HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ 2022 թվականին (հուլիս-սեպտեմբեր)

սկիզբը

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, որքան էլ Բաքվի ռեժիմը պնդի, որ նման խնդիր այլեւս չկա: Արցախը շարունակում է մնալ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքը, ինչը լուծելու համար Բաքուն դիմել եւ դիմում է տարատեսակ միջոցների, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական ճնշումների, որոնք, սակայն, չեն հասնում իրենց գլխավոր նպատակին՝ Արցախի հայաթափմանը:

Մի քանի հրապարակումներով ամփոփում ենք 2022 թ. Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

01.07.2022 – Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ եթե բանը հասնի Բերձորի ու Աղավնոյի բնակիչների տարհանմանը, ապա աղավնոցիները, իր տեղեկություններով, տեղավորվելու են Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերում, իսկ բերձորցիների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով. «Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»։

05.07.2022 – ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կառույցում խոսել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ինչի հետեւանքով, մասնավորապես, Հադրութն ու Շուշին հայաթափվել են: Նա հայտարարել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաեւ նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը։

16.07.2022 – Թբիլիսիում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը: Ա. Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հասնելու ճանապարհին կարեւոր է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումն, ու այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ Ավելի ուշ Վրաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը կոնկրետ արդյունքների չեն հասել:

18.07.2022 – Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2022 թ. առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 792 երեխա, եւս 15 երեխա ծնվել է Հայաստանում:

19.07.2022 – ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում տեղաբաշխված ՀՀ զինծառայողները դուրս են բերվում այնտեղից. «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են ՀՀ: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է ՊԲ-ին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»: Օրեր անց Գրիգորյանին խստորեն քննադատել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանն ու ինքնության խեղաթյուրմանը. «Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական եւ շարունակական արձագանքը եւ ընդգծում ԼՂ-ում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը»։

26.07.2022 - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ԵԱՀԿ դիրքորոշումը, որ կառույցն իր ամբողջ ուշադրությունը սեւեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններին: ԵԱՀԿ ԽՎ ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել՝ գերիների առկախված խնդրի, մշակութային ժառանգության պահպանման, ԼՂ կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու մասին, սակայն դրանք չեն ընդունվել:

27.07.2022 – Թշնամին ժամը 11:45-ի սահմաններում հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե ինտենսիվ կրակ է վարել Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան: Խոցվել է Կարմիր Շուկայի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 գնդակ։

30.07.2022 – Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում 6 ընտանիք բնակարան է ստացել «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակներում:

01.08.2022 – ՊԲ-ն հայտնել է, որ թշնամին 09:00-ից սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում դիմել է սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ 22։00-ի դրությամբ հյուսիսային ու հյուսիսարեւմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է եւ շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ. «Հայկական կողմի կենդանի ուժի եւ դիրքային կորուստների մասին սոցցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։ ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ»: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնեց, որ հայկական կողմից կա 1 վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում:

02.08.2022 – ԼՂՀ ԱԽ նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստան-Արցախ երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։

03.08.2022 – Թշնամին 09:00-ից ՊԲ դիրքերի ուղղությամբ սկսել է կիրառել նռնականետներ ու ԱԹՍ-ներ: ՊԲ-ն 7 վիրավոր է տվել: 15:00-ի դրությամբ ՊԲ-ն հայտնեց 1 զոհի եւ 8 վիրավորի մասին: 18:00-ի դրությամբ ՊԲ-ն հայտնեց 2 զոհի ու 14 վիրավորի մասին: Օրվա ընթացքում թշնամին թիրախավորել է ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ ու հարվածային ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Արցախի առողջապահության նախարարը հայտնել է 19 վիրավորի մասին, որոնցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թ. օգոստոսի 3-ից Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը ԱԳ նախարար Միրզոյանը շեշտել է մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից իրավիճակի հասցեական գնահատականների կարեւորությունը։ Արցախի ԱԳՆ-ն էլ միջազգային հանրությանը կոչ է արել հասցեական որակումներ տալ Ադրբեջանի գործողություններին: ԵԱՀԿ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ լարվածության թուլացման ու երկխոսության վերսկսման համար։

«Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Ավելի ուշ հրավիրված ԱԽ նիստում նախագահ Հարությունյանը հայտնել է. «Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված եւ՛ ռազմական իրադրության, եւ՛ Բերձորի միջանցքի հետ»:

Ադրբեջանցիներն իրենց սադրանքն ու ագրեսիան փորձել են մատուցել քարոզչական կեղծիքի ներքո: Մեկ այլ օրինակ՝ այստեղ:

04.08.2022 – Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022 թ. մարտին Փառուխի ուղղությամբ ադրբեջանցիների ներխուժումները ռուսական կողմի ներկայությամբ ու թողտվությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական ու ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: «Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- հայտնել է Փաշինյանը՝ հավելելով, որ չնայած Ադրբեջանը չի ստորագրել ռուսական կողմի խաղաղապահ մանդատը, «մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»: Վարչապետը նշել է, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբն ու Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂՀ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Բացի դրանից, ըստ նրա, Հայաստան-Արցախ նոր երթուղու կառուցման եռակողմ հաստատված պլան գոյություն չունի: Այդուհանդերձ, Փաշինյանն ասել է, որ Հայաստանն սկսել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՀ տարածքով Ադրբեջան-Նախիջեւան կապին:

«Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի եւ վիրավորների առկայությունը մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ»,- հայտարարել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները:

Օտարերկրացի դիվանագետներին ՀՀ ԱԳՆ-ում ներկայացվել են Ադրբեջանի սադրիչ ու ագրեսիվ գործողությունները: Ռուսական զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովն էլ հանդիպել է Արցախի հասարակական ու ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։

05.08.2022 – ՊԲ-ն առավոտյան հայտնել է, որ անցած գիշերը հարաբերականորեն կայուն է եղել. «Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան»։

Արցախի տեղեկատվական շտաբը ամսի 3-ի մասնակի զորահավաքի հրամանագիրը պարզաբանել է այսպես. «Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր եւ զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է»:

Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջարկել է ստեղծել «Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ»: 

06.08.2022 – Առավոտյան ՊԲ-ն հայտնել է, որ անցած գիշերը հարաբերականորեն կայուն է եղել. «Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան»։

07.08.2022 - «Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, եւ մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության»,- հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

08.08.2022 - «Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ»,- հայտնել է ՊԲ-ն։

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտարարել է, որ զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու եւ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային 2 զինծառայող, որոնց վիճակը գնահատվում է ծանր:  

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում հայ իրավապաշտպանները ներկայացրել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

09.08.2022 - «Հետքն» ուսումնասիրել է Բերձորի (Լաչինի) միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումներն ու Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհը, որն առաջիկայում դառնալու է Հայաստանն Արցախին կապող միակ երթուղին։

10.08.2022 - Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թ. օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: 

24.08.2022 – Արցախի տեղեկատվական շտաբը հաստատել է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը հանդիպել են Սարսանգի ջրամբարի մոտ՝ դրա ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:

26.08.2022 – Արցախի ՆԳՆ-ն հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ։ Այդ ընթացքում Արցախի Հանրապետություն մտնող եւ դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթեւեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Նույն օրը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են Բերձորում։ Նրանց վերահսկողությանն են անցել նաեւ մինչ այդ հայերով բնակեցված Աղավնո ու Ներքին Սուս գյուղերը:

27.08.2022 – Ադրբեջանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելել, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին, փոխարենը Արցախի ԱԺ-ն ողջունել է այդ քայլը: Ավելի ուշ այդ քայլը բարձր է գնահատել ՀՀ ԱԳՆ-ն:

31.08.2022 – Արցախի ՆԳՆ-ն հայտնել է, որ Արցախի Հանրապետությունից դեպի ՀՀ եւ հակառակ ուղղությամբ երթեւեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը. «Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է»: Սյունիքի մարզպետարանն էլ հայտնել է, որ Բերձոր քաղաքից ու Աղավնո գյուղից Սյունիքի մարզ է տեղափոխվել 21 ընտանիք, որոնք հաստատվել են Գորիս եւ Սիսիան համայնքներում։ 

Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանն ու անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը եւ սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Միշելի խոսնակը հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

ՌԴ խաղաղապահ զորախումբն Արցախում իր դիտակետերի թիվը 27-ից հասցրել է 30-ի: Ռուսները կրճատել են միջանցքում իրենց դիտակետերի թիվը, փոխարենը նորերն են ավելացրել Բերդաձորի ենթաշրջանում:

01.09.2022 - Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։

02.09.2022 – ԼՂՀ հռչակման օրվա առիթով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ»։ «Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը»,- իր հերթին ասել է պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները, եւ ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված եւ չչեղարկված մանդատ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԳՆ-ն էլ նշել է. «ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման եւ իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»: «Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան»,- հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել նորակառույց բնակավայրի բացման արարողություն: Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոխշմհատ, Ջրաղացներ ու Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիք առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները: Ընդհանուր լինելու է 130 նորակառույց:

03.09.2022 – ԱԳ նախարար Միրզոյանն մեկնաբանել է օգոստոսի 31-ի հանդիպման որոշ դրույթներ՝ նշելով, որ Ադրբեջանի առաջարկները ընդունելի են հայկական կողմի համար, բայց դրանք չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը. «Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին՝ բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը եւ ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

05.09.2022 – Արցախի դատախազությունը հայտնել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ:

15.09.2022 – Արցախի նախագահը մասնակցել է սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հրավիրված ՀՀ ԱԽ նիստին: Արցախյան պատվիրակությունը Երեւանում է՝ մասնակցելու ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցությունների, որոնց անհրաժեշտությունը ծագել է Ն. Փաշինյանի հերթական հայտարարությունից հետո:

ԱԽ նիստից հետո Հարությունյանը հայտարարել է. «Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ եւս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի քննարկվում։ ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու եւ մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու»: Հանդիպել են նաեւ ԱՀ ու ՀՀ պատգամավորները:

16.09.2022 – Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի եւ անհնար է:

20.09.2022 – Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ բռնապետական Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ հղի է լուրջ մարտահրավերներով. անտարբերությունը, առավել եւս ռազմատենչ քաղաքականության խրախուսումը առաջացնելու են գոյաբանական վտանգներ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

22.09.2022 – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ն. Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ եւ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու եւ մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։

27.09.2022 – Սպիտակ տանը կայացել է Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիեւ հանդիպումը: Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter