HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է

Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ խմբի կազմում խուլիգանությունը՝ զուգորդված բռնությամբ և առանձնակի ցինիզմով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նա ձերբակալվել էր, ապա դատարանի որոշմամբ՝ ազատ արձակվել: Շխիմյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է,  թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգել խորհրդակցությանը չմասնակցել, ու զբաղվել այդ հարցերով։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter