
Բրյուսելում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում այսօր կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես սպասվում է, եռակողմ բանակցությունների ժամանակ, ըստ ԵԽ տարածած հաղորդագրության, կքննարկվեն «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»։
Այս հանդիպման մասին հայտնի էր դարձել մարտի 30-ին, երբ Շառլ Միշելի հանդիպումների օրացույցում կատարված թարմացումից հետո հայտնի դարձավ, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չէին փոխանցվում։
Մարտի վերջին խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ Ալիևը հույս էր հայտնել, որ դրանք արդյունավետ կլինեն։ «Արդեն այդպիսի մի քանի հանդիպում է եղել։ Մենք պետք է առաջ շարժվենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրենք»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
Նույն մտադրությամբ Բրյուսել է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը։
Սա Փաշինյան-Ալիև բանակցություններում Եվրոպական խորհրդի նախագահի առաջին միջնորդությունը չէ։ Նախորդ անգամ նույն ձևաչափով կողմերը հանդիպել էին նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին դարձյալ Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։
Այս հանդիպմանը նախորդում է Արցախում առկա լարվածությունը:
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կոչ էր ուղարկել ադրբեջանական կողմին, որպեսզի վերջինս զորքերը հետ քաշի նախորդ օրերին Ասկերանի շրջանում գրաված տարածքներից։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համատեղ հայտարարության դրույթները, ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ Փառուխ գյուղի մոտակայքում «Bayraktar-TB 2» անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված միավորումներին։
Այս պահին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կարգավորման և զորքերի՝ ելման դիրքեր վերառնալու համար։ Ադրբեջանական կողմին ուղարկվել է զորքերի հետքաշման կոչ»,- ասվում էր ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հաջորդ օրը ռուսական կողմը հայտարարեց, որ ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխից, սակայն, ըստ Արցախի ՊԲ-ի, նրանք շարունակում են գտնվել Քարագլխի մի հատվածում։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։
Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.
- Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
- Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
- Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
- Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
- Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
Ինչպես ընդգծել էր ՀՀ վարչապետը, Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների անհապաղ մեկնարկին։ Նա կարևորել էր սահմանների սահմանազատման ու սահմանագծման մեկնարկի կարևորությունը, սակայն, հավելել, որ սահմանների սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ստեղծմանը պետք է նախորդեն քայլեր, որոնք ուղղված են կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
«Մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը։ Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- մարտի 24-ին կառավարության նիստի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ալիևի խոսքով էլ՝ Երևանին արված հինգ կետանոց առաջարկն «արտացոլում է միջազգային իրավունքի նորմերը»։ Նրա կարծիքով հենց դրանց ապահովումը «Կովկասում խաղաղություն կբերի»։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել