
«Թռիչքը երազանք է, թող մարդիկ գան ու տեսնեն, թե ոնց են երազանքներն իրականանում»
Սեպտեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի հարեւանությամբ գործող թռիչքուղում տեղի է ունենալու Air Fest V Yeghvard փառատոնը, որը նվիրված է ընդհանուր նշանակության ավիացիային (ընդհանուր նշանակության ավիացիան երբեմն անվանում են նաեւ փոքր ավիացիա, սակայն դրանք նույնական չեն, քանի որ փոքր ավիացիա ասելով՝ պետք է նկատի ունենալ թեթեւ ու գերթեթեւ օդանավերը ներառող սեգմենտը, այնինչ ընդհանուր նշանակության ավիացիան ավելի լայն ոլորտ է):
Ինչպես ծագեց փառատոնի գաղափարը
Առաջին անգամ ավիացիոն այս փառատոնը կազմակերպվել է 2017-ին Արցախում: Փառատոնի հիմնադիրներից ավիատոր Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի պարագլայդինգի (պարապլաներային սպորտի) ֆեդերացիայի նախագահն է, «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ առաջին փառատոնը եղավ Արցախում, որովհետեւ այնտեղ համապատասխան պայմաններ կային, մասնավորապես՝ փոքր ինքնաթիռներ, ընդհանուր նշանակության ավիացիայի ոլորտը կարգավորող օրենսդրություն եւ վերանորոգված աերոդրոմ՝ Ստեփանակերտի օդանավակայանը, որն սպասում էր Հայաստանից թռիչքների, սակայն դրանք անընդհատ հետաձգվում էին:
«Ես առաջին անգամ Արցախ գնացի՝ Դմիտրի Աթբաշյանի հետ ծանոթանալու (Աթբաշյանը 2009-2015 թթ. Արցախի քաղավիացիայի ղեկավարն էր - հեղ.): Գիտեի, որ Արցախում թռիչքներ էին կատարվում փոքր ինքնաթիռներով (Zenith STOL CH-701 տեսակի 2 ինքնաթիռ Արցախում թռիչքներ էին կատարում 2013-ից եւ կրում էին ԼՂՀ գրանցում (միջազգայնորեն չճանաչված)՝ NK-70133 եւ NK-70134 - հեղ.): Ծանոթացանք, ու այդ ժամանակվանից սկսեցի հյուրեր տանել Արցախ, որոնց ցույց էի տալիս, թե որն է փոքր ավիացիան, ոնց կարելի է փոքր ինքնաթիռներով թռչել ու դրանից հաճույք ստանալ»,- հիշում է Ա. Սարգսյանը:
Արցախում Արմենը ծանոթացել էր նաեւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանի հետ, որը 2017-2020 թթ. պաշտոնավարեց որպես էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար: Ըստ Արմենի՝ ավիացիոն փառատոն կազմակերպելու գաղափարը կոլեկտիվ էր, դրա հեղինակների թվում էր նաեւ իր ընկերը՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գործող «Յելլ Էքսթրիմ Պարկ» ընկերության համահիմնադիր ու տնօրեն Տիգրան Չիբուխչյանը:
Առաջին 3 փառատոները՝ Արցախում
2017 թ. հունիսի 17-ին Ստեփանակերտի օդանավակայանում կայացավ առաջին Artsakh Airfest փառատոնը, որին ներգրավված էր տեղական փոքր ավիացիան, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած օդապարիկն ու պարապլանը:
Artsakh Airfest 2017 (լուսանկարները՝ «Արցախպրեսի»)
«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթեւ ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի եւ առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- առաջին փառատոնի մասին «Արցախպրեսին» ասել էր Տ. Չիբուխչյանը:
Երկրորդ Artsakh Airfest-ը կազմակերպվեց 2018-ի հունիսի 18-ին: Դրա մասնակից օդանավերի թիվն ավելի մեծ էր. այս անգամ արցախյան փոքր ավիապարկին միացել էին Հայաստանից ժամանած օդապարիկը, պարապլանը, ՀՀ զինված ուժերի պարաշյուտիստները, «Մի-8» բազմանպատակային ուղղաթիռները, «Յակ-52» ուսումնական եւ Aero L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռները:
Artsakh Airfest 2018 (լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից)
Ավիացիոն փառատոնի մտահղացման հեղինակները որոշել էին 2019 թ. երրրորդ Artsakh Airfest-ի մեկնարկը տալ Երեւանից դեպի Ստեփանակերտ թռիչք կազմակերպելով:
Այդ տարի Արմեն Սարգսյանն ու ընկերները Հայաստան էին տեղափոխել իրենց առաջին՝ Cessna F172G տիպի ինքնաթիռը, որը մեր երկրում գրանցվեց Արմենի անունով եւ ստացավ EK-SKY գրանցման համարը:
Ի սկզբանե Cessna-ն բազավորվում էր ՊՆ-ին պատկանող «Արզնի» օդանավակայանում, սակայն Արմենը պատմում է, որ դրա ղեկավարությունն այլ անձի հետ կապված խնդիրների պատճառով, տարբերակում չդնելու համար իրեն հայտնել էր, որ այլեւս չի կարող բազավորվել «Արզնիում»:
«Այնտեղից տեղափոխվեցինք Գյումրի («Շիրակ» օդանավակայան - հեղ.), բայց հետո հասկացանք, որ Գյումրին հեռու տեղ է, միտք ծագեց օդանավը տանել Ստեփանակերտ,- պատմում է «Հետքի» զրուցակիցը,- ծրագրում էինք առաջին թռիչքը կատարել Գյումրիից Ստեփանակերտ: Բայց քանի որ Գյումրիում վառելիք լիցքավորելու հնարավորություն չկար, պիտի վայրէջք կատարեինք «Էրեբունիում», այնտեղից էլ՝ Ստեփանակերտ: Բոլոր հարցերը լուծել էինք, ես Ստեփանակերտում էի, սպասում էինք: Օդանավը հասել էր «Էրեբունի», լիցքավորվել էր, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով չկարողացավ թռնի: Ու քանի որ արդեն արեւամուտ էր, իսկ այս օդանավը նախատեսված է վիզուալ թռիչքների համար, ձգձգվելուց հետո հասկացանք, որ չի հասցնի գա Արցախ»:
Այդպես EK-SKY-ը չթռավ Ստեփանակերտ, բայց 2019 թ. օգոստոսի 24-ին այնտեղ կայացավ 3-րդ փառատոնը, որին մասնակցեցին Արցախի օդանավերը, Հայաստանից ժամանած օդապարիկը, պարապլանը, ՀՀ զինուժի պարաշյուտիստներն ու օդանավերը՝ «Մի-8» եւ Aero L-39 Albatros:
Artsakh Airfest 2019 (լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից)
Արմենը պատմում է, որ ինքը, Տիգրան Չիբուխչյանը, Հայաստանում օդապարիկներ շահագործող «Սքայբոլ» ընկերության հիմնադիր, օդագնաց Նաիրի Բարսեղյանը, ԼՂՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը մի թիմ էին, որի կազմակերպած ավիացիոն փառատոները մեծ հետաքրքրություն էին առաջացրել Արցախում: Ըստ մեր զրուցակցի՝ այդ միջոցառումը նոնսենս՝ չլսված բան էր Արցախում: Մյուս կողմից՝ ադրբեջանցիների աչքում, Արմենի պատմելով, իրենք քաղաքական սադրիչի կերպար ունեին, այնինչ իրենց նպատակը ոչ մի կապ չուներ քաղաքականության հետ. «Մենք անում էինք մի բան, որը հավես էր մեզ համար»:
4-ամյա դադար
2020-ին Artsakh Airfest-ը չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, որին հաջորդեցին 44-օրյա պատերազմն ու Արցախում իրադրության կտրուկ փոփոխությունը: ԼՂՀ-ում գրանցված երկտեղանոց CH-701-երը տեղափոխվեցին Հայաստան:
Իսկ մինչ այդ՝ դեռ 2019-ին, երբ Արմենի ու ընկերների Cessna-ն բազավորման հարմար վայր գտնելու համար դեգերեց «Արզնիում», «Շիրակում», ապա՝ «Էրեբունիում» ու «Զվարթնոցում», որոշվեց սեփական ջանքերով թռիչքուղի հիմնել: Արմենն աչքի տակ ուներ Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքը, որը գտնվում է Եղվարդ քաղաքի ու Նոր Երզնկա գյուղի միջեւ: 1980-ականներին նախագծված ու մասամբ կառուցված ջրամբարը պետք է մեծ խնդիրներ լուծեր, բայց դրա նախագծի ամբողջական իրականացումը շատ մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում:
«Արցախից հետո հասկացա, որ փոքր ավիացիան էսպես էլ մնալու է, ինքնաթիռը բերել ես ու չգիտես, թե որտեղ պիտի շահագործես: Էս տարածքը վաղուց գիտեի, 2019-ին տրակտորներ, գրեյդերներ բերեցի, թռիչքուղի պատրաստեցինք»,- պատմում է պարագլայդինգի ֆեդերացիայի նախագահը, որը դեռ դրանից առաջ էր անավարտ ջրամբարի հարթ տարածքում պարապլաներիզմով զբաղվում: Մոտ 1060 մ երկարությամբ գրունտային թռիչքուղին պատրաստելուց հետո «Զվարթնոցից» այստեղ տեղափոխվեց EK-SKY գրանցումով Cessna F172G-ն:
Մեր զրուցակիցը նշում է, որ տարածքի հետ կապված բազմիցս դիմել են տարբեր մարմինների, սակայն ներկայում ջրամբարի անորոշ ճակատագրի պատճառով մինչ օրս չեն կարողացել իրավունք ստանալ իրենց զբաղեցրած հողամասի նկատմամբ, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է այս տարածքում ներդրումների կատարմանն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը։
Եղվարդի թռիչքուղին նաեւ ավիացիոն իմաստով չունի որեւէ կարգավիճակ: 2022-ի նոյեմբերից Հայաստանում գործում է թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման կարգը, բայց Արմենենց պատրաստածը մինչ օրս չի համարվում այդպիսին:
«Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռի, ուղղաթիռի) թռիչք-վայրէջքի, գետնավարման եւ կայանման համար: Այսինքն՝ սրանք չեն կարող օգտագործվել միջազգային թռիչքների կամ ներքին կանոնավոր առեւտրային չվերթերի համար: Այս հարթակները պետք է Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) շահագործման թույլտվություն ստանան:
2023-ի տարեսկզբին ՔԱԿ-ը «Հետքին» հայտնել էր, որ հունվարի 18-ին «Եղվարդ» թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվություն ստանալու համար հայտ էր ներկայացրել Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը, սակայն այն վերադարձվել էր՝ թերությունները եւ անճշտությունները լրամշակելու առաջարկով:
Այս հիմնադրամը 2022 թ. մարտին ստեղծել են Արմենն ու ընկերները՝ նպատակ ունենալով լրացնել այն կառուցվածքային եւ օրենսդրական բացը, որ այսօր կա մեր երկրում: Հիմնադրամում հավաքված ավիատորների համար Եղվարդի թռիչքուղին, կարծես, հավաքատեղի է:
Թռիչքուղուն կից հանգարում է հանգրվանել Հայաստանի այսօրվա ընդհանուր նշանակության ավիացիան ներկայացնող թռչող միջոցների մի մասը՝ CH-701 երկտեղանոց ինքնաթիռներ (չունեն ՀՀ գրանցում, մեկն այս պահին վերանորոգվում է), Cessna F172G (EK-SKY) եւ Cessna F177RG (EK-FLY) տիպի չորստեղանոց օդանավեր, գերթեթեւ ինքնաթիռ, պլաներ, պարապլաններ:
«Ես անընդհատ միջոցառումներ եմ կազմակերպում, պարապլանով միջազգային մրցումների էի կազմակերպում, ու շատերին թվում է, թե Հայաստանում փոքր ավիացիայի սուպեր զարգացում կա, որովհետեւ մեր վիդեոներն են նայում: Բայց իրականում էդպես չէ,- ասում է Արմեն Սարգսյանն ու շարունակում,- միակ մարդն եմ, որ ամենաշատն եմ թռնում: Օդաչուները հիմնականում ֆիքսված են կոմերցիայի վրա: Ես չունեմ նման բան: Երբեմն ասում են՝ ինչի՞ ես թռնում, ասում եմ՝ հաճույքի համար, ասում են՝ չի կարող պատահել: Որոշ մարդկանց համար չկա նման բան, որ քեզ համար կամ ընկերներիդ հետ թռնես: Պարզ է, որ քեզ ոչ ծանոթ մարդկանցից, որոնք թռնել են ուզում, կարող ես բենզինի փող վերցնել, բայց դա կոմերցիա չէ»: Արմենն այստեղ նկատի ունի cost share տեսակի անձնական թռիչքները, որոնք կատարում է մասնավոր օդաչուն (private pilot)՝ ներգրավելով ուղեւորների, բայց կոմերցիոն, այսինքն՝ շահույթ հետապնդելու նպատակ չունի, փոխարենը թռիչքի հետ կապված ծախսերը օդաչուն եւ ուղեւորները կարող են կիսել միմյանց միջեւ: Ընդ որում՝ նաեւ թույլատրվում է գովազդել այսպիսի թռիչքները:
«Էս ինքնաթիռի մենակ ապահովագրությունը տարեկան 5000 դոլար է,- ձեռքը դնելով չորստեղանոց EK-SKY-ի վրա՝ ասում է մեր զրուցակիցը,- ինչ գումար էլ վերցնես ուղեւորից, էդ փողը չես փակի, բայց եթե մարդիկ ուզում են հաճույք ստանալ ու քեզ ծանոթ չեն, ճիշտ կլինի, որ ծախսի մի մասը նրանցից վերցնես, բայց մեկ է՝ կոմերցիա չկա»:
2023-ին՝ Ստեփանավան, այս տարի՝ Եղվարդ
2019-ին Արցախում երրորդ փառատոնը կազմակերպելուց հետո հարկ եղավ մի քանի տարի սպասել հաջորդին:
Այդուհանդերձ, 2023 թ. օգոստոսի 26-ին Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը ՔԱԿ-ի ու Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Ստեփանավանի չգործող օդանավակայանում կազմակերպեց 4-րդ փառատոնը՝ Air Fest IV Stepanavan-ը:
Արմեն Սարգսյանը Ստեփանավանի ընտրությունը բացատրում է այսպես. «Ուզում էինք Եղվարդ գալ, բայց մտածեցինք, թե քանի որ Ստեփանավանում ինչ-որ չափով ասֆալտ մնացել է թռիչքուղու վրա, ավելի նուրբ ինքնաթիռներ կարող են էնտեղ վայրէջք կատարել: Բայց խոստումները, որ տվել էին դրսի մարդիկ, չեկան, ու հասկացանք, որ իզուր արեցինք, պիտի էստեղ անեինք»:
Air Fest IV Stepanavan (լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից)
Ամեն դեպքում, նախկին փառատոների համեմատ Ստեփանավանում օդանավերն ավելի շատ էին՝ 9 ինքնաթիռ, որոնք գրանցված էին Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, բացի դրանցից՝ մեր երկրում գրանցված օդապարիկներ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ պարապլաններ, դրոններ, ավիամոդելներ:
Արմենն ասում է, որ այս տարի մասնակից օդանավերն ավելի շատ են լինելու՝ մոտ 20 հատ, միայն Վրաստանից սպասում են 4-5 ինքնաթիռ, կլինեն օդանավեր Ռուսաստանից, Գերմանիայից, իսկ մյուսները՝ Հայաստանից: Մեր երկիրը կներկայացնեն թե՛ տարբեր տեսակի ինքնաթիռներ, թե՛ այլ թռչող միջոցներ՝ ուղղաթիռ, օդապարիկ, պարապլան, դրոն, ավիամոդել: Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը հրավերներ է ուղարկել պետական գերատեսչություններին, այդ թվում՝ նախարարներին, փոխնախարարներին, դեսպաններին, նաեւ՝ վարչապետին (Air Fest V Yeghvard-ի օրակարգը՝ այստեղ):
Կազմակերպիչներն ակնկալում են 4-5 հազար հյուրի ներկայություն: «1000 հոգի էլ լինեն, լավ է, բայց հաստատ շատ են լինելու, քանի որ թռիչքուղին Երեւանին մոտ է»,- նշում է Ա. Սարգսյանն ու հավելում, որ օդապարիկով կապված թռիչքներն անվճար կլինեն, իսկ մնացածը՝ վճարովի (տոմսերը՝ այստեղ):
«Փառատոնի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ ընդհանուր ավիացիան արժանի է գոյության: Մարդու կյանքում ամենաթանկը ժամանակն է, իսկ ավիացիան թույլ է տալիս խնայել ժամանակը, մարդիկ կարող են օդանավն օգտագործել որպես փոխադրամիջոց, ու փառատոնի իմաստն այն է, որ օդանավ ունենալն ու օդաչու դառնալը հասանելի են մարդկանց: Սա ընտանեկան միջոցառում է, ընտանիքով գալու առիթ է, քանի որ հետաքրքիր կլինի բոլորի համար,- ասում է ավիատոր Արմեն Սարգսյանն ու եզրափակում,- թռիչքը երազանք է, շատերը երազում են թռնել, էստեղ լինելը մարդկանց մոտեցնելու է այս երազանքին, թող գան, տեսնեն օդանավերն ու օդաչուներին, տեսնեն, թե ոնց են երազանքներն իրականանում»:
Եղվարդի թռիչքուղու եւ հանգարի լուսանկարները՝ հեղինակի
Առաջին լուսանկարը՝ Air Fest IV Stepanavan փառատոնից
Մեկնաբանել