HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում բացահայտված և դատարան ուղարկված կոռուպցիոն քրեական գործերով 2019թ. առաջին կիսամյակում 35 անձ է դատապարտվել

2019 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ: Դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 2-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 8-ը՝  տեղական ինքնակառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության, 3-ը՝ առողջապահության, 2-ական՝ քաղաքաշինության, պետական և հանրային գույքի տնօրինման, 1-ական՝ էներգետիկայի, բնապահպանության, ջրօգտագործման և այլ ոլորտներում։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 77 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52-ի փոխարեն: Նշված 77 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 29 անձ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Տաշիր քաղաքի մշակույթի տուն», «Տաշիր քաղաքի թիվ 3 ՆՈւՀ»  ՀՈԱԿ-ների, «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեններ, Տաշիրի, Վանաձորի համայնքապետարանների բաժնի պետ և մանագետ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Վանաձոր, Ձորամուտ համայնքների հիմնական կամ ավագ դպրոցների,  Վանաձոր համայնքի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեններ, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն և մասնագետ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, Մեծ Այրում, Շամլուղ համայնքների ղեկավարներ, ԲԷՑ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետ և անտառապահ և այլն։

Ըստ հաղորդագրության նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է նշված բնույթի 11 գործ՝ 35 անձի վերաբերյալ, ինչը եռակի անգամ ավելի է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 957․4մլն դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 196 մլն դրամը։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 5 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 165մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել էր 71.5մլն դրամը, այսինքն այս տարվա համեմատ 2.7 անգամ քիչ:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան գերատեսչություններին և իրավասու պաշտոնատար անձանց, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, Վանաձոր և Տաշիր համայնքի ղեկավարին, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենին ներկայացվել է ընդհանուր առմամբ 13 միջնորդագիր:

Դրանց արդյունքում դադարեցվել են Լոռու մարզպետարանի Ստեփանավանի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 5 մասնագետների պաշտոնավարությունը, լուծվել է «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter