HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսագետ. «Բնակչության մեծամասնության վիճակը 2021 թվականին շարունակել է վատթարանալ»

2021 թվականը Հայաստանի տնտեսության համար խիստ անկայուն տարի է եղել։ 2020 թվականի շոկերից ու անկումներից հետո տնտեսությունը վերականգնման «համեստ» տեմպեր է ցույց տվել, բայց դրա արդյունքում մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ չի դարձել, խանգարել են աշխատավարձերի ցածր աճն ու բարձր գնաճը, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով: Սա ավելի ցածր ցուցանիշ է, քան նախատեսված է եղել Կառավարության ծրագրով և շատ ավելի ցածր, քան ակնակալում էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Կառավարության հնգամյա ծրագրով իշխանությունները 2021-ի և դրան հաջորդող չորս տարիների համար ակնկալում էին առնվազն  7% տնտեսական աճ: Ամբողջ տարվա ընթացքում էլ ամենալավատեսը շարունակեց մնալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն ակնկալում էր երկնիշ տնտեսական աճ և իր հարցազրույցներում բազմիցս կրկնել է այդ միտքը:

2022 թվականի հունվարին, երբ արդեն ակնհայտ էր, որ երկնիշ աճ չի գրանցվելու, նախարարը հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում իր` հրաժարական տալու հայտարարությունը կատակ է եղել։ 

Իսկ Կենտրոնական բանկն էլ կանխատեսում էր 4.2% տնտեսական աճ

Փաստացի թե՛ կառավարությունը, թե՛ Էկոնոմիկայի նախարարը, թե՛ Կենտրոնական բանկը սխալվել են կանխատեսումներում: 

Չնայած տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) ու ՀՆԱ-ն հաշվարկվում են տարբեր եղանակներով, սակայն երկու դեպքում էլ շատ մոտ են լինում: Տնտեսական աճը նույն ՀՆԱ-ի աճն է, որը Վիճակագրական կոմիտեն կհրապարակի մոտ մեկ ամիս անց, իսկ առայժմ հրապարակված ՏԱՑ-ի ցուցանիշը վկայում է, որ տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, 5-6%-ի շրջանակներում կլինի: 

Ատոմ Մարգարյանը նկատում է, որ թե՛ նախարարի, թե՛ կառավարության ծրագրով հայտարարված կանխատեսումները  իրականությունից կտրված և  պատասխանատվություն չենթադրող ձևակերպումներ են։  

«Էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուներին չէր խանգարի լրջորեն կրթվել։ Լավ կլինի ձեռնպահ մնան ամպագորգոռ հայտարարություններից։ Վերջին առնվազն մեկուկես տասնամյակի ընթացքում նման կանխատեսումները դարձել են հնացած կաղապար։ Աշխարհում հիմա ոչ թե տնտեսական աճի մասին են խոսում, այլ՝ դրա ներառականության։ Պետք է բացել այդ թվերը և տեսնել՝ ինչ կառուցվածք ունեն, ինչպես է բաշխվում այն ըստ հասարակության շերտերի ու խմբերի, ըստ նրանց եկամտի ու բարեկեցության։ Մեր էլիտաները՝ կառավարող, քաղաքական, պատկերացումներ չունեն արդիական գնահատականներից»,- ասում է տնտեսագետը։ 

2020 թվականին գրանցված 7.5% տնտեսական անկումից հետո 2021 թվականին գրանցված 5.8% աճը ցույց է տալիս, որ 2021 թվականին տնտեսությունը չի վերականգնվել և դեռևս ամբողջությամբ չի հաղթահարել 2020 թվականի շոկերը:

Վերջին տասը տարիներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցվել է 2019 թվականին, ամենացածրը՝ 2020-ին։ 

«2020-2021 թվականները, ըստ էության, շոկային տարիներ էին։ Անկասկած կա վերականգնման գործընթաց, բայց և՛ կառուցվածքային, և՛ որակական առումով այդ տնտեսական աճը կամ ակտիվությունը մնում է խոցելի։ Այս բավականաչափ համեստ վերականգնումը պայմանավորել են տնտեսության հատկապես իրական հատվածի զարգացումները, մասնավորապես՝ շինարարության ոլորտի որոշակի աշխուժությունը և արտաքին առևտրաշրջանառությունը։ Նաև համեմատության բազան է թույլ ու անկումային»,- ասում է Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը ընդամենը  արհեստական և դատարկ թիվ է, եթե այն համադրված չէ զբաղվածության, գնաճի և աղքատության մակարդակի ցուցանիշների հետ։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը (ներառյալ հարկերը) կազմել է 204 048 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.6%-ով։ 

Մասնավորապես, պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 179 174 դրամ՝ աճելով 5.2%-ով, իսկ մասնավոր հատվածինը՝ 215 674 դրամ, աճը՝ 8.4%: 

Միևնույն ժամանակ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախորդ տարի գնաճը նոր թափ ստացավ։ 

Բնակչության համար զգալի է հատկապես սննդամթերքի գների երկնիշ աճը։ 

Հայաստանում 2021 թվականի ամբողջ ընթացքում նախորդ տարվա համեմատ՝ ապրանքների ու ծառայությունների գները միջինում աճել են 7.2%-ով։ Եվ մասնավորապես սնունդը թանկացել է 11.2%-ով: 

Ատոմ Մարգարյանը նշում է, որ բնակչությունը կսկսեր ավելի լավ ապրել, եթե տնտեսական աճին ու բարձր գնաճին զուգահեռ աշխատավարձերի աճը շատ ավելի բարձր լինել։ Մինչդեռ իրականությունն այն է, որ միջին աշխատավարձի ու գնաճի տեմպերը նույն մակարդակում են։ 

«Բարեկեցության հետ կապված լուրջ տեղաշարժեր կամ փոփոխություններ չկան, հատկապես՝ պետական հատվածի աշխատողների մասով։ Բնակչության մեծամասնության վիճակը 2021 թվականին շարունակել է վատթարանալ։ Հասարակության միայն հարուստ խավն է, որ այս իրավիճակից շահել է, որովհետև նրանք են խոշոր բիզնեսի տերերը և բարձր գնաճից շահում են հենց նրանք»,- նկատում է տնտեսագետը։  

Ըստ նրա՝ իրավիճակն ավելի կբարդանա այս տարի՝ հաշվի առնելով, որ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները բարձրանում են։ 

2021 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ 1.1% անկում է գրանցել: 

Արդյունաբերությունը աճը թույլ տեմպեր է գրանցել՝ 3.3%: 

Առավել բարձր աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ 7.8%, առևտրի շրջանառությունն ավելացել է 7.5%-ով:

Իսկ շինարարության ծավալները՝ 7.4%-ով:

Տարվա առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվարին, տնտեսության գրեթե բոլոր ոլորտները անկում են ապրել: Սա մեծ մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ համեմատվում էր 2020 թվականի նույն ամիսների հետ, երբ կորոնավիրուսի համավարակը դեռևս չէր տարածվել և տնտեսությանը չէր հարվածել: 

2021 թվականի հետագա ամիսներին՝ հատկապես ապրիլ-մայիսին, ոլորտների շրջանառությունն աճեց: Դրան մեծապես նպաստեց «ցածր բազայի» էֆեկտը, քանի որ 2020 թվականի նույն ամիսներին լոքդաունի պայմաններում տնտեսությունը զգալի անկում էր գրանցել: 

Հետագայում տնտեսական ակտիվության աճի տեմպերը թուլացան և որոշակի աշխուժություն նկատվեց միայն տարվա վերջին երկու ամիսներին։ 

Այս ինֆոգրաֆիկայում ինչպես տնտեսական ակտիվության աճի, այնպես էլ՝ տնտեսության ոլորտային դինամիկան է՝ ամսական կտրվածքով։ Այն ցույց է տալիս, թե տնտեսության որ ոլորտը ինչ միտումներ է գրանցել տարվա ընթացքում։ Այստեղ բացակայում է միայն գյուղատնտեսության ոլորտը, քանի որ դրա վերաբերյալ ցուցանիշները հրապարակվում են միայն եռամսյակը մեկ անգամ։ 

Ատոմ Մարգարյանը նկատում է, որ արդյունաբերության աճը, ըստ էության, ոչ վերամշակող ճյուղերի հաշվին է, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտի։ Էներգետիկան լճացած վիճակում է. էլեկտրաէներգիայի արտադրության մասով կրկին անկում կա։ Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Տնտեսության շարժիչ ուժը եղել են շինարարությունը, առևտուրն ու ծառայությունների մի հատվածը։

«Եթե այս մակրոտնտեսական ցուցանիշներով դատենք, Հայաստանը հայտնվել է «միջին եկամտի ծուղակում»։ Տնտեսական աճի այն մոդելը, այն շարժիչները, որոնք երեկար ժամանակ պայմանավորել են տնտեսական զարգացումները, սպառվել են։ Տնտեսության այս հիմքի վրա հետագայում լուրջ աճ կամ ներդրումային աճ ակնկալելն անիմաստ է։ Աճի հիմնական շարժիչները մեր տնտեսության մեջ հանքարդյունաբերությունն ու ծառայություններն են, հատկապես՝ խաղաբիզնեսը»,- ասում է տնտեսագետը։ 

2021 թվականին, ըստ Վիճակագրական կոմիտեի, արտահանումը Հայաստանից աճել է 19.1%-ով՝ կազմելով 3  մլրդ դոլար, իսկ ներմուծումը 16.9%-ով՝ կազմելով 5.3 մլրդ դոլար: 

Ատոմ Մարգարյանը շեշտում է, որ խզումը ներմուծման և արտահանման միջև բավականին մեծ է։ Վճարային հաշվեկշռի մեր դեֆիցիտը լուրջ արժութային ռեսուրսներ է կլանում, ինչն էլ հանգեցրել է արտաքին պարտքի մեծացմանն ու փողի թանկացմանը։ 

Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետությունը կարող էր ժամանակին ու պլանավորված չափով կատարել կապիտալ ծախսերն ու խթանել տնտեսական աճը։ Սակայն այս հարցում էլ էական թերակատարում կա։ 

«Կառավարությունը կարող է տնտեսական մի բաղադրիչը ընդամենը ապահովել՝ պետական ծախսումներ ու գնումներ։ Խոսքը հատկապես կապիտալ ծախսերին է վերաբերում։ Վերջին տարիների՝ այդ գծով զգալի թերացումներ կան։ 

Կառավարությունը պետք է իր մասով ապահովեր տնտեսական աճի այդ բաղադրիչը, սակայն թերացել է»,- ասում է տնտեսագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter