HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի քրդերի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան դիմաց

Ըստ tert.am-ի տեսանյութի, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ հայաստանցի քրդեր։ Խաղաղ հավաքի նպատակն էր դատապարտել Սպիտակ տան որոշումը՝ դուրս բերել ամերիկյան զորքերը հյուսիսային Սիրիայից։

Ակցիայի ընթացքում հնչեցին Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող ելույթներ։ Ելույթ ունեցողների շարքում էր նաև համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Այսօր մենք եկել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ և ասում ենք՝ դատապարտում ենք ԱՄՆ ղեկավարությանը, որ քրդերին թողեց մեն-մենակ թուրքերի թնդանոթների դեմ»,- ասաց Հասանովը։

Խաղաղ ակցիան ուղղված էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, մասնակիցները վանկարկում էին «Էրդողան տեռորիստ»։ Քուրդ համայնքի բողոքի ակցիային միացան նաև Հայաստանի այլ քաղաքացիներ` հիշեցնելով 1915-ում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Ակցիայի ընթացքում վառեցին Էրդողանի նկարը։

Ակցիայի մասնակիցները նամակով դիմեցին դեսպանատան ներկայացուցչին և հույս հայտնեցին, որ ԱՄՆ-ն կփոխի իր դիրքորոշումը այս հարցում և թույլ չի տա Թուրքիային շարունակել քրդերի դեմ ուղղված լայնածավալ ռազմական գործողությունները։

Նամակն ընդունելիս ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ հարգում է քրդական համայնքի խաղաղ հավաք իրականացնելու իրավունքը` նշելով, որ շուտով կպատասխանեն նրանց նամակին։

Ժամեր առաջ ԱՄՆ-ն հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

Հիշեցնենք, որ #OperationPeaceSpring (Խաղաղության ակունք) օպերացիայի արդյունքում կան տասնյակ քաղաքացիական զոհեր, որոնց մեջ շատ են կանայք և երեխաները։ Արդեն տեղահանվել է շուրջ 160 հազար հոգի, ակնկալվում է, որ այս թիվը աճելու է։

Թուրքիան նպատակ ունի ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայի հետ սահմանի երկայնքով շուրջ 30-35 կմ խորություն ունեցող բուֆերային տարածք ստեղծել։ Պլանավորվում է այս տարածքներ տեղափոխել արաբ սիրիացի փախստականներին, ովքեր այժմ գտնվում են Թուրքիայում։

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, համաձայնություն է ձեռք բերվել պաշտոնական Դամասկոսի և քուրդ միավորումների ՍԴՈւ (Սիրիայի դեմոկրատական ուժեր) միջև։ Այսօր Սիրիայի պետական բանակն արդեն հասել է հյուսիս` Թուրքիայի հետ սահմանի մոտ, որտեղ էլ տեղի են ունենում ռազմական գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter