HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Չենք հրաժարվի երկխոսությունից, սեղանին կդնենք մեր փաստարկներն ու կլսենք մեր գործընկերների հակափաստարկները»

«Դիվանագիտական գործընթացում պետք է հետևողական աշխատել. էն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար»։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հարցի բանակցություններին և իր հասցեին հնչող այն քննադատություններին, որ չնայած հայտարարել է՝ բանակցություններում Արցախը չի կարող ներկայացնել, սակայն շարունակում է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ։

«Այս ընթացքում բոլոր շփումներում այդ օրակարգը ես առաջադրել եմ, դա նույն օրակագն է, ինչը ձևավորվել է 2018-ի մայիսին, ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն. սա մեր կողմից ոչ քմահաճույք է, ոչ նախապայման, այս թեմայով մեր քննարկումները շարունակել ենք և փորձելու ենք շարունակել փաստարկների դաշտում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը ցուցաբերել է դիմացինին լսելու ունակություն, նույնն ակնկալում է վերջինից:

«Երկխոսության գործընթացն իրականում նոր չի սկսվել, այն սկսվել է Դուշանբեում, շարունակվել Սանկտ Պետերբուրգում, եղել է Դավոսում, հաջորդ երկխոսությունը չգիտեմ որտեղ կլինի: Մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, երբ կողմերից որևէ մեկն ասի երկխոսությունից հրաժարվում եմ, բնականաբար դա տրամաբնական մոտեցում չի լինի, բնականաբար մենք էլ չենք հրաժարվի երկխոսությունից, սեղանին կդնենք մեր փաստարկները ու ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները։ Կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին առկա սկզբունքներին ու տարրերին, Փաշինյանն ասաց. «Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում դրանք արվում են պետական մակարդակով, շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ մեկնաբանության վրա են հիմնվելու հետագա բանակցությունները։ Օրինակ, հայտարարված սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը մեզ համար անընդունելի է, բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք՝ էդ սկզբունքները ինչ կարող են նշանակել գործնականում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այդ սկզբունքներն, օրինակ, Ադրբեջանի մեկնաբանությամբ այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս։

«Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, իրար չենք հասկանա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ. վերջինս բանակցային գործընթացի վերաբերյալ կառավարության ղեկավարին համապարփակ տեղեկատվություն է փոխանցել։

«Առաջիկա հանդիպումը, առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ արդեն պաշտոնական արձանագրելուն, ինչ է տեղի ունեցել Կազանում, ինչ է տեղի ունեցել Վիեննայում, Քի Ուեսթում, եթե բոլորը միաձայն ասեն՝ Կազանում սա է տեղի ունեցել, Վիեննայում սա և այդպես շարունակ, բայց ինչքան մարդ, էնքան մեկնաբանություն, թե ինչ է եղել, սակայն ծագում են հարցեր, և դրանք պետք է պարզաբանվեն: Որպես բանակցային գործընթացում նոր մարդ՝ ես պարտավոր եմ բոլոր հարցերի պատասխանները ստանալ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter