HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ 2022 թվականին (հոկտեմբեր-նոյեմբեր)

սկիզբը

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, որքան էլ Բաքվի ռեժիմը պնդի, որ նման խնդիր այլեւս չկա: Արցախը շարունակում է մնալ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքը, ինչը լուծելու համար Բաքուն դիմել եւ դիմում է տարատեսակ միջոցների, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական ճնշումների, որոնք, սակայն, չեն հասնում իրենց գլխավոր նպատակին՝ Արցախի հայաթափմանը:

Մի քանի հրապարակումներով ամփոփում ենք 2022 թ. Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

02.10.2022 – Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո Ժնեւում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում՝ Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

03.10.2022 – ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր «հավաստի աղբյուրին», հրապարակել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 պահանջներ՝ ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում առանց կարգավիճակի, միջանցք Հայաստանի տարածքով, սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թթ. քարտեզներով, անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում:

ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որն ընդունել է հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ»:

04.10.2022 – Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի պետնախարարի պաշտոնը:

«Հայկական ժամանակը», կրկին հղում անելով իր «հավաստի աղբյուրին», այս անգամ էլ նշել է, թե Ռուսաստանը ցանկանում է նաեւ Ադրբեջանի ագրեսիաների միջոցով ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը եւ Հայաստանին դրդել մտնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանին պետք է, որ ԼՂ հարցը չլուծվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի վրա լծակ պահելու համար: ՌԴ նախագահի խոսնակը «ՀԺ»-ի գրածը «հերթական հիմարություն» է որակել:

Կայացել է ԱՄՆ պետքարտուղարի ու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

06.10.2022 – Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիեւ քառակողմ հանդիպումը: Կողմերի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

07.10.2022 – ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաեւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ Ռուսաստանին միանալուց հետո ԼՂՀ ԱԺ խմբակցությունները Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու ՄԱԿ-ի մյուս անդամներին կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ «դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջեւ ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:

Մեկնաբանելով Պրահայի քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը, որտեղ խոսվում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, եւ խոսք չկա ԼՂ-ի մասին, ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ ԼՂ հայության անվտանգության եւ բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, եւ այս առումով կարեւոր են Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»։

11.10.2022 – ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է կառույցի կողմից ԼՂ եւ հարակից տարածքներ առաքելություն ուղարկելուն, հույս է հայտնել, որ կազմակերպության գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ եւ հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։

«Հետքն» անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը կառուցողներին: Նոր մայրուղին անցնելու է Գորիս-Տեղ-Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ երթուղով:

12.10.2022 - «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել է, որ Երեւանում կայացել է Փաշինյան-Հարությունյան հանդիպումը: Մանրամասները հայտնի չեն: Հարությունյանի աշխատակազմից դեռ ամսի 9-ին էին հաղորդել, որ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երեւան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի եւ ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը քննադատել է Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ խաղացած դերի պատճառով. «Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության հակամարտությունը եւ միջամտեց այս հակամարտությանը, ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, եւ վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը, որը, սակայն, իրեն մտերիմ երկիր էր»: ՌԴ ԱԳՆ-ն Մակրոնի խոսքերը «աղաղակող եւ բացարձակ անընդունելի» է համարել:

13.10.2022 – Փարիզի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախում եւ Հայաստանում պատերազմի համար։

14.10.2022 – Աստանայում կայացել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ:

20.10.2022 – Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը:

26.10.2022 – Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի օդային շրջափակման մասին. «Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել եւ արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ»։

27.10.2022 – ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել Բաքվին հինգ շրջան հանձնելու ճանապարհով, բայց Երեւանը գնացել է իր ճանապարհով. «Ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր առկա է»: Պուտինը նաեւ նշել է, որ կարգավորման «վաշինգտոնյան» տարբերակն, իր պատկերացմամբ, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության ճանաչում: Մյուս կողմից՝ նա նշել է, որ եթե հայ ժողովուրդն ու հայկական իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի ինչ-որ առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել, եւ ինչ-որ ձեւով դա պետք է բանակցել ապագա խաղաղության պայմանագրում, դա էլ հնարավոր է։ Նկատելով, որ պայմանավորվածությունները պետք է ընդունելի լինել նաեւ Ադրբեջանի համար՝ Պուտինը հավելել է, թե իրենք «չեն պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»։

28.10.2022 – Արձագանքելով Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է ՌԴ-ի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ, եւ պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»:

«Հետքն» արձանագրել է, որ Փաշինյանը չիմացության պատճառով կամ միտումնավոր նույնականացնում է 1991 թ. Ալմա-Աթայի համաձայնագիրն ու հռչակագիրը: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարություն էին տարածել, որով հաստատել էին իրենց հանձնառությունը «ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Փաշինյանը հետագայում պնդել է, թե այդ հռչակագիրը վավերացվել է ՀՀ խորհրդարանում, այնինչ վավերացվողը եղել է Ալմա-Աթայի համաձայնագիրը, որի վերաբերյալ, սակայն, խորհրդարանը վերապահումներ է արել:

«Արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում եւ ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարեւոր հատվածը պահպանելու եւ զարգացնելու գործում»,- Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

29.10.2022 – Արցախի նախագահը եւս արձագանքել է Պուտինի հայտարարությանը՝ նշելով. «Մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման եւ Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը եւ կասկածի տակ չեն դնում նրա ապագան»: ՌԴ առաջարկի մեխն այն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը տարանջատվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեմայից:

30.10.2022 – Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում ասվում է. «Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում»։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ ասել է. «Մենք պետք է տեր կանգնենք 1991 թ․ սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության հռչակման օրվան, 1991 թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին եւ 1992թ․ հունվարի 6-ի Անկախության հռչակագրին»:

Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքի ֆոնին ադրբեջանական հատուկ ծառայությունները Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին ելույթ է ունեցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը. «Այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության եւ քաղաքակրթության կողքին. սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձեւաչափի կողքին»: ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ գրել է. «Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաեւ ցանկացած նման առաջարկ։ Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում եւ բարոյականության ոտնահարում»:

Ըստ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ հանրահավաքին մասնակցել է Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40.000 քաղաքացի՝ Արցախի ընդհանուր բնակչության շուրջ 33 %-ը:

31.10.2022 – Սոչիում կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որից հետո ՌԴ նախագահը հայտարարել է. «Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարություն։ Պետք է բաց ասեմ, որ ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված ենք եղել հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի»:

02.11.2022 - «Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով,- ԱԺ-ում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ տեսլականը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ կառավարության տեսլականին:- Հենց սա է պատճառը, …որ կա հարցի 3 կոմպոնենտ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ եւ կարգավիճակ… Մենք համաձայն ենք եղել, համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման (կարգավիճակի հարցը - «Հետք»), որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի»: 

04.11.2022 – ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով պետնախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը: Նա համակարգելու է 9 նախարարի եւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը:

05.11.2022 – Առավոտյան ադրբեջանցիները կրակել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքում աշխատանքներ կատարող ստեփանակերտցի Կ. Մարտիրոսյանի տրակտորին: Ջարդվել է տրակտորի դիմապակին եւ ղեկակառավարման սարքերի վահանակը: Սրան արձագանքել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը. «Ադրբեջանական էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել եւ չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորեցնելու միջազգային հանրությանը եւ թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»։

Արցախի արդեն նախկին պետնախարար Ա. Բեգլարյանը հայտնել է, որ դառնալու է նոր պետնախարարի խորդականը: Մեկ այլ խորհրդական է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

07.11.2022 – Վաշինգտոնում կայացել է Միրզոյանի ու Բայրամովի պատվիրակությունների հանդիպումը: «Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին:

08.11.2022 – Իլհամ Ալիեւը Շուշիում բացահայտ խոստովանել է, որ Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախն էթնիկ զտման ենթարկելու փորձերին Շուշի քաղաքի օրինակով. «Այսօրվա օկուպացված եւ հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր եւ անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է: Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»։

09.11.2022 – Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել: «Պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- նշել է նա, ապա առանձնացրել աշխատանքի երեք սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: Նա ներկայացրել է նաեւ ըստ ոլորտների իր նոր խորհրդականներին:

10.11.2022 – Կառավարության նիստում անդրադառնալով ամսի 8-ին Շուշիում Ալիեւի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»:

12.11.2022 - 18:00-ի սահմաներում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքում ադրբեջանցիների կրակոցների տակ են հայտնվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական երկու անձինք: Ջարդվել են տրակտորի դիմային ու հետեւի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:

15.11.2022 – Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ է ընդունել։ Դրանում ֆրանսիացի օրենսդիրները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկել Ֆրանսիայի կառավարությանը ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ: Բանաձեւի ընդունումը ողջունել է Արցախի ԱԳՆ-ն:

16.11.2022 – Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է Ադրբեջանի հանցագործությունները պատերազմից հետո: 2020 թ. նոյեմբերի 10-ից 2022 թ. նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական եւ մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք, սպանվել է 18 անձ, սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ, հրազենային վիրավորում է ստացել եւ ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ:

«Նաեւ ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը (կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով - «Հետք»), որ առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցը: Ինչպես 2018 թ., հիմա էլ կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը, խոսքը ԼՂ հայության, մեր հայրենակիցների մասին է,- ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը,- այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայության, հայերի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն, նկատի ունեմ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարցը, եւ եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հենքի վրա Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ շրջանակային պայմանագիր կնքել»:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, եւ այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք  է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը»,- Արցախի կառավարության նիստում հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: 

Ամարասի հովտում գտնվող եւ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս հարակից մարտական դիրքից ադրբեջանցիները հրաձգային տարբեր զենքերից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Աշխատանքները դադարեցվել են, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

17.11.2022 – Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ նրանց իրավունքների եւ անվտանգության մասին, բայց դա կանի ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի իշխանությունների, այլ Ղարաբաղում ապրող հայերի հետ: Ռուբեն Վարդանյանին էլ նա անվանել է «մարդ, որին ուղարկել են Մոսկվայից, եւ որի գրպաններում միլիարդավոր փողեր են, որոնք գողացվել են ռուս ժողովրդից»։ Ալիեւի խոսքով՝ «նա Ղարաբաղ է եկել հստակ օրակարգով»։

Արձագանքելով սրան՝ Վարդանյանը նշել է. «Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի... Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիեւի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում եւ ցանկանում է ապրել այնտեղ»»։

18.11.2022 – Ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի Հացի գյուղի տարածքում տրակտորով աշխատող Իգոր Աբրահամյանի ուղղությամբ: Վնասվել է տրակտորի անվաթեւը եւ անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Արցախի քաղաքացիական անձանց ահաբեկելու ադրբեջանական փորձերին արձագանքել է ԼՂՀ դատախազությունը. «Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց: Այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն որեւէ քայլ չի ձեռնարկում, այլեւ իր բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսում է հայատյացությունն ու դրա արտահայտման դրսեւորումները»:

Արձագանքելով Ալիեւի վերջին հայտարարությանը՝ Արցախի ԱԳՆ-ն նշել է, որ հակամարտության կարգավորման անհրաժեշտ եւ առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձեւաչափը. «Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» եւ Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց»։

23.11.2022 – Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով 9 նախարար ազատվել է զբաղեցրած պաշտոններից: Նրանք գործում էին պետնախարարի համակարգման ներքո: Հաջորդ օրը ազատումները մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանը. «Այո, դա դժվար որոշում էր եւ դա իմ որոշումն էր եւ քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ-որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել եւ գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, եւ դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ եւ գիտելիքներ ունեն»։

25.11.2022 – Ադրբեջանցիներն անկանոն կրակոցներ են արձակել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի եւ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիներին: Աշխատանքները դադարեցվել են, տուժածներ չկան:

30.11.2022 – Հայաստանյան մի քանի ՀԿ-ներ Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հայատյաց քաղաքականության վերաբերյալ նամակով դիմել են ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին՝ Արցախի մասին, մասնավորապես, նշելով. «Էթնիկ զտումների սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե ադրբեջանական կողմի հանցագործությունները մնան անհասցե, եւ պաշտոնական Բաքվի վրա արդյունավետ ճնշում չգործադրվի՝ բռնությունից զերծ մնալու համար»։

Սենատից հետո Հայաստանին սատարող ու Ադրբեջանին դատապարտող բանաձեւ է ընդունել Ֆրանսիայի Ազգային ժողովը: ԱԺ-ն բանաձեւով, մասնավորապես, կոչ է անում սեփական կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ ԼՂ հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թ. թիվ 502 բանաձեւի դրույթների (այդ բանաձեւով կառավարությանն առաջարկվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը):

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter