2025-ին «Զվարթնոց» օդանավակայանը ռեկորդ է սահմանել
2025 թ. Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, սպասարկել է 5.615.789 ուղեւորի, ինչը ռեկորդ է օդանավակայանի համար: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:
«Զվարթնոցը» կարողացել է գերազանցել 2023-ին գրանցած ցուցանիշը (5.330.308):
Եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա ուղեւորահոսքի կորն այս անգամ էլ ունի ավանդական տեսք: Ամենապասիվ ամիսը փետրվարն է, ամենաակտիվը՝ օգոստոսը: Ընդ որում, ինչպես կարելի է տեսնել ստորեւ, 2025-ի օգոստոսին «Զվարթնոցում» գրանցվել է աննախադեպ ուղեւորահոսք՝ մեկ ամսում 667.844 մարդ:
Նկատենք, որ նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել է 2.805.078 մարդ, ժամանել՝ 2.810.711 ուղեւոր:
2025-ին Երեւանի գլխավոր օդանավակայանով տեղափոխվել է 42.679 տոննա բեռ եւ փոստ: Սա եւս գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշները: Այսպես՝ 2022-ին «Զվարթնոցով» տեղափոխվել էր 23.340 տոննա բեռ եւ փոստ, 2023-ին՝ 33.850 տոննա, իսկ 2024-ին՝ 42.235 տոննա: Ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում տարեցտարի բեռնափոխադրման ծավալներն աճում են:
Ընդ որում՝ 2025-ին «Զվարթնոցով» առաքվել է 23.079 տ բեռ ու փոստ, ներմուծվել՝ 19.600 տ:
2024-ի համեմատ աճ է գրանցվել նաեւ թռիչքների ու վայրէջքների սեգմենտում: Եթե այդ տարի «Զվարթնոցում» արձանագրվել էր 39.168 թռիչք ու վայրէջք, ապա 2025-ին այդ ցուցանիշը եղել է 41.999 (21.000 թռիչք + 20.999 վայրէջք): Այս առումով առավել հաջող էր 2023 թվականը, երբ գրանցվեց 43.485 թռիչք ու վայրէջք: Բայց եթե 2025-ին ավելի շատ ուղեւոր է փոխադրվել, քան 2023-ին, նշանակում է, որ նախորդ տարի օդանավերն ավելի ծանրաբեռնված են եղել, եւ/կամ դրանք ավելի տարողունակ են եղել 2023-ի համեմատ:
Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներին, իսկ Կապանի «Սյունիք» օդանավակայանի 2025 թ. ուղեւորահոսքի մասին կարող եք կարդալ այստեղ:
Տես նաեւ՝
- 2024-ին «Զվարթնոցը» չի կարողացել հասնել 2023-ի ռեկորդային ուղեւորահոսքին
- «Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին
- «Զվարթնոց» օդանավակայանը 2022-ին ռեկորդներ է գրանցել
- «Զվարթնոցի» ցուցանիշները «վերակենդանացում» են հուշում, բայց մտահոգիչը մեկնածների զգալի մեծ թիվն է
- Կորոնավիրուսի ու պատերազմի տարում «Զվարթնոց» օդանավակայանը հակառեկորդներ է գրանցել
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ «Զվարթնոցի» ֆեյսբուքյան էջից (հեղ.՝ Սաշա Մկրտչյան)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել