կվարց» ԱԿ-ի տերերից Կամո Իսահակյանը։ Կամո Իսահակյանը դուրս գալուց հետո իր բաժնեմասը հանձնել է Ինգա Վլադիմիրի Կասյանին, ով Արցախի Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի դուստրն է։ Ինգա Կասյանը, սակայն, 2018թ․ նոյեմբերի 27-ին նույնպես դուրս է եկել սեփականատերերի ցանկից` իր բաժնեմասը փոխանցելով Մետաքսյա Ասատրյանին: Վերջինս էլ 2019թ․ հունվարին իր բաժնեմասը փոխանցել է Արտակ Ռոբերտի Հարությունյանին` հաշվառված Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Արտակ Հարությունյանը «ԱՄԻԿՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի տնօրենն է, որտեղ 50% տոկոս փայատերը Ինգա Կասյանն է, և 2018թ․-ին 32 % բաժնեմաս է ունեցել «Աշոտ և Դայանա» ՍՊԸ-ում, որտեղ փայատեր է եղել նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) որդին՝ Միքայել Ղարագյոզյանը։
«Կվարց» ԱԿ-ի մյուս սեփականատեր Ռաֆիկ Եգորյանի որդին՝ Վարուժան Եգորյանը, նույնպես երևում է 2005թ․ փայատերերի ցանկում։
«Հանքարդ» ՍՊԸ-ում Էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը 2015-ին է միայն ստուգումներ իրականացրել։ Հայտնաբերվել է Ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի խախտում, այսինքն` ընկերությունը չի վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, չի պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում։
Երևանի քաղաքապետարանը մեզ հայտնել է, որ 2020թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա կնքված համաձայնագրերի հիման վրա «Հանքարդ» ՍՊԸ-ի հետ` Վիլնյուսի փողոցի համար կնքած հողամասի վարձակալության պայմանագիրը լուծվել է: «Հանքարդ» ՍՊԸ-ն այժմ միայն մեկ պայմանագիր ունի համայնքապետարանի հետ` Դավիթ Բեկ փողոցի 17300 քմ մակերեսով հողատարածքի համար:
Գերեզմաններն ու հանքավայրը` առանց սահմանազատման
Շահումյանի գերեզմանոցի անմիջական հարևանությամբ հանքավայր և քարի վերամշակման հաստոցներ են աշխատում:
Շահումյանի գերեզմանոցի անմիջական հարևանությամբ «Իքս Իգրեկ» ՍՊԸ-ն շահագործում է Հաղթանակի բազալտի հանքավայրը, որի արդյունահանելու իրավունք ունի մինչև 2029 թվականը։ Հանքավայրից քարերը գլորվել և հասել են շիրիմների վրա, որոշ շիրմաքարեր կոտրվել են դրանց հետևանքով: Սակայն ոչ մի սահմանազատում գերեզմանի և հանքավարի միջև չկա: Հանքավայրի շուրջբոլորը գերեզմաններ են:
Մեր այցելությունը հանքավայր ապարդյուն անցավ, քանզի աշխատակիցները տնօրինությանը մեր մասին զեկուցելուց հետո մեզ հորդորեցին դուրս գալ իրենց շահագործած տարածքից: «Իքս Իգրեկ» ՍՊԸ-ի սեփականատերը Ղուկաս Արամայիսի Գրիգորյանն է։ Ընկերությունը նաև կապիտալ շինարարության լիցենզիա է ստացել։ Ղուկաս Գրիգորյանը մինչ 2017թ․-ը փայատեր է եղել նաև «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ում:
Բարձրավոլտ էլեկտրալարերի ներքո գործող այս հանքավայրն ու խճի մանրացման հաստոցներն աշխատում են Երևան համայնքից վարձակալած 65000 քմ մակերեսով հողամասում:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենք
Հոդված 24. Գերեզմանատների պահպանումը և շահագործումը
Գերեզմանատների գործունեության և պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը)...
Գերեզմանատների զբաղեցրած տարածքների շրջակա բնական միջավայրի վատթարացումը կանխարգելելու նպատակով ստեղծվում է սանիտարական և բնապահպանական մոնիթորինգի համակարգ:
Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման և պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:
Չշահագործվող հանքավայրերը
«Մեգերյան» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Սպանդարյանի բազալտի հանքավայրի համար, որը, սակայն, չի շահագործում: Ինչպես հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ընկերությունն արդյունահանման աշխատանքներ չի իրականացնում համայնքի կողմից հողօգտագործման պայմանագիր չկնքելու պատճաոով: Սակայն Երևանի քաղաքապետարանը մեզ պատասխանելիս նշել է, որ ընկերությունը Սիլիկյան թաղամասում 101477,63 քմ մակերեսով հողամաս է վարձակալել համայնքից:
Ընկերության փայատերը Հարութ Հարրի Հովհաննեսի Մեգերյան է։ Հանքավայրը մեր այցելության պահին իրապես չէր շահագործվում։
«Գիկար» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Ողջաբերդի գիպսատար կավի տեղամասի համար, որը կավարտվի 2023թ․-ին։ Ընկերությունը հողօգտագործման պայմանագիր ունի 65800 քմ տարածքի համար: Սեփականատերը Արման Փիլոյանն է։ Նա նաև «ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԷՅԷՆ ԸՆԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ -ի սեփականատերն է։ Մեր այցելության օրը հանքավայրում շահագործում չէր իրականացվում:
Այլ տիպի հանքեր
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն 2012-2037թթ․ ընդերքօգտագործման իրավունք ունի։ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն աղ արտադրող միակ ձեռնարկությունն է տարածաշրջանում։ Կոմբինատը կառուցվել է 1967 թ. անմիջապես աղի հանքավայրի վրա, որը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Այն մինչև 2001թ․ եղել է պետական, այնուհետև սեփականաշնորհվել է կոլեկտիվի կողմից։ Ընկերության կանոնադրական կապիտալը, ըստ կանոնադրության, 746 մլն դրամ է։
Կոմբինատն ունի երկու հիմնական արտադրություն` բարձրորակ յոդացված կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկա և քարաղի արդյունահանման լեռնահանքային արտադրություն: Տնօրենը Արմեն Վասիլյանն է։
Վերջաբան
Մայրաքաղաք Երևանը շրջապատվել է մեծ փոսերով, որոնք առաջացել են հանքարդյունաբերության հետևանքով: Արդյունահանվող հանքաքարը տեղափոխվում է, իսկ տարածքները չեն վերականգնվում: Ջրցան մեքենաներ հանքավայրերում չենք հանդիպել, ինչը նշանակում է, որ նախագծերում գրված փոշու մեղմացման միջոցները միայն թղթերի վրա են մնում և գործնականում չեն կիրառվում:
Հանքավայրերի տարածքները ազատ գոտիներ են, որտեղ մուտքն ու ելքը որևէ կերպ չի վերահսկվում: Եթե հաշվի առնենք, որ այս ամենը կատարվում է Հանրապետության կենտրոնում` մայրաքաղաք Երևանում, ապա կարելի է ենթադրել, թե ինչպես են արդյունահանվում և կորզվում բնական պաշարներրը երկրի մյուս` աչքից հեռու անկյուններում:
Մեկնաբանել