HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

4.4% աճ՝ 9 ամսում. Հայաստանի տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, ռիսկերն՝ ավելանում

2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով։ Ակնհայտ է, որ ապրիլ-մայիս ամիսներից հետո տնտեսության բոլոր ոլորտներում աճի տեմպը թուլացել է։

Եթե Հայաստանում համավարակային իրավիճակը չկարգավորվի՝ չնվազեն մահերի ու վարակվածների թվերը, նոր սահմանափակումներ կլինեն, և այդ ամենը իր հետ կբերի տնտեսական նոր խնդիրներ։ «Հետք»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Վերջին երկու ամսվա ընթացքում պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսության ակտիվության աճը գնալով դանդաղում է։ Եթե 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, երկնիշ տեմպերով է աճել, ապա դրանից հետո աճը դանդաղել է։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին ՏԱՑ-ն աճել է ընդամենը 2.4%-ով։

«Նախորդ ամիսների բարձր աճերը պայմանավորված էին նրանով, որ համեմատում էինք 2020 թվականի ավելի անկումային ամիսների հետ։ Հետո, երբ սկսեցինք համեմատվել այն ամիսների հետ, երբ աստիճանաբար դուրս էինք եկել «լոքդաունից» ու մտել վերականգնման փուլ, արդեն ավելի փոքր աճեր են գրանցվում»,- ասում է տնտեսագետը։ 

Հայաստանի տնտեսությունը, թեև 2020 թվականի 7.4% տնտեսական աճից ու շոկերից հետո աճի միտումներ է ցույց տալիս, սակայն ոլորտների գերակշիռ մասը դեռևս լիարժեք չի վերականգնվել և չի վերադարձել նախաքովիդյան 2019 թվականի մակարդակին։

ՔՈՎԻԴ-19-ի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը լուրջ ռիսկ է տնտեսության վերականգնման համար։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, մահացել է 38 մարդ:

Ըստ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունը կարող է վերականգնվել մինչև հաջորդ տարվա՝ 2022 թվականի կեսը։ Սակայն, ըստ Արմեն Քթոյանի, հաշվի առնելով համավարակով պայմանավորված այսօրվա իրավիճակը, տնտեսության վերականգնումը կարող է հետաձգվել և եկող տարվա երկրորդ կեսից էլ ուշ լինել։

«Մի շարք ոլորտներում այդ ռիսկերը լուրջ դեր են խաղում։ Օրինակ՝ մենք խոսում ենք Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ավելացման մասին, սակայն համավարակի այսօրվա վիճակի պատճառով արտասահմանյան երկրների համար մենք այս պահին վտանգավոր գոտի ենք համարվում։ Անորոշությունը բավականին մեծ է, մասնավոր ներդրումների մոտ սպասողական վիճակ է, մենք դեռևս չենք հաղթահարել համավարակը, և դա էապես ազդում է տնտեսության վրա։ Նոր «լոքդաունի» փուլի մեջ ենք մտնում, ու դա ևս տնտեսական կանխատեսումների վրա ազդող լուրջ գործոն է։ Մեր գործընկեր շատ երկրներում համավարակի հաղթահարման խնդիրը մեծ մասամբ լուծված կարելի է համարել, իսկ մեզ մոտ պատվաստումների շատ ցածր տոկոս է»,- նկատում է տնտեսագետը։

Տարվա առաջին ինն ամիսների (2021թ. հունվար-սեպտեմբեր) կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով։ Համեմատաբար բարձր աճ է գրանցվել շինարարության (6.4%), ծառայությունների (5.4%) և ներքին առևտրաշրջանառության (6.4%) ոլորտներում։ Արդյունաբերության աճը բավականին թույլ է ( 0.7%), իսկ գյուղատնտեսությունը անկում է ապրում (-1.5%):

Ակնհայտ է, որ ապրիլ-մայիս ամիսներից հետո տնտեսության բոլոր ոլորտներում աճի տեմպը թուլացել է:

Արդյունաբերության ծավալները վերջին երկու ամիսներին՝ օգոստոս-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կրճատվում են (տե ՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան): Եթե նախորդ ամիսներին հանքարդյունաբերության աճը «փրկում» էր ամբողջ արդյունաբերությունը, այսինքն՝ դրա հաշվին ամբողջ արդյունաբերության ծավալն աճում էր, ապա օգոստոս-սեպտեմբերին բացասական դինամիկա է գրանցում նաև հանքարդյունաբերությունը։ Շարունակվում են կրճատվել մշակող արդյունաբերության ծավալները։ 

«Հանքարդյունաբերության մասով՝ մենք համեմատվում ենք 2020 թվականի այն ժամանակահատվածի հետ, երբ արդեն գները բարձր էին։ Իսկ մշակող արդյունաբերության նվազումը պայմանավորված է մի քանի առանձին ճյուղերով, որոնք լուրջ անկումներ են արձանագրում, օրինակ՝ ծխախոտագործությունը։ Այս ոլորտը էական մասնաբաժին ունի մշակող արդյունաբերության կազմում, այդ պատճառով էլ դրա անկումը մեծ ազդեցություն է թողնում ընդհանուր մշակող արդյունաբերության վրա։ Այդպիսի անկումային և համեմատաբար մեծ մասնաբաժին ունեցող ոլորտ է նաև հիմնային մետաղների արտադրությունը։ Փոխարենը դրական դինամիկա է նկատվում սննդի և խմիչքի արտադրության ոլորտներում»,- նշում է Արմեն Քթոյանը։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս պահին առավել մեծ տեմպով աճում են ծառայությունները։ Շինարարությունն ու առևտուրը ավելի դանդաղ են աճում։ Իսկ գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ, հետևաբար ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում գյուղատնտեսությունը բացակայում է։

Արմեն Քթոյանը նկատում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսական կյանքում, աննախադեպ է՝ համավարակի տարածում, «լոքդաուն», հասարակության, բիզնեսի վարքագծի փոփոխություն և այլն։

Ըստ նրա՝ հասկանալու համար գոհացուցի՞չ է ինն ամսվա ընթացքում գրանցված 4.4% ՏԱՑ-ի աճը, թե՞ ոչ, պետք է համեմատել ակնկալիքների հետ։

«Եթե դիտարկում ենք առավել լավատեսական սցենարները, ըստ որոնց ակնկալվում էր երկնիշ տնտեսական աճ, բնականաբար 4.4%-ը գոհացուցիչ ցուցանիշ չէ։ Մյուս կողմից էլ կար հոռետեսական սցենար, ըստ որի՝ 2020 թվականին գրանցված տնտեսական անկումը կարող էր շարունակվել նաև 2021 թվականին։ Թեև հիմա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի դանդաղում ունենք, սակայն ինն ամսվա կտրվածքով 4.4% աճը հոռետեսական այդ սցենարի համեմատ վատ արդյունք չէ»,- նկատում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը 6.1%-ով կաճի, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ 5.4%։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter