Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդուհանդերձ, օրերս ականատես եղանք Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հակառակ պատկերին:
Չնայած քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան իրավունք չունի իր օդային տարածքի օգտագործման նման խտրական մոտեցում կիրառել, այս երկիրը վաղուց ապացուցել է, որ կարեւորն իր համար սեփական քաղաքական շահն ու մոտիվներն են, այլ ոչ թե միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները հարգելն ու դրանց հետեւելը:
Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. եւս Թուրքիան խոչընդոտներ էր ստեղծել ոչ միայն ՀՀ պետական, այլեւ մասնավոր շահագործողների օդանավերի համար: 2022-ին պետական միակ ինքնաթիռը կրկին սկսեց տարանցիկ չվերթեր կատարել Թուրքիայի երկնքով, բայց ՀՀ-ում գրանցված մյուս օդանավերը, որոնք շահագործվում են տարբեր ընկերությունների ու անձանց կողմից, թուրքական օդով տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարելու խոչընդոտների են բախվում, ինչի հետեւանքով ստիպված են լինում ընտրել այլ երթուղի, որը կշրջանցի այդ երկրի օդային տարածքը:
Այսինքն՝ Չավուշօղլուի վերջին հայտարարություններից առաջ էլ հայկական գրանցում ունեցող ոչ պետական օդանավերը Թուրքիայի օդը տարանցելու խնդիր ունեին, սակայն թուրք պաշտոնյայի ասածը նորություն էր նրանով, որ արգելքն այդուհետ տարածվում էր այլ երկրներում գրանցված, բայց հայկական ընկերությունների անվան տակ թռիչքներ կատարող օդանավերի վրա: Խոսքը, մասնավորապես, հայկական «Fly One Armenia»-ի կողմից շահագործվող, բայց Մոլդովայում գրանցված օդանավերի մասին է, որոնք դեպի Ֆրանսիա չվերթեր էին կատարում, սակայն «Նեմեսիսի» հուշարձանի բացումից հետո Թուրքիան արգելեց դրանց տարանցիկ չվերթերը: Հիմա «Fly One Armenia»-ի այդ թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու համար կազմակերպվում են գործընկեր ավիաընկերությունների անվան տակ, բայց փաստացի հայկական կողմն է փոխադրում իրականացնողը:
Մյուս կողմից՝ Թուրքիան չի արգելում նույն «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերի իրականացումը, այսինքն՝ խոսքը միայն թուրքական օդով դեպի երրորդ երկրներ տարանցիկ թռիչքների մասին է: Բացի դրանից՝ մայիսի 3-ին Երեւան-Անկարա-Երեւան չվերթով Թուրքիա էր մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Չավուշօղլուն այս մասով նշել էր, թե որպես ընդունող երկիր Թուրքիան չէր կարող արգելել կազմակերպության անդամ երկրի պատվիրակության ժամանումը:
Չավուշօղլուի մայիսյան վերջին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մեկնել է Եվրոպա՝ Պրահա (մայիսի 4-ին) եւ Բրյուսել (մայիսի 13-ին): Այդ եւ հետադարձ թռիչքները կազմակերպվել են ոչ թե Թուրքիայի երկնքով դեպի Եվրոպա, այլ բավականին մեծ շրջան կատարելով, որի ընթացքում ՀՀ պետական ինքնաթիռը հատել է մի շարք երկրների օդային տարածքներ՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ:
Երեւան-Պրահա-Երեւան
Երեւան-Բրյուսել-Երեւան
Նկատենք, որ Պրահայում գտնելիս Փաշինյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին ու հայտարարել, որ «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է ոչ թե Կառավարությունը, այլ Երեւանի քաղաքային իշխանությունը, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը համարում է սխալ: Մայիսի 28-ին էլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ վերընտրվելու առիթով շնորհավորել էր Էրդողանին:
Մայիսի 31-ին Ն. Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւանից մեկնել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ: Մեկնելիս եւ հունիսի 1-ի, լույս 2-ի գիշերը Երեւան վերադառնալիս պատվիրակությանը տեղափոխող ՀՀ պետական ինքնաթիռն անցել է Թուրքիայի ու Ռումինիայի երկնքով:
Երեւան-Քիշնեւ-Երեւան
Այսինքն՝ նախորդած երկու արգելքներից հետո Թուրքիան այս անգամ չի խոչընդոտել ՀՀ կառավարական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք:
Թե ինչ երթուղով կկազմակերպվեն այս օդանավի հետագա թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու անհրաժեշտության դեպքում, ցույց կտա ժամանակը՝ հաշվի առնելով մեր արեւմտյան հարեւանի իրավիճակային տրամադրություններն ու որոշումները:
Տես նաեւ՝
- Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել
- 7 տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռն անցել է Հայաստանի երկնքով
- ՔԱԿ-ն ու ԱԽՔ-ը մանիպուլացնում են մեր երկնքով ադրբեջանական թռիչքների թեման
- Ադրբեջանցիներն օգտագործում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Իրանի երկինքը
- Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջեւան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով
- Քարտ բլանշ թշնամուն, կամ երբ պաշտոն են զբաղեցնում ոչ կոմպետենտ անձինք
- Թուրքական «խաղեր»՝ երկնքում. ՀՀ կառավարական ինքնաթիռը կրկին հատում է Թուրքիայի օդը, բայց նոր արգելքներ են ստեղծվել
- Հայաստանի երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջեւանին
- Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք
- Ադրբեջանական ագրեսիայից հետո թուրքական օպերատորը կրկին ՀՀ օդով է իրար կապում Ստամբուլը, Նախիջեւանն ու Գյանջան
- Փաշինյանի կառավարությունը խուսափում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքի կիրառումից, փոխարենը ուրիշներին «թիրախային գործողությունների» կոչ է անում
- «Fly One Armenia»-ի երկրորդ ինքնաթիռն է գրանցվել Հայաստանում. փոխադրողն օդանավերի պակաս ունի
Լուսանկարում՝ Ն. Փաշինյանը ժամանել է Պրահա, 04.05.2023, primeminister.am
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել