HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը կարողացել է բանաձևից հանել «Ադրբեջանի յոթ շրջաններ» արտահայտությունը

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր ձեռքբերումը ԵԱՀԿ քաղաքական հանձնաժողովի բանաձևի հակահայկական ձևակերպումները հեռացնելն էր։

Այս մասին խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում երեք հանձնաժողով կա՝ քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների։ «Երբ մայիսին քաղաքական հանձնաժողովում ստացանք զեկուցողի (Ալլան Ֆարրելի) զեկույցը, հայտնաբերեցինք, որ զեկույցում տեղ են գտել որոշ կետեր, որոնք, մեղմ ասած. մտահոգիչ էին մեզ համար և պարունակում էին հակահայկական  կոմպոտնենտներ՝ ԼՂ հակամարտության հետ կապված»,- ասաց Կոնջորյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ կանոնակարգի համաձայն՝ զեկույցը ներկայացվում է համաժողովի աշխատանքներից շուրջ երկու ամիս առաջ, ապա ուղարկվում պատվիրակներին, վերջիններս էլ ներկայացնում են իրենց առաջարկները։ Զեկույցին առավել վաղ ծանոթանում են միայն այն պատվիրակները, որոնք ԵԱՀԿ բյուրոյի անդամ են, իսկ Հայաստանը ԵԱՀԿ բյուրոյի անդամ չէ։ Կոնջորյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ԵԱՀԽ ԽՎ նախագահի տեղակալի պաշտոն ունի, սերտ կապեր են պահպանում ԵԱՀԿ անդամ որոշ պետությունների հետ։ Տարածաշրջանում միայն Հայաստանն է, որը ԵԱՀԿ-ում որևէ պաշտոն չունի։

Վիճելի զեկույցում տեղ է գտել «Ադրբեջանի յոթ շրջան» արտահայտությունը։

«Խնդիր էր դրված այնպես անել, որ այդ խայտառակ կետը չպահպանվի, ինչպես նաև օրիգինալ տեքստում Մինսկի խմբի ֆորմատի մասին չէր նշվում, չէր նշվում, որ կա որոշակի առաջընթաց, Հելսինկյան եզրափակիչ ակտից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին ոչինչ չկար»,- ասաց Կոնջորյանը։

Հայկ Կոնջորյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը տարբեր լծակների միջոցով կարողացել է հասնել հաջողության և հանել յոթ շրջանների մասին կետը։ Պատգամավորը խոսեց Հայաստանի ԱԳՆ-ի հետ, դեսպանների, սփյուռքի, պատգամավորների և հանրապետության նախագահի հետ ստացված համագործակցության մասին՝ շեշտելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել կանխել նման ձևակերպումը։

Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ ԵԱՀԿ պատվիրակներին տարբեր ուղերձներ են հղել: Առաջինն այն է, որ քաղաքական բանաձևում տեղ չեն գտել Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները։

«Ուղերձ ենք հղել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն չի կարող իրենց որոշումներով հակասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որովհետև ստացվելու է պարադոքս, որ ԵԱՀԿ երկու ինստիտուտները հակասելու են»,- ասաց Սամսոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ-ում չպետք է սահմանափակվել միայն ազգային խնդիրներով, փորձելու են գլոբալ խնդիրներին անդրադառնալ և ունենալ պաշտոններ ԵԱՀԿ ԽՎ-ում, որպեսզի «հնարավոր լինի նման հարցերի դեմն առնել»։

Հանձնաժողովի մյուս անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն էլ ասաց, որ ԼՂ հակամարտության հետ կապված հայկական պատվիրակության ամենամեծ խնդիրն այն էր, որ ԵԱՀԿ պատվիրակներին, որոնք մեծ մասամբ անծանոթ են ԼՂ կոնֆլիկտին, պետք էր ցույց տալ, թե այս կոնֆլիկտը ինչու է տարբերվում այլ կոնֆլիկտներից։

Հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունը չի փորձել նախորդ պատվիրակությունից ինֆորմացիա ձեռք բերել նախկինում արված աշխատանքի վերաբերյալ, պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ փորձել է հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպել, զանգահարել է մի քանի անգամ, տարբեր խողովակներով տեղեկություն փոխանցել, որ ուզում է հանդիպել, սակայն՝ անարձագանք։ Զանգահարել է պատվիրակության նախկին անդամ Կարեն Բեքարյանին, սակայն վերջինս ասել է, որ էթիկապես ճիշտ չի լինի, եթե ինքը հանդիպի, քանի դեռ պատվիրակության ղեկավարը չի հանդիպել իր հետ։

Կոնջորյանը կարևորեց անձնական կապերը նման վեհաժողովներում, քանի որ ԵԱՀԿ անդամ երկրներից շատերը Հայաստանի հետ չունեն քաղաքական և տնտեսական հետաքրքրություններ, և պետք է պատվիրակների հետ անձնական շփումներ պահպանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter