Սեպտեմբերի 20-ի առավոտյան Մարտունու հիվանդանոցից Մերիի ծանոթ բժիշկներից մեկը զանգել է ու ասել, որ իր հոր նման մեկին են բերել հիվանդանոց։ Առնոդը մահացել էր հացի փռի մոտ՝ իրենից մի քանի մետր այն կողմ ընկած արկի պայթունից։
Մելսիկ Բաղդասարյանին ընկերները հուղարկավորեցին իր տան դիմացի այգում: Սեպտեմբերի 22-ն էր, գյուղը տարհանվում էր։ Գերեզմանատուն գնալ չէին կարող եւ հարազատներն ու ընկերները որոշեցին Մելսիկին ժամանակավոր հուղարկավորել այգում:
Հայկ Հովսեփյանը սպանվել է սեպտեմբերի 20-ի առավոտյան, մեքենայով Արցախի Մարտակերտ քաղաքից Վարդաձոր գյուղ գնալու ճանապարհին: Նա գնում էր ծնողներին գյուղից դուրս բերելու:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան 9-ամյա Գոռ Առուստամյանը սովորականի պես գնացել էր դպրոց։ Տունդարձի ճանապարհին նրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արկ էր պայթել։
Հրետակոծության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելիս ավտովթարից զոհվեց ևս երկու քաղաքացիական անձ։