HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ: 

Նախագծի ընդունման դեպքում, ըստ ԿԳՄՍ-ի, պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում և հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը և անհրաժեշտության դեպքում նաև թղթային տարբերակով տպել: 

Ներկայում ավարտական փաստաթղթերը հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրամադրվում են թղթային տարբերակով. դա պահանջում է մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, հավելյալ ժամանակ:

Ավարտական փաստաթղթերի թվայնացման նպատակը հանրակրթության ոլորտի վարչարարությունը կրճատելն է` նպաստելով թվային գործիքների զարգացմանը և ռեսուրսների խնայողությանը: 

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter