HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանական ներխուժումից երկու շաբաթ անց․ ինչ տեղի ունեցավ այս ընթացքում

Արդեն իսկ երկու շաբաթ է անցել, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գտնվում են Հայաստանի տարածքում։ «Հետքը» ներկայացնում է մինչև այս պահը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը։

Մայիսի 12

Մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Մայիսի 12-ի ուշ երեկոյան հրավիրվեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել 3,5 կիլոմետր։

Մայիսի 13

Արդեն մայիսի 13-ին պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ բացի Սյունիքից ադրբեջանցիները խորացել են նաև Գեղարքունիքի մարզի, ավելի կոնկրետ՝ Վարդենիսի տարածաշրջանի հատվածում։ Այդ օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմաններին «պայթյունավտանգ իրավիճակ է», և որ հակառակորդի 250 զինծառայողներ գտվնում են Հայաստանի տարածքում։ Բացի այդ, կառավարության ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանի սահմանները խախտելու դեպքերի առիթվ պաշտոնապես դիմում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ 2-րդ հոդվածի հիմքով (ՀԱՊԿ)։

ՀԱՊԿ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը, ինչին զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան։

Կողմերին զսպվածության կոչ արեց պաշտոնական Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր, թե իրավիճակը հարկավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով։

Ֆեյսբուքյան իր էջում հայերեն գրառում կատարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք և պետք է անհապաղ հետ քաշվեն։ Իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին՝ առաջարկելով հարցի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Մայիսի 13-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։ 

Մայիսի 14

Մայիսի 14-ին էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինի հետ զրույցում Փաշինյանը օգնություն չի խնդրել։ 

Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցներ ունեցան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Քննարկել են ՀԱՊԿ ընթացակարգերով նախատեսված հետագա գործընթացները։ Մայիսի 14-ի ցերեկը հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները առաջ են եկել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Կութ բնակավայրերի հատվածներում։ 

Մայիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է։ Բացի այդ, կառավարության ղեկավարը նշեց նաև, որ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե հայկական կողմի հետ բանակցություններ են տարվում իրավիճակը հարթելու նպատակով։

Քիչ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, թե հույս ունեն, որ Ադրբեջանը անմիջապես հետ կքաշի իր ուժերը և կդադարեցնի սադրանքները։ 

Մայիսի 15

Մայիսի 15-ի գիշերը պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Սյունիքում և Գեղարքունիքում սահմանային իրավիճակը չի փոփոխվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ այդ ընթացքում փաստահավաք առաքելությամբ այցեր է կատարել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ։ Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվելու են միջազգային կառույցներին։ 

Մայիսի 15-ի երեկոյան պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ իրավիճակի փոփոխություն չի եղել, բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել առանց նախապայմանների դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից։

Մայիսի 16

Մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային՝ առաջարկելով անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:

Մայիսի 17

Մայիսի 17-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, թե ստեղծված իրավիճակում հույզեր բորբոքելու որևէ պատճառ չկա։ Բացի այդ, նա հայտարարեց, թե ռուսական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկացրեց, որ կազմակերպությունում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ասաց, որ հարցը գտնվում է ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո։

Պաշտոնական Փարիզը ևս մեկ անգամ կոչ արեց ադրբեջանական կողմին դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ 

Մայիսի 17-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Մայիսի 18

Մայիսի 18-ի առավոտյան պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, թե Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից, և որ կանխվում են ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։

Այդ օրը երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները։ 

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարեց, թե ողջամիտ ժամկետներում ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել նաև ուժային տարբերակով։

Մայիսի 19

Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերին օգնություն է առաջարկել սահմանազատման և սաահմանագծման աշխատանքների մեկնարկի համար՝ հանդես գալով այդ նպատակի համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կկարողանա մասնակցել խորհրդատուի կարգավիճակով կամ միջնորդի։

Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդեց, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին ժամը 14։00-ին նախատեսված բանակցություններին։

Հայտարարությամբ հանդես եկավ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, կդառնա իրավունքների նոր խախտումների և լարվածության պատճառ։

Այդ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարունակում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում՝ շեշտելով, որ գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և Հայաստանը շարունակում է հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ:

Հեռախոսազրույց ունեցան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Պուտինն ու Ալիևը շեշտել էին, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

«Հետքի» հետ զրույցում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ իրավիճակը կարգավորելու համար բանակցություններ պետք է վարել, բայց դա չպիտի խանգարի, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունները կատարեն։

Մայիսի 19-ին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են հակառակորդի զինվորականները հայհոյանքներով ու հրմշտելով բարձունքից հեռացնում հայ զինծառայողներին: Պաշտպանության նախարարությունը նախ հայտնեց, թե տեսանյութը կապ չունի Գեղարքունիքում և Սյունիքում սահմանային վերջին դեպքերի հետ, սակայն մի քանի ժամ անց ի հակառակ նախորդ հաղորդագրության՝ նշեց, որ տարածված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում, նշանակվել է ծառայողական քննություն։

Ավելի ուշ մեկ այլ տեսանյութ տարածվեց, որում արդեն երևում էր, թե ինչպես են հայ զինծառայողները ադրբեջանցիներին հեռացնում մեկ այլ տեղանքից։

ՀԱՊԿ գլխավոր քրատուղար Ստանիսլավ Զասը մեկ անգամ ևս հայտարարեց, որ ուշադրությամբ հետևում են ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության «աներկբա կատարումը»։

Մայիսի 19-ին ևս մեկ ուշագրավ բան տեղի ունեցավ։ Մի շարք լրատվամիջոցներում տարածվեց սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին եռակողմ փաստաթղթի հնարավոր պատճենը, որը պետք է ստորագրեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Մայիսի 20

Մայիսի 20-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին, և եթե Ադրբեջանը իրագործի ձեռքբերված պամանավորվածությունները, ինչպես նաև դուրս գա ՀՀ տարածքից, ապա ինքը կստորագրի այդ հայտարարությունը։ Բացի այդ, կառավարության ղեկավարը հայտնեց, որ ՀՀ սահմանային տարբեր հատվածներում կան 500-600 ադրբեջանցի զինծառայողներ։

Փաստաթղթի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես եկավ։

Հասարակական մի շարք կամզակերպություններ հայտարարություն տարածեցին՝ շեշտելով, որ պաշտոնակատարի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ։ Ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, Փաշինյանը չի կարող ընդունել Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը ՀՀ շահերին։

Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի սահմանային հատվածում։ Ըստ ՊՆ-ի Ադրբեջանցի զինծառայողները մի քանի կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ 

«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են»,- հայտնել է ՊՆ-ն։

Դատախազությունում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու առիթով հարուցվեց քրեական գործ։

ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ քննարկվող փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից և «կոռեկտ» չհամարեց աշխատանքային փաստաթղթի հրապարակումը՝ մինչև դրա ստորագրումը։ 

ԱԺ նիստին զուգահեռ խորհրդարանի մոտակայքում բողոքի ակցիա էր ընթանում։ Փաշինյանից պահանջում էին հրապարակել քննարկվող փաստաթուղթը։ Մի շարք քաղաքացիներ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեցին։ 

Մեկնաբանելով մամուլում հրապարակված հայտարարության մասին լուրերը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք «անհեթեթ հրապարակումներ» որակեց՝ շեշտելով, որ պետք է ուշադրություն դարձնել միայն պաշտոնական աղբյուրներին։

Մայիսի 21

Մայիսի 21-ի երեկոյան գլխավոր դատախազությունը հաղորդեց, թե մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը՝ 1,5 կմ խորությամբ: ՀՀ զինված ուժերին հաջողվել է նրանց հետ ուղարկել իրենց ելման դիրքեր, սակայն նույն օրը՝ 21։10-ի սահմաններում, կրկին մտել են ՀՀ տարածք և ծեծկռտուքի մեջ մտել հայ զինծառայողների հետ։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 11 հայ զինծառայող։ Հայաստանի զինված ուժերին կրկին հաջողվել է նրանց ետ շպրտել իրենց ելման դիրքեր։ Դեպքի աթռիվ քրեական գործ է հարուցվել։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը մերժում է այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Մայիսի 22

Մայիսի 22-ին հրավիրվեց Անվտանգության խորհդրի ևս մեկ նիստ։ Կրկին քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

Մայիսի 23

Մայիսի 23-ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը։

Մայիսի 24

Մայիսի 24-ին Վաղարշակ Հարությունյանի հետ հերթական հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ կազմակերությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։

Մայիսի 25

Մայիսի 25-ին էլ ՊՆ վարչական համալիրում Վաղարշակ Հարությունյանն ընդունել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության հանգուցալուծման տարբերակները։

Նույն օրը՝ ավելի ուշ, պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խուրշուդյանը՝ ծնված 1989թ․։

Կատարվածի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Մայիսի 26

Մայիսի 26-ին էլ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին դիմել պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով, ըստ որի՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ:

Լուսանկարը՝ արխիվային / © Արմեն Երամիշյան, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter