HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ 2022 թվականին (ապրիլ-հունիս)

սկիզբը

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, որքան էլ Բաքվի ռեժիմը պնդի, որ նման խնդիր այլեւս չկա: Արցախը շարունակում է մնալ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքը, ինչը լուծելու համար Բաքուն դիմել եւ դիմում է տարատեսակ միջոցների, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական ճնշումների, որոնք, սակայն, չեն հասնում իրենց գլխավոր նպատակին՝ Արցախի հայաթափմանը:

Մի քանի հրապարակումներով ամփոփում ենք 2022 թ. Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

01.04.2022 – Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն, որը հանդիպել է, մասնավորապես, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Անդրադառնալով Փառուխի դեպքերից հետո ստեղծված դրությանը՝ Միրզոյանը նշել է. «Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի եւ միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Եվ մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զորքերի շարժի»: Ռաուին հանդիպել է նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, որն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ ու հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլեւ որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր:

03.04.2022 – Զ. Ռաուն Հայաստանին ու Ադրբեջանին բանակցություններ վարելու կոչ է արել՝ նշելով, թե ԵԱՀԿ-ն «հույս ունի հասնելու առաջընթացի, հատկապես անհետաձգելի մարդասիրական հարցերում, որոնց թվում են ձերբակալվածների ազատ արձակումը, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը եւ պատմական ու մշակութային օբյեկտների պահպանությունը»։

05.04.2022 – Արցախի ԱԺ-ն կոչ է արել համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում. «Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը եւ համահայկական միասնության մթնոլորտի ձեւավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»:

Երեւանի Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով։ Հաջորդ օրը Բրյուսելում կայանալու են Փաշինյան-Ալիեւ բանակցությունները: 

06.04.2022 – Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը նաեւ օժտված կլինի սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով:

Երկրների ղեկավարները ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այս առիթով հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Ապրիլի 7-ին՝ կառավարության նիստում, Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների համատեքստում ՀՀ-ի համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Վարչապետը նաեւ նշել է, որ Բրյուսելում քննարկել են Փառուխի դեպքերը, բայց միասնական գնահատական չի եղել: Ըստ Փաշինյանի՝ քանի որ խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժման մասին է, հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ-ի մասնակցությամբ, «ինչն անում ենք եւ կանենք»։

12.04.2022 - «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ քառօրյայի աշխատանքները՝ մեկնելով Արցախ: Ընդդիմադիրներն իրենց սեղաններին դրել են Արցախի դրոշները: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է ԼՂ խնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահներն Աղավնոյի անցակետում չեն թույլատրել ընդդիմադիրների մուտքն Արցախ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսների քայլը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Ապրիլի 13-ին նույնը նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԳՆ Միրզոյանն էլ ասել է, թե ռուսների փոխանցմամբ՝ պատգամավորների մուտքն արգելվել է՝ սադրանքներից զերծ մնալու համար:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Փառուխի հատվածում ադրբեջանցիները խախտել են հրադադարը, ինչի հետեւանքով ՊԲ-ն մեկ վիրավոր ունի: Թե կոնկրետ երբ է եղել միջադեպը, ռուսական կողմը չի մանրամասնել:

13.04.2022 - «Մեղավոր եմ, որ 2018-2019 թթ. հանրության առաջ չեմ կանգնել ու բացահայտել, որ մեր բոլոր, կրկնում եմ՝ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը,- ԱԺ-ում հայտարարել է Ն. Փաշինյանը, իսկ ներկայի մասին ասել,- միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»: Բացի դրանից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»: Ընդգծել է, թե 2016-ից ԼՂ կարգավիճակի հարցը հանվել է բանակցություններից, միաժամանակ քննադատել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ սեղանին է թողել «հիպերփուլային» լուծման տարբերակ:

Սարգսյանը հերքել է վարչապետին, իսկ ապրիլի 14-ին Սարգսյանի գրասենյակը նաեւ փաստաթղթի քաղվածք է ներկայացրել: Նույն օրը Փաշինյանն ասել է, որ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը շարունակելու դեպքում իրենք հանձնելու էին ամբողջ Արցախը, ու շեշտել է՝ «պատերազմը Շուշիի համար է եղել… առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»:

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել, որով խիստ արձագանք է տվել Փաշինյանի կողմից արտահայտված՝ ԼՂ կարգավիճակի նշաձող իջեցնելու մտքին:

15.04.2022 – Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հատվածում թշնամին խախտել է շփման գիծը, սակայն ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում համաձայնել է վերադառնալ ելման դիրքեր:

17.04.2022 - «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում ակցիա է սկսել Փաշինյանի ու նրա թիմի ելույթներից հետո. «Նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ ու պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Եվ հասնում ենք մի հանգրվանի, որ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ»:

18.04.2022 – Զոհված զինծառայողների ծնողները Փաշինյանի դեմ հանցագործության հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ հաշվի առնելով ապրիլի 13-ին նրա հայտարարությունը՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»: 

22.04.2022 – «Բացառում եմ, որ պարզապես գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,- կառավարության նիստում հայտարարել է Ն. Փաշինյանը։ «Կարգավիճակի նշաձողի» թեմայով էլ նշել է. «ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետեւ այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով, անորոշ ասելով՝ նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել»։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է ապրիլի 25-ից բողոքի անժամկետ ակցիաներ սկսելու մասին. «Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլը, այսպես շարունակելու դեպքում, Հայաստանի եւ Արցախի համար լինելու է կործանարար»։ 

Արցախի ԱԳՆ-ն ծայրաստիճան ապակառուցողական է որակել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն, ըստ ԱԳՆ-ի, իր մեջ ներառում է հայատյացության եւ ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ 

25.04.2022 – ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը կառավարության նիստում հայտնել է, որ «Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, եւ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի ԱՀ իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի հետ»:

29.04.2022 – Փաշինյանի ու Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Հարությունյանը նշել է, որ արցախայությունը ընդունում եւ ողջունում է խաղաղության օրակարգը, բայց ինքնորոշման իրավունքից շեղվելու որեւէ ուղղություն չի տեսնում:

30.04.2022 – ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Ս. Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի ու սրբապղծման գործողությունները։

05.05.2022 - Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթեւեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել է ճանապարհի աջակողմյան ձորակը:

Վարորդն ու 2 ուղեւորները վնասվածքներ չեն ստացել: Արցախի ՄԻՊ-ը տեղի ունեցածը դիտավորություն է որակել:

12.05.2022 – Դուշանբեում կայացել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ինչպես նաեւ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

22.05.2022 – Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Շառլ Միշելն այս առիթով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, օգտագործել է ադրբեջանական տերմինաբանության մեջ տեղավորվող «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը:

Եռակողմ հանդիպմանը մայիսի 23-ին արձագանքել է պաշտոնական Ստեփանակերտը. «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման եւ զիջման ենթակա չէ»: Մայիսի 24-ին էլ ԱՀ ԱԺ խմբակցություններն են հայտարարություն տարածել. «Ստեղծված պայմաններում ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992 թ. հուլիսի 8-ի ՀՀ ԳԽ որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»»: Մայիսի 26-ին Շ. Միշելին քննադատել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը:

28.05.2022 – ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիեւի նախորդ օրվա ելույթին՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է ներառեն ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ ԱԳՆ-ն շեշտել է, որ սա տարածքային վեճ չէ, եւ հիմնախնդիրն արցախահայության իրավունքների իրացման ու էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Նախարարությունը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը շարունակում է գոյություն ունենալ:

01.06.2022 – Շ. Միշելի խնդրահարույց վերջին հայտարարությունը մեկնաբանել է նրա խոսնակը, որը, մասնավորապես, ասել է. «Նախագահ Միշելի՝ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որեւէ կանխորոշված ելքի»։

02.06.2022 – ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Արցախի կարգավիճակը պետք է բխի այնտեղի հայության անվտանգությունից եւ իրավունքներից:

03.06.2022 – Ընդդիմադիր ուժերը ԱԺ արտահերթ նիստ էին նախաձեռնել, որում պետք է քննարկվեր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն իշխանությունը  նախապես ասել էր, որ չի մասնակցելու նիստին, ինչի հետեւանքով քվորում չի ապահովվել, ու նիստը տապալվել է:

14.06.2022 – Ընդդիմության նույն հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ չի ընդգրկվել: ԱԺ նիստերը բոյկոտող եւ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, նույնն արել է իշխանությունը:

15.06.2022 – ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է, թե ԼՂ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս եւ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: 

17.06.2022 – ԱԳ նախարար Միրզոյանն արձագանքել է Ալիեւի պնդումներին՝ նշելով, որ «պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլեւս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, եւս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին… Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին»։

18.06.2022 – Արցախի ԱԱԾ-ն հայտարարել է, որ պետական դավաճանության դեպք է բացահայտել:

30.06.2022 - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ-ում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter