HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Պատգամավորի անձեռնմխելիությունը Հայաստանում․ իրավական երաշխի՞ք, թե՞ քաղաքական գործիք

Հայաստանի օրենսդիր մարմինը` Ազգային ժողովը, ձևավորումից՝ 1995 թվականից ի վեր, 26 դեպքով պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու և անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն է տվել։ Գլխավոր դատախազությունը հատուկ վիճակագրություն չի վարում, թե քանի պատգամավոր է ենթարկվել քրեական հետապնդման, մեզ տրամադրել են միայն 2016 թվականից մինչ օրս գլխավոր դատախազի կողմից պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրով Ազգային ժողով դիմելու դեպքերը, սակայն այդ պատգամավորներից ոչ բոլորն են զրկվել անձեռնմխելիությունից։ «Հետքն» ուսումնասիրությունն իրականացրել է նշված տվյալների և բաց աղբյուրների հիման վրա։ 

Հատկանշական է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունեցել քաղաքական տարբեր իրադարձությունների ժամանակ, իսկ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդման հանգամանքը։ Անձեռնմխելիությունից զրկված գրեթե բոլոր պատգամավորները տվյալ պահին եղել են ընդդիմադիր խմբակցություններից։ 

 1.jpg (252 KB)     2.jpg (436 KB)

1996 թվական․ խորհրդարանն առաջին անգամ անձեռնմխելիությունից զրկեց միանգամից 8 պատգամավորի

Առաջին անգամ՝ 1996 թվականին, ՀՀ 1-ին գումարման Ազգային ժողովը (1995թ. հուլիսի 27 - 1999թ. հունիսի 10) անձեռնմխելիությունից զրկել է միաժամանակ 8 պատգամավորի։ Սեպտեմբերին Հայաստանում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որին հաջորդել էին զանգվածային բողոքի ցույցեր։ Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների կողմից ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի և փոխնախագահ Արա Սահակյանի հանդեպ բռնություն գործադրելու կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել: Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանն Ազգային ժողովին միջնորդել էր համաձայնություն տալ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին և Ներսես Զեյնալվանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն: ԱԺ արտահերթ նիստն ուղեկցվել էր ծեծկռտուքով, բայց, ի վերջո, ԱԺ-ն տվել էր իր համաձայնությունը։

3.jpg (631 KB)

Վանո Սիրադեղյանի գործը

1998 թվականին Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ ընտրվելուց հետո քրեական և քաղաքական հետապնդման է ենթարկվել այդ ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ-ական Վանո Սիրադեղյանը։ 

1999-ի հունվարին Առաջին գումարման ԱԺ-ն մերժել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այն բանից հետո, երբ նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ միջնորդությանը նորից դեմ քվեարկելու դեպքում կլուծարի ԱԺ-ն, փետրվարին խորհրդարանը կողմ է քվեարկել Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Դրանից հետո Վանո Սիրադեղյանը մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, հայտարարվել է հետախուզում: Մայիսին Սիրադեղյանը վերադարձել է Հայաստան ու ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ բանդիտիզմ, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության հանցակցություն, կաշառքի ստացում և այլն (Սիրադեղյանին մեղադրում էին մեկ հոգու ցուցմունքների հիման վրա)։ Ձերբակալությունից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: 

Լինելով մեղադրյալ՝ 1999-ի մայիսին Սիրադեղյանը ընտրվել է 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Երեք անգամ մերժելուց հետո չորրոդ անգամ դատարանը 2000 թվականին բավարարել է Վանո Սիրադեղյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը։ Դրանից հետո արդեն ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը (1999թ. հունիսի 10 - 2003թ. մայիսի 25) 2000 թվականի ապրիլի 4-ին բավարարել է Աղվան Հովսեփյանին փոխարինած գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջնորդությունը՝ Սիրադեղյանին կալանավորելու մասին, սակայն իրավապահները նրան այդպես էլ չեն հայտնաբերել. Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի և մինչև կյանքի վերջ՝ 2021 թ. հոկտեմբերի 15-ը, հետախուզման մեջ է եղել։

1999 թվական. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո

2-րդ գումարման Ազգային ժողովը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց քննարկել է նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և այլք: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարան էր մտել պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու միջնորդագրով։ Նա մեղադրվում էր հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործելու մեջ։ 2000 թվականին սպանության մեջ մեղադրվող Նաիրի Հունանյանի ցուցմունքի փոփոխությունից հետո նա ազատ է արձակվել և 2004 թվականին ավտովթարից մահացել։

2006-ին ԱԺ-ն Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տվեց

2006 թվականին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ 3-րդ գումարման Ազգային ժողովը (2003թ. մայիսի 25 - 2007թ. հունիսի 7) բավարարել է դատախազի միջնորդությունը։ Պատգամավորը մեղադրվել է կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ խուլիգանություն կազմակերպելու և կատարելու մեջ, թեև պնդել է, որ վիճաբանությանը մասնակցել է այն կանխելու նպատակով։ Աղվան Հովսեփյանը հայտնել է նաև, որ դատախազության վարույթում քննվող մի շարք քրեական գործերի քննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել Հակոբ Հակոբյանի կողմից և նրա մասնակցությամբ կատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հակոբ Հակոբյանը մեղադրվել է նաև լիազորությունների չարաշահման մեջ, որը կարող էր առաջացնել ծանր հետևանքներ։

4.jpg (263 KB)

Խորհրդարանը՝ մարտի 1-ից հետո

4-րդ գումարման (2007թ. հունիսի 7- 2012թ. մայիսի 31) Ազգային ժողովում, որի գործունեությունը համընկել է 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած բողոքի զանգվածային ցույցերի հետ, քրեական հետապնդում է հարուցվել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամների նկատմամբ, որոնց թվում են եղել պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը և Խաչատուր Սուքիասյանը։ Ազգային ժողովը 2008-ին համաձայնություն է տվել պատգամավորներին որպես մեղադրյալներ ներգրավելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին։ Նրանց քրեական գործերը վերաբերել են մարտի 1-ի դեպքերին, մեղադրվել են զանգվածային անկարգություններ կատարելու համար։ Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնել է նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու հանգամանքը, իսկ Ստյոպա Սաֆարյանը ԱԺ նիստի ժամանակ ասել է. «Մեր չորս գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն ու նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը գնահատում ենք իբրև մեր երկրին, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը մարտահրավեր նետելու հերթական չմտածված քայլ»։

Հետագայում Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը դատապարտվել, սակայն համաներմամբ ազատ են արձակվել 2009 թվականին, Սասուն Միքայելյանը՝ 2011 թվականին, իսկ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2010 թվականին՝ մարտի 1-ի իրադարձություններին նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով։ 2022 թվականին, ՄԻԵԴ որոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանն արդարացրել է Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, իսկ Մյասնիկ Մալխասյանի դեպքում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու և նշված մեղադրանքում Մ. Մալխասյանի անմեղությունը ճանաչելու և հռչակելու մասին։ Դատախազը պատճառաբանել է՝ Եվրոպական դատարանի մի շարք որոշումներով արձանագրվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունները որևէ մեկի կողմից կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց։ Իսկ հանրահավաքին մասնակցած մի շարք անձանց կողմից անկարգություններ կատարելու փաստական հանգամանքները դեռևս բավարար չեն տեղի ունեցածը վերագրելու որևէ անձանց կողմից կազմակերպած լինելուն: Դատարանը, հիմք ընդունելով դատախազի հայտարարությունը, որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը։

5.jpg (383 KB)

Վարդան Օսկանյանի գործը

5-րդ գումարման (2012թ. մայիսի 31 - 2017թ. մայիսի 18) Ազգային ժողովի գործունեության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել մեկ պատգամավորի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ։ 2012 թվականին խորհրդարանը համաձայնություն է տվել դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին՝ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Դատախազը, սակայն, Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարց չի բարձրացրել։ Ըստ մեղադրանքի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով, հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ։ 

Վարդան Օսկանյանը «քաղաքական պատվեր» է որակել իր նկատմամբ քրեական հետապնդումը։ Օսկանյանի փաստաբանները հայտնել են. ««Սիվիլիթասի» և Վարդան Օսկանյանի միջև ոչ մի հարց ու պատասխան չկա, իսկ փողերի յուրացման մեղադրանքով քրեական գործում ընդհանրապես իրավաբանություն ասվածը բացակայում է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է` ուղղված ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ»: Դեպքից մեկ տարի անց՝ 2013 թվականին, քրեական գործը կարճվել է։ Ըստ ԱԱԾ-ի՝ Օսկանյանը խոստովանել է «Սիվիլիթաս» հիմնադրամին բարեգործական նպատակներով նվիրաբերված գումարներն անձնական նպատակով օգտագործելու փաստը և վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը: Սակայն Օսկանյանը հերքել է այս փաստը՝ նշելով, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

2018 թվական. «հեղափոխական» Հայաստանը՝ խորհրդարանի հին կազմով

6-րդ գումարման Ազգային ժողով (2017թ. մայիսի 18 - 2019թ. հունվարի 14) դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ է մտել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, սակայն մեկ դեպքով է հասել հաջողության։

2018 թվականի ապրիլին դատախազը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ կազմակերպած պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն հետագայում հետ է վերցրել իր միջնորդագիրը՝ պատճառաբանելով, թե այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը դիմել է իրեն, որ այդ հարցով խորհրդարանում քննարկումներ չնախաձեռնի։ Այդ ընթացքում ձերբակալված են եղել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, սակայն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ է ներկայացվել։ Միջնորդագրի հետ վերցնելուց հետո ձերբակալված պատգամավորներն ազատ են արձակվել։ 

Թե կոնկրետ երբ, որ օրն էր դատախազը դիմել Ազգային ժողով՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հայտնի չէ, այդ մասին առաջին անգամ հայտնի է դարձել ապրիլի 23-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից, որն արել էր նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո։ Այդ խորհրդակցությանը մասնակցել էին վարչապետ Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, հայտնել է. «Այսօր մենք որոշում ենք կայացրել, որ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, Ազգային ժողովից հետ վերցվի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք»:

Ձերբակալված երեք պատգամավորները նույն օրն ազատ են արձակվել։ Պատգամավորներին ձերբակալելու վերաբերյալ դատախազ Արթուր Դավթյանը 2018 թվականի մայիսի 15-ին ԱԺ-ում հայտնել է, թե ոչ մի քաղաքական նկատառում չի եղել, իրեն ոչ ոք ոչինչ չի հանձնարարել։ Ինչ վերաբերում է անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ վերցնելուն, Դավթյանն ասել է. «ԱԺ մեծամասնության խմբակցության ներկայացուցիչը՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահը, դիրքորոշում է հայտնում, որ այդ միջնորդությունը չքննարկվի։ Սա ինձ համար՝ որպես դատախազի, նշանակում է, որ իմ միջնորդությունը մերժվելու է։ Իսկ եթե ինձ համար ակնհայտ է, որ այդ միջնորդությունը մերժվելու է, իմաստը ո՞րն է այդ միջնորդության քննարկման շարունակության»։

Նույն թվականի հունիսի 18-ին Արթուր Դավթյանը միջնորդագրեր է ներկայացրել Ազգային ժողով, այս անգամ՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Այդ ժամանակ արդեն վարչապետ էր ընտրվել Նիկոլ Փաշինյանը, սակայն խորհրդարանը հին կազմով էր շարունակում աշխատանքները՝ Արա Բաբլոյանի նախագահությամբ։ Քաղաքական այդ ճգնաժամի ֆոնին իր իսկ թիմակիցների աջակցությամբ Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1,2 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1,2 միլիարդ դրամ վատնելու, շորթման միջոցով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված հոդվածներով, սակայն պատիժ չի նշանակվել, քանի որ 2020թ. նոյեմբերի 19-ին Մանվել Գրիգորյանը մահացել է։

Մանվել Գրիգորյանը ևս քրեական հետապնդումը որակել է քաղաքական, իսկ նրա կուսակիցները՝ ՀՀԿ-ին ու ԵԿՄ-ին ճնշելու փորձ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2018-ի դեկտեմբերի 3-ին կրկին մտել է Ազգային ժողով՝ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդագրերով։ Արամ Հարությունյանը կասկածվում էր 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Սակայն Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանում չի քննարկվել՝ քվորումի բացակայության պատճառով. «Հանրապետական» խմբակցության պատգամավորները չեն ներկայացել նիստերին։ 

Ավելի ուշ՝ 2019 թվականին, Հատուկ քննչական ծառայությունը Արամ Հարությունյանին որպես մեղադրյալ է ներգրավել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն Արամ Հարությունյանը մինչ օրս հետախուզման մեջ է։ Դատախազության փոխանցմամբ՝ նրա վերաբերյալ գործն այժմ հեռակա (առանց իր ֆիզիկական ներկայության) դատաքննության փուլում է։

«Հեղափոխական» կազմով խորհրդարանն առաջինն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին

2020 թվականին՝ արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովը (2019թ. հունվարի 14- 2021թ. օգոստոսի 2) համաձայնություն է տվել դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրերին՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա և իր քաղաքական թիմը պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ միանալով «Հայրենիքի փրկության շարժմանը», որի նախաձեռնողները ընդդիմադիր ուժերն էին, իսկ առաջնորդը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն էր։ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Ծառուկյանը 2020-ի սեպտեմբերի 25-ին կալանավորվել է, իսկ հոկտեմբերի 22-ին՝ ազատ արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց։ Նրա վերաբերյալ գործն այժմ դատաքննության փուլում է։ Ծառուկյանը ևս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական պատվերի շրջանակում է։

6.jpg (293 KB)

Աննա Վարդապետյանի շրջանը. ռեկորդային թվով միջնորդություններ

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողով ամենից շատ եկել է դատախազ Աննա Վարդապետյանը՝ 8 դեպքով։ Եթե 1996 թվականին միաժամանակ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացվել նույն դեպքի շրջանակներում, իսկ Աղվան Հովսեփյանի օրոք անձեռնմխելիությունից զրկված 8 պատգամավորների կեսը՝ 4-ը, զրկվել են նույն դեպքի շրջանակում (մարտի 1-ի գործով), ապա Աննա Վարդապետյանը 2022 թվականից մինչ օրս տարբեր դեպքերով արդեն 8 անգամ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել։ Նրա ներկայացրած բոլոր միջնորդությունները բավարարվել են։

Քրեական հետապնդում է հարուցվել 8-րդ գումարման Ազգային ժողովի (2021թ. օգոստոսի 2-ից մինչ օրս) 7 պատգամավորի նկատմամբ ՝ Արմեն Չարչյանի, Սեյրան Օհանյանի (2 անգամ), Մհեր Սահակյանի, Տարոն Մարգարյանի, Հովիկ Աղազարյանի, Արթուր Սարգսյանի և Արծվիկ Մինասյանի։

2023 թվականի փետրվարի 7-8-ին Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Ըստ այդ միջնորդագրերի՝ Սեյրան Օհանյանին մեղսագրվել են արարքներ, որ նա պաշտպանության նախարարի պաշտոնում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել, ինչպես նաև վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։ Խորհրդարանն իր համաձայնությունն է տվել դատախազի միջնորդագրերին, և Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից։ Նրա վերաբերյալ գործն այժմ դատաքննության փուլում է։

Նույն թվականի փետրվարի 9-ին դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրի հիման վրա Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկել է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

Ըստ դատախազության՝ Արմեն Չարչյանը, որպես փորձագետ ընդգրկված լինելով Արթուր Սարգսյանին («Հաց բերողին») ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել էր դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։ Այս գործը դեռ դատաքննության փուլում է։ 

Պատգամավորի մանդատ ստանալուց առաջ Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։ Պատգամավորի թեկնածուին մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համար Գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն էլ բավարարել էր միջնորդությունը։ Կալանավորումից մեկ ամիս հետո Չարչյանին դատարանը ազատ է արձակել գրավի դիմաց, հետո նորից կալանավորել արդեն պատգամավորի կարգավիճակում։ Ավելի քան 3 ամիս կալանավորված մնալուց հետո Արմեն Չարչյանն ազատ է արձակվել՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, համաձայն որի՝ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ առանց Ազգային ժողովի համաձայնության։ Այս գործով Արմեն Չարչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։

2023թ. ապրիլի 10-ին Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Պատգամավորը Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի նախագահ (ՔՊ խմբակցությունից) Վլադիմիր Վարդանյանի քունքին։ Նիստը եղել է փակ, լրագրողներ ներկա չեն եղել, Մհեր Սահակյանը և իր կուսակիցները պնդել են, որ տեղի ունեցածն ինքնապաշտպանություն էր, մինչդեռ իշխող կուսակցության պատգամավորները պնդել են, թե կատարվածը դիտավորություն էր: Այս դեպքը լայն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ ընդդիմադիրները օրինակներ են բերել, որտեղ իշխող ուժի պատգամավորներն են հայտնվել ծեծկռտուքների կենտրոնում, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կիրառվել են երկակի ստանդարտներ։ 2025 թվականին Մհեր Սահակյանի գործի վարույթը դատարանում կարճվել է, քանի որ նա մահացել է ավտովթարից։ 

2025-ի մարտի 26-ին և 27-ին Աննա Վարդապետյանը երկու միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով, այս անգամ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Երկու դեպքում էլ Ազգային ժողովը բավարարել է դատախազի միջնորդությունները։

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով։ Առաջինով՝ այն բանի համար, որ 200,000-300,000 դոլարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթաց է կազմակերպել: Երկրորդ դրվագով Աղազարյանը մեղադրվում է կառուցապատման թույլտվության միջնորդության դիմաց 23,000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այս երկու գործերը միացվել են մեկ վարույթի մեջ, նախաքննությունն ավարտվել է, այժմ գտնվում է դատարանում։

Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն նախորդել էին քաղաքական իրադարձություններ։ 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում Քննչական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ իրեն մի քանի անգամ զանգել են Հովիկ Աղազարյանի որդու հետ կապված քրեական վարույթը կարճելու համար։ 

Աղազարյանը պահանջել էր անուններ տալ։ Լեզվակռիվը վերածվել էր փոխադարձ վիրավորանքների։ Այս միջադեպից հետո Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ էր նախաձեռնվել Քյարամյանի վարքը քննելու համար։ ՔՊ-ն էլ իր հերթին էր ուսումնասիրել կուսակցության անդամ Աղազարյանի պահվածքը։ Նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Կառավարության մի շարք անդամների խնդրել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։ Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հովիկ Աղազարյանին նույնպես խնդրել է վայր դնել մանդատը։ Երկար մտածելուց հետո՝ դեկտեմբերի 2-ին, Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մանդատից չի հրաժարվելու։ Այս որոշումից հետո նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ապա նաև կուսակցությունը Աղազարյանին հեռացրին իրենց շարքերից։

Իսկ Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է մանկապարտեզների և դպրոցների տարածքներն ապօրինի օգտագործելու մեջ։ Աննա Վարդապետյանի միջնորդության համաձայն, 2009-ի հուլիսից 2011-ի նոյեմբերը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011-2018 թթ․-ին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Մարգարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել պետության ու համայնքի իրավունքներին և օրինական շահերին։ Տարոն Մարգարյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքները, դրանք համարում է կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի նպատակն իրեն և իր համախոհներին քաղաքական պայքարից հեռու պահելն է։ Տարոն Մարգարյանի վերաբերյալ գործն այժմ դատաքննության փուլում է։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելուն համաձայնություն տալու միջնորդություն Աննա Վարդապետյանը երկրորդ անգամ Ազգային ժողով է ներկայացրել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Այս անգամ դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։ 

Ըստ գլխավոր դատախազի՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, որը չի հայտարարագրել իբրև սեփականություն:

Արծվիկ Մինասյանն էլ, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: Այս դատական գործը դեռևս նախնական դատալսումների փուլում է։

Երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրը՝ 2025-ի հուլիսի 7-ին, Աննա Վարդապետյանը քրեական հետապնդում հարուցելու, իսկ հաջորդ օրը նաև ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Խորհրդարանն այս անգամ ևս բավարարել է գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ զրկելով պատգամավորին անձեռնմխելիությունից։ Նա անցնում է «Սրբազան պայքարի» գործով։ Պատգամավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շարժման մյուս մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Այս գործը դատական քննության փուլում է, պատգամավորի նկատմամբ այժմ ընտրված է տնային կալանք խափանման միջոցը և 20 մլն դրամ գրավը։

7.jpg (411 KB)

Ինչպես երևում է, տարբեր իշխանությունների օրոք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու դեպքերը տեղի են ունեցել քաղաքական ճգնաժամերի, իշխանափոխության կամ քաղաքական լարված իրադարձությունների ֆոնին։ Հարց է ծագում՝ արդյոք պատգամավորի անձեռնմխելիությունը անկախ գործելու իրավական երաշխիք է, իսկ դրանից զրկելը նրա նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու գործիք։

Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ինչը սովորաբար ուղեկցվում է քաղաքական լարվածության աճով՝ չի բացառվում, որ նման գործընթացների նոր դրսևորումների ականատեսը կարող ենք լինել առաջիկա ամիսներին։

Ինֆոգրաֆիկաները և գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter