HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ 2022 թվականին (հունվար-մարտ)

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, որքան էլ Բաքվի ռեժիմը պնդի, որ նման խնդիր այլեւս չկա: Արցախը շարունակում է մնալ հայատյաց քաղաքականություն վարող Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքը, ինչը լուծելու համար Բաքուն դիմել եւ դիմում է տարատեսակ միջոցների, այդ թվում՝ քաղաքական, ռազմական ու տնտեսական ճնշումների, որոնք, սակայն, չեն հասնում իրենց գլխավոր նպատակին՝ Արցախի հայաթափմանը:

Այս եւ գալիք մի քանի հրապարակումներով ամփոփում ենք 2022 թ. Արցախում եւ վերջինիս շուրջ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

10.01.2022 - Ադրբեջանի զինված ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրդեհվել է գյուղի մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան, որը պատկանում էր քաղաքացիական անձի:

Նույն օրն ադրբեջանցիները կրակ են բացել Ասկերանի Նախիջեւանիկ գյուղի նռան այգիներից մեկում աշխատող տրակտորի եւ 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հրադադարի այս խախտումներն «Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց եւ նացիստական քաղաքականության դրսեւորումներ են»: Նույն օրն ադրբեջանցիները Շուշիի մոտակայքում քարերով հարվածել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ընթացող Վանաձորի բնակչի մեքենային՝ վնասելով դրա դիմային մասը: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Google» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները եւ զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։

15.01.2022 - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Բերձոր քաղաքի բնակիչ, 1953 թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետեւանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։

05.02.2022 – Ադրբեջանական զինուժը կրակել է Ասկերանի Խրամորթ գյուղի քարամշակման կետի 3 բանվորների ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում:

08.02.2022 – Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության որոշումը «աղվանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» ձեւավորելու մասին, որի առաջադրանքն է աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը», եւս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում:

11.02.2022 – Թշնամին կրակել է Կարմիր Շուկա եւ Թաղավարդ համայնքների դիտարկվող բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տան պատեր, տանիքներ։

15.02.2022 – Ադրբեջանցիները կրակել են Խրամորթի վարելահողերից մեկում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ. տրակտորը խոցվել է, իսկ քաղաքացիները փրկվել են ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:

17.02.2022 – Հայաստանի եւ Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը հայտարարել են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը «սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն եւ Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է»:

20.02.2022 - «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այն հասցնենք բաղձալի վերջնակետին»,- Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

22.02.2022 – Արցախի ԱԺ 3 խմբակցություններ արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանցի պատգամավորների ընդունելությանը Երեւանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում՝ նկատելով, որ «անհանգստացնող է այն հանգամանքը, որ որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության եւ լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման եւ մարդու իրավունքների ոլորտում օր-օրի վատթարացող հարցերը»։

26.02.2022 – Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով Խրամորթ գյուղի բնակիչներին ուղղված կոչերը՝ լքելու գյուղը, խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Հայկական ու ռուսական կողմերը թշնամու հետ բանակցություններ են սկսել: Հաջորդ օրը ԱԻՊԾ-ն հայտնել է, որ բանակցությունները որոշ դրական արդյունք են տվել. «Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի»:

06.03.2022 – Առավոտյան թշնամին ինտենսիվ կրակել է Խրամորթի ուղղությամբ: Իրավիճակը հանդարտվել է ռուսական կողմի միջամտությամբ: Մարտի 7-ին էլ թշնամին Խրամորթի ուղղությամբ կիրառել է ականանետ, արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարեւանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չեն եղել։

08.03.2022 - Արցախի ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ լույս գիշերը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, եւ ադրբեջանցիները խոչընդոտում են վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են սկսվել:

10.03.2022 – ՊԲ տեղեկացմամբ՝ մարտի 9-10-ը թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաեւ ականանետների կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը Մարտունու Խնուշինակ եւ Ասկերանի Խրամորթ գյուղերի ուղղությամբ: Խրամորթում՝ իր տան բակում, մեջքից բեկորային վիրավորում է ստացել 1971 թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը: Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է. «Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի եւ ահաբեկչության համակցում է»։ Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է միջազգային կառույցներին. «Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները»։

11.03.2022Առավոտյան թշնամին ականանետից 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, տուժածներ չկան: Օրվա ընթացքում ադրբեջանցիները եւս 3 ական են արձակել Խնապատի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան: Ավելի ուշ ՊԲ-ն հայտնել է, որ մարտի 11-ին թշնամին Խրամորթի, Փառուխի ու Խնապատի ուղղությամբ արձակել է ընդհանուր 27 արկ: Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնել է, որ հաքերային հարձակման է ենթարկվել ԱԺ ֆեյսբուքյան էջը, որով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:

14.03.2022 – Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երեւանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վարմանն այն պայմանով, որ Հայաստանն ընդունի իր առաջադրած պայմանները կամ «հիմնարար սկզբունքները»։ Սրան արձագանքելով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային եւ հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները եւ ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»:

Հայաստանի ԱԳՆ-ում հյուրընկալել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Օտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների ու քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, թե իբր Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում (մասնակցելու ռուս-ուկրաինական պատերազմին), բացարձակ ապատեղեկատվություն է ու իրականության հետ որեւէ աղերս չունի:

15.03.2022 – Գազամատակարարման խաթարման ու Արցախի գյուղերի դեմ վարվող ագրեսիայի ֆոնին միջազգային հանրությանը կոչեր են հղել Արցախի ՄԻՊ-ն ու ՀՀ եւ ԼՂՀ հասարակական կազմակերպությունները: «Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարեւորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան»,- հայտարարել է Գ. Ստեփանյանը։ «Ադրբեջանի այս ցեղասպան գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության աչքի առաջ եւ չեն արժանանում համապատասխան արձագանքի: Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանն ընդհանրապես ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում»,- նշել են ՀԿ-ները:

Ասկերանի շրջվարչակազմն էլ հայտարարել է, որ թշնամու շարունակական սադրանքների հետեւանքով Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։

16.03.2022 – Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցել է, որ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ Միրզոյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ եւ հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից:  

Նույն օրը Ա. Միրզոյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանն ու ինքնության խեղաթյուրմանը: Նախարարն Ազուլեի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: 

17.03.2022 – Ա. Միրզոյանը ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում, որտեղ, մասնավորապես, անդրադարձել է 2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ ԼՂ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին:

18.03.2022 - Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ վնասված գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ու բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Անվտանգ եւ անխափան գազամատակարարում ապահովելու նպատակով գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից։

19.03.2022 – Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Հայաստանը դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշիում կազմակերպված միջոցառմանը. այդ կապակցությամբ ներկայացվել է ԱԳՆ բողոքի նոտան: Նախարարությունը պահանջել է ՄԱԿ-ից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու ԼՂ հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ ՄԱԿ-ի քայլը ադրբեջանական սադրանքին մասնակցություն է որակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու եւ կանխելու նպատակով, չայցելեցին նաեւ 40 հազ. տեղահանվածներին, այդ թվում՝ 5000 շուշեցիներին, բացի դրանից՝ ՄԱԿ-ը լուռ էր, երբ արցախահայությունը տառապանքներ էր կրում Շուշիի հատվածում գազատարի վնասման ու ադրբեջանցիների ստեղծած խոչընդոտների հետեւանքով: «Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները...»,- հռետորական հարց է տվել Բեգլարյանը:

20.03.2022- Ասկերանի շրջվարչակազմը հայտնել է, որ շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում ՊԲ-ն ՌԴ խաղաղապահների հետ լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում. «Այդ միջոցառումները որեւէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը»: Հետագայում պիտի պարզվեր, որ ՊԲ զինծառայողները ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքում հետ են քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից:   

21.03.2022 – ԱԺ-ում ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սպասվող սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որեւէ կապ չունեն ԼՂ կարգավիճակի կամ հայության իրավունքների հետ. «Ուղղակի սահմանագծվելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը: Այս բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ն հայտարարել է, որ ԼՂ հարցը տարածքային հարց չէ, բոլոր իրավունքների հարց է: Մենք շարունակում ենք հարցը դիտարկել այս համատեքստում, եւ մեր ջանքերն ուղղված են լինելու դրան»: Միրզոյանը նաեւ հայտնել է, որ ԱԳՆ-ն բանակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն Արցախ ուղարկելու վերաբերյալ:

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ երեկոյան ադրբեջանցիների ուղիղ միջամտության հետեւանքով Արցախում կրկին խափանվել է գազամատակարարումը. «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։

22.03.2022 – Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ. «Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը»։ Իր հերթին Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է. «Այդ ստոր արարքը ատելության եւ ազգայնամոլության հերթական դրսեւորում է… Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի եւ հաստատակամության վրա»։ Հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն. «Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը»:

ՀՀ ԱԺ-ն ընդդիմության պահանջով հրատապ քննարկում է հրավիրել «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով, որը դռնփակ է: Ընդդիմադիր խմբակցությունների կազմած հայտարարության նախագիծը չընդունվեց, քանի որ իշխանական պատգամավորները չքվեարկեցին: Ընդդիմությունը քննադատեց իշխանության վարքագիծը:

23.03.2022 – ԱԺ-ում ԱԳ նախարար Միրզոյանը հայտնել է, որ Արցախի գազամատակարարման խափանված հատվածը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է. «Ինչպես առաջին անգամ խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ անգամ մենք անմիջապես գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը: Պարբերական կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, վթարը կամ այս դեպքում պարզ չէ ինչպես անվանել այն… Վնասված տեղանքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, եւ մեր առաջին իսկ կապը իրենց հետ է, նաեւ՝ ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»:

24.03.2022 - «Ադրբեջանի գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես»,- կառավարության նիստում հայտարարել է Ն. Փաշինյանը։ 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը. «ՊԲ եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր»: Տարհանվել են Փառուխի հարեւան Խրամորթ գյուղի կանայք ու երեխաները:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահները, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որ Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր: ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի սադրանքին, աջակցել խաղաղության հաստատման ու ԼՂ խնդրի կարգավորման ջանքերին: «Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»,- միջազգային հանրությանը դիմել է Արցախի ՄԻՊ-ը: ՀՀ ՄԻՊ-ն էլ նմանատիպ կոչում գրել է. «Մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում»։

25.03.2022 – ՊԲ-ն առավոտյան հայտնել է, որ Փառուխն ու հարակից դիրքերն անցել են թշնամու վերահսկողությանը, որը նաեւ փորձել է առաջանալ Արցախի արեւելյան սահմանագոտում: Ըստ այդմ՝ թշնամին մարտի 25-ի լույս գիշերը կիրառել է ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլեւ հարվածային ԱԹՍ: Հայկական կողմն ունի 1 վիրավոր, հետո այս թիվը փոխվեց 5-ի: Հարաբերական լռությունը կեսօրին կրկին խախտվեց. թշնամին սկսել է կիրառել հրաձգային զինատեսակներ ու հարվածային ԱԹՍ: ՊԲ-ն 2 զոհ է տվել: Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հայկական կողմն ունի 14 վիրավոր, ապա ՊԲ-ն հրապարակել է 3 զոհի անուն, որոնք զոհվել են ԱԹՍ-ի հարվածից: Արցախի տեղեկատվական շտաբն օրվա ընթացքում հայտնել է, որ ՌԴ խաղաղապահները կարողացել են միայն դադարեցնել կրակն ու թշնամու առաջխաղացումը, սակայն ադրբեջանցիները չեն վերադարձել ելման դիրքեր:

Օրվա ընթացքում հայտարարություններ են տարածել Հայաստանի ու Արցախի ԱԳՆ-ները: ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառել, վերջինիս պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքներն ու կրակահերթերը եւ վերականգնել բնական գազի մատակարարումը։ Նույն օրը Հայաստանը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված խախտումներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել՝ հորդորելով բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, լուծել ուղիղ երկխոսության ճանապարհով՝ գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում: ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինուժին ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

26.03.2022 – ՊԲ-ն հաղորդել է, որ առավոտյան 11:00-ի սահմաններում թշնամին վերսկսել է առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների: Երեկոյան ՊԲ-ն հայտնել է, որ օրվա ընթացքում թշնամին շարունակել է տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով:

Արցախի անվտանգության խորհուրդը գրությամբ դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով ավելացնել ՌԴ զորակազմի անձնակազմի ու տեխնիկայի թվաքանակը: «Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում»,- հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ստեփանակերտում խաղաղ ցույց է տեղի ունեցել: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ, Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել զորքերը հետ քաշել ելման դիրքեր ու վերականգնել գազամատակարարումը, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական «զորքերի տեղաշարժը եւ էսկալացիոն մյուս միջոցները հանդիսանում են անպատասխանատու եւ ստեղծում են ոչ անհրաժեշտ սադրանք»: Այս հայտարարությունները ողջունել է Արցախի ԱԳՆ-ն: ՌԴ ՊՆ-ն էլ հայտնեց, որ ադրբեջանական կողմին զորքերի հետքաշման կոչ է ուղարկել, իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել կողմերին՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական: ՀՀ ՊՆ են հրավիրվել օտարերկրյա ռազմական կցորդները:

27.03.2022 – ՊԲ-ն հայտնել է, որ գիշերը եւ առավոտյան իրավիճակը հարաբերական կայուն է եղել: Արցախի պետնախարարը ողջունել է «ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը»: Նախագահ Ա. Հարությունյանն այցելել է թշնամու սադրանքի թիրախում հայտնված Խրամորթ ու Խնապատ գյուղեր, հանդիպել բնակիչներին: Արցախի ԱԽ նիստում նախագահը, անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմի ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է (մասնավորապես՝ գազամատակարարման վերականգնում առաջին խափանումից հետո, փոխարենը՝ զորքերի հետքաշում Փառուխի դիրքերից), դրանք որակել է սադրիչ ու պառակտող:

Երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղի շրջանից (խոսքը միայն գյուղի տարածքի մասին է եւ ոչ Քարագլուխ բարձունքի):

28.03.2022 – Արձագանքելով ՌԴ ՊՆ-ի՝ նախորդ օրվա հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. «Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»։

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնել է, որ «ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը եւ պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը»։

Արցախի շուրջ իրավիճակը վերլուծվել է ՀՀ անվտանգության խորհրդում: Եզրակացությունն այն է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում ԼՂ-ի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում սկսելու համար, այդ թվում՝ ՀՀ-ին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Ստեղծված իրավիճակում ԱԽ-ն վերահաստատում է ՀՀ դիրքորոշումն ու Ադրբեջանին առաջարկում անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է։ 

29.03.2022 - Գազամատակարարման վերականգնման մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին եւ բարոյականության նորմերին, համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին եւ ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ»։ Երախտագիտություն են հայտնել նաեւ Արցախի ԱԺ խմբակցությունները:

Պետնախարար Բեգլարյանը լիազոր մարմիններին հանձնարարել է կարիքների գնահատման արդյունքների հիման վրա Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ապահովել ժամանակավոր կացարաններով, մինչեւ իրավիճակի կարգավորվի, եւ նրանք վերադառնան հայրենի տներ:

30.03.2020 – Արցախի պետնախարարը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարքագիծը 44-օրյա պատերազմի ժամանակ եւ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում. «Դա կատարվում է եւ՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, եւ՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետեւանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը»:

31.03.2020 – Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ռուս խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»։

Վ. Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը նշել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում, նաեւ փոխանցել է հայկական կողմի ակնկալիքն առ այն, որ ռուսական կողմը միջոցներ կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումները զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Շարունակելի

Առաջին լուսանկարը՝ futurearmenian.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter