HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Fly One Armenia»-ի երկրորդ ինքնաթիռն է գրանցվել Հայաստանում. փոխադրողն օդանավերի պակաս ունի

Հայ-մոլդովական «Fly One Armenia» ընկերության ավիապարկում գրանցվել է երկրորդ ինքնաթիռը: 2021 թ. դեկտեմբերից թռիչքներ կատարող այս փոխադրողը մինչեւ այս տարվա մարտ շահագործում էր բացառապես մոլդովական «Fly One»-ի օդանավերը, որոնք գրանցված են Մոլդովայի օդանավերի ռեգիստրում:

Սակայն այս տարվա մարտի 27-ին այդ օդանավերից մեկը՝ մոլդովական ER-00002 գրանցումով «Airbus A319»-ը, տեղափոխվեց հայկական ռեգիստր՝ ստանալով հայկական EK-FOA գրանցումը: Ինչպես արդեն գրել ենք, սա դարձել է «Fly One Armenia»-ի՝ ՀՀ գրանցումով առաջին ինքնաթիռը: Մարտի 18-ից մինչեւ մայիսի 3-ն այս օդանավը գտնվում էր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ըստ ամենյանի, տեխսպասարկման նպատակով: Մայիսի 3-ին այն ժամանել է Երեւան ու անցել «Fly One Armenia»-ի չվացուցակի իրականացմանը:  

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ մայիսի 4-ին մեր երկրում գրանցվել է նաեւ մինչ այս մոլդովական «Fly One»-ի կարիքների համար շահագործվող եւ Մոլդովայում որպես ER-00005 գրանցված «Airbus A320» ինքնաթիռը: Այդուհանդերձ, վերջին շրջանում՝ մինչեւ հայկական ռեգիստր տեղափոխվելը, ER-00005-ը թռիչքներ էր կատարում նաեւ «Fly One Armenia»-ի համար, որը ներկայում չնայած թռիչքային մեծ ցանց ունի, իրականում օդանավերի խիստ պակաս ունի եւ պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում: Հայաստանում այս ինքնաթիռն ստացել է EK-FOB գրանցումը:

Հիշեցնենք, որ բացի հայկական ռեգիստր մտած EK-FOA-ից ու EK-FOB-ից՝ «Fly One Armenia»-ի կարիքների համար օգտագործվում են նաեւ մոլդովական փոխադրողի «Airbus A320» տիպի եւս 2 ինքնաթիռ՝ ER-00006-ն ու ER-00007-ը: ER-00006-ը մարտի 6-ին Երեւանից մեկնել է Ստամբուլ ու մինչ օրս այնտեղ է, ըստ էության, տեխսպասարկման նպատակներով, իսկ ER-00007-ը շահագործվում է:

Մոլդովական «Fly One»-ը եւս մեկ դուստր ընկերություն ունի Ռումինիայում՝ «Fly One Romania»-ն: Սրա ավիապարկում գրանցված է մոլդովական փոխադրողի նախկին «Airbus A320»-ներից մեկը, որը հիմա կրում է ռումինական գրանցում՝ YR-FIA: Սակայն օդանավը շահագործվում է «Fly One»-ի եւ «Fly One Armenia»-ի կարիքների համար՝ թռիչքներ կատարելով Քիշնեւից ու Երեւանից:

Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ ER-00006-ը ժամանակավորապես շարքում չէ, ապա այս պահին «Fly One Armenia»-ի թռիչքներն սպասարկում են «Fly One»-ի համակարգի մնացած բոլոր բորտերը՝ 1 հատ «Airbus A319» (EK-FOA) եւ 3 հատ «Airbus A320» (EK-FOB, ER-00007 եւ YR-FIA):

Բայց սա ամենը չէ: Օդանավերի սղության պատճառով «Fly One Armenia»-ի չվերթերն իրականացնում է նաեւ մոնղոլական «Mongolian Airways» ավիաընկերությունից վարձակալված «Airbus A320» ինքնաթիռը (մոնղոլական գրանցումը՝ JU-1410):

Հենց այս օդանավն էր ապրիլի 29-ին իրականացնում Երեւան-Փարիզ-Երեւան ուղեգծով չվերթը, որն անցնում է Թուրքիայի երկնքով: Երեւան-Փարիզ թռիչքը («Fly One Armenia»-ի այս թռիչքի կոդն է 3F 927) անցել էր առանց խնդրի:

Նույն օրը Փարիզից Երեւան վերադառնալիս (թռիչքի կոդը՝ 3F 928) օդանավը կրկին պետք է անցներ Թուրքիայի երկնքով, ինչի համար թուրքական կողմից նախօրոք համաձայնություն ուներ, սակայն թուրքական իշխանություններն այն պահին, երբ ինքնաթիռը գտնվում էր Բուլղարիայի երկնքում, անակնկալ կերպով օդանավին արգելել էին մտնել իրենց օդային տարածք, ինչի հետեւանքով JU-1410-ը կտրուկ շրջադարձ էր կատարել դեպի Մոլդովա եւ վայրէջք կատարել Քիշնեւում:

Այդուհանդերձ, ապրիլի 29-ի գիշերը այս նույն ինքնաթիռը Քիշնեւից Երեւան է թռել ոչ թե «Fly One Armenia»-ի կամ «Fly One»-ի չվերթի անվան տակ, այլ «Mongolian Airways»-ի անվան ներքո: Թռիչքը համարակալվել է որպես մոնղոլական ավիաընկերության չարտերային չվերթ՝ MGW 928:

Դրանից հետո՝ մայիսի 1-ին, Ռումինիայում գրանցված (YR-FIA) «Airbus A320»-ը կատարել է Երեւան-Լիոն-Երեւան չվերթը՝ անցնելով Թուրքիայի երկնքով, ու թուրքական կողմն արգելք չի եղել, ինչպես ապրիլի 29-ին էր: Ընդ որում՝ չվերթը համարակալվել է «Fly One Romania»-ի անունով եւ կոդով՝ OE 925 (Երեւան-Լիոն) եւ OE-926 (Լիոն-Երեւան):

Սակայն «Fly One Armenia»-ն մայիսի 3-ին հայտնեց, որ մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները հայկական փոխադրողին չեն տրամադրել իրենց երկնքով տարանցիկ չվերթ կատարելու հնարավորություն, եւ ընկերությունը ստիպված չեղարկել է Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը: Նույն օրը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայկական կողմի առաջ տարանցիկ թռիչքների նպատակով օդը փակելը պայմանավորված է ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմամբ:

Դատելով թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքի տվյալներից՝ մայիսի 2-ին Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը պիտի կատարեր ռումինական գրանցմամբ (YR-FIA) օդանավը, իսկ չվերթը պետք է համարակալվեր «Fly One»-ի կամ «Fly One Romania»-ի կոդերով (այսինքն՝ ոչ որպես «Fly One Armenia»-ի չվերթ), բայց եղավ այն, ինչ եղավ:

Ամեն դեպքում, մայիսի 4-ին «Mongolian Airways»-ի «Airbus A320» ինքնաթիռը մոնղոլական փոխադրողի անվան տակ կատարել է Երեւան-Փարիզ (MGW 2853) եւ Փարիզ-Երեւան (MGW 2854) չարտերային թռիչքները: Իսկ մայիսի 5-ին նույն օդանավը նույն ձեւով իրականացրել է Երեւան-Լիոն (MGW 2851) եւ Լիոն-Երեւան (MGW 2852) չարտերային թռիչքները: Բոլոր դեպքերում մոնղոլական բորտը տարանցել է Թուրքիայի երկինքը: Այսօր եւս JU-1410-ը Երեւանից Փարիզ է թռել (MGW 2853)՝ անցնելով Թուրքիայի օդով: Հետադարձ չվերթը (MGW 2854) դեռ չի կայացել: 

Նկատենք, որ Թուրքիան չի արգելում «Fly One Armenia»-ի թռիչքները Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեգծով, փոխարենը խոչընդոտում է ոչ միայն հայկական որեւէ ընկերության անվան տակ թռչող (այսինքն՝ այդ ընկերության անվամբ ու կոդով չվերթ իրականացնող) ցանկացած օդանավի (ՀՀ-ում կամ այլ երկրներում գրանցված) տարանցիկ չվերթերը, այլեւ նույն Չավուշօղլուի մակարդակով հայտարարել է, որ թուրքական օդը փակ է նաեւ Հայաստանի VIP անձանց օդանավերի (այդպիսին է ՀՀ կառավարական բորտը) տարանցիկ թռիչքների առաջ:

2020-2022 թթ. եւս նման խոչընդոտներ եղել են Թուրքիայի կողմից, բայց հետո դրանք վերացվել էին (ըստ էության, մնացել էր միայն ՀՀ գրանցումով քաղաքացիական օդանավերի մուտքի արգելքը Թուրքիայի երկինք): Ինչպես տեսնում ենք, խոչընդոտները «վերականգնվել» են: Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում Չիկագոյի կոնվենցիայի դրույթների խախտումով: Ըստ այդմ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ, ինչպես անում է Թուրքիան կոնկրետ Հայաստանի ու հայկական ընկերությունների հանդեպ:  

Հենց VIP անձանց սպասարկող օդանավերի թռիչքների առաջ հարուցված թուրքական նոր խոչընդոտի պատճառով մայիսի 4-ին Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանը Երեւանից Պրահա տեղափոխող ՀՀ կառավարական օդանավն անցել է ոչ թե Թուրքիայի, այլ Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի ու Լեհաստանի երկնքով՝ Չեխիա հասնելու համար: Օդանավն այդ ընթացքում շրջանցել է Ռուսաստանի հարավային շրջանները, ամբողջ Ուկրաինան ու Բելառուսի հարավային մասը՝ ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմից հեռու լինելու համար: 

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ «Fly One Armenia»-ի կազմում EK-FOB գրանցումը ստացած «A320»-ը՝ դեռեւս հին գրանցումով (08.02.2023, Ամստերդամ, հեղ.՝ Մարտեն Դոլս, planespotters.net) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter