HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների հեղինակած նախագծերը` չորրորդ նստաշրջանում

Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանում ընդունվել է շուրջ 320 օրենքի նախագիծ (առանց համաձայնագրերի և զեկույցների), որոնցից միայն 57-ն են հեղինակել ԱԺ պատգամավորները կամ խմբակցությունները: Այդ ցանկում կան ինչպես առանձին պատգամավորների, խմբակցությունների նախագծեր, այնպես էլ տարբեր խմբակցությունների անդամների, Կառավարության հետ համատեղ ներկայացված նախագծեր:

Ներկայացնենք ընդունված նախագծերից մի քանիսը:

ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներն ու գործադիրը նախորդող նստաշրջանում հեղինակել են «Ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություներով հնարավորություն է ստեղծվում 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները անցկացնել համամասնական ընտրակարգով: Ինչպես նաև մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարելու: 

Կառավարության և ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի համահեղինակությամբ ընդունվեց «Ներման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս նախագծի առանցքային փոփոխությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ցմահ ազատազրկման դատապարտված անձին ներում շնորհելու, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին՝ նախկին քսան տարվա փոխարեն:

Փոփոխություններ են կատարվել նաև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում. որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը:

Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած աղբատար ավտոմեքենաների հայտնի պատմությունից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ հեղինակեցին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս Երևան համայնքին արված մեկ միլիոն և ավելի նվիրատվությունները հանրայնացնել, իսկ նվիրատուի անունը քաղաքապետարանը պարտավորվում է հանրայնացնել, եթե նրա կողմից կա գրավոր համաձայնություն:

Տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեությունն ընդլայնող մեկ այլ նախագիծ է հեղինակել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Վերջինս հնարավորություն տվեց գործադիրի աշխատանքային հարթակը համարվող E-draft.am կայքում հրապարակել նաև ՏԻՄ նորմատիվ ակտերի նախագծերը:

Շատ քննարկված նախագծերից էր քաղաքական մեծամասնության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունը: Այս փոփոխություններով ոստիկանությունն օժտվեց սեփական կապուղիներով ու տեխնիկական միջոցներով հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ինքնուրույն կարողությամբ: Նախկինում ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դիմում էր ԱԱԾ-ին, վերջինս ապահովում էր կապուղիներ և համապատասխան տեխնիկական միջոցներ:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններին Կառավարությունը դեմ էր: Ինչպես քննարկմանը հայտնեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը` Կառավարությունը ցանկանում է առանձին կազմակերպությանը լիազորել գաղտնալսման կազմակերպման ընթացքը` ուժային կառույցներին զրկելով գաղտնալսման իրավունքից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները հնարավորություն ընձեռեցին աշխատող ուսանողներին մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում անվճար սովորել: Հետագայում Կառավարությունը հաստատեց այն մասնագիտությունների ցանկը, որոնց վերաբերում էր այս փոփոխությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ` նվազեց Փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) հարկերի ուշացումների տույժ-տուգանքների չափը: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը նախկինում վճարում էր 0.075 տոկոսի չափով տույժ: Փոփոխություններից հետո ժամկետանց տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը դարձավ 0.04 տոկոս:

Հարկային օրենսգրքում մեկ այլ փոփոխություն հեղինակեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նախագիծը հնարավորություն է տալիս մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ` առնվազն մեկ տարում:

Իմքայլական Սիսակ Գաբրիելյանի մեկ այլ նախաձեռնությամբ հնարավորություն ստեղծվեց ֆիզիկական անձանց համար փոստային ծառայության միջոցով դեղորայք պատվիրել արտերկրից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակությամբ ընդունվեց Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություն, որը հնարավորություն է տալիս տեղաշարժման խնդիր ունեցող, ՀՀ-ում գտնվող կենսաթոշակառուին, իր գտնվելու փաստը բանկի կողմից հեռահար հաստատելու (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

Խմբակցության մեկ այլ նախաձեռնությամբ` հնարավորություն ստեղծվեց ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում պարտադիր նշել սեռը:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որով բոլոր համայնքապետերը պարտավորվեցին եկամուտների հայտարարագիր լրացնել: Մինչ այդ` եկամուտների հայտարարագիր էին պարտավորվում լրացնել միայն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի նախաձեռնությամբ` խորհրդականի պաշտոնի համար պահանջվող տարիքային ցենզը փոխվեց` 30-ից դառնալով 25:

Ձմեռային նստաշրջանի ընթացքում պատգամավորների նախաձեռնությամբ մի քանի անգամ արտահերթ նիստեր ևս հրավիրվել են, որոնք մեծ մասամբ վերաբերվել են Սահմանադրական դատարանին: Քաղաքական մեծամասնության մի քանի տասնյակ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարեց, որի համաձայն՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցվեցին որպես բարձր դատարանի նախագահ, իսկ այն անդամ-դատավորները, որոնց պաշտոնավարումն առնվազն 12 տարի էր, լիազորությունները դադարեցվեցին:

Քաղաքական մեծամասնությունը փոխեց նաև ՍԴ-ում թափուր տեղերի համար առաջադրումների հերթականությունը. թեկնածու առաջադրելու առաջին իրավասությունը վերապահվեց Կառավարությանը: Հնարավորություն է ստեղծվել նաև ՍԴ դատավորների ընտրություն կատարել նաև արտահերթ նիստերի ժամանակ: Իսկ Սահմանադրության ամենաուշագրավ փոփոխությունն այն էր, որ Հանրապետության նախագահը զրկվեց փոփոխության նախագիծը ստորագրելու հնարավորությունից, փոփոխություններն ուժի մեջ մտան ԱԺ նախագահի հրապարակելուց հետո:

Ընդգծենք նաև, որ այս նախագծերն ամբողջական չեն, բացի այդ` սա չի փաստում, որ առավել նախագծեր է հեղինակել քաղաքական մեծամասնությունը: Պարզապես ընդդիմության շատ նախագծեր նույնիսկ օրակարգ չեն ներառվել, կամ էլ որոշները ներառվելուց հետո չեն ընդունվել` դուրս գալով շրջանառությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter