HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 15 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 11-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:46

Ուկրաինայի իշխանություններ. պատերազմի պատճառով երկրի կորուստները հասել են 100 միլիարդ դոլարի

«Ներկայումս մեր բիզնեսի մոտ 50 %-ը չի աշխատում։ Մնացած ձեռնարկություններն գործում են իրենց հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։

2021 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կազմել է մոտ 200 միլիարդ դոլար։

22:33

Բարիկադներ Օդեսայի կենտրոնում։

22:26

Ուկրաինան հրապարակել է հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման վերաբերյալ նոր տվյալները:

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը ամփոփել է հումանիտար միջանցքների աշխատանքի առաջին արդյունքները։

  • Սումից, Տրոստյանցայից, Կրասնոպոլյայից դեպի Պոլտավայի ուղղությամբ դուրս է եկել ավելի քան 60 000 մարդ,
  • Խարկովի մարզի Իզյում քաղաքից հնարավոր է եղել դուրս բերել մոտ 3000 մարդ,
  • Բուչայից, Գոստոմելից, Իրպենից, Վորզելից և Կիևի մարզի մյուս քաղաքներից նախօրեին տարհանվել է մոտ 20000 մարդ,
  • Էներգոդար և Իզյում հասցվել է մոտ 200 տոննա հումանիտար օգնություն,
  • Այսօր Մարիուպոլում հումանիտար աղետ է և մարդկանց չեն թողնում տարհանել։ Նույն իրավիճակն է նաև Կիևի մարզի Վորզել քաղաքի մոտ, որտեղ հնարավոր չի եղել կազմակերպել հումանիտար միջանցք։

22:11

ՄԱԿ. Ուկրաինան լքել է 2,3 միլիոն մարդ

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2,3 միլիոն մարդ ստիպված իրենց տները լքել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նրանց գրեթե կեսը երեխաներ են։ 

21:59

Էմանուել Մակրոն. ԵՄ Ուկրաինայի անդամակցության քննարկումը ներկայումս իրատեսական չէ

Ֆրանսիայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ոչ իրատեսական է հիմա համարում Եվրամիության կազմ Ուկրաինայի անդամակցության հնարավորության քննարկումը, երբ այդ երկիրը գտնվում է պատերազմի մեջ։ 

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կրկնել է Մակրոնի միտքը՝ նշելով, որ գագաթնաժողովի ժամանակ խոսքը կգնա այն մասին, թե ինչպես Եվրամիությունը կարող է անհապաղ օգնություն տրամադրել Ուկրաինային, իսկ հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները տեղի կունենա ավելի ուշ։

21:47

Լիտվայում Ռուսաստանի դեսպանությունն այսուհետ գտնվում է Ուկրաինայի հերոսների փողոց, տուն 2 հասցեում։

Այսօր այնտեղ հայտնվել են լիտվերեն և ուկրաիներեն ցուցանակները։

21:38

Էմանուել Մակրոնը Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին

«Ես պետք է ազնիվ լինեմ և ասեմ, որ առաջիկա ժամերին կամ էլ առաջիկա օրերին դիվանագիտական կարգավորման հնարավորություն չեմ տեսնում»։

Ըստ Интерфакс-ի փոխանցման՝ Մակրոնն այդ հայտարարությունն արել է Վերսալում ԵՄ գագաթնաժողովից առաջ։ Ընդ որում, նա նշել է, որ կփորձի օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը, այդ թվում կապի մեջ մնալ Վլադիմիր Պուտինի հետ։

21:26

Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման դիմել է ուկրաինացիներին. «Ուկրաինան երբեք Ռուսաստան չի դառնա։ Չեն տեսնի»

«Ուկրաինան Ռուսաստան չէ։ Եվ երբեք չի դառնա Ռուսաստան։ Չեն տեսնի։ Մենք արդեն հաղթում ենք։ Եվ դա կանգնեցնել չի լինի։ Իսկ Ռուսաստանի հասցեին կասեմ միայն, որ միանում եմ իմ հայրենակիցների խոսքերին, որոնք միաձայն ասում են. անիծվեք դուք։ Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք ուկրաինացիներին»,- ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում գրել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։ 

Ուկրաինայի նախկին նախագահը նշում է, որ մնում է Ուկրաինայում, «որովհետև մենք բոլորս հայրենի հողում ենք, ուրիշը չկա»։

Լեոնիդ Կուչման Ուկրաինայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1994-2005 թվականներին։

21:17

TOEFL-ը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում թեստավորման անցկացումը

ETS-ը, որը պատկանում է TOEFL-ին, հույս է հայտնել, որ խաղաղությունը որքան հնարավոր է շուտ կվերականգնվի։ 

Նախօրեին Ռուսաստանում իր աշխատանքը դադարեցրել էր նաև IELTS-ը։

TOEFL և IELTS թեստերն անհրաժեշտ են անգլերենի տիրապետման մակարդակի հաստատման համար՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի բուհեր ընդունվելու նպատակով։

21:00

Էստոնիան դադարեցրել է զբոսաշրջային վիզաներ տալ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ավելի վաղ, նման քայլի էին դիմել Լատվիան, Լիտվան և Չեխիան։

20:56

The Economist-ի նոր համարի շապիկը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by The Economist (@theeconomist)

20:52

Hearst ընկերությունը հետ է կանչում Esquire ամսագրի ռուսական տարբերակի լիցենցիան։ Այդ մասին հայտնել է գլխավոր խմբագիր Սերգեյ Մինաևը։ 

Ամսագրի վերջին համարը լույս կտեսնի ապրիլին։ Ռուսական Esquire-ը հրատարակվում էր 2005 թվականից։

20:36

ՌԴ ՊՆ-ն Մարիուպոլի ծննդատանը հասցված հարվածների մասին

«Մարիուպոլի շրջանում ռուսական ավիացիան հողի վրա թիրախների խոցման բացարձակ որևէ խնդիր չի կատարել։ Իբր տեղի ունեցած ավիահարվածն ամբողջությամբ հորինված սադրանք է, որն արևմտյան լսարանի մոտ նպատակ ունի ապահովել հակառուսական իրարանցում»։

Ռուսական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ավիահարվածների մասին տեղեկատվությունն անվանել է «կիևյան ռեժիմի տեղեկատվական սադրանք»։

20:14

Դմիտրի Պեսկովը՝ Մարիուպոլի ծննդատան հրթիռակոծության մասին. 

«Մենք անպայման կհետաքրքրվենք մեր զինծառայողներից։ Մենք ձեր հետ միասին չունենք հստակ տեղեկատվություն, թե ինչ է այնտեղ եղել»։

19:59

Western Union-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։

19:48

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության հետ։ Հիմնական մտքերը.

  • Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել, բաց ենք բոլորի հետ աշխատանքի համար, ով դա ուզում է։
  • Օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք փակում են արտադրությունը Ռուսաստանում, պետք է վճռական գործել։
  • Առանձին ապրանքախմբերի նկատմամբ պահանջարկը աճել է, սակայն խնդիրներն իշխանությունները կլուծեն հանգիստ ռեժիմով։
  • Ընդհանուր առմամբ, տարածքային բյուջեները կայուն են, ամեն ինչ հանգիստ է։

19:34

Մարիուպոլի փոխքաղաքապետը հայտնել է, որ քաղաքում զոհվել է առնվազն 1207 մարդ

Սերգեյ Օրլովը BBC-ին հայտնել է, որ «դա միայն մարմինների թիվն է, որ մենք հավաքել են փողոցից»։ Նրա խոսքով՝ մարդկանց թաղում են եղբայրական գերեզմաններում, քանի որ քաղաքից դուրս գտնվող գերեզմաններ հասնելն անհնարին է։

Օրլովը նշում է, որ քաղաքի հրթիռակոծումը շարունակվում է։

15:54

Լուկաշենկոն պլանավորում է վաղը Մոսկվայում հանդիպել Պուտինի հետ։

15:52

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո. յուրաքանչյուր երկրորդ կիևցի լքել է մայրաքաղաքը։ Հիմա քաղաքում մնացել է երկու միլիոնից քիչ մարդ։

15:44

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի քաղաքացիների համար էլեկտրոնային վիզաներ կներդնի

Մարտի 15-ից Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան հեռավար դիմել բրիտանական մուտքի վիզայի համար, առանց այցելելու վիզաների կենտրոն։

Վիզայի վերաբերյալ որոշումը ևս կստանան հեռավար՝ էլեկտրոնային փոստով։ Դրանից հետո նրանք ցանկացած հասանելի ձևով կկարողանան հասնել Մեծ Բրիտանիա, արդե տեղում կհանձնեն կենսաչափական տվյալները, իսկ անձնագրում կդրվի մուտքի կնիք։

15:23

Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը հայտնել է Ուկրաինայում պսկովցի երկու սպա դեսանտայինների՝ Յուրի Ագարկովի և Կոնստանտին Զիզևսկիի զոհվելու մասին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Михаил Ведерников (@m.v_007)

14:46

Ինչ են հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մամլո ասուլիսի ժամանակ։

Սերգեյ Լավրով՝

  • Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ այլ երկրների վրա հարձակվել ևս չի պատրաստվում։
  • Իր տնտեսական խնդիրները Ռուսաստանն ինքնուրույն կլուծի։ Եթե Եվրոպան չի ցանկանում ռուսական գազ գնել, ուրիշները կգնեն։
  • Ավիահարվածների տակ ընկած Մարիուպոլի ծննդատունը եղել է «Ազով» գումարտակի բազա։
  • Այստեղ (Կուլեբայի հետ բանակցությունների ժամանակ) որևէ մեկը չէր պատրաստվում պայմանավորվել հրադադարի վերաբերյալ։ Դա քննարկում են Բելառուսում բանակցող խմբերը։
  • Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ կարող է միջուկային պատերազմ սկսել։

Դմիտրի Կուլեբա՝

  • Բանակցությունները ծանր էին։ Հրադադարի շուրջ պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ Կիևը մտադիր չէ իրագործել Ռուսաստանի պահանջները։
  • Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծմանը, բայց դրանք դեռ չկան։
  • Ուկրաինան չի պատրաստվում միջուկային զենք մշակել։
  • Լավրովն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ՝ ՄԱԳԱՏԷ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։

14:44

⚡️Անթալիայում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Կողմերն առանձին մամլո ասուլիսներ են իրականացնում։

14:42

«Эхо Москвы» ռադիոկայանը դատի է տվել ՌԴ գլխավոր դատախազությանն ու Ռոսկոմնադզորին։ Պատճառը ռադիոկայանի եթերից անջատելն ու կայքի արգելափակումն է։

14:36

Ռոսավիացիա. Չինաստանը մերժել է ռուսական ավիաընկերություններին պահեստամասեր մատակարարել։

14:17

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռոման Աբրամովիչի նկատմամբ։

Բրիտանական պատժամիջոցների ցանկում նաև հայտնվել են գործարար Օլեգ Դերիպասկան, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Россия» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

14:06

Ռոսավիացիան պատմել է ինքնաթիռների հետ կապված իրավիճակի մասին։

  • Մոտ 180 օդանավ արտասահմանյան ռեեստրից տեղափոխվել է ռուսական ռեեստր,
  • Ավիաընկերությունները ինքնաթիռների մի մասը պլանավորում են վերադարձնել լիզինգատուներին,
  • Ռուսական ինքնաթիռների հետ կապված իրավիճակը չի ազդի ավիատոմսերի գների վրա։

13:57

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչև. Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը չի նշանակում օրենսդրական կարգով վերադարձ մահապատժին։

13:52

Կադրեր Անթալիայում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններից։ Հանդիպմանը մասնակցում է նաև թուրքական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ։

13:42

Հակառակորդի կորուստներն ըստ հակամարտող կողմերի տվյալների։

ՌԴ պաշտպանության նախարարություն.

  • Ինքնաթիռներ՝ 97,
  • Անօդաչուներ՝ 107,
  • ՀՕՊ միջոցներ՝ 141,
  • Տանկեր և այլ զրահամեքենաներ՝ 986,
  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 107,
  • Հրետանային և ականանետային միջոցներ՝ 386:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ

  • Ինքնաթիռներ՝ 49,
  • Ուղղաթիռներ՝ 81,
  • Տանկեր՝ 335,
  • Զրահամեքենաներ՝ 1105,
  • Հրետանային համակարգեր՝ 123,
  • ՀՕՊ միջոցներ՝ 29,
  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 56,
  • Անօդաչուներ՝ 7, 
  • Անձնակազմի շրջանում կորուստներ՝ ավելի քան 12 հազար։

12:23

⚡️Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

12:21

Թռիչքների արգելքի պատճառով Բազելի օդանավակայանում են մնացել ռուս գործարարների մասնավոր օդանավերը, այդ թվում՝ Ռոման Աբրամովիչի, Վիկտոր Վեկսելբերգի և Միխայիլ Պրոխորովի։

12:17

«Շերեմետևո» օդանավակայանն ավիացիոն ոլորտում առկա իրավիճակի պատճառով ժամանակավորապես փակում է D տերմինալը։

12:13

Hugo Boss ապրանքանիշը դադարեցնում է Ռուսաստանում իր վաճառքը։

12:09

«Ես McDonalds'-ի սիրահար չեմ, ես ռուսական ազգային լավ խոհանոցի սիրահար եմ»։ ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը մեկնաբանել է Ռուսաստանից արևմտյան բիզնեսի հեռացումը։

12:03

Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են երեք մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ մեկ երեխայի՝ նախօրեին քաղաքի ծննդատանը հասցված ավիահարվածների հետեւանքով։

11:59

Սենատորներ Կոսաչև և Կլիշաս. Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո Ռուսաստանը դուրս կգա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, իսկ ռուսաստանցիներն այլևս չեն կարողանա դիմել ՄԻԵԴ։

11:45

Պատերազմի մեկնարկից հետո կկայանան Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների առաջին բանակցությունները։ Ինչ է հայտնի.

  • Բանակցությունները կկայանան Թուրքիայում։ Նախատեսվում է, որ դրանք կմեկնարկեն այսօր, ժամը 12:00-ին։
  • ТАСС-ի տվյալներով՝ հանդիպումը կարող է տևել 90 րոպե, որից հետո կկազմակերպվեն առանձին մամուլի ասուլիսներ։
  • Ուկրաինական կողմի համար քննարկման ընդունելի թեմաներն են՝ հրադադար, քաղաքաներում հումանիտար իրավիճակի բարելավում, ռուսական զորքերի դուրսբերում։

11:42

Սմարթֆոնների չինական արտադրողները կրճատել են Ռուսաստան մատակարարումների ծավալները

Չինական Xiaomi, Oppo և Huawei ընկերություններն առնվազն 1/2-ով կրճատել են Ռուսաստան իրենց սմարթֆոնների մատակարարումը, ինչը պայմանավորված է ռուբլու անկմամբ և պատժամիջոցներով։ Այդ մասին հայտնել են Financial Times-ի աղբյուրները։ Ռուսական շուկայում նրանց արտադրանքի բաժինը կազմում է մոտ 60 %։

«Բացահայտ հայտարարել ռուսական շուկայում վաճառքի դադարեցումը, ինչպես Apple-ը և Samsung-ը, քաղաքականապես զգայուն է։ Բիզնեսի տեսանկյունից իմաստ ունի մի կողմում մնալ և հետևել, թե ինչ կլինի հետագայում»,- հայտարարել է Xiaomi-ի նախկին ղեկավարներից մեկը։

Չինաստանը բացահայտ չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

11:37

Չեխիայի ներքին գործերի նախարարությունը հավանական է համարել «Z» նշանի կիրառման համար պատժի հնարավորությունը, որը դարձել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կողմնակիցների խորհրդանիշը։ Ընդ որում, միայն «Z» տառի կիրառման համար քրեական հետապնդումը բավարար չի լինի։ Անհրաժեշտ է, որ ներկայացվեն պատերազմի արդարացման լրացուցիչ ապացույցներ։

11:29

Չնայած պատժամիջոցներին՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը մշակել է Ռուսաստանում արտասահմանյան ինքնաթիռների պահպանման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։

Համաձայն այդ փաստաթղթի՝ օդանավերի սեփականատեր ընկերությունից լիզինգով վերցված օդանավը կվերադարձվի, եթե տրվի հատուկ կառավարական հանձնաժողովի հավանությունը։ Եթե վերադարձը չթույլատրվի, ապա ավիաընկերությունը իրավունք կունենա շարունակել օգտվել ինքնաթիռից, մինչև լիզինգային պայմանագրի ավարտը։

Коммерсантъ-ը ավիացիոն ճյուղի ներկայացուցիչներին հարցրել է, թե ինչ կարծիք ունեն նրանք Տրանսպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Պարբերականի որոշ զրուցակիցներ կարծում են, որ սա փաստացի օտարերկրյա ինքնաթիռների բռնագրավում է։ Մյուսները կարծում են, որ սա հնարավորություն է՝ փրկելու ավիաընկերություններին։ Ըստ նրանց՝ պատասխանատվությունը մնում է ոչ թե ավիափոխադրողների, այլ պետության վրա։

11:22

Ռոսկոմնադզորը TikTok-ից պահանջել է ապաարգելափակել Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը։ 

TikTok-ի ղեկավարությունը օտարերկրյա օգտատերերի համար սահմանափակել է այդ տեսանյութի ձայնը։ 

Թե Պուտինի որ տեսաուղերձի մասին է խոսքը, չի նշվում։ Վերջին շրջանում դրանք մի քանիսն են եղել։

11:16

ВЭБ.РФ-ը և ՌԴ ներդրումների ապահովագրման գործակալությունը կարող են կառավարման տակ վերցնել Ռուսաստանից հեռացած ընկերությունների գույքը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական իշխանությունները ցանկանում են արտաքին կառավարում ներդնել արտասահմանյան մասնակցությամբ ընկերություններում, եթե նրանք Ռուսաստանում դադարեցնեն իրենց գործունեությունը։ Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը դա անվանել է ազգայնացմանն ուղղված առաջին քայլ։

РБК-ն և Интерфакс-ը ծանոթացել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության օրենսդրական նախագծին, որը կկարգավորի այս գործընթացը։ Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ ВЭБ.РФ Ներդրումների ապահովագրման գործակալության պետական կորպորացիաները կկարողանան ստանձնել կառավարումն այդ ընկերություններում, «վերափաթեթավորել» բիզնեսը նոր կազմակերպության մեջ և վաճառել այն բաց ընթացակարգով։ Եթե ցանկացողներ չհայտնվեն, ապա գնորդի դերում հանդես կգա պետությունը։

11:06

⚡️Ռուսաստանն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։

Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ 

ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել միջազգային իրավունքը իր աշխարհակարգով փոխարինելու՝ Արևմուտքի քայքայիչ գործողությունների հետ։ 

Ըստ ռուսական կողմի՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակում են Եվրոպայի խորհրդի ու Եվրոպայում ընդհանուր հումանիտար-իրավական տարածքի կործանման գիծը։

«Թող վայելեն միմյանց հետ շփումը, առանց Ռուսաստանի»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

11:02

Axios. Քնեսեթի խոսնակը հրաժարվել է նիստ գումարել Զելենսկու տեսաուղերձի համար

Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ Միլի Լևին հրաժարվել է նիստ գումարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձի համար։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելում երեք պաշտոնական աղբյուրների։

Նրանցից մեկի խոսքով՝ ուղերձի փոխարեն Լևին առաջարկել է Zoom-ով կազմակերպել Զելենսկու շփումը Քնեսեթի պատգամավորների հետ։ Axios-ի զրուցակիցը հավելել է, որ ուկրաինական կողմը վրդովվել է նման քայլից և հրաժարվել այլընտրանքից։

Ավելի վաղ, Զելենսկին տեսակապով դիմել էր Եվրախորհրդարանին և բրիտանական խորհրդարանին։ Ի դեպ, Զելենսկին դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որը երբևէ դիմել է բրիտանացի պատգամավորներին։ Այդուհանդերձ, ԱՄՆ կոնգրեսականների հետ Ուկրաինայի նախագահը շփվել է Zoom-ով։

10:55

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մարիուպոլի հիվանդանոցի վրա ավիահարվածները «սարսափելի» է անվանել։

Ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլ քաղաքի մանկական հիվանդանոցի և ծննդատան վրա ավիահարվածները տեղի են ունեցել մարտի 9-ին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ տուժել է 17 մարդ, զոհեր չկան։ «Настоящее время» հեռուստաընկերությունը ցուցադրել է հիվանդանոցի կադրերը։

10:52

Google-ը Ռուսաստանում սահմանափակել է Google Play հավելվածների խանութի աշխատանքը։ Այսուհետ հնարավոր կլինի ներբեռնել միայն անվճար հավելվածները։

10:46

YouTube-ը ռուսաստանյան օգտատերերի համար դադարեցրել է մոնետիզացման բոլոր գործառույթները։

Սահմանափակումները վերաբերում են նաև Premium-ին և Music Premium-ին բաժանորդագրմանը, հովանավորությանը, սուպերչաթին, սուպերսթիքերներին և մերչենդայզինգին։ Այսուհետ դիտումների համար ռուսաստանյան բլոգերները չեն կարողանա գումար աշխատել։

10:42

Երկու խոշոր կազմակերպություններ դադարեցրել են Ռուսաստանում ներդրումներն ու գովազդը:

  • Мars (արտադրում է Mars, Snickers, Bounty, Twix, Milky Way շոկոլադե սալիկները, M&Mʼs և Skittles կոնֆետները, կենդանիների Pedigree և Whiskas կերերը),
  • Mondelez International (արտադրում է Alpen Gold, Milka և Toblerone շոկոլադները, Oreo թխվածքաբլիթները)։

10:40

Ի՞նչ է կատարվել մարտի 10-ի գիշերը՝ հակիրճ

  • ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի չափով ռազմական ու հումանիտար օգնություն տրամադրելու մասին օրենսդրական նախագիծը։ Արժույթի միջազգային հիմնադրամն էլ Կիևին 1,4 միլիարդ դոլար կհատկացնի։
  • Մարտի 9-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցում են նաև ժամկետային զինծառայողներ։
  • ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 908-ը։ Իրականում այս թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը ուշ է հասնում։
  • Sony-ն ռուսական օգտատերերի համար դադարեցրել է PlayStation Store-ի աշխատանքը։ Իսկ Nintendo-ն դադարեցրել է Ռուսաստան խաղային կցորդների մատակարարումը։
  • Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին ազատել է ՌԴ զինծառայողներին սպանելու համար քրեական պատասխանատվությունից։
  • Եվրամիությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 146 սենատորների և 14 գործարարների համար։
  • Amazon-ը դադարեցրել է ապրանքների առաքումը Ռուսաստան։
  • Գիշերը Մոսկվայի ժամանակով 00:01-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) Ռուսաստանում Visa-ն և Mastercard-ը դադարեցրել են քարտերի սպասարկումը։

Լուսանկարը՝ Emilio Morenatti/AP

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, երրորդ օր՝ այստեղ, չորրորդ օր՝ այստեղ, հինգերորդ օր՝ այստեղ, վեցերորդ օր՝ այստեղ, յոթերորդ օր՝ այստեղ, ութերորդ օր՝ այստեղ, իններորդ օր՝ այստեղ, տասներորդ օր՝ այստեղ, տասնմեկերորդ օր՝ այստեղ, տասներկուերորդ օր՝ այստեղ, տասներեքերորդ օր՝ այստեղ, տասնչորսերորդ օր՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter