HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Չի բացառվում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորին ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացվի. նիստը սկսվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Նշենք, որ չի բացառվում՝ պաշտպաններն այսօր դատարանին ներկայացնեն ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը:

Երեկ տեղի ունեցած դատական նիստին պաշտպանները խնդրել են դատավոր Արթուր Մկրտչյանից պարզաբանել, թե գործն ինչ սկզբունքով է մակագրվել նրան: Դատավորն ի պատասխան՝ խնդրել է դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին: Պաշտպանները նիստից առաջ ստացել էին դատարանի նախագահի պատասխանը, և դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո կորոշեն՝ գործի մակագրման հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկի միջնորդության անհրաժեշտություն կա, թե ոչ:

Եթե պաշտպանները դատավորին ինքնաբացարկ չհայտնեն, ապա պատրաստվում են միջնորդել, որ առաջինը քննվի իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը, ապա՝ Դատախազության կողմից ներկայացված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը:

«Դրանք երկուսը տարբեր միջնորդություններ են, նույնիսկ ֆորմալ առումով երկու տարբեր մեղադրանքների և տարբեր ժամանակահատվածների են վերաբերում: Գրավի միջնորդությունը վերաբերվում է անցյալ տարվան և մոտակա հինգ օրերին, իսկ կալանքի երկարացումը՝ դրա հաջորդող ժամանահատվածին»,- ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը նշեց նաև, որ իրենք դատավոր Արթուր Մկրտչյանին հարցրել են՝ արդյոք ինքը դատախազ եղած ժամանակ առնչվե՞լ է Մարտի 1-ի գործերին, և դատավորը պատասխանել է, որ չի առնչվել:

Անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, որ գործը քննող դատավորը Նիկոլ Փաշինյանի՝ «Օրագիր» օրաթերթի խմբագիր եղած ժամանակ թերթին առնչվող գործի շրջանակում մեղադրող դատախազ է եղել, Օրբելյանը նշեց, որ դա ուղղակիորեն ինքնաբացարակի հիմք չէ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter