HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Երևան քաղաքի բնակիչ Գ. Նավոյանը կաշառք է տվել իր ծանոթ Ա. Գրիգորյանին:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն ստանալու պատրվակով իր ծանոթ բուժքույր Ա. Գրիգորյանին  հրավիրել է իր բնակարան, որտեղ վերջինիս առաջարկել է 40 հազար դրամ կաշառք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ա. Գրիգորյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և Գ. Նավոյանից ստացել վերը նշված գումարը: 

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալուց հետո` նույն օրը, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանություն և տվել հանցագործության մասին հաղորդում`  ներկայացնելով կաշառքի առարկա 40 հազար դրամը: 

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ ընտրողին կաշառք  տալու համար Գ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter