22 մլն դրամի առերևույթ հափշտակություն Ստեփանավանի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Արդյունքում պարզվել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020թթ. կազմել է մոտ 123,4 մլն դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114 մլն դրամ կամ 9.4 մլն դրամով պակաս:
Բացի այդ, 2016-2020թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133 մլն դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120,4 մլն դրամ, կամ մոտ 12,7 մլն դրամով պակաս:
Փաստորեն, ըստ դատախազության՝ Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016-2020թթ. համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների գծով փաստացի հավաքագրելով ընդհանուր շուրջ 256.5 մլն դրամ, համայնքի բյուջե են մուտքագրել միայն մոտ 234.4 մլն դրամ, այսինքն՝ առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 22 մլն դրամ գումար:
Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության առերևույթ հանցագործության մասին տվյալներ և անհրաժեշտ է կատարվածի ամբողջական հանգամանքները պարզել լրիվ քննությամբ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել