HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով: Գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով: 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանած ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ:

Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Առանձնատունը վաճառվում էր 2022-ից

Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին գույքը վաճառքի էին հանել 63,5 մլն դոլարով:

Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց էր ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում էին ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում էր, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում էին կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում էին փոխառություն։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել էին տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձեր տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ:

Այս ֆոնին 2022 թ. հունիսին գնորդ հայտնվեց: Խաչատրյանների՝ վաճառքի հանված տան վերաբերյալ նշվում էր «under contract», «active under contract» կամ «accepting backup offers», ինչը նշանակում էր, որ ֆինանսների նախկին նախարարի որդիները համաձայնություն էին ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէր, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց գնային առաջարկները:

Այդուհանդերձ, 2022-ի նոյեմբերի սկզբին տունը հանվեց վաճառքի շուկայից, բայց նույն ամսվա վերջում նորից հայտնվեց շուկայում: Այս անգամ Խաչատրյանները գինն իջեցրել էին 7,5 մլն դոլարով՝ դարձնելով 56 մլն դոլար: Սակայն այդպես էլ գնորդ չհայտնվեց:  

2023 թ. օգոստոսին երկրորդ անգամ տան գինն իջեցվեց, այս անգամ՝ 9,5 մլն դոլարով՝ դառնալով 46,5 մլն դոլար: Բայց այս անգամ եւս գույքը գնորդ չունեցավ:

2023-ի նոյեմբերին տունը կրկին հանվեց անշարժ գույքի շուկայից, բայց դեկտեմբերին նորից դրվեց վաճառքի: Նոր գինը սահմանվել էր 39.750.000 դոլար:

Ամերիկյան արդարադատությունն ու Խաչատրյանները համաձայնություն էին ձեռք բերել

2024 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազությունն այս տան վերաբերյալ հաղորդագրություն տարածեց: Ըստ այդմ՝ հունիսի 14-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել, իսկ դատարանի՝ հունիսի 30-ի որոշմամբ համաձայնությունը հաստատվել էր:

«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:

Սրանից շատ չանցած՝ ԱՄՆ-ում Խաչատրյան եղբայրների շահերը պաշտպանող Vinson & Elkins ընկերությունը հայտարարեց, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 2024 թ. հունիսի 11-ին դադարեցրել է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: «Հետաքննության դադարեցման եւ բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը եւ Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաեւ բռնագանձման մասով չկատարված պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի, եւ ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջեւ: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել էին Խաչատրյանների փաստաբանները:

Ո՞վ է ձեռք բերել Խաչատրյանների տունը

Գույքն օտարելու համաձայնությունը ձեռք բերելիս այն շուկայում առաջարկվում էր 39.750.000 դոլարով, սակայն ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի վաճառքի ամերիկյան բաց հարթակներից, հունվարի 7-ին Խաչատրյանների առանձնատունը վաճառվել է «մի փոքր» ավելի էժան՝ 36.000.000 դոլարով:

Գնորդն ամերիկյան Onni 530 S Mapleton LLC-ն է, որը գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգում: Այս նահանգը, այսպես կոչված, հարկային դրախտ է կամ օֆշորային գոտի: Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, բայց քանի որ անվան մեջ առկա է Խաչատրյանների արդեն նախկին տան հասցեն (530 South Mapleton Drive), կարելի է ենթադրել, որ Լոս Անջելեսում գտնվող թանկարժեք առանձնատունը ձեռք բերելու ֆոնին դելավերյան ընկերությունը անվանափոխվել է դրա հասցեի անունով:

Ընդ որում՝ Onni 530 S Mapleton LLC-ն ունի կալիֆոռնիական մասնաճյուղ, որը գրանցվել է 2024-ի դեկտեմբերի 5-ին, այսինքն՝ Խաչատրյանների տունը գնելուց հաշված օրեր առաջ: Չի բացառվում, որ այն բացվել է կոնկրետ նպատակով՝ վիլլայի ձեռքբերման գործարքն իրականացնելու եւ/կամ տունը կառավարելու, տնօրինելու համար:

Onni 530 S Mapleton LLC-ի արմատները տանում են կանադական Վանկուվեր քաղաք: Եվ դա պատահական չէ, քանի որ այն կանադական Onni Group-ի մաս կազմող ընկերություններից է: Անշարժ գույքի ոլորտում գործունեության ծավալող այս խումբը հիմնադրել է իտալական արմատներով գործարար, մուլտիմիլիոնատեր Ինոչենցո Դե Կոտիսը (Innocenzo De Cotiis): Onni Group-ը շինարարական նախագծեր է իրականացրել եւ անշարժ գույք է տնօրինում ԱՄՆ Լոս Անջելես, Սիեթլ, Չիկագո, Ֆենիքս, ինչպես նաեւ Կանադայի Տորոնտո ու Վանկուվեր քաղաքներում:

Խաչատրյանների տան ձեռքբերման 36 մլն դոլար գումարից 14 մլն-ը վարկ է: Ընդ որում՝ տունը 2024 թ. գնահատվել է 36.788.587 դոլար, որի հիման վրա հաշվարկվել է 444 հազ. դոլար գույքահարկ (այս գնահատումն արվում է միայն հարկային նպատակներով եւ տարբերվում է գույքի շուկայական արժեքից): Փաստորեն, կանադացի ներդրողների վճարած գինը շատ չի տարբերվում գույքի գնահատված արժեքից: Մյուս կողմից, նկատենք, որ անշարժ գույքի վաճառքով զբաղվող ամերիկյան տարբեր կայքերի գնահատականները Խաչատրյանների նախկին տան շուկայական արժեքի վերաբերյալ եւս հեռու չեն գործարքի՝ 36 մլն դոլար գնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter