HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն». Հայաստանի ազգային առաջընթացը անկախության անշրջելության երաշխիքն է

Հայաստանի անկախության օրվա առիթով «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել: 

«Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը:  1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց  մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից և մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը ի Հայաստան, Արցախ և սփյուռս աշխարհի անկախության վճռորոշ և պարտավորեցնող այս տոնի առիթով: Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ՝ ի՛նչ ենք արել հանուն ժողովրդավարական, արդյունավետ պետության առաջընթացի, որքանո՛վ ենք  անշրջելի դարձրել Հայրենիքի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ինքնիշխանությունը, ազգային շահերի պաշտպանությունը: Այս ճանապարհին տարած մեր բոլոր հաղթանակները օրհնյալ են, բացթողումներն ու մոռացումները՝ ուղղելի և քննարկելի համերաշխության և փոխըմբռնման  պարագայում:

«Ժառանգությունը» վստահ է, որ հայ ժողովրդի կամքն աներեր է Հայաստանի անկախության ամրակայման ուղղությամբ: Ճակատագիրը կանխորոշել է ինքնիշխանության ուղու բարդությունը: Բազում մարտահրավերներ մեր ժողովուրդը հերոսաբար հաղթահարել է ու անվարան պիտի պատրաստ լինի ներկա խնդիրների հանգուցալուծման՝ հույսը դրած իր միացյալ ուժերի, ողջամտության և դաշնակիցներ ունենալու իմաստնության վրա: Մեր անկախությունը, ժողովրդավարությունը և ստեղծարարությունը խաղաղություն ու բարօրություն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ու աշխարհի մնացյալ պետությունների և ազգերի համար, որոնց հետ մեզ միավորում են համամարդկային բարձր արժեքները: Մեր հայրենիք-պետության, նրա քաղաքացիների անվտանգության և ազգային առաջընթացի ապահովումը գերխնդիր  է եղել ու կա, պետք է համախմբել ուժերը»,- նշված է հայտարարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter