HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առնվազն վերջին 13 տարում ՀՀ դատարաններում ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման գործ չի քննվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել Հայաստանի դատարաններում: Այս մասին փաստում է court.am կայքում և «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա վիճակագրությունը:

Դատավոր Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, տվյալ դեպքում դատավոր Բախշիյանին վերագրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու արարք:

Court.am կայքում յուրաքանչյուր տարի հրապարակվում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ի դատարաններում քննված քրեական գործերի վերաբերյալ վիճակագրություն: Այս վիճակագրության մեջ առկա է նաև տեղեկատվություն, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով որքա՞ն գործ է քննվել դատարաններում: Court.am-ում առկա են մինչև 2015 թվականին քննված գործերի վերաբերյալ տվյալները, ըստ որոնց՝ 2015-ից մինչև 2021-ը ներառյալ ոչ միայն Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով որևէ դատավճիռ առկա չէ, այլ առհասարակ որևէ գործ Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկել դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը ներդրվել է 2008  թվականից, առկա են տվյալներ նաև 2008-ից մինչև 2015-ը դատարաններում քննված գործերի վերաբերյալ: Համակարգում նույնպես Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով գործեր չգտնվեցին: Այսինքն՝ կարելի է փաստել,  որ առնվազն վերջին 13 տարում՝ 2008-ից մինչև 2021-ը ՀՀ դատարաններում չեն քննվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով քրեական գործեր:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր բավարարել է Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավորն, ում վարույթում 100-ից ավելի գործ կա, արգելանքի է վերցվել հենց նիստերի դահլիճից:

Իրավական հանրությունը Բախշիյանի գործով լուրջ մտահոգություն է հայտնել: Փաստաբանները վստահ են, որ դատավորի նկատմամբ տեղի ունեցած գործընթացները կապված են նրա վարույթում քննվող գործերի հետ, որոնք, այժմ պետք է մակագրվեն այլ դատավորի: Բախշիյանի վարույթում քննվում էին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, «Աշոտ Երկաթ» մականունով հայտնի Աշոտ Մինասյանի գործերը: Վերջինիս ազատ արձակելուց հինգ օր անց Դատախազությունը նախաձեռնել է դատավորին քրեական հետապնդման ենթարկելու և նրան ազատությունից զրկելու գործընթացը:

Դատավորին մեղադրում են Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու մեջ: Սա այն դեպքում, երբ Դատախազությունն անձին կալանավորելու որոշումը չի բողոքարկել, իսկ այդ անձը՝ Նվեր Մկրտչյանը ետ է վերցրել ներկայացված վերաքննիչ բողոքը:

Հատկանշական է, որ այն նիստին, որ Մկրտչյանը չի ներկայացել, վերջինիս պաշտպանը՝ Յուրա Ավայանը գրություն է ուղարկել դատարան ու հայտնել, որ ինքը ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանն առանց իրեն չի ցանկանում ներկայանալ: Այս պայմաններում դատավորը երկու որոշում կարող էր կայացնել՝ անձին բերման ենթարկելը կամ նրա խափանման միջոցը խստացնելը, և Բախշիյանը նպատակահարմար է գտել երկրորդ տարբերակին դիմել, սակայն երկու շաբաթ անց, Մկրտչյանին լսելուց հետո, ազատ է արձակել: Նշենք, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Մկրտչյանը դիմում է ուղարկել Դատախազություն ու խնդրել իր պաշտպանին պատասխանատվության ենթարկել, քանի որ վերջինիս հորդորով ինքը չի ներկայացել դատական նիստին:

Նշենք, որ դատավոր Բախշիյանին հայտարարությամբ աջակցություն են հայտնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները: Այն օրերին, երբ դատարանը քննում էր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը, 93 դատավոր ստորագրահավաք է իրականացրել, և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, միջնորդել հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:

Դատավորի նկատմամբ իրականացված հետապնդման վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Դատավորների միությունը: Բախշիյանի կալանքի միջնորդության քննության օրերին դատարանի դիմաց հավաքվել են փաստաբաններ, դատավորներ, քաղաքական գործիչներ:

Չնայած իրավական հանրության մտահոգությունը՝ Դատախազությունը պնդում է, որ դատավորի նկատմամբ տեղի ունեցած գործընթացները բացառապես իրավական են, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատական ակտը չբողոքարկելու իրենց գործողությունը բացատրում այն հանգամանքով, որ ամբաստանյալն այն արդեն բողոքարկած է եղել, սակայն հետագայում հետ է վերցրել բողոքը:

Լուսանկարում՝ դատավոր Բորիս Բախշիյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter