HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում գրանցված ընդամենը 20 օդանավ կա

Դեկտեմբերի 29-ի դրությամբ ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված է 20 օդանավ՝ 15 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ եւ 2 օդապարիկ: Այս մասին տեղեկանում ենք քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկից:

Շեշտենք, որ մի ամբողջ պետության համար ընդամենը 20 օդանավ ունենալը մեղմ ասած պատվաբեր չէ: Այդուհանդերձ, այս պատկերը նորություն չէ, եւ արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրի օդանավերի թիվը տատանվում է ընդամենը 2-4 տասնյակի միջակայքում, ինչը միջին հզորության ավիաընկերության շարժակազմի չափ է: «Հետքի» նմանատիպ նախորդ անդրադարձներին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ

Նշված օդանավերից պետական է միայն կառավարական բորտը՝ «Հայաստան 701» գրանցումով «Airbus A319» ինքնաթիռը, որը սպասարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ինքնաթիռը գրանցված է քաղավիացիայի կոմիտեի հաշվեկշռում: Կառավարական ինքնաթիռի մասին «Հետքը» նախկինում շատ է գրել: Որոշ մանրամասների առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

Մյուս օդանավերի սեփականատերերն ու շահագործողները մասնավոր ընկերություններ կամ ֆիզիկական անձինք են:

«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն շահագործում է 2 օդանավ՝ «Boeing 737-500» (EK-73736) եւ «Boeing 737-700» (EK-73786): «Արմենիան» մեր երկրի այն եզակի ընկերություններից է, որոնք կանոնավոր միջազգային ուղեւորափոխադրումներ են կատարում: Այս եւ ստորեւ ներկայացվող ընկերություններին եւս նախկինում անդրադարձել ենք: «Արմենիայի» ինքնաթիռների մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ սեփականատերերի մասին՝ այս հղումով

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ի հաշվեկշռում գրանցված է 3 հատ «Airbus A320» (EK-32002, EK-32003, EK-32008) եւ 1 «Իլ-76» (EK-76074), սակայն այս ընկերությունը սեպտեմբերի 15-ին սնանկ է ճանաչվել: Ընդ որում՝ սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ավիափոխադրողի գլխավոր գործընկերը՝ «Յունիբանկը», որն, ըստ օպերատորին ու ավիացիային առնչություն ունեցող անձանց, ավիաընկերության փաստացի սեփականատերն է: «Ատլանտիսը» ներքաշված է մի շարք դատական գործերում, այդ թվում՝ իր նախկին աշխատակիցների եւ գործընկերների հետ: Նշենք նաեւ, որ azdarar.am-ում հրապարակված նախնական ցուցակում կա «Ատլանտիսի» 73 պարտատեր, որոնց մեծ մասը ֆիզիկական անձինք են:

Չնայած ֆինանսական խնդիրների պատճառով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունն օգոստոսին կասեցվել էր, իսկ 3 օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատները հետ էին կանչվել, եւ դրանք թռչելու իրավունք չունեին, սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում EK-32002-ի եւ EK-32008-ի գործունեությունը վերականգնվեց: Նրանց ավելացան նաեւ «Ատլանտիսի» շարժակազմ մտած «Իլ-76»-ը (EK-76074) եւ նախկինում «Տարոն-Ավիայի» կողմից շահագործված EK-73797 համարով «Boeing 737-500» ինքնաթիռը, որը «Ատլանտիսի» կազմում գրանցվեց որպես EK-73737 (ներկայում այս բորտը գրանցված է «Շիրակ Ավիայի» անունով): Այս 4 օդանավերը կարեւոր փոխադրումներ էին կատարում պատերազմի օրերին, բայց մանրամասներին հասկանալի պատճառներով չենք անդրադառնա: Այս պահին «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ընկերության կազմում առկա 4 ինքնաթիռները (EK-32002, EK-32003, EK-32008 եւ EK-76074) թռչելու իրավունք չունեն, քանի որ չունեն թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ավելին՝ «Իլ-76»-ի գրանցումը հայկական ռեգիստրում ավարտվում է վաղը՝ դեկտեմբերի 31-ին: Այսինքն՝ եթե գրանցումը չերկարացվի, այն պետք է դուրս բերվի ռեգիստրից՝ ապագրանցվի:

Իր շարժակազմում մեկ ինքնաթիռ ունի («BAe 146-300», հայկական գրանցումը՝ EK-14601) «Արմենիա Էյրվեյզ» ՓԲԸ-ն, որը վերոնշյալ «Ավիակոմպանիա Արմենիայի» պես կատարում է միջազգային ուղեւորափոխադրումներ: Ճիշտ է, այս դեպքում խոսքը միայն մեկ ուղղության՝ Թեհրանի մասին է: Ավիաընկերության սեփականատիրոջ մասին կարող եք կարդալ այստեղ:

«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն, որը փոխել է անունը՝ դառնալով «Սմարթ Էյրլայնզ», իր հաշվեկշռում ունի 1 հատ «Իլ-76» (գրանցումը՝ EK-76345): Այս բեռնատար ինքնաթիռը եւս պատերազմի օրերին կարեւոր թռիչքներ էր կատարում, որոնց մանրամասներին չենք անդրադառնա: Օդանավն ընկերության կազմում այս պահին գրանցված է մինչեւ դեկտեմբերի 31-ը, որից հետո կա՛մ գրանցումը կերկարացվի, կա՛մ կփոխի օպերատորին, կա՛մ դուրս կբերվի ռեգիստրից: Հիշեցնենք, որ նախկինում այս ավիաընկերության շարժակազմում էր գտնվում Երեւան-Կապան թռիչքների համար նախատեսված «L-410» օդանավը (EK-4117): Երկու «Ատլանտիսների» (սրա եւ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի») ընդհանուր անցյալին եւ տերերին նախկինում անդրադարձել ենք: Հավելենք, որ թե՛ ՔԱԿ-ի, թե՛ IATA-ի կայքերում ավիափոխադրողն առայժմ ներկայացված է հին անունով՝ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ»:

«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն շահագործում է 3 ուղղաթիռ՝ «Robinson R66» (գրանցումը՝ EK-H001), «H130 T2» (EK-H002) եւ «H125» (EK-H004): Նախկինում ընկերության կազմում գրանցվել է եւս 2 ուղղաթիռ, որոնք, սակայն, հետո դուրս են բերվել հայկական ռեգիստրից: Ավիափոխադրողի պարկի մասին «Հետքի» հոդվածները կարող եք կարդալ այստեղ, իսկ սեփականատերերի մասին՝ այս հղումով:

«Սքայբոլ» ՍՊԸ-ն գրանցել է «АТ104» տիպի 2 ջերմային աերոստատ՝ «Х55ТА» եւ «90ТА» մոդելների (հայկական գրանցումները՝ EK-B001 եւ EK-B002): Ընկերության սեփականատիրոջ մասին նախկինում գրել ենք: «Արմենիան Հելիքոփթերս» ուղղաթիռային օպերատորի նման «Սքայբոլն» իր տեսակի մեջ միակն է մեր երկրում, այսինքն՝ միայն այս ընկերությունն է օդապարիկներ շահագործում:

«ՆովԷյր» ՍՊԸ-ն ունի 1 ինքնաթիռ: Խոսքը վերը նշված «L-410UVP-E20» օդանավի մասին է (EK-4117), որն, ինչպես ասվեց, նախկինում գրանցված էր «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզի» կազմում եւ նախատեսված է Երեւան-Կապան թռիչքների համար: «ՆովԷյրի» մասին արդեն գրել ենք՝ նշելով, որ այն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է այս տարվա հոկտեմբերին եւ նույն ամսում էլ ՔԱԿ-ի կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական: Հիշեցնենք, որ ՕՇՎ ունեցող 8 ընկերություն կա Հայաստանում: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, որը թույլ է տալիս իրականացնել առեւտրային փոխադրումներ: Այս 8 ընկերությունները, բացի «Սքայբոլից», ունեն IATA-ի եւ ICAO-ի կոդեր, որոնք կիրառվում են միջազգային թռիչքների ժամանակ («Արմենիան Հելիքոփթերսը», որը կանոնավոր փոխադրումներ չի կատարում, ունի միայն ICAO-ի կոդ): «ՆովԷյրը» ICAO-ից NAI կոդը ստանալուց հետո կոդ է ձեռք բերել նաեւ IATA-ից՝ NG:

«ՖլայՄի» ՍՊԸ-ն գրանցել է «Cessna F177RG» տեսակի 1 ինքնաթիռ (EK-FLY), սակայն ընկերությունն այս պահին չունի օդանավ շահագործողի վկայական: «Հետքը» գրել է այս փոխադրողի ստեղծման պատմության մասին, չնայած հետագայում սեփականատերերի կազմում փոփոխություն է եղել:

Նմանատիպ մեկ այլ ինքնաթիռ՝ «Cessna F172G» (EK-SKY), գրանցված է օդաչու Անատոլի Դավթյանի անունով, չնայած նախկինում այն գրանցված էր Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանի անունով, ով էլ օդանավը բերել էր Հայաստան: EK-SKY-ի հետ կապված որոշ ծրագրերի մենք արդեն անդրադարձել ենք:

«Մեյն Ավիէյշն Տեքնիքս» ՍՊԸ-ին պատկանող «Diamond DA40-TDI» ինքնաթիռի մասին (EK-225) եւս գրել ենք տարբեր առիթներով: Օդանավն արդեն երկար ժամանակ է, ինչ չի շահագործվում եւ չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ: Դրա մասնակցությամբ առերեւույթ չարաշահումների եւ դրանց հետեւանքով հարուցված քրեական գործի մասին նույնպես գրել ենք:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին էլ կարող ենք հայկական ավիացիայի նորեկ համարել: Չնայած ընկերությունն ունի ՕՇՎ, դրա գործողությունը ժամանակավոր կասեցված է, ինչի պատճառների մասին վերջերս գրել ենք: Ընկերությունը նոյեմբերի 26-ին Ուկրաինայից Հայաստան էր բերել իր առաջին ինքնաթիռը («Boeing 737-400»), որն ավելի քան մեկ ամիս մնացել էր ուկրաինական UR-CNP գրանցումով: Եվ ահա ՔԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 28-ին այդ օդանավը մտցվել է հայկական ռեգիստր որպես EK-FAB: Տարօրինակ է, բայց ուկրաինական ռեգիստրում մինչեւ հիմա կարելի է գտնել UR-CNP-ի տվյալները, այնինչ ՀՀ-ում գրանցվելու դեպքում ինքնաթիռը պետք է որ ապագրանցված լինի Ուկրաինայից: Հետաքրքիր է նաեւ, որ IATA-ի կայքում այս պահին չի երեւում ավիաընկերությանը տրված VF կոդը: 

Եվ վերջին օդանավը, որին վերեւում անդրադարձանք, նախկինում, մասնավորապես, «Տարոն-Ավիայի» ու «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» կողմից շահագործված «Boeing 737-500» տեսակի ինքնաթիռն է (նախկին հայկական գրանցումները՝ EK-73797 եւ EK-73737): Երեկ՝ ամսի 29-ին, այս բորտը գրանցվել է «Շիրակ Ավիա» ՍՊԸ-ի անունով որպես EK-SHA: Այս ընկերությունն էլ, ինչպես գործունեությունը դադարեցրած «Տարոն-Ավիան», պատկանում է ավիատոր Գառնիկ Պապիկյանին: Չնայած հատկապես «Տարոն-Ավիայի» մասին շատ ենք գրել, առաջարկում ենք այս երկու ավիաընկերությունների վերաբերյալ ամփոփ պատկերացնում կազմելու համար կարդալ այս հոդվածը

Ամփոփելով 2020 թվականը՝ կարող ենք միանշանակ ասել, որ այն շատ բարդ տարի էր հայկական ավիացիայի համար: Եթե կորոնավիրուսի համավարակի պատճառով անկում ունեցավ ամբողջ աշխարհի տնտեսությունը, ապա ամենաշատը տուժած ոլորտներից մեկը հենց ավիացիան էր, որը մեծապես կախված է մարդկանց տեղաշարժից: Բնականաբար, անմասն չմնաց նաեւ հայկական ավիացիան, որի ներկայացուցիչներից միայն երկու «Արմենիաներն» են այս պահին միջազգային ուղեւորափոխադրումներ կատարում: Մեծապես տուժել է Երեւանի «Զվարթնոց» ու Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ուղեւորահոսքը: Պակաս ցավալի չէր այն, որ 2019 թվականին կատարված բացահայտումներից հետո ԵՄ-ն այս տարվա հունիսից արգելեց հայկական գրանցումով օդանավերի մուտքն իր երկինք, ինչը մեծ հարված էր ոչ միայն տնտեսական առումով, այլեւ սեւ բիծ հայկական ավիացիայի անվան վրա:

Դրական զարգացումներից կարող ենք առանձնացնել Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերակառուցումը: Օդանավակայանը սերտիֆիկացվել է քաղավիացիայի կոմիտեի կողմից, բայց Երեւան-Կապան թռիչքների մասին առայժմ խոսք չկա: Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված լարված իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ օդանավակայանի վրա, քանի որ անկհայտորեն կա անվտանգության խնդիր. կառույցը գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ: Չնայած դրան՝ ՔԱԿ-ը հայտնել է, թե Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքների անվտանգությունն ապահովված է: 

Լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (zvartnots.aero)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter