Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 43-րդ հանդիպումը
Հունիսի 30-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին: Կարևորվեց տնտեսական աճը խթանող տարածաշրջանային համակարգված գործողությունների, նորարարական և կայուն զարգացման, մրցակցության խթանման անհրաժեշտությունը:
Արման Խաչատրյանն անդրադարձավ նաև գլոբալ համավարակի պայմաններում նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին: Մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտումները` ընդգծվեց, որ Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ պահվածքը շարունակում է վտանգել տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը: Շեշտվեց, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ի թիվս այլի գերության մեջ պահելով հայ զինծառայողներին ու պատանդառված քաղաքացիական անձանց:
Առցանց հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև միակողմանի հարկադրանքի միջոցների և շրջափակման անընդունելիությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը և առևտրի դյուրացմանը՝ որպես ՍԾՏՀ հիմնական նպատակների:
Նիստի արդյունքներով՝ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվեց Վրաստանին, իսկ Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել