HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ՝ ամսաթվերի գործածության մասին

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ պաշտոնական գրագրության մեջ ամսաթվերի գործածության մասին

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»-ը հունվար 2018 թ. կամ 15-ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15-01-2018 կամ 15.01.2018 և այլն:

Նկատելի է, որ ամսանվան (նաև ամիսը ցույց տվող թվի) և տարեթվի միջև ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է և այլն: Համեմատաբար նոր իրողություն է, որ օր-ամիս-տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով:

Այս անհարկի բազմաձևությունը վերացնելու և գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

  1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել և գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձևով: Պահպանել ամսաթիվ-ամսանուն-տարեթիվ հերթականությունը: Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019: Ամսանունը գրել փոքրատառ:

Թույլատրելի է նաև ամսանվան ուղիղ ձևով գրությունը: Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.: Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաև սկզբում: Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.:

  1. Ամիս-ամսաթիվը և տարեթիվն իրարից ստորակետով չանջատել: Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1:
  2. Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերում գործածել միջակետ և ոչ թե թեք գիծ կամ գծիկ: Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25-01-2019, այլ 25.01.2019:
  3. «Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»-ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ: Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.: Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերից հետո «թ.»-ն չգրել՝ համարելով ավելորդ:

Մեկնաբանություններ (3)

Գայանե
Ինչպե՞ս պետք է լրացնել դասամատյանները դպրոցում.հաշվառման էջում գրված է ամսաթիվ_ ամիս(01.02 պետք է գրենք),իսկ առարկաների էջում գրված է ամիս_ ամսաթիվ( 02.01 պետք է գրե՞նք),թեմայի բաժնում գրված է ստորակետոց' ամիս,ամսաթիվ(02.01),դիցուք փետրվարի մեկն է,ո՞ր տարբերակն է ճիշտ։
Ալեքսանդր Աղաբեկյան
կարծում եմ՝ «թ» ընդհանրապես ավելորդ է, տարեթիվը բառաշարում միշտ հասկանալի է, իսկ պահելու դեպքում պետք է դնել առանց բացատի, քանի որ հաջորդ տող է գնում 2019 թ , ահա դրա օրինակը: թ-ն ինքնիրեն գնաց հաջորդ տող
Ռուբինա
Ինչպես միշտ` հարգամեծար աշխատանք է։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter