HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սախարովի անվան կենտրոնը պահանջում է հետ կանչել օպտիմալացման նախագիծը

«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ««ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագծի կապակցությամբ։

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ գրված է. «Առաջին հայացքից թվում է, թե սույն օրենքի նախագծով ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են օպտիմալացում իրականացնել, տնտեսել կամ կրճատել պետական ծախսերը՝ նախարարությունների թիվը 17-ից դարձնելով 12։

Սակայն հարկ է նշել, որ այս փոփոխությունների հետևանքով մենք ունենալու ենք ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական լուրջ խնդիրներ, ինչը առաջացնելու է սոցիալական ընդվզումներ հանրապետությունում, գործազարկության թվի կտրուկ աճ և նպաստելու է հերթական արտագաղթին, որից դեռևս չենք ազատվել (գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են լքել Հայաստանը աշխատանք և եկամտի աղբյուր չունենալու պատճառով), իսկ դատարանները ծանրաբեռնվելու են աշխատանքային վեճերի լուծման հարյուրավոր հայցադիմումներով։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանը հռչակված է որպես սոցիալական պետություն, սակայն այս նախագծի բովանդակությունը և առկա իրավիճակի գնահատումը, նախարարությունների աշխատողների հիմնավոր և արդարացի դժգոհություններին ծանոթանալը, թույլ են տալիս նկատել, որ այս փոփոխությունների հետևանքով մենք կանգնելու ենք վերը նշված սոցիալական ու իրավական լուրջ ու ծանր մարտահրավերների առջև։

Երկրորդ, սույն փոփոխությունների գաղափարը կամ դրա իրականացման նպատակը ընդհանրապես չի ներկայացվել Հայաստանի հասարակության ու աշխարհասփյուռ հայության՝ ազգի երեք քառորդի դատին։ Սույն օրենքի նախագծի քննարկման ամենավաղ փուլում մասնակից չեն եղել լուծարվող նախարությունների աշխատակիցները, քաղաքացիական հասարակության կառույցներն ու կառավարման համակարգի մասնագետները։ Պարզվում է, որ սույն նախագիծը մշակվել և հապճեպ ներկայացվել է նախարարությունների կարծիքները ստանալու համար։

Այն որ ունենք պետական կառավարման բարելավման և զարգացման խնդիր, միանշանակ է, որևէ մեկը դա չի հերքում, սակայն եթե ժամանակին նախորդի՝ մերժված իշխանությունների (անգործության կամ կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված պաշտոնյաների) կողմից չեն իրականացվել ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վրա դրված պարտակություններն ու լիազորությունները, ապա դա չպետք է հիմք հանդիսանա այսօր այդ նախարությունները լուծարելու կամ վերամիավորելու համար։ Սա թույլ է տալիս արձանագրել, որ ներկայիս իշխանությունները չունեն պետական կառավարման և գործունեության մասին տեսլական կամ հայեցակարգ, և հիվանդին բուժելու փոխարեն, նրան անմիջապես տանում են անդամահատման։

Մեր կարծիքով, ութ ամիսը բավարար էր ներկայիս կառավարության համար հասկանալու պետության ամենակարևոր հիմնախնդիրները, նախարություններից յուրաքանչյուրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման կամ առողջացման համար ծրագրեր ու մեխանիզմներ մշակել։ Ստացվում է, որ եթե չկա մասնագետ կամ որակյալ կադր կամ չկա տեսլական, ապա պետք է հրաժարվել այդ նախարությունից (ներից) կամ այն (դրանք) իջեցնել գերատեսչական մարմնի մակարդակի։

Հետաքրքիր է իմանալ նաև, թե արդյոք ՀՀ գործող կառավարությունն իր պաշտոնակատարներով իրականացրե՞լ է սույն նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կամ փորձաքննություն, թե՞ ոչ։ Արդյոք ուսումնասիրե՞լ և գնահատե՞լ է պետության ներկա սոցիալական վիճակը, գործազրկության կամ բնակչության զբաղվածության մակարդակն ըստ տարիքի ու սեռի, պարզե՞լ է թե քանի՞ քաղաքացի է դառնալու գործազուրկ, որքա՞ն է կազմելու միջին տարիքի քաղաքացիների թիվը, որոնց հետագայում շատ դժվար է լինելու մեր փոքր պետության խղճուկ աշխատաշուկայում նոր աշխատանք գտնել։

Ինչ վերաբերում է որոշ նախարարությունների վերացմանը կամ այլ նախարարության հետ միավորմանը, ապա պետք է նշել, որ այն նախարարությունը, որն իր հովանու տակ է առնելու մի քանի նախարարությունների աշխատանքները, իսկապես դառնալու է «սուպեր» նախարարություն, նախարարը՝ «սուպեր» նախարար, իսկ բոլոր տեսակի աշխատանքները դառնալու են անարդյունավետ և խառնաշփոթ է ստեղծվելու։

Մեզ ամենից շատ մտահոգում է ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման և նրան անհասկանալի կարգավիճակ տալու գաղափարը։ Պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ սփյուռքի հետ աշխատանքները պետք է սերտ լինեն, ավելին նա բազմիցս ասել է, որ ինքը մտադիր է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել ու օգտագործել սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համար։ Այս մասին նա հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ այս պահին Սահմանադրությունը խոչընդոտում է սփյուռքահայերին կառավարական հարցերում գրավելուն։

Այս մասին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հայտնելով, որ սփյուռքին որպես դոնորի վերաբերվելը մտահոգություն է առաջացնում: «Երբ մենք խոսում ենք ազգային շարժման մասին, հարց է ծագում `արդյո՞ք սփյուռքը նրա համար է, որ փող ուղարկի և մասնակցություն չունենա: Կարծում եմ` դա սխալ է։ Նրանք, ովքեր ներդրում են կատարում, պարտականությունների հետ մեկտեղ պետք է իրավունքներ ունենան․․․ գուցե մի օր մենք կհասնենք այն բանին, որ նրանք քվեարկելու իրավունք կունենան»,- նշել է ՀՀ նախագահը: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման մասին գաղափարը կամ կատարվող կտրուկ փոփոխությունների նպատակը նախապես չի ներկայացվել այդ նույն սփյուռքի ակտիվ և կարկառուն ներկայացուցիչների դատին։

Այսպիսով, որպեսզի չխորանանք սույն նախագծի յուրաքանչյուր հոդվածի տողատակերի մեջ, կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և նրա թիմի անդամներին անհապաղ հետ կանչել նշյալ նախագիծը և իրականացնել իրավական, սոցիալական, ֆինանսական ու տնտեսական բազմակողմանի և օբյեկտիվ գնահատում և այն ներկայացնել հանրության լայն շերտերի քննարկմանը։ Այդ գնահատումը պետք է իր մեջ պարունակի հիմնավորված փաստարկներ և թվեր, որոնք կապացուցեն սույն փոփոխությունների կատարման հրատապությունը, խիստ անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter