HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպես բացահայտել պաշտոնյաների արտասահմանյան ունեցվածքը

Պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց արտասահմանյան անշարժ գույքն ու բիզնեսն ուսումնասիրելիս անհրաժեշտ 2 նախապայման կարելի է առանձնացնել:

Առաջինն արժանահավատ աղբյուր կամ վստահելի գործընկեր ունենալն է տվյալ երկրում, որը կօգնի ձեզ ուսումնասիրություն իրականացնելիս: Մի կողմից՝ եթե դուք ունեք լավ աղբյուր, ապա նա կարող է ձեզ կարեւոր ինֆորմացիա փոխանցել ձեր երկրի որեւէ պաշտոնյայի կողմից արտերկրում բիզնես հիմնադրելու կամ անշարժ գույք ձեռք բերելու մասին՝ փոխանցելով նաեւ կարեւոր մանրամասներ: Մյուս կողմից՝ քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր օրենսդրությունը, կանոնները, կարեւոր է, որ դուք աշխատեք դրանց տեղյակ, փորձառու մարդու հետ, որը կօգնի ոչ միայն ինֆորմացիայի պաշտոնական ու ոչ պաշտոնական ճիշտ ռեսուրսներ գտնելու հարցում, այլեւ հարկ եղած դեպքում տվյալներ ձեռք կբերի, օրինակ, այդ երկրի բիզնես ռեգիստրից կամ կադաստրից:

Երկրորդ կարեւոր նախապայմանը ձեր իսկ կողմից արտասահմանյան ռեսուրսներն ուսումնասիրելու կարողությունն է: Լավ է, երբ ունեք վստահելի աղբյուրներ կամ փորձառու գործընկերներ, բայց պետք չէ ամբողջ հույսն ու աշխատանքի բեռը միշտ նրանց վրա դնել, քանզի դուք ինքներդ կարող եք տանը կամ աշխատասենյակում հետազոտել արտերկրի պաշտոնական ու ոչ պաշտոնական բազմաթիվ դատաբազաներ, որոնցում, վստահաբար, հետաքրքիր ինֆորմացիա կգտնեք: Այդ ինֆորմացիան ուսումնասիրելուց, դրա շուրջ որոշ լրացուցիչ տվյալներ գտնելուց հետո միայն՝ հարկ եղած դեպքում, կարող եք դիմել ձեր արտասահմանցի գործընկերներին: Ամեն դեպքում, քիչ չեն դեպքերը, երբ ճիշտ ռեսուրսների տիրապետելիս առանձնապես հարկ չի լինում դիմել ընկերների օգնությանը:

Ֆինանսների նախկին նախարարի որդիների ամերիկյան տները

2016-ի հունիսին «Հետքը» հետաքննություն հրապարակեց ֆինանսների այն ժամանակվա նախարարի որդիներին պատկանող ամերիկյան 2 շքեղ առանձնատների մասին:

Մեր աղբյուրը մեզ հանձնել էր որոշ փաստաթղթեր, որոնք հետաքրքիր մանրամասներ էին պարունակում: Երեւում էր, մասնավորապես, թե ումից եւ ինչ գնով են նախկին նախարարի որդիները առանձնատներ ձեռք բերել Լոս Անջելեսի Հոլմբի Հիլզ շքեղ թաղամասում՝ հայտնի հարեւանների կողքին: Տներից մեկը նրանք գնել էին 2010-ին 11 մլն դոլարով, իսկ մյուսը՝ 2011-ին 14,4 մլն դոլարով:

Քանի որ ունեինք հասցեները, Google Earth-ի ու Google Maps-ի միջոցով դրանք գտնելը դժվար չէր:

Արտասահմանյան մամուլի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հոլմբի Հիլզում միլիոնատերեր են ապրում, որոնք իրենց այս տների վրա միլիոններ են ծախսում: Ընդ որում՝ առաջին անգամ այստեղ տուն ձեռք բերելիս՝ 2010-ին, նախկին նախարարի ավագ որդին եղել է 27 տարեկան, իսկ կրտսերը՝ 24: Եղբայրները, ի տարբերություն հոր, հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն չունեին, բայց հրապարակումից հետո եղբայրներից մեկը «Հետքին» հայտնեց, որ տներն իրենք ձեռք են բերել բիզնես խնայողություններով, փոխառություններով ու վարկային միջոցներով, չնայած անշարժ գույքի փաստաթղթերում որեւէ նշում չկար այն մասին, որ երկու տներից գոնե մեկի մասով վարկային պարտավորություններ կան: 

Վաճառված կամ վաճառվող տների մասին տվյալներ կարելի է հավաքել անշարժ գույքի տարբեր գործակալությունների կայքերում, օրինակ՝ zillow.com, redfin.com, realtor.com եւ այլն: Ու քանի որ 2010 թ. 11 մլն դոլարով ձեռք բերած տունը նախկին նախարարի որդիները 2016-ին վաճառքի էին հանել 35 մլն դոլարով, մենք գործակալությունների կայքերում գտանք այդ տան լուսանկարները, գույքի ծավալի ու կազմի մասին հետաքրքիր մանրամասներ (տես ստորեւ), որոնք ներառեցինք նյութում ու այդուհետ սկսեցինք հետեւել զարգացումներին:

Ընդ որում՝ երկրորդ տան տարածքում էլ այդ ժամանակ, ինչպես կարելի էր տեսնել Google Maps-ում եւ Google Earth-ում, շինարարություն էր ընթանում, բայց այն վաճառքի հանված չէր:

Մեր հոդվածը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր ԱԱԾ, սակայն վերջինս քրեական գործ չէր հարուցել, ընդ որում՝ ԱԱԾ-ն չէր դիմել ամերիկյան կողմի իրավական փոխօգնությանը:

2017-ի գարնանը անշարժ գույքի գործակալությունների կայքերում ինֆորմացիա հայտնվեց, որ նախկին նախարարի որդիները 2010 թ. գնած տունը վաճառել են 18,8 մլն դոլարով: Կարճ ժամանակ անց մեր աղբյուրը հայտնեց գնորդի անունը, որը, պարզվեց, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված ընկերություն է: Հետագայում, սակայն, սեփականատերը փոխվել է: Այս վաճառքին զուգահեռ, ըստ արբանյակային տվյալների, մինչեւ 2019 թ. շարունակվում էր մյուս տան տարածքում ընթացող շինարարությունը:

Նոր վիլլան, որի ներքին հարդարումն անավարտ է մնացել, շատ ավելի մեծ է, քան նախորդը: Այն 2022 թ. հանվել է վաճառքի 63,5 մլն դոլարով, չնայած ԱՄՆ դատախազները ցանկանում են այս տունը բռնագանձել, քանի որ կարծում են, որ այն ձեռք է բերվել «կեղտոտ փողերով»: Ամերիկյան իրավապահների հետ համագործակցում են հայ իրավապահները, որոնք 2016-ին քրեական գործ հարուցելու հիմքեր չէին տեսել:

2022-ին մի պահ, կարծես, տունը շատ մոտ էր օտարվելուն, բայց հետո այն հանվեց շուկայից: Դրանից շատ չանցած գույքը նորից վաճառքի է դրվել, այս անգամ՝ 56 մլն դոլարով:

Նախկին նախագահին փոխկապակցված ֆրանսիական ընկերությունն ու տունը

Եթե նախորդ դեպքում ամեն ինչ սկսվեց մեր աղբյուրի տրամադրած ինֆորմացիայից, ապա ՀՀ նախագահի (ներկայում՝ պաշտոնաթող) պարագայում բացահայտման հիմքը մեր իսկ ուսումնասիրությունն էր:

Ֆրանսիայում աշխատող մեր գործընկերը տեղական պաշտոնական ռեգիստրներից ու կադաստրից հավաքած տվյալները գեներացրել է մի կայքում, որը հնարավորություն է տալիս արագ ու արդյունավետ որոնել Ֆրանսիայում անշարժ գույք ունեցող անձանց՝ ըստ երկրների:

Այս գործիքին ծանոթանալուց հետո 2021 թ. ինքներս շատ արագ գտանք ՀՀ նախագահի անունը:

Այն, որ մեր գտածը հենց նախագահն էր, ապացուցվում էր ծննդյան տվյալներով ու երեւանյան հասցեով: Ֆրանսիայում արտասահմանցիները կարող են գույք ձեռք բերել այդ երկրում գրանցված ընկերությունների միջոցով: Նախագահին փոխկապակցված «VH Estate» ընկերությունը, որը գրանցվել է որպես ֆրանսիական գույքի սեփականատեր, հիմնադրվել է 2010 թ. գարնանը, այդտեղ նախագահը տնօրեն էր, իսկ սեփականատերերը նրա հարազատներն էին՝ քույրը (99 %), եւ վերջինիս դուստրը (1 %): Մենք կասկած ունեինք, որ գույքի իրական տերը նախագահի ընտանիքն է:

Ֆրանսիայում բնակվող մեր գործընկերը տեղական կադաստրից ձեռք բերեց գույքին վերաբերող փաստաթղթերը: Ըստ այդմ՝ «VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է գնել 2010 թ. ամռանը Փարիզի 8-րդ շրջանում, որը բավական թանկ թաղամաս է: Գույքը ձեռք բերելու համար ընկերությունը 7.750.000 եվրո վարկ էր վերցրել ֆրանսիական բանկից: Հետագայում վերջինս իր իրավունքը զիջել է շվեյցարական բանկի Մոնակոյի մասնաճյուղին: Վարկի դիմաց գրավադրվել է ոչ միայն գնված 2 միավոր գույքը, այլեւ «VH Estate»-ում նախագահի քրոջ 99 % բաժնեմասը:

Մեր ուսումնասիրության ժամանակ՝ 2021-ի ամռանը, ըստ ֆրանսիական պաշտոնական ռեգիստրի տվյալների, նախագահը դեռ «VH Estate»-ի տնօրենն էր, սակայն նա իր հայտարարագրերում երբեւէ չի հիշատակել ֆրանսիական ընկերությունում տնօրեն լինելու հանգամանքը: 2021-ի հուլիսին ֆրանսիական գույքի ու ընկերության մասին հարցում էինք ուղարկել նախագահին: Ի զարմանս մեզ՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ նա այլեւս տնօրեն չէ: Սա տարօրինակ էր, քանի որ այդ պահին ֆրանսիական ռեգիստրում որեւէ փաստաթուղթ չկար «VH Estate»-ի տնօրենի փոփոխության մասին: Եվ ահա հարցումից շատ չանցած՝ 2021-ի օգոստոսին, ռեգիստրում հայտնվեց 2019 թ. փետրվարով թվագրված մի փաստաթուղթ, ըստ որի՝ նախագահին տնօրենի պաշտոնում փոխարինել է կրտսեր որդին: Ավելին՝ 2021-ի սեպտեմբերին նույն ռեգիստրում հայտնվեց եւս 2 փաստաթուղթ, որոնք թվագրված էին 2021-ի մայիսով: Առաջինը փայատերերի փոփոխության մասին էր, ըստ որի՝ նախագահի քրոջ դուստրն իր 1 %-ը հանձնել էր նախագահի որդուն, իսկ երկրորդը «VH Estate»-ի կանոնադրության փոփոխությունն էր:

Դժվար է ասել՝ արդյոք մեր հարցումից հետո են նախագահն ու նրա հարազատները հետին ամսաթվով փաստաթղթեր ուղարկել ֆրանսիական ռեգիստր, թե ուղղակի մոռացել են նախորդները ժամանակին հանձնել պետական մարմնին:

Այսպիսով՝ 2018 թ. ապրիլից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ըստ պաշտոնական տվյալների, 2010-2019 թթ. տնօրեն է եղել ֆրանսիական ընկերությունում: Հայաստանում պաշտոնյաների կողմից լրացվող հայտարարագրերի ձեւերը մի քանի անգամ փոփոխվել են: Ըստ այդմ՝ 2020 թ., երբ նախագահը լրացնում էր նախորդ տարվա՝ 2019-ի տարեկան հայտարարագիրը, պարտավոր էր նշել, որ այդ տարվա հունվար-փետրվարին տնօրեն է եղել «VH Estate»-ում, ինչը, սակայն, չի արել: Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Այս ֆոնին նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը հայտարարագրեր ընդունող պետական մարմինն է, մեր հրապարակումից հետո ասել էր, թե տնօրենի պաշտոնը թողել է 2018-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հայտարարագրեր լրացնելու կարգն ուրիշ էր՝ տարբեր կազմակերպություններում մասնակցություն ունենալը հայտարարագրելու պահանջ չկար:

Բայց եթե Հանձնաժողովն իմանար, որ «VH Estate»-ի փաստաթղթերը կարելի է գտնել ֆրանսիական պաշտոնական այնպիսի բաց աղբյուրում, ինչպիսին data.inpi.fr-ն է, ապա նախագահի հայտնածն անմիջապես կհերքեր, ինչն արեցինք մենք՝ ֆրանսիական աղբյուրից վերցնելով 2019 թ. փետրվարին «VH Estate»-ի սեփականատերերի՝ նախագահի քրոջ ու վերջինիս դստեր կազմած փաստաթուղթը տնօրենի ազատման մասին:

Այս փաստաթուղթը, կրկնենք, պետական գրանցում ստացել է միայն 2021-ի օգոստոսին, այն բանից հետո, երբ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահին:

Այսպիսով՝ արտերկրյա մեր աղբյուրների ու գործընկերների, ինչպես նաեւ արտասահմանյան ռեգիստրների հետ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք բացահայտել ՀՀ բարձրաստիճան երկու պաշտոնյաներին առնչվող գույքի մասին տվյալները:

Այս նյութը պատրաստվել է իբրեւ Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի ուղեցույցի գործնական դեպքի ուսումնասիրություն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter