HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղջկան գերի են վերցրել, հորը՝ սպանել․ Միրզոյանների պատմությունը

2020թ․-ի հոկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղը 6-օրյա մարտերից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույն օրվա կեսօրին հրետանու աջակցությամբ գյուղից դուրս էին եկել վերջին պաշտպանական խմբերը։ Բոլորին թվացել է, որ գյուղի բնակչությունն ամբողջովին տարհանվել է, և Շեխերում այլևս ոչ ոք չի մնացել։ Այդ ողջ ընթացքում, իրականությունից կտրված, գյուղում մնացել է երկու մարդ։

79-ամյա Հմայակ Միրզոյանը անկողնային հիվանդ է եղել, միակ խնամողը աղջիկն է եղել՝ 46 տարեկան Գայանեն։ Այն ժամանակ, երբ գյուղի բնակիչները վաղուց արդեն հեռացել են գյուղից, Հմայակն ու աղջիկը շարունակել են մնալ։ Գայանեն ամեն օր գնացել է մոտակա աղբյուրը՝ ջրի, այդ օրը նա աղբյուրից հետ չի եկել։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի երրորդ մասնաշենքում ժամանակավոր բնակվում էր Արցախից տեղահանված մոտ 200 մարդ։ Հունվարյան ցուրտ օր էր, ճաշարանում վեց-յոթ կին շենքում ապրողների համար ուտելիք էր պատրաստում։ Շարժվելու ընթացքում օրվա հերթապահները հատակի սառնությունը չէին զգում, բայց հենց նստում էին միանգամից ձգվում էին դեպի էլեկտրական տաքացուցիչը։ Հերթապահների մեջ էր նաև Գայանեն։

Դեպքից մեկ տարուց ավելի էր անցել, Գայանեն քիչ էր խոսում, միայն այն ժամանակ, երբ հարցն ուղիղ իրեն էր տրվում։ Կողքից կանայք ասում էին, որ հիմա ինչքան որ խոսում է, էլի լավ է, սկզբում առհասարակ ոչինչ չէր ասում։

2020թ․ նոյեմբերի 4-ն էր, Գայանեն հիշում է, որ հերթական անգամ ջրի էր գնացել, աղբյուրի մոտ ադրբեջանցիները իրեն նկատել ու տարել են՝ աչքերը փակ, առանց ուղղությունն ասելու։ Դրանից հետո նա այլևս չի իմացել, թե հոր հետ, որի միակ խնամողը ինքն էր, ինչ է պատահել։

Հմայակ Միրզոյանի տունը Շեխերի արևմտյան մասում է եղել՝ Սողոմոնաց կոչվող թաղում։ Գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հայկական զորախմբերը վերահսկել են այդ հատվածը, երբեմն այդտեղից սնունդ ստացել։ Հոկտեմբերի 22-ից սկսած՝ Շեխերում արդեն նկատվել են հակառակորդի մեծ ու փոքր խմբեր, ինչ-որ պահից սկսած գյուղ մտնելն արդեն վտանգավոր է եղել, այդ ժամանակ հայկական ստորաբաժանումները կենտրոնացված են եղել Շեխերի հարավային բարձունքի վրա, այնտեղից էլ մարտ են վարել։

Սողոմոնանց թաղը, որտեղ Հմայակն ու Գայանեն ապրել են, քարտեզով նայելու դեպքում երևում է, որ գյուղից բավականին կտրված է, ուստի այդտեղ թշնամին դեռևս չէր ներթափանցել։ 

Գյուղում մենակ մնալուց հետո Գայանեն նկատել է, որ Շեխերում այլևս ոչ ոք չկա։ Այդ ժամանակ արդեն կապ չի եղել, որպեսզի զանգեր, չի իմացել, թե ինչ անի, հորն ուր թողնի կամ ինչպես տանի, ու երկուսով մնացել են գյուղում։

Գայանե Միրզոյանը Ադրբեջանից վերադարձել է 2020թ․-ի դեկտեմբերի 12-ին՝ գերեվարվելուց 38 օր անց։ Գալուց հետո իմացել է, որ հայրը համարվում է անհետ կորած, նրա աճյունը մինչև օրս ԴՆԹ փորձաքննությամբ չի նույնականացվել։

Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանը պատմում է, որ գյուղից դուրս գալիս ինքն անձամբ երկու անգամ կարգադրել է, որ գնան Հմայակ և Գայանե Միրզոյաններին տարհանելու, բայց վերջիններս դուրս չեն եկել։

«Գյուղից վերջնական դուրս գալուց հետո ես նոր իմացել եմ, որ իրենք էդպես էլ դուրս չեն եկել, մնացել են Շեխերում»,- ասում է Մ․ Մանգասարյանը։

Գայանեն պատմում է, որ ինքը չէր կարող գյուղից հենց էնպես դուրս գալ, հայրը անկողնային էր, նրան միայնակ չէր կարող տեղափոխել։

2021թ․ սեպտեմբերին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2020թ․ դեկտեմբերի 20-ին Հմայակ Միրզոյանի աճյունը գյուղից դուրս է բերվել, ու գյուղապետը այն նույնականացրել է։

Մխիթար Մանգասարյանի խոսքով՝ ինքը Հմայակ Միրզոյանի դին տեսել է լուսանկարով, նրան ճանաչել է հագուստից ու հաշվի առնելով հանգամանքը, որ աճյունը գտել են Միրզոյանի տնից՝ հաստատել է նրա ինքնությունը։

Հոր աճյունը նույնականացնելու համար Գայանեն այս տարվա առաջին կեսին արյուն է հանձնել, պատասխանը բացասական է եղել, ԴՆԹ-ն չի համընկել։ Հմայակ Միրզոյանը, բացի Գայանեից, ունի նաև երկու աղջիկ, նրանցից մեկը, որ ապրում է Արցախում, հրաժարվել է արյան փորձանմուշ հանձնել, իսկ մյուս աղջիկը, ըստ Գայանեի, ապրում է Ռուսաստանում, նրա հետ կապ չկա։

Գերությունից վերադառնալուց հետո Գայանեն տեղափոխվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, այնտեղ ժամանակավոր բնակվում էին Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մարդիկ։ Շենքի պատասխանատուն՝ Անահիտ Հայրապետյանն, ասում է, որ երբ Գայանեն նոր էր տեղափոխվել, ծորակին ընդհանրապես մոտ չէր գնում, ջրից վախենում էր, հրաժարվում էր լողանալ։ Այդ ամենը եղել է գերության ժամանակ կրած կտտանքների հետևանքով։ Եկած օրվանից Գայանեի հետ հոգեբաններ են աշխատել, բավականին երկար ժամանակ է պահանջվել, որ նրա հոգեկան վիճակը կայունանա։

Մի քանի ամիս է, ինչ Գայանե Միրզոյանը Ծաղկաձորից տեղափոխվել է Արցախ ու շարունակում է ապրել այնտեղ։

Հմայակ Միրզոյանից բացի՝ Շեխերում պատերազմից հետո սպանվել է ևս մեկ քաղաքացիական անձ՝ Արարատ Ղուլյանը։

Գլխավոր լուսանկարում Գայանե Միրզոյանն է՝ ճաշարանի օրվա հերթապահը։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter