HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերոբ Խաչատրյանը չանցավ Տումիից դուրս գալու վերջին ճանապարհով

2020 թվականի հոկտեմբերի 22-ի երեկոյան Հադրութի շրջանի Տումի գյուղում մնացած բնակիչները սկսել են դուրս գալ իրենց հայրենի բնակավայրից։ Ադրբեջանի զինված ուժերը, գրավելով հարևան Մեծ Թաղեր և Տող համայնքները,  երկու կողմից շարժվում էին դեպի հաջորդ բնակավայրը՝ Տումի։ Գյուղից դուրս գալու միակ ճանապարհը մնացել էր անտառային նեղ արահետը, որտեղով և տումեցիները ուղղություն էին վերցրել դեպի Քիրսավան։ Դուրս գալու ճանապարհին տումեցի Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ մոտակայքում գտնվող արոտավայրից իր կովերից երկուսը իջնում են դեպի գյուղ։ Նա նույնպես իջնում է գյուղ, որպեսզի իր կովերին բարձրացնի վերև, սակայն Սերոբն այլևս չի վերադառնում։ Արդեն իսկ գյուղ ներժուխած ադրբեջանցի դիվերսանտները սպանում են 44-ամյա Սերոբ Խաչատրյանին։

Սերոբ Խաչատրյանը ծնվել է 1976 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղում, ամուսնացած չէր։ Ապրում էր ծնողների՝ Սամվել և Նուռա Խաչատրյանների հետ, զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ։ Պատերազմի օրերին Տումիից քաղաքացիական բնակչության տարհանումը սկսվել է հոկտեմբերի 10-ից՝ շրջկենտրոն Հադրութի անկումից հետո։ Սկզբում տարհանվել են տարեցները, կանայք և երեխաները։ Առաջին օրերին տարհանված մարդկանց մեջ են եղել նաև Սերոբ Խաչատրյանի ծնողները։ Սերոբը ծնողներին ճանապարհել է հոկտեմբերի 15-ին, զանգահարել Երևանում բնակվող քրոջն ու ասել՝ ծնողները գալիս են, թող դիմավորի։ Նրանք սկզբում ուղևորվել են Բերձոր, այնտեղ մնացել երկու օր, ապա գնացել Երևան։

Ամսի 17-ին Սերոբը զանգահարել է քրոջը՝ Նունեին, հետաքրքրվել, թե ծնողները բարեհաջող հասել են, այնուհետև կատակել, թե՝ մի տեղ էլ ինձ համար պահեք։

«Զանգեց, հարցրեց՝ մաման ու պապան նորմալ հասե՞լ են, ասեցի՝ հա։ Ասեց դե ես ստեղ եմ, տղեքի հետ։ Հարցնում եմ՝ բա գյուղում ի՞նչ վիճակ ա, ասում ա՝ հանգիստ ա, ոչ մի բան էլ չկա։ Հետո մեկ էլ երրորդ օրն իմանում ենք, որ գյուղում մնացած մարդիկ մտել են անտառները, որովհետև թուրքերը կամաց-կամաց մոտենում էին»,- մեզ հետ զրույցում պատմում է Սերոբ Խաչատրյանի քույրը՝ Նունեն։

Տումիի համայնքապետ Էդիկ Մոսիյանն էլ պատմում է, որ ստեղծված ծանր իրավիճակից ելնելով՝ գյուղում մնացած 30-40 բնակիչներով՝ հիմնականում երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանցով, հոկտեմբերի 22-ի երեկոյան սկսել են դուրս գալ գյուղից և անտառային ճանապարհով գնալ դեպի Քիրսավան։ Համայնքապետը նշում է, որ ինքը չի նկատել, թե ինչպես է Սերոբը իջել մեքենայից և գնացել դեպի գյուղ, քանի որ ինքը եղել է առաջին ավտոմեքենայի մեջ։ Հետո իմացել է, որ գնացել է իրենց կովերին վերև բարձրացնելու։ Որոշ ժամանակ սպասելուց հետո՝ հասկանալով, որ Սերոբը սպասվածից շատ է ուշանում, գյուղացիները ստիպված են եղել շարունակել ճանապարհը՝ առանց նրա։ 

«Սերոբի ծնողներին որ ճանապարհում էինք, իրեն ասեցի, որ մնալն իմաստ չունի, նստի՛ ավտոն, գնա՛, ծնողներիդ հետ եղի՛։ Ասեց՝ չէ՛, ես տղեքի հետ կմնամ մինչև վերջ, տեսնենք՝ ինչ ա լինում։ Հետո արդեն գյուղից դուրս գալուց, թե ոնց ա մեքենայից իջել, հետ գնացել, ես չեմ իմացել։ Որպես տարածքը իմացող՝ առաջին մեքենայով դեմից եմ գնացել։ Հետո ընդհուպ մինչև ամսի 23-ը գյուղի վերևի արոտավայրում մեր գյուղացիներից մարդիկ կային, որ իրանց անասուններին էին պահում, մտածում էինք՝ գոնե իրենց հետ կլինի Սերոբը, իրար հետ կգան, բայց էդպես էլ չեկավ»,- հիշում է Տումիի համայնքապետ Էդիկ Մոսիյանը։

Սերոբ Խաչատրյանի քույրը՝ Նունեն պատմում է, որ եղբայրը գյուղին շատ նվիրված է եղել, սիրել է գյուղի կյանքը, հող մշակելը, կով պահելը։ Մի քանի անգամ եղբորը խորհուրդ է տվել տեղափոխվել Երևան, սովորել, աշխատել այնտեղ, սակայն Սերոբը հրաժարվել է։

«Ախպերս շատ աշխատող տղա էր։ Ձեռից ամեն ինչ գալիս էր, սիրում էր իր հողը, շատ էր կապված գյուղի հետ։ Ինչքան էլ համոզեցի գալ Երևան, չեկավ ու չեկավ, ասում էր՝ ես էս հողն ու բնությունը, անտառները ո՞նց թողեմ գամ շենքերի մեջ ապրեմ»,- հիշում է Նունե Խաչատրյանը։

2020թ․ հոկտեմբերի 23-ին Տումին ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Սերոբ Խաչատրյանի հարազատները այդ օրվանից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չեն ունենում։ Պատերազմի ավարտից հետո էլ դիմում են Կարմիր խաչին, մտածում են՝ գուցե գերեվարվել է կամ թաքնվում է անտառներում։ 

2021թ․ հունվարի 24-ին Տումիում իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ իրենց տնից վերև գտնվող խանութի մոտ հայտնաբերվում է Սերոբ Խաչատրյանի մարմինը՝ քայքայված վիճակում։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ մարմնի տարբեր մասերում եղել են հրազենային վնասվածքներ։ Նույնականացումը կատարվել է ԴՆԹ-թեստավորման միջոցով։ Փետրվարի 18-ին Սերոբի աճյունը հարազատներին է հանձնվել, փետրվարի 19-ին էլ հուղարկավորվել է Նուբարաշենի գերեզմանոցում։

«Հետքը» շարունակելու է ներկայացնել պատերազմի ընթացքում սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Գլխավոր լուսանկարում Տումի գյուղն է


Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter