HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանի կառավարությունը խուսափում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքի կիրառումից, փոխարենը ուրիշներին «թիրախային գործողությունների» կոչ է անում

Մինչ Բաքվի ռեժիմը իր խամաճիկային «էկոակտիվիստներով» արդեն 14 օր արգելափակված է պահում Հայաստան-Արցախ ցամաքային ճանապարհը, խախտելով իր իսկ ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները, ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ հասցեական հայտարարությունների եւ թիրախային գործողությունների անհրաժեշտության մասին, որոնք կդրդեն այդ երկրին կատարել իր պարտավորությունները:  

Ու քանի դեռ Բաքվի բռնապետի քմահաճույքով եւ ռուս խաղաղապահների թողտվությամբ փակ է պահվում Արցախի «կյանքի ճանապարհը», Փաշինյանի կառավարությունը, ունենալով հակընդդեմ միջոցներ կիրառելու թեկուզ փոքր, բայց գործնական հնարավորություն, որպես լուռ դիտորդ թույլ է տալիս, որ ադրբեջանական օդանավերը Բաքվից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ կատարեն Հայաստանի երկնքով:

44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. հոկտեմբերի 6-ից, Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL» ընկերությունը իր ամենօրյա Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթերը կատարում է ՀՀ օդային տարածքով:

2014-2021 թթ. ադրբեջանցիները չէին մտնում ՀՀ երկինք, քանի որ 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախի երկնքում դավադրաբար խոցել էին ուսումնամարզական թռիչք կատարող, չզինված «Մի-24» ուղղաթիռը, ինչի հետեւանքով զոհվել էր 3 հայ սպա, եւ դրանից հետո, վախենալով հայկական կողմի պատասխանից, Բաքվից Նախիջեւան էին թռչում ու վերադառնում բացառապես Իրանի օդային տարածքով:

Երբ պատերազմից հետո սկսվեց հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ու խաղաղության պայմանագիր կնքելու դիսկուրսը, հաղթածի դիրքերից հանդես եկող եւ իրենց նախկինի համեմատ շատ ավելի ապահով զգացող ադրբեջանցիները 2021-ի հոկտեմբերից սկսեցին օգտվել ՀՀ օդային տարածքից, ինչին Հայաստանի իշխանությունը դեմ չէր, դեմ չէ նաեւ հիմա:

Պաշտոնապես Հայաստանի երկինքը փակ չի եղել Ադրբեջանի գրանցում ունեցող օդանավերի համար՝ բացառությամբ պատերազմի օրերի՝ 2020 թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը: Իրենց հերթին հայկական օդանավերը չեն մտել եւ հիմա էլ չեն մտնում Ադրբեջանի երկինք, քանի որ դեպի արեւելք չվերթեր չեն կատարում, ժամանակ առ ժամանակ այդ ուղղությամբ (օրինակ՝ դեպի Միջին Ասիա) թռչում է ՀՀ կառավարական ինքնաթիռը, սակայն այն, ըստ էության, անվտանգությունից ելնելով, շրջանցում է Ադրբեջանի երկինքը:

ՀՀ կառավարական ինքնաթիռի Բիշքեկ-Երեւան թռիչքը. 09.12.2022

Ադրբեջանի կառավարական թռիչքները եւս Հայաստանի տարածքով չեն կատարվում: Այսինքն՝ այս պարագայում խոսքը ընտրության եւ ոչ թե արգելքի մասին է:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մի քանի անգամ, այդ թվում՝ մեր հարցումներին ի պատասխան, հայտարարել է, թե Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում է, որ դրան միացած յուրաքանչյուր պետություն, բացառիկ հանգամանքներում, արտակարգ իրավիճակի պայմաններում կամ հասարակական անվտանգության ապահովման նպատակով, իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել թռիչքներն իր ողջ տարածքի կամ դրա մի մասի վրա՝ պայմանով, որ այդպիսի սահմանափակումը կամ արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:

Ի հեճուկս այս դրույթի՝ շարունակական են դեպքերը, երբ նույն Թուրքիան ՀՀ գրանցում ունեցող կամ նույնիսկ այլ երկրում գրանցված, բայց հայկական փոխադրողի կողմից շահագործվող օդանավերին արգելել է իր երկնքով թռչել այլ երկրներ՝ որեւէ պատճառաբանություն չբերելով, ինչով անտեսել է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները:

Բայց, ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը երբեք չի գնացել հակընդդեմ, հայելային քայլերի, ինչը խիստ տրամաբանական կլիներ: Փոխարենը ՀՀ իշխանությունները միշտ պարտաճանաչ ու, կարելի է նաեւ ասել, կուրորեն հետեւել են կոնվենցիայի այն դրույթներին, որոնք կանոնակարգում են տվյալ պետության սահմանափակող գործողությունների շրջանակը:

Ներկա պահին թուրքական կողմից հայկական օդանավերի հանդեպ արգելքներ չկան: Չկան ու չեն եղել արգելքներ մեր կողմից այն թուրքական օդանավերի հանդեպ, որոնք նույնիսկ ներադրբեջանական թռիչքներ են կատարել, օրինակ՝ Նախիջեւան-Գյանջա կամ հակառակը:

Սակայն ՀՀ իշխանությունները, անընդհատ մատնացույց անելով, թե իբր Չիկագոյի կոնվենցիան արգելում է խտրական մոտեցումը, մոռանում են կամ ավելի ճիշտ, «խաղաղասիրությամբ տարված», չտեսնելու են տալիս նույն կոնվենցիայի 89-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է. «Պատերազմի դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում պատերազմի ազդեցությունը կրող Պայմանավորվող պետության գործողությունների ազատությունը, անկախ նրանից, պատերազմող է այդ Պետությունը, թե չեզոք: Նույն սկզբունքը կիրառվում է այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որն իր մոտ արտակարգ իրավիճակ է հայտարարում եւ այդ մասին տեղեկացնում է Խորհրդին»:

44-օրյա պատերազմի ժամանակ այս դրույթը կիրառվել է, եւ Հայաստանը պաշտոնապես արգելել է Ադրբեջանի օդանավերի մուտքը իր երկինք, չնայած դրանք 2014-ից չէին էլ մտնում մեր օդային տարածք: Այդուհանդերձ, 2020 թ. այս ժամանակավոր արգելքով Հայաստանը սահմանափակվել է:

«AZAL»-ի Նախիջեւան-Բաքու երեկոյան չվերթը․ 16.11.2021

Նույնիսկ 2021 թ. նոյեմբերի 14-16-ին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Հայաստանի նկատմամբ ու օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքի մի մասը, ադրբեջանական «AZAL»-ի օդանավերը նույն ընթացքում շարունակում էին ճախրել Հայաստանի երկնքում՝ իրար կապելով Բաքուն ու Նախիջեւանը:

Իսկ ՀՀ իշխանություններն այս մասով ասելիք չունեին, վստահաբար՝ հիմա էլ չունեն: Նրանց ասելիքը մեկն է՝ «օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»: Բայց այն փաստը, որ օդանավ շահագործողը, այսինքն՝ ավիաընկերությունը (այս դեպքում՝ «AZAL»-ը) տվյալ երկրի (այս դեպքում՝ Հայաստանի) օդային տարածք է մտնում վերջինիս պատասխանատու մարմինների հետ հաղորդակցությունից հետո (այսինքն՝ ՀՀ-ն տալիս է համաձայնություն, որ ադրբեջանական օդանավը մտնի մեր երկինք), Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում բարձրաձայնել:

Հատկանշական է, որ «AZAL»-ն ինքն է դեռ նախորդ տարի հայտարարել, որ Հայաստանի երկնքով կիրառվող երթուղու շնորհիվ կկրճատվի Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքի ժամանակն ու օդանավի վառելիքի ծախսը: Այսինքն՝ ադրբեջանական կողմը միայն շահում է սրանից: Ընդ որում՝ ներկայում Հայաստանի օդով նման չվերթեր կատարվում են օրական 3 անգամ՝ առավոտյան, ցերեկը, երեկոյան:

«AZAL»-ի Բաքու-Նախիջեւան առավոտյան չվերթը․ 25.12.2022

Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքներ կատարվում են նաեւ Իրանի երկնքով, սակայն 2021-ից մինչ օրս հիմնական երթուղին Հայաստանի երկնքով անցնողն է:

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ու թուրքական օդանավերը Հայաստանի երկինք չեն մտել մեկ էլ այս տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ եւ դրանից որոշ ժամանակ անց:

Հասկանալի է, որ նրանք դա արել են իրենց իսկ անվտանգության համար, իսկ այսօր շարունակում են կրկին օգտագործել ՀՀ օդը եւ մեր աերոնավիգացիոն ծառայություններից օգտվելու համար գումարներ են վճարում (ըստ Հայաստանի երկնքով անցած կիլոմետրերի): Սակայն այդ վճարումները չեն կարող համեմատվել այն տնտեսական ու քաղաքական օգուտի հետ, որ ստանում է ադրբեջանական ազգային ավիափոխադրողը մեր օդն օգտագործելիս:

«AZAL»-ի Նախիջեւան-Բաքու ցերեկվա չվերթը․ 25.12.2022

Ու այսօր, երբ Ադրբեջանը կեղծ պատրվակներով փակել է 120.000 հայի «կյանքի ճանապարհը», Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մատը մատին չի խփում՝ թեկուզ ոչ համարժեք, բայց ինչ-որ չափով Ադրբեջանի շահերին հակասող գործողություն կատարելու, այն է՝ «AZAL»-ի ամենօրյա մուտքը ՀՀ երկինք արգելելու համար:

Շեշտում ենք՝ Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է չավարտված պատերազմի մեջ, այդ երկիրն օկուպացրել է մեր երկրի սուվերեն տարածքները, Բաքվի բռնապետն այժմ արդեն բացահայտ ու անվարան հայտարարում է, որ այո, իրենք են սանձազերծել ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլեւ այս տարվա սեպտեմբերյան ագրեսիան, ավելին՝ խոսում է նոր հավակնությունների մասին: Հետեւաբար, միանգամայն կիրառելի է Չիկագոյի կոնվենցիայի 89-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատերազմի դեպքում կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում պատերազմի ազդեցությունը կրող պետության գործողությունների ազատությունը, անկախ նրանից, պատերազմող է այդ պետությունը, թե չեզոք:

Ու նույնիսկ եթե այդ իրավունքը չլիներ թղթի վրա, սեփական պետական շահի առաջմղման համար որեւէ բան չպիտի արգելեր ՀՀ իշխանությանը գործել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Իսկ ո՞րն է դա չանելու Փաշինյանի թիմի պատճառաբանությունը. վա՞խը, պարտվածի սինդրո՞մը…

Այնինչ այս ֆոնին ՀՀ ԱԳՆ-ն միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ է անում «հասցեական հայտարարությունների եւ թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ եւ առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից եւ վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»:

Ի՞նչ թիրախային գործողություններ է ակնկալում Փաշինյանի կառավարությունը միջազգային հանրությունից, եթե հենց ինքն առաջինը չի անում նման գործողություն, որը կարող է անել եւ ունի դրա միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Արդյոք սա փարիսեցիություն չէ:

Մեկնաբանություններ (2)

VARAND DURABYAN
THE ARMENIAN PEOPLE VOTED FOR PASHINYAN NOT ONCE BUT TWICE! YOU GET THE GOVERNMENT YOU VOTE FOR.
Christina Hamazaspyan
As long as Pashinyan is in power, Armenians will continue to suffer.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter