HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ 2022 թ. դեկտեմբերին

սկիզբը

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, որքան էլ Բաքվի ռեժիմը պնդի, որ նման խնդիր այլեւս չկա: Արցախը շարունակում է մնալ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքը, ինչը լուծելու համար Բաքուն դիմել եւ դիմում է տարատեսակ միջոցների, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական ճնշումների, որոնք, սակայն, չեն հասնում իրենց գլխավոր նպատակին՝ Արցախի հայաթափմանը:

Մինչ այս արդեն անդրադարձել ենք 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած զարգացումներին:

Ժամանակագրությունն օգնում է հասկանալ իրադարձությունների պատճառահետեւանքային կապը, տրամաբանությունը, դրանց զարգացման միտումները: Տակավին վերջերս՝ ապրիլի 23-ին, Բաքվի հայատյաց ռեժիմը Արցախի շրջափակման նոր փուլ սկսեց՝ իր իսկ ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարությունը հերթական անգամ ոտնահարելով եւ Հակարի գետի վրայով անցնող սահմանային կամրջին անցակետ տեղադրելով: Սակայն Բաքուն եւ իր խամաճիկ «ակտիվիստները» Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքները արգելափակված են պահում դեռ 2022 թ. դեկտեմբերից:

Այս հրապարակմամբ ամփոփում ենք 2022 թվականի գլխավոր իրադարձությունները Արցախում եւ նրա շուրջ:

01.12.2022 – ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները «ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, քան կարգավիճակի»։ Դրան ի պատասխան՝ նա նշել է, թե Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների տապալման մասին՝ Լավրովը նշել է, որ «դրա համար պատասխանատու են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է սադրիչ ու ագրեսիվ գործողությունները ԼՂ-ի դեմ, ապա նշել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է համակողմանիորեն հասցեագրվեն։

02.12.2022 – ԱԺ-ն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի կողմից նոյեմբերի 8-ին ընդունված հայտարարության: ՔՊ-ականները չեն մասնակցել քվեարկությանը՝ տապալելով հայտարարության ընդունումը:

Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ. «Միեւնույն ժամանակ, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի եւ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

03.12.2022 – Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի` Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի ընդհատման եւ խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»: Իր հերթին Արցախի առողջապահության նախարարությունը փոխանցել է. «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների եւ դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների՝ Արցախից ՀՀ տեղափոխումը»: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջեւ, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են: Օրվա երկրորդ կեսին տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տեւած բանակցությունները տվել են դրական արդյունք, ու մայրուղին բացվել է: Միջադեպին արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն. «Այս անմարդկային արարքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ: Այս ահաբեկչական քայլը նաեւ խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը եւ նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող ՌԴ խաղաղապահ առաքելությանը»:

04.12.2022 – Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ ռուսների ուղեկցությամբ Մատաղիսից Քարվաճառ գնացող շարասյան մարդատար մեքենայի միջից դուրս եկած 4 ադրբեջանցիներ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում տեխնիկական կանգառի ժամանակ սանձարձակ ու սադրիչ վարք են դրսեւորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։ Ըստ ԱԳՆ-ի՝ դրանք իրականում եղել են Ադրբեջանի զինուժի ու ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնց միացել են բեռնատարների վարորդները եւ բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են եկել երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաեւ ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։ Հայկական կողմը նշել է, որ այդ երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ, ոչ թե զինվորականների տեղափոխում կատարվեր։

05.12.2022 – ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ հայկական կողմը ադրբեջանցիներին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր եւ 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը փոխանցել է առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր եւ 5 քարտեզներ:

Արցախի ԱԱԾ-ն էլ հայտարարել է, որ կեղծ են Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը, որոնք տարածվել են ՌԴ խաղաղապահների հրամանատար Վոլկովի հարցազրույցից հետո. «Քննարկում է կազմակերպվել Ա. Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու, եւ միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու: Ա. Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»:

07.12.2022 – Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Իվանյանում տեղակայված ՌԴ խաղաղապահների կենտրոնակայանում հանդիպել են Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Նման եւս մի հանդիպում կայացել էր դեկտեմբերի 3-ին: Ադրբեջանցիները ցանկացել են «մոնիտորինգի համար» մուտք ունենալ դեպի այն վայրերը, որտեղ հայկական կողմը հանքարդյունաբերությամբ է զբաղվում:

08.12.2022 - «Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, մենք պատրաստ ենք նորմալ հարեւանության, սակայն անկախության կարգավիճակը բանակցության առարկա չէ»,- «France 24» հեռուստաընկերությանն ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

09.12.2022 – Արցախի դատախազությունը հայտնել է, որ անկախ փորձագիտական խմբի կատարած հետազոտության արդյունքում ստացվել է եզրակացություն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված չպայթած հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք է: Սա հերթական ապացույցն է, որ Բաքվի ռեժիմը ոտնահարել է Ժնեւի կոնվենցիայի դրույթները:

10.12.2022 - «Ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալն աշխատանքներն անել իրենց հողամասերում կամ այլ բաներ, ցավոք, մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի»,- հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր, սակայն քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների եւ հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների եւ հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Շրջայցը դադարեցվել է:

12.12.2022 – Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

«Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետեւ փակել այս միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք եւ կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Մայրուղու արգելափակումը դատապարտել են Արցախի ԱԺ խմբակցությունները: Դիմելով միջազգային հանրությանը՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է. «Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ապակառուցողական եւ հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձեւավորմանը եւ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը»:

Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ բնակչությանը տարհանելու լուրերը կեղծ են՝ թշնամու կողմից միտումնավոր տարածվող:

13.12.2022 – Ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին արգելափակելու շուրջ հայտարարություններ են տարածել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ-ն, Արցախի ԱԺ-ն: Վերջինիս նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ակնկալում է ՀՀ-ի եւ սփյուռքի ներուժի ու հնարավորությունների օգտագործումը՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը: Իրավիճակը քննարկվել է ՀՀ ԱԽ արտահերթ նիստում: Արցախի ԱԽ-ն էլ որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությանը: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություններ է հրավիրել եւ նշել, որ բարդ իրավիճակը համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է:

Երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ադրբեջանը խափանել է ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Հետագայում սա դարձավ թշնամու կողմից պարբերաբար կրկնվող գործողություն:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդել է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը՝ անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտնել է, որ տվյալ պահին վառելիքի եւ սննդի պաշարները հանրապետությունում բավարար են: Արցախի ՏԿԵՆ-ն էլ հայտարարել է, որ փակ է ոչ միայն ցամաքային ճանապարհը, այլեւ օդային հաղորդակցությունը:

Երեւանում բողոքի ակցիա է իրականացվել օտարերկրյա դեսպանատների մոտ:

Հետագա օրերին նման ակցիաները շարունակվել են: Միջանցքը բացելու կոչով հանդես է եկել ԵՄ-ն:

14.12.2022 – Միջանցքը բացելու կոչ են արել ԱՄՆ պետդեպարտամենտը, ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Կիպրոսի ԱԳՆ-ն:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար տնտեսվարողները կանցնեն խնայողական ռեժիմի: Արցախում մտցվել են մի շարք սահմանափակումներ, ստեղծվել է օպերատիվ շտաբ: ԼՂՀ բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները:

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ անժամկետ նստացույց է սկսել։

Համատեղ հայտարարություն են տարածել Արցախի ու ՀՀ ՄԻՊ-երը: ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին: ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Լաչինի միջանցքը փակելու եւ հումանիտար աղետ ստեղծելու հարցով իրավական գործընթաց է նախաձեռնում ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում: ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է կազմակերպվել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

15.12.2022 – Կառավարության նիստում Ն. Փաշինյանը առնվազն տարօրինակ է համարել մի շարք բարեկամ երկրների լռությունը միջանցքի փակման թեմայի շուրջ։ ՄԱԿ-ի ԱԽ-ում կազմակերպված նախարարական հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Միջանցքում առկա իրավիճակի շուրջ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կողմերին կոչ անելով ապահովել տեղաշարժի ազատությունը: Մտահոգված լինելու մասին հայտարարել են նաեւ Մոսկվայի ԱԳՆ-ից:

Համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել Արցախի ու ՀՀ ՄԻՊ-երը: «Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջեւ կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, հասցեական հայտարարությունների կարիք ունի»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը: Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարն էլ գրություններ է ուղարկել միջազգային կազմակերպություններ եւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ:

16.12.2022 - «Շարունակելու ենք մեր պայքարը եւ երբեք չենք լինելու ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ ՌԴ-ում առկա է խնդիրները դիվանագիտորեն եւ երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»,- հայտարարել է Արցախի նախագահը:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի հարցերով չորս համազեկուցողները մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ եւ կոչ արել վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը:

17.12.2022 – Արցախի պետնախարարը կոչ է արել գնումներ կատարել անկանխիկ, քանի որ կանխիկի հետ կապված խնդիրներ կան: Անդրադառնալով Բաքվի խամաճիկ «էկոակտիվիստների» ակցիային՝ «Հետքը» գրել է, որ Ադրբեջանը բրիտանական հանքարդյունաբերող «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում 2022-ի հուլիսին փոփոխություն է կատարել, ինչով բրիտանական ընկերությանն է հանձնվել հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք, որոնցից մեկը (Կաշենի հանքի տարածքը)՝ Արցախում:

Այս ձեռնարկության ղեկավար գործադիր կազմում ու սեփականատերերի մեջ կան Ալիեւների կլանի հետ սերտ կապեր ունեցող պարսիկներ ու ամերիկացիներ:

18.12.2022 - Արցախի կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի եւ ձեռքբերման հատուկ կարգ:

19.12.2022 – Արցախի ԱՆ-ն հայտնել է, որ սրտային պաթոլոգիայով բուժառուին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Հայաստան: Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակումից հետո սա պացիենտի առաջին տեղափոխությունն էր: Արցախի դատախազությունը հաղորդել է, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել ճանապարհի փակման ու գազի մատակարարման խափանման դեպքերով: Միջանցքի արգելափակման վերաբերյալ մտահոգություն է հայտնել Հռոմի պապը:

21.12.2022 – ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ԱԽ-ին 1. պահանջել Ադրբեջանից լիովին հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով ապահով, անվտանգ եւ անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները, 2. ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում տեղակայել փաստահավաք առաքելություն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, 3. ՄԱԿ համապատասխան մարմինների համար ապահովել անարգել հումանիտար հասանելիություն Լեռնային Ղարաբաղ: Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի շրջափակման թեմայի քննարկումը. «Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաեւ Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում»։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցրել է նստացույցը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ:

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ-ի դիմումը, որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Թե ինչու դատարանը չի նշել ճանապարհը բացելու մասին, պարզաբանել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

22.12.2022 - «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողություների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,- հայտարարել է Ն. Փաշինյանը: Նրան հակադարձել են ՌԴ նախագահի ու ՌԴ ԱԳՆ-ի խոսնակները:

Կառավարության նիստում ՏԿԵ նախարարը հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի (Գորիս-Տեղ-Կոռնիձոր-Ստեփանակերտ) Հայաստանի մասի կառուցումը կավարտվի 2023 թ. մայիսին։ 

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը՝ ելնելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից: Լավրովն ու Բայրամովը ափսոսանք են հայտնել այդ առիթով:

23.12.2022 – Ս. Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փնտրեն երկխոսության հնարավորություններ ու խաղաղության պայմանագրին հասնելու ճանապարհներ, իսկ Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը:

Նախագահ Հարությունյանը մանրամասնել է, թե ինչու դեկտեմբերի 10-ին չի թույլատրվել ադրբեջանցիների մուտքը Կաշենի հանքավայր: «Արցախյան իշխանությունները այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված եւ պատրաստ են որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում»,- հավելել է նա: Արցախի դատախազությունն էլ որոշ արձանագրումներ է արել շրջափակման շուրջ հնչող հայտարարությունների առնչությամբ։

24.12.2022 – Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական պարբերականներին եւ, մասնավորապես, նշել. «Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք, այնուհետեւ նաեւ երթ դեպի Շուշի՝ պահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահները բնապահպան ներկայացող ադրբեջանցիներից ազատեն Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող ճանապարհը:

25.12.2022 - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաժողովրդական հանրահավաք: Արցախցիներին հրավիրելով հանրահավաքի՝ առավոտվա իր ուղերձում պետնախարար Վարդանյանը հայտարարել էր. «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք։ Մենք պետք է միանանք, միասին ասենք մի խոսք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, արժանապատվությունը, պաշտպանելու ենք մեր պատմությունն ու ապագան»:

Հանրահավաքում ընդունվել է կոչ-ուղերձ՝ ուղղված «աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը եւ ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի»:

Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք ու երթ է տեղի ունեցել Երեւանում:

26.12.2022 – Արցախի ԱԱԾ-ն հայտարարել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները համացանցի միջոցով կեղծ լուրեր են տարածում արցախցիների տարհանման մասին՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ թարմացված տվյալներով։

27.12.2022 – Հայկական մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարել են, որ քանի որ հայկական լրատվամիջոցները մուտք չունեն այն հատված, որտեղ արգելափակվել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչպես հայաստանյան մեդիա լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հաճախ, իրականացնելով պաշտոնական Բաքվի քարոզչությունը, իրենց հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը եւ ստահոդ տեղեկատվությամբ առ այն, թե չեն խոչընդոտում Հայաստանի եւ Արցախի միջեւ հաղորդակցությանը, թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը»։

Ստեփանակերտի օդանավակայանի մոտ արցախցիները ակցիա են կազմակերպել՝ պահանջելով հանդիպում ՌԴ զորախմբի հրամանատարի հետ: Գլխավոր պահանջը մեկն է՝ բացել Արցախ-Հայաստան ճանապարհը:

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա հետեւանքով հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով:

28.12.2022 - Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ դեպի ՀՀ կառավարության շենք՝ «Իրական մեղավորը» խորագրով:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ որոշել են ժամանակավորապես դադարեցնել հանքարդյունաբերական գործունեությունն Արցախում եւ դիմել ՄԱԿ-ին՝ միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Այս հայտարարության հիման վրա հաջորդ օրը ԼՂՀ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել:

29.12.2022 - «Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ եւ միջազգային այլ գործընկերների հետ՝ իրրադրության հետագա սրում թույլ չտալու եւ համապարփակ կարգավորումների հասնելու նպատակով»,- Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, եւ դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին եւ բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք եւ դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում»,- «France 24»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարարը:

30.12.2022 - Պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը տարեվերջյան ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ 2022 թ. ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով, իսկ շրջափակման հետեւանքով տնտեսությունը գնալով ծանր վիճակում է հայտնվում:

«Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր: Ճգնաժամը ցույց տվեց, թե ով արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ով է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը,- հայտարարել է Ռ. Վարդանյանը,- նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե  մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝  լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար»:

31.12.2022 - Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter