ԱԱԾ․ բացահայտվել է Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից կաշառք ստանալու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել։
Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու, դրանք իր կողմից կազմակերպված ձևական աճուրդների միջոցով տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին կայացնելով միանձնյա որոշումներ՝ կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել է ձևական աճուրդներ, որի արդյունքում Արտաշավան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 67 հեկտար ընդհանուր մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր օտարել է նշված ընկերությանը՝ որի դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 67 մլն դրամ կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել