HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպան և Կենտրոնական Ասիան վերահաստատում են սնուցման բարելավման նպատակով պարենային համակարգերը վերափոխելու իրենց պատրաստակամությունը

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՊԳԿ անդամ երկրները երեք օր շարունակ քննարկում էին գյուղատնտեսության ընթացիկ խնդիրները, որոնք առանցքային դեր ունեն տարածաշրջանում պարենային համակարգերն ավելի լավ սնուցման նպատակով վերափոխելու գործում: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ ՊԳԿ-ն։ Հաղորդագրությունը՝ ստորև։

«Ամփոփվել է գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քառասուներկուերորդ նստաշրջանը, որտեղ քվեարկել են նաև գյուղմթերքի արտադրության բարելավման քաղաքականության առաջարկությունները՝ ուղղված գյուղական վայրերի տնտեսության աջակցման և գենդերային հարցերի խթանմանը։

Գյուղատնտեսության հիմնախնդիրների շուրջ համագործակցության խթանման և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 55 անդամ երկրներին առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՊԳԿ-ն երկու տարին մեկ անգամ Հանձնաժողովի նիստ է հրավիրում: Այս նիստը նվիրված էր բոլորի, մասնավորապես առավել խոցելի խմբերի համար առողջ և սննդարար սննդակարգի ապահովմանը, ինչպես նաև նաև թերսնուցման բոլոր ձևերի քննարկմանը։

Անդամ երկրները կարևորեցին այն փաստը, որ պարենային համակարգերը պետք է դիտարկել ոչ թե որպես միագիծ և նեղ գաղափար, այլ որդեգրել ամբողջական և համապարփակ մոտեցում, որը կօգնի ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր, և, ի վերջո, ավելի լավ կյանք ապահովել՝ ներառելով ոլորտային համագործակցություններ և փոխզիջումային մոտեցումներ։  COVID-19 համավարակի հետևանքով առաջացած խաթարումներն ավելի կանաչ և կենսակայուն լուծումների ձևավորման հնարավորություն են ընձեռում:

Այս նկատառումներից ելնելով, պարենի արտադրության, վերամշակման, բաշխման, պատրաստման և սպառման ձևերի վերափոխման, ինչպես նաև տարածաշրջանում սնուցման բարելավման նպատակով Հանձնաժողովն առաջարկում է ամրապնդել համագործակցությունն ու միջոլորտային երկխոսությունը, առողջ սնուցման ու կենսակայունության համադրումը, մեծացնել հավասարությունը և համընդգրկունությունը՝ նպաստելով առավել խոցելի խմբերի կենսապայմաններին ու սնուցմանը, ինչպես նաև ավելացնել ներդրումներն ագրոպարենային համակարգերում՝ արտադրության բարելավման և հավելյալ արժեքի ստեղծման միջոցով։

«Պարենային համակարգերը պետք է բազմազանեցվեն՝ ավելի մեծ դիմացկունության և կենսակայունության, և, ի վերջո, բազմազան ու սննդարար սննդամթերքի հասանելիության բարելավման համար: Ավելի լավ արտադրություն ապահովելու համար պետք է արտադրության ծավալների, մշակաբույսերի, շուկայավարման ուղիների, ֆինանսական աղբյուրների, ֆինանսական գործիքների, տեխնոլոգիաների, հավելյալ արժեքի ու սոցիալական գործընթացների ավելի մեծ բազմազանություն ապահովենք», - ասաց Գյուղատնտեսության հարցերով Եվրոպական հանձնաժողովի քարտուղար Պյոտր Վլոդարչիկը: «Հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց այս մոտեցումը։ Դրա կարևորությունն է փաստում նաև պետությունների մասնակիցների, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների դիտորդների ռեկորդային թիվը»:

Ամփոփիչ զեկույցն անդամներին խրախուսում է ակտիվորեն նպաստել թվային տեխնոլոգիաների նորարարություններին և աջակցել ֆինանսական համակարգերի զարգացմանը, որտեղ ֆինանսական գործիքներն ու ծառայություն մատուցողները կարող են ավելանալ և բազմազան դառնալ: Այս ամենին սատարելու նպատակով ՊԳԿ-ն հանձն առավ, ի թիվս այլոց, նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը, տրամադրել համապատասխան տվյալներ և վերլուծություն, ինչպես նաև խթանել կանաչ, բնության վրա խարսխված լուծումները:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը  զարգացման կարգավիճակի, բնական պաշարների և կառուցվածքային առանձնահատկությունների տեսանկյունից խիստ բազմազան է, ուստի տարբեր երկրներ թերսնուցման և տեղական պարենային համակարգերի ու գյուղական բնակավայրերի կենսակայուն և համընդգրկուն վերափոխման հետ կապված տարբեր արգելքների ու դժվարությունների են առերեսվում:

Տարածքային մոտեցումները, որոնք զարգացման որոշիչներ են համարում բնապահպանական, սոցիալական և տնտեսական տարբերությունները`տեղական մակարդակում ավելի ընդգրկուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացման հասնելու կարևոր գործիքներ են և, միևնույն ժամանակ, ապահովում են դրանց ներառումն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 օրակարգում:

«Տարածքային մոտեցումների սկզբունքների ներառումն ազգային օրակարգերում կարող է օգնել հասնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և ոչ ոքի չանտեսելու հանձնառության իրագործմանը», - հավելեց Պյոտր Վլոդարչուկը:

Առաջընթաց գենդերային հավասարության գործընթացում

2010 թվականից ի վեր տարածաշրջանում ՊԳԿ-ի ծավալած գործունեության մեջ գենդերային և սոցիալական ներառման խնդիրների արտացոլման հարցում գրանցած առաջընթացը Հանձնաժողովի օրակարգի մշտակա կետերից է։ Ընթացող նստաշրջանում ՊԳԿ-ն ներկայացրեց այս աշխատանքը, որն ամփոփված է 2019-2022 թթ. Գենդերային հավասարության տարածաշրջանային ռազմավարության և գործողությունների 2019-2022 թթ. ծրագրում, ինչպես նաև առանձնացրեց գենդերային այն բարդ խնդիրները, որոնք սահմանափակում են ԿԶՆ-ների իրագործման առաջընթացը և հետագա ուշադրություն ու գործողություններ են պահանջում։  

Այս հիմնահարցերից ելնելով ՊԳԿ-ն գենդերային տեսանկյունից վերափոխիչ գյուղատնտեսության քաղաքականություն է առաջարկում, որոնք կարող են անդրադառնալ անհավասարության խորքային պատճառներին և արտացոլել գյուղական վայրերում կանանց մասնակցությունը ագրոպարենային ոլորտի արժեշղթաներին, բարելավել տվյալների հավաքագրումը և գենդերային վիճակագրությունը, ինչպես նաև հետագայում վերլուծել գենդերային բացերը՝ գյուղատնտեսական ծառայությունների, արտադրանքի և միջոցների հասանելիության տեսանկյունից։ Ի լրումն, անդամ երկրները և ՊԳԿ-ն պետք է շարունակեն հզորացնել գյուղական վայրերում կանանց կարողությունները՝ նպաստելով նրանց մասնակցությանը որոշումների կայացմանը և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական նպատակային քաղաքականությունների և ծրագրերի ձևավորմանը, որոնք կանանց համար եկամտի բազմազան և կենսունակ հնարավորություններ կապահովեն»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter