HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Փաշինյանի հանձնարարականով՝ կուսումնասիրվեն նաև կառավարության՝ զինծառայությունից ազատված պաշտոնյաների գործերը

Վարչապետի հանձնարարականով կուսումնասիրվի նաև կառավարության տասնյակ անդամների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հետք»-ի հարցին, թե արդյոք կառավարության անդամների՝ զինծառայությունից ազատման հիմքերը ստուգելու հանձնարարականի շրջանակում ներառվել են նաև կառավարության անդամները, արդյոք բացառում է, որ թիմում ևս լինեն անձինք, ովքեր ազատվել են զինծառայությունից ապօրինի հիմքերով և արդյոք այդ դեպքում էլ կպնդի, որ կոռուպցիայի և անարդարության հետ կոմպրոմիս չի լինելու։

«Բոլոր դեպքերում եմ ես դա պնդում»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև իր զինծառայությունից ազատմանը։ «Ես էլ եմ ժամանակին ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, դրա վերաբերյալ մի քանի անգամ աղմուկ է եղել մամուլում, հիմա էլ եմ ուզում ասել, որ դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված «Զինապարտության մասին» օրենքի համաձայն, երբ երկու եղբայրները ծառայած են լինում, երրորդն ազատվում է, այսինքն՝ մեր պետությունը հարկ չի համարել այդ կատեգորիայի մարդկանց զորակոչել բանակ․․․ Մյուսների պարագայում ես իհարկե բոլոր դեպքերը չգիտեմ, բայց մենք էնքան շատ բան ունենք ուսումնասիրելու, այո, ամեն ինչ էլ կուսումնասիրվի, և բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է՝  կոռուպցիայի հետո կոմպրոմիս չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեր դիտարկմանը, որ դեռ ամառվանից իր հանձնարականով պաշտոնյաների զավակների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ստուգվում է, սակայն մինչ այս պահը հայտնի է եղել միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների դեպքը, ու երկու դեպքով էլ դեռ նախաքննություն է ընթանում, արդյոք այլ դեպքեր չե՞ն եղել, ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացվել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Այս ընթացքում տասնյակ դեպքեր են եղել, որ ստուգվել են, այդ դեպքերով զբաղվում են դատախազությունը և իրավապահ մարմինները, ես ճիշտ չեմ համարում անհարկի անընդհատ միջամտել այդ գործընթացին, ժամանակ առ ժամանակ, երբ կամփոփվեն արդյունքները, դրանք կներկայացվեն։ Ձեր նշած դեպքը կա, քրեական գործ է հարուցված, բայց նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին բանակում ծառայում են, ներառյալ իմ որդին․․․ Գրել էին վարձով տուն եմ ման գալիս, լավ է՝ չէին գրել առանձնատուն եմ կառուցում, որ էնտեղ ապրի, ես ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, նույնիսկ էդ լուրերի հեղինակները գիտեն, որ գրում են բացարձակ ստի մասին»։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իր որդին զորամասում է ծառայում, սովորական շարքային զինծառայողի նման է ծառայում, «100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի ԶՈՒ շարքայինը»։

«Ընթացակարգերով նախատեսված է, որ ինքը պետք է որոշակի ուսումնական զորամասում ծառայության տեղափոխվի ինչ-որ ժամանակահատված, բայց ես խնդրել եմ, որ նա իր զինծառայության վայրը չփոխի, եթե մի քանի ամսով ծառայի Հայաստանում, ինչպիսի մեծ աղմուկ կառաջանա, կասեն՝ շոու է, Մարիոթում է ծառայում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո որևէ պաշտոնյա չի դիմել իրեն՝ խնդրելով որդու համար ավելի հեշտացված պայմաններով զինծառայություն կամ տարկետում։ Այս հարցով դիմումներ ստացել է արվեստագետներից, որոնց դիմումներին ընթացք է տրվել․ մի մասը մերժվել է, մի մասը՝ բավարարվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter