HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կորոնավիրուս ունեցող ամեն 31-րդ մարդ մահանում է. 2021թ. ամփոփումը՝ թվերով

2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 344 826 դեպք, մահացել է կորոնավիրուս ունեցող 9473 մարդ (կորոնավիրուսից և այլ հիվանդություններից մահերը՝ միասին):

Նախորդ տարվա համեմատ (2020թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ) կորոնավիրուսի դեպքերը 7,8%-ով աճել են, մասնավորապես՝ 2020թ.-ին հաստատվել էր կորոնավիրուսի ընդհանուր 158 878 դեպք, 2021թ։-ին՝ 185 948 դեպք։

2021թ.-ին նվազել է վարակելիության ցուցանիշը՝ թեստավորված ամեն 10-րդ մարդու մոտ է հաստատվել կորոնավիրուս (2020-ին կորոնավիրուս էր հաստատվում թեստավորված ամեն 4-րդ մարդու մոտ)։ Այս առումով՝ 2020թ. համեմատ թիվը նվազել է՝ պայմանավորված 2021թ.-ին իրականացրած թեստավորման մեծ թվով։ Մասնավորապես, այս տարի 3 անգամ ավելի շատ թեստավորում է իրականացվել՝ մոտ 2 մլն (1 969 822), քան նախորդ տարի (2020թ. վերջում կար 591 048 թեստավորված, այսօր՝ ընդհանուր 2 560 870

Զուգահեռաբար աճել է կորոնավիրուս ունեցող մարդկանց մահվան թիվը։ Նախորդ տարվա համեմատ, 2021թ. կորոնավիրուսի թվերը Հայաստանում աճել են 7,8%-ով։

Մահերի թիվն աճել է 26%-ով. 2020թ. կորոնավիրուս ունեցող 3486 մարդ էր մահացել, 2021թ.՝ 5987։

Այս տարի մահացության ցուցանիշը Հայաստանում կազմել է 2,74%` նախորդ տարվա համեմատ աճելով 0,5%-ով։ 2020թ.-ին Հայաստանում մահանում էր կորոնավիրուս ունեցող ամեն 45-րդ մարդ, իսկ այս տարի` ամեն 31-րդը։ 

Օրական կտրվածքով մահերի ամենամեծ թիվը գրանցվել է 2021թ. նոյեմբերի 11-ին՝ մահացել է 70 մարդ։ Մահացության ցուցանիշները նվազել են ամռանը՝ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին։ Օրինակ՝ հունիսի 7-ին, 11-ին, 24-ին, 29-ին ընդհանրապես մահվան դեպք չի գրանցվել։

Նշենք, որ «Հետք»-ը վերջերս պարզել էր, որ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության հայտնած՝ կորոնավիրուսից մահվան ցուցանիշները մոտ 1000-ով տարբերվում են (ԱՎԾ՝ 6366 մարդ, Առողջապահության նախարարության՝ 5339 մարդ)։ Նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ այս տարբերության պատճառն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով է ձևավորվել։

COVID-19 ամփոփում-2021
Infogram

2021թ. սկզբից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասան Հայաստան։ Փետրվարին Հայաստանը ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառման արտոնություն տվեց, իսկ ապրիլի կեսից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։

Այդ ժամանակ արդեն Հայաստան էր ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (հետագայում նաև՝ չինական «Sinovac», «Sinopharm», վերջերս նաև՝ ամերիկյան «Moderna»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հետք»-ին հայտնել էր, որ  «պետք է ամեն ինչ անեն, որ պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»։ Նախարարն ինքը ապրիլի վերջին պատվաստվեց անգլո-շվեդական AstraZeneca-ով։ 

2021թ. ապրիլի վերջին երկարացվեց կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքների՝ առանց մաքսատուրք ԵԱՏՄ տարածք ներկրման ժամկետը, որը պահպանվելու է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Այդ որոշմամբ՝ բժշկական որոշ ապրանքներ (ախտահանիչ միջոցներ, դեղորայք, ռեսպիրատորներ, պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և այլ բժշկական ապրանքների ու սարքավորումների արտադրության համար կիրառվող բաղադրիչներ, ինչպես նաև՝ հիվանդների տեղափոխման համար նախատեսված բոքսեր և պատգարակներ) ազատվեցին ներմուծման մաքսատուրքերի վճարումից։

Հուլիսի 7-ի դրությամբ` Հայաստանում պատվաստվել էր բնակչության 3,3%-ը։ Նրանց թվում էին նաեւ օտարերկրացիները (ԱՆ-ն հստակ չէր տարբերակում պատվաստվածներին)։ Ամենաշատը պատվաստվել էին Երևանում՝ 4%, ամենաքիչը՝ Վայոց Ձորում 1,9%։ Պատվաստվածների կեսից ավելին կանայք էին։

Թեև այդ ժամանակահատվածում վարակման դեպքերը նվազել էին, և Հայաստանը գտնվում էր «կանաչ գոտում»,  այնումամենայնիվ, կարանտինը երկարացվեց ևս 6 ամսով՝ մինչև սեպտեմբեր։

Հուլիսի վերջին խնդիրներ առաջացան արտասահման մեկնող ՀՀ քաղաքացիների համար, որոնց պատվաստման հավաստագիրը տարբեր երկրներում մերժվում էր։ 

«Հետք»-ը հարցում էր արել Արտաքին գործերի նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ ԱՆ-ի կողմից մշակված և իրենց տրամադրված պատվաստման հավաստագրի նմուշը վերանայման կարիք ունի։ 

«Գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում պարզ է դարձել, որ նմուշն ունի վերանայման կարիք։ ԱԳՆ նախաձեռնությամբ և Առողջապահության նախարարության հետ համագործակցաբար, մշակվում է պատվաստման հավաստագրի վերջնական նմուշ»։

Հետագայում ԱՆ-ից «Հետք»-ին հայտնել էին, որ շտկումներն արված են, և Հայաստանում արված պատվաստման հավաստագրերն այլ երկրներում լիովին ճանաչելի են լինելու։

2021թ. օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարը հրաման ստորագրեց՝ «պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների չպատվաստված աշխատողները» 14 օրը մեկ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն և գործատուին տրամարդեն պատասխանը։ Որոշումն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 1-ից։ Իսկ դեկտեմբերի 1-ից, դարձյալ նախարարի հրամանով, ՊՇՌ թեստի իրականացման պարբերականությունը կրճատվեց՝ 7 օրը մեկ։

Վերջերս՝ դեկտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ԱՆ վերը նշված հրամանի այն դրույթը, ըստ որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: Այսինքն, ըստ Սահմանադրական դատարանի որոշման, աշխատողներն այլևս իրենց հաշվին թեստ չեն հանձնի: 

2021թ. նոյեմբերի 29-ին Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 2022թ. հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների, համերգասրահներ և այլ տեղեր հնարավոր կլինի այցելել միայն ՊՇՌ բացասական թեստի առկայության կամ պատվաստված լինելու դեպքում։

Դեկտեմբերի 6-ին արդեն հայտարարվեց հայկական արտադրության Sputnik Light-ի թողարկման մասին, որն արտադրում է «Լիկվոր» դեղագործական ընկերությունը՝ ռուսական տեխնոլոգիայով: Sputnik Light-ն օգտագործվելու է որպես խթանիչ՝ երրորդ (բուստեր) դեղաչափ: Բանակցություններ են ընթանում հայկական արտադրության պատվաստանյութն այլ երկրներ արտահանելու համար։

Այսօրվա՝ 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում խթանիչ դեղաչափ ստացել է ընդամենը 800 քաղաքացի։ Պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 մարդ, երկրորդը՝ 711 864։ Այսինքն, Հայաստանում լիովին պատվաստված է բնակչության 24%-ը։ Թեև այս թվում ներառված են նաև օտարերկրացիները, սակայն Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ նրանք պատվաստվածների չնչին տոկոսն են կազմում, մոտ՝ 0,6%։

Նոյեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանում ամենից շատ պատվաստվել են Կոտայքի մարզում. այստեղ լիարժեք պատվաստվել է 14%-ը։ Ամենաքիչը պատվաստվել են Երևանում և Տավուշում՝ 13,7%։

2020թ. տարեվերջյան ամփոփումը կարող եք կարդալ այստեղ՝

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter